«Օրբելի» կենտրոնն անցկացրել է հայ-իրանական փորձագիտական քննարկում

5 ր.   |  2021-10-28

Հ ոկտեմբերի 27-ին «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները և հետպատերազմական տարածաշրջանը» խորագրով վեբինարը: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության խորհրդական Գրիգոր Մելքոնյանը և Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութային կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային:

Քննարկմանը մասնակցել են հայ և իրանցի փորձագետներ` ներկայացնելով 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Իրանցի փորձագետները դրական են գնահատել հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները և ընդգծել են  այդ հարաբերությունները տարբեր ոլորտներում ավելի զարգացնելու և խորացնելու կարևորությունը: Անդրադարձ է կատարվել երկու երկրների տարանցիկ հաղորդակցության համագործակցության հեռանկարներին:

Բացի երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերից իրանցի փորձագետները զեկույցներում անդրադարձել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային որոշ ուժերի բացասական և ապակառուցողական դերակատարությանը: Փորձագետներն ընդգծել են տարանցիկ համագործակցության տեսանկյունից Ադրբեջանի ոչ կառուցողական և անվստահելի գործընկեր լինելու հանգամանքը՝ այն հիմնավորելով Գորիս-Կապան ճանապարհի հատվածում Ադրբեջանի գործելաոճով:

Միջազգային իրավունքի մասնագետ, Եվրասիայի հարցերով ավագ փորձագետ Ահմադ Քազեմին նշել է, որ Իրանի ու Հայաստանի աշխարհագրական առանձնահատուկ դիրքը տարածաշրջանային և միջազգային նախագծերում տնտեսական համագործակցության լայն հնարավորություններ է ընձեռում։

Փորձագետն առանձնացրել է Իրանի և Հայաստանի միջև հնարավոր տնտեսական և տարանցիկ համագործակցության 6 հիմնական ուղղություններ՝ «Հյուսիս-Հարավ միջանցքը», «Արևելք-Արևմուտք միջանցքը», համագործակցությունը ԵԱՏՄ-ում և Շանհայի համագործակցության կազմակերպությունում, համագործակցությունը չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում, նաև համագործակցություն «Պարսից ծոց-Սև ծով» տարանցիկ միջանցքում։

Կովկասյան ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Ջաֆար Խաշեն «Հայաստանի Հանրապետության հետ Իրանի Իսլամական Հանրապետության հարևանության քաղաքականությունը. Կարողություններ և խոչընդոտներ» խորագրով զեկույցում ընդգծել է, որ Իրանի հարևանության քաղաքականությունը Հայաստանի հանդեպ աշխարհաքաղաքական և տնտեսական հիմքեր ունի: Ըստ փորձագետի՝ աշխարահաքաղաքական դիտանկյունից երկու երկրները պետք է միասնաբար գործեն, իսկ տնտեսական համագործակցության տեսանկյունից հարաբերությունները բացի երկկողմ մակարդակից պետք է զարգացնեն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային տնտեսական հարթակներում:

Ռուսական և Եվրասիական ուսումնասիրությունների ու միջազգային էներգետիկ քաղաքականության հարցերով փորձագետ Շոիբ Բահմանը ներկայացրել է «Նոր Կովկասում Իրանի և Հայաստանի միջև համագործակցության անհրաժեշտությունը» վերնագրով զեկույցը: Նա կարևորել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակում Իրանի շահերին հակասող «միջանցքի» կյանքի կոչման բացառումը:

Փորձագետի դիտարկամամբ՝ Իրանը պետք է Հայաստանում և մասնավորապես Սյունիքում ակտիվ ներդրումներ անի, ընդլայնի Երևանի հետ անվտանգային ոլորտում համագործակցությունը:

Միջազգային հարաբերությունների գծով գիտությունների թեկնածու Էհսան Մովահեդիանը «Հայ-իրանական հարաբերություններ. Խոչընդոտներ և հնարավորություններ» խորագրով զեկույցում խոսել է երկու երկրների միջև տնտեսական և ռազմական համագործակցության ամրապնդման անհրաժեշտության մասին: Թուրք-ադրբեջանական  նպատակադրումներին դիմակայելու տեսանկյունից իրանցի փորձագետն անհարժեշտ է համարել, որ երկու երկրներն արագ ավարտին հասցնեն Իրան-Հայաստան այլընտրանքային կապուղիների կառուցումը:  Մովահեդիանը կարևորել է նաև Արաքս և Մեղրի ազատ տնտեսական գոտիներում համագործակցության խթանումը, ինչպես նաև մշակութային ոլորտում սերտ համագործակցությունը:

Հայ փորձագետներից ելույթ են ունեցել իրանագետ Ժաննա Վարդանյանը թուրքագետ Գևորգ Կալլոշյանը, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։

Իրանագետ Ժաննա Վարդանյանը ներկայացրել է «Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի և Իրանի գլխավոր մարտահրավերները» խորագրով զեկույցը: Իրանագետը շեշտել է, որ Արցախյան հակամարտությունը դեռ կարգավորված չէ. լուծված չէ Արցախի կարգավիճակի հարցը և բացի այդ՝ Արցախի տարածքների մի մասը գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի ներքո: Արցախի հարցում Ադրբեջանի նպատակներին անդրադառնալով՝ իրանագետն ընդգծել է, որ Բաքուն ամեն կերպ փորձում է հայաթափել Արցախը և փոխել տարածաշրջանի դեմոգրաֆիական պատկերը:

Փորձագետը նաև շեշտել է, որ որևէ կերպ ընդունելի չէ Սյունիքի տարածքում միջանցքի ստեղծումը, ինչին, սակայն, ձգտում են Բաքուն ու Անկարան: Նա կարևորել է Սյունիքի զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը, այդ թվում իրանա-հայկական համատեղ նախագծերի կյանքի կոչումը:

Իրանագետ Վարդանյանը խոսել է նաև տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունից, Թուրքիայի ազդեցության աճից և Բաքու-Թել Ավիվ ռազմական համագործակցությունից բխող մարտահրավերների մասին:

Ա րցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում Թուրքիայի հետապնդած նպատակներին անդրադարձել է թուրքագետ Գևորգ Կալլոշյանը: Նա մասնավորապես խոսել է Թուրքիայի կողմից «Զանգեզուրի միջանցքի» թեմայի շահարկման, տարածաշրջանային խնդիրները նոր ձևաչափերով լուծելու Թուրքիայի մտադրությունների մասին:

Ըստ թուրքագետի՝ Թուրքիայի հիմնական նպատակը, օգտվելով ստեղծված իրավիճակից, տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունն ամբողջությամբ իր օգտին փոխելն ու գերիշխող դիրք ձեռք բերելն է։ Թուրքագետն ընդգծել է, որ տարածաշրջանի երկրների հիմնական խնդիրն է կասեցնել Անկարայի վտանգավոր նկրտումների իրականացումը, որոնք սպառնում են տարածաշրջանի կայունությանը և բազմաթիվ երկրների կենսական ազգային շահերին։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը «Նոր զարգացումները Հարավային Կովկասում և հեռանկարները Վրաստանի համար» զեկույցում կարծիք է հայտնել, որ Արցախյան 44-oրյա պատերազմի արդյունքում փոփոխված տարածաշրջանային ստատուս քվոն նոր մարտահրավերներ է առաջացրել Վրաստանի համար: Ըստ Մելիքյանի՝ «Վրացական պլատֆորմ» նախաձեռնությունը Վրաստանն առաջ է քաշել, քանի որ Թուրքիայի առաջ քաշած «3+3» ձևաչափում վտանգներ է գնահատել։

Անդրադառնալով տարածաշրջանում հայկական կողմի անելիքներին՝ Մելիքյանը նշել է, որ թե՛ ՀՀ-ԻԻՀ ու ՀՀ-Վրաստան հարաբերություններում, թե՛ ավելի լայն ձևաչափերում հարկավոր է կյանքի կոչել բոլոր նախատեսված ծրագրերը, ինչն էլ ավելի կամրապնդի տարածաշրջանում երկու երկրների դերն ու էլ ավելի իրատեսական կդարձնի Պարսից ծոց-Սև ծով միջանցքի իրականացումը:

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանն «Անվտանգային մարտահրավերները Արցախյան 2-րդ պատերազմից հետո» զեկույցում ընդգծել է Ադրբեջանի ապակառուցողական գործողությունները՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժումը, ինչպես նաև տարածաշրջանում կապուղիների ապաշրջափակման հարցում սեփական օրակարգն առաջ մղելու ջանքերը:

Հովհաննիսյանը նշել է, որ Ադրբեջանի այս գործողությունները խրախուսվում են Թուրքիայի կողմից, որն Ադրբեջանին աջակցել է նաև նախապատերազմական շրջանում և պատերազմի ընթացքում՝ թե՛ սպառազինության մատակարարումներով, թե՛ Սիրիայից ահաբեկիչներ տեղափոխելով ռազմական գործողությունների գոտի:

Վեբինարի ավարտին համակողմանիորեն կարևորվել է նման ձևաչափերում համագործակցությունը շարունակելու և զարգացնելու հանձնառությունը: