Էբրահիմ Ռայիսին՝ Իրանի նոր նախագահ

5 ր.   |  2021-06-21

Հ ունիսի 18-ին Իրանում անցկացվեց նախագահական 13-րդ ընտրությունը։ Ընտրելու իրավունք ունեցող 59,3 մլն մարդուց քվեարկությանը մասնակցել է 28,9 միլիոնը։ Այս կերպ մասնակցության ցուցանիշը կազմել է 48,8%, որն ամենացածրն է Իսլամական Հանրապետության նախագահական ընտրությունների պատմության մեջ։ Հաղթել է դատական իշխանության ղեկավար էբրահիմ Ռայիսին՝ ստանալով քվեների 61,9%-ը (17,9 միլիոն ձայն): Մյուս թեկնածուները ստացել են շատ ավելի քիչ ձայն։ Թեկնածուների ձայների բաշխումն ունի հետևյալ տեսքը․

Ընտրության ընթացքը

Ա յս ընտրությունը համարվում է Իրանի նախագահական ընտրությունների պատմության մեջ ամենաոչինտրիգայինը, քանի որ նախքան քվեարկությունը Ռայիսիի հաղթանակն ակնհայտ էր։

Նախ՝ առնվազն մեկ տարի առաջ արդեն պարզ էր, որ սպասվելիք ընտրություններում հաղթանակ է տանելու պահպանողական թեկնածու, քանի որ գործող բարեփոխական կառավարությունից դժգոհությունները շատ էին թե՛ հասարակության, թե՛ պետական կառույցների շրջանում։

Դժգոհությունը հիմնականում պայմանավորված էր երկրի տնտեսական դրության վատթարացումով, ինչն, իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից միջուկային համաձայնագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու հետևանք էր։ Ռոհանիի կառավարությունը մեղադրվում էր թե՛ արտաքին, թե՛ ներքին և մասնավորապես՝ տնտեսական սխալ քաղաքականություն վարելու համար։

Բարեփոխականների դիրքերի թուլացումը հանգեցրեց նրան, որ 2020թ․ խորհրդարանական ընտրություններում բացարձակ մեծամասնությամբ հաղթանակ տարան պահպանողականները։ Դրան նպաստեց նաև այն, որ Սահմանադրության պահապանների խորհուրդը բարեփոխական գործիչների մեծ մասի թեկնածությունը չէր հաստատել։ Նույն տրամաբանությամբ ընթացավ նաև նախագահի ընտրությունը։

Ընտությունից ամիսներ առաջ իրանական մամուլում շատ էր քննարկվում, թե ովքեր են լինելու նախագահի հիմնական թեկնածուները։ Պահպանողականների դեպքում ամենից հաճախ քննարկվում էին Էբրահիմ Ռայիսիի և խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հավանական թեկնածությունները։ Բայց հիմնական շեշտադրումն այն էր, որ Ռայիսիի մասնակցության դեպքում պահպանողականները պատրաստ են համախմբվել նրա շուրջ։ Ի վերջո, հօգուտ Ռայիսիի՝ Ղալիբաֆը չգրանցեց իր թեկնածությունը։

Բարեփոխականների դեպքում ամենացանկալի թեկնածուն արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն էր, որը, սակայն, չհամաձայնեց թեկնածություն առաջադրել։ Բարեփոխական ճամբարից թեկնածություն առաջադրեց նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին։

Գրանցման վերջին օրը թեկնածություն առաջադրեց նաև խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին։ Վերջինի մասնակցության դեպքում ակնկալվում էր Ռայիսի-Լարիջանի մրցակցությունը, բայց Սահմանադրության պահապանների խորհուրդը չհաստատեց ո՛չ Լարիջանիի և ո՛չ էլ բարեփոխականների ճամբարից որևէ մեկի թեկնածությունը։

Պահապանների խորհուրդն առաջադրված 592 անձանցից հաստատել էր 7-ի թեկնածությունը, նրանցից 5-ը պահպանողական էին։ Այդ թեկնածուներն էին՝

  1. Էբրահիմ Ռայիսի (պահպանողական)
  2. Սաիդ Ջալիլի
  3. Մոհսեն Ռեզայի
  4. Ամիրհոսեյն Ղազիզադե Հաշեմի
  5. Ալիռեզա Զաքանի
  6. Աբդոլնասեր Հեմմաթի (բարեփոխական)
  7. Մոհսեն Մեհրալիզադե (բարեփոխական)

(2. Ջալիլին, 5. Զաքանին և 7. Մեհրալիզադեն հունիսի 16-ին՝ քվեարկությունից երկու օր առաջ, հրաժարվեցին ընտրապայքարից):

Թեկնածությունների վերաբերյալ Սահմանադրության պահապանների խորհրդի որոշումը մեծ դժգոհություն առաջացրեց Իրանում։ Նախագահ Ռոհանին անգամ նամակ հղեց Հոգևոր առաջնորդին՝ խնդրելով միջամտել ընտրական գործընթացին, սակայն Ալի Խամենեին աջակցություն հայտնեց Խորհրդի որոշմանը՝ ընդգծելով, որ հասարակությանը չի հետաքրքրում, թե թեկնածուները որ հոսանքից են, և նրանց համար կարևոր է, որ թեկնածուն կարողանա լուծել երկրի խնդիրները։

Թեև հետագայում Խամենեին դժգոհություն հայտնեց Լարիջանիի թեկնածությունը չհաստատելու գործընթացի առնչությամբ, սակայն դա փոփոխության չհանգեցրեց։

Հաստատված թեկնածուների ցանկից արդեն իսկ ակնհայտ էր, որ Էբրահիմ Ռաիսին լուրջ մրցակից չունի և հաղթելու է ձայների զգալի տարբերությամբ։ Այդ մասին էին վկայում նաև հարցումների արդյունքները։

Ռայիսիի մասով հարցումների արդյունքները գրեթե համընկան ընտրության արդյունքների հետ։ Հունիսի 14-ին թեկնածուի օգտին ձայն տվողները, ըստ հարցումների, 60,6% էին։ Հունիսի 18-ին իրական քվեարկության արդյունքում թեկնածուն հավաքեց ձայների 61,9%-ն ու հաղթեց։

Ով է Ռայիսին, և ինչ ակնկալել

Է բրահիմ Ռայիսին ծնվել է 1960թ. Մաշհադ քաղաքում։ Ստացել է կրոնական կրթություն Մաշհադ և Ղոմ քաղաքներում, Թեհրանի Շահիդ Մոթահարի համալսարանում ստացել է իրավաբանական կրթություն։ Իսլամական հեղափոխությունից անմիջապես հետո, 20 տարեկանում ստացել է դատախազի պաշտոն։ Ապա բարձրացել է պետական՝ դատական, աստիճանակարգությամբ․

  • 1980-1985 թթ․ — Քարաջ, Համադան քաղաքների, Համադան նահանգի դատախազ,
  • 1985-1989 թթ․ — Թեհրանի դատախազի տեղակալ,
  • 1989-1994 թթ․ — Թեհրանի դատախազ,
  • 1994-2004 թթ․ — Իրանի գլխավոր տեսչական կազմակերպության ղեկավար,
  • 2004-2014 թթ․ — Դատական իշխանության ղեկավարի տեղակալ,
  • 2014-2016 թթ․ — Իրանի գլխավոր դատախազ,
  • 2016-2019 թթ․ — Ասթան-է Ղոդս-է Ռազավի հեղինակավոր հիմնադրամի նախագահ,
  • 2019թ.-ից դատական իշխանության ղեկավար։

Ռայիսիին մասակցել է նաև 2017թ․ նախագահի ընտրությանը, որի ժամանակ հավաքել էր 15,8 միլիոն ձայն՝ պարտվելով գործող նախագահ Հասան Ռոհանիին։ Հատկանշական է, որ այս տարի Ռայիսիի հավաքած ձայների քանակը կտրուկ չի փոխվել՝ հասնելով 17,9 միլիոնի։

Մարդու իրավունքների խախտումների մեղադրանքով Ռայիսին 2019թ․ ներառվել է ԱՄՆ պատժամիջոցների ցանկում։

Ռայիսիի ընտրությամբ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները կլինեն պահպանողականների ձեռքում։ Թեև առայժմ հայտնի չէ, թե ով է լինելու դատական իշխանության նոր ղեկավարը, սակայն ավանադաբար այդ պաշտոնը վստահվում է պահպանողական գործիչների։

Կառավարությունում պահպանողականների իշխանության հաստատումը կարող է նպաստել իշխանության երեք ճյուղերի ավելի համակարգված աշխատանքին։ Կառավությունը կկարողանա իր ծրագրերն ավելի հեշտությամբ առաջ տանել՝ չբախվելով խորհրդարանի անհամաձայնությանը։

Բարեփոխականների հեռացող իշխանության ընթացքում, օրինակ, կառավարությունն ու խորհրդարանը մի շարք հարցերում հակասություններ ունեին, և խորհրդարանը կարող էր, կառավարության կարծիքն անտեսելով, օրենք ընդունել կամ մերժել։

Արտաքին քաղաքականության տեսանկյունից նոր կառավարության ձևավորումը կնշանակի Արևմուտքի նկատմամբ դիրքորոշումների որոշակի կոշտացում, սակայն շրջադարձային փոփոխությունների հազիվ թե հանգեցնի։ Պատճառն այն է, որ Իրանի պետական կառավարման համակարգի առանձնահատկություններով պայմանավորված՝ արտաքին քաղաքական սկզբունքային կարևոր որոշումներ ընդունվում են Հոգևոր առաջնորդի թույլտվությամբ՝ անկախ նրանից՝ կառավարությունում պահպանողականներ են, թե բարեփոխականներ։

Արևմուտքի նկատմամբ հռետորաբանության ու դիրքորոշումների կոշտացումը, սակայն, չի նշանակում, թե նոր կառավարությունը դեմ է լինելու Միջուկային համաձայնագրին։ Հենց ինքը՝ Ռայիսին ևս քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ դեմ չէ համաձայնագրին։ Պահպանողականները հստակ գիտակցում են համաձայնագրի կարևորությունը, քանի որ երկրի տնտեսական խնդիրների լուծման համար այն առանցքային նշանակություն ունի։ Պահպանողական կառավարության օրոք հավանական է նաև դեպի Արևելք՝ Չինաստան, Ռուսաստան դիրքորոշման ամրապնդումը։

Ռայիսին քարոզարշավի ժամանակ շեշտադրել է նաև, որ հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումն առաջնահերթություն է։ Կոնկրետ Հայաստան-Իրան ու նաև Իրան-Ադրբեջան հարաբերությունների, քաղաքականության փոփոխության խթան են դառնալու պատերազմից հետո Արցախի շուրջ ստեղծված տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական նոր իրավիճակը, նոր ստատուս-քվոյի ձևավորումը։