Հետպատերազմական շրջանում Թուրքիայի «խմբագրված» հակահայկական թեզերը

9 ր.   |  2021-05-27

Թ ուրքիան բացահայտ կերպով ներգրավվել էր արցախյան 44-օրյա պատերազմին՝ «մեկ ազգ, երկու պետություն» հայտնի կարգախոսի տրամաբանությամբ աջակցելով Ադրբեջանին հնարավոր բոլոր ուղղություններով՝ ռազմական, քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական և այլն:

Պատերազմի ընթացքում տեղեկատվական դաշտում երկու երկրների գործողություններն առավելագույնս ներդաշնակ էին, ինչը նկատելի էր դեռևս 2020թ. հուլիսի տավուշյան դեպքերի ժամանակ։

Տեղեկատվական գործողության ևս մեկ՝ հավելյալ փորձարկում տեղի ունեցավ պատերազմից մեկ-երկու շաբաթ առաջ, երբ երկու երկրներն սկսեցին նույն թեզերի շրջանառությամբ արհեստականորեն լարել իրավիճակը Հայաստանի շուրջ: Նրանց համագործակցությունը տեղեկատվական ոլորտում շարունակվել է նաև հետպատերազմյան շրջանում, ավելին՝ այն իրավական ամրագրում է ստացել թուրք-ադրբեջանական մեդիահարթակ ստեղծելու հուշագիր ստորագրելով:

Այս ընթացքում հենց թուրքական կողմի առաջ քաշած նոր թեզերով Թուրքիան ներկայացնում է Հայաստանի հետ հարաբերությունների «փոփոխված» մոտեցումները, դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում, տարածաշրջանում իր դերակատարության պատկերացումները և Հարավային Կովկասում ներկայությունն ամրապնդելու քաղաքականությունը։

Ուղղակի և անուղղակի կերպով Հայաստանին ու Արցախին առնչվող թուրքական նոր թեզերը կառուցված են հետևյալ գաղափարների շուրջ.      
1. Պատերազմին սեփական ներգրավվածությունը,                
2 . Տարածաշրջանում նոր որակի դերակատարությունը,              
2.1. «Ազատագրված տարածքները վերականգնելու», «վերաբնակեցնելու» կարևորությունը,
2.2.«Թուրքիան՝ որպես խաղաղության պահապան, խաղաղության հաստատման ջատագով» և այլն։           
3. Պատերազմի ավարտից հետո ԹՀ-ի ձեռքբերումների շրջանառումը            
3.1. «ԼՂ խնդիրը լուծված է»,  
3.2. «Թուրքիան 100 տարի անց ցամաքով ուղիղ կապ կունենա թյուրքական աշխարհի հետ»
3.3. «ԹՀ-ի վերադարձ տարածաշրջան»։
4. Հայաստանի նկատմամբ որպես ճնշման գործիք՝ հակահայկական նոր թեզերի մշակում:

Ըստ այդմ՝

1 Թուրքիայի ներգարավվածությունը պատերազմին

Թուրք պաշտոնյաներն ու վերլուծական շրջանակները բացեիբաց խոսում են պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակի գործում Թուրքիայի ներգրավվածության մասին։ Ընդ որում՝ պատերազմից հետո Անկարան սկսել է ավելի բացահայտ խոսել Արցախում գրանցված արդյունքի վրա ունեցած ազդեցության ու մասնակցության մասին։ Եթե մինչև այդ ամենաբարձր մակարդակներով հնչում էր, որ Թուրքիան «թե՛ դաշտում, թե՛ սեղանի շուրջ աջակցելու է Ադրբեջանին», ապա հետպատերազմական շրջանում, զուգահեռաբար, հնչում են «ԼՂ-ում Ադրբեջանը հաղթեց Թուրքիայի ակտիվ ներգրավվածության/աջակցության շնորհիվ», «Թուրքիայի աջակցությունը որոշիչ էր պատերազմում», «Թուրքիայի աջակցությունը կանխեց այլ պետությունների հնարավոր մասնակցությունը/միջամտությունը» [1] և այլն։

Թուրքական մասնակցությունը ներկայացվում է նաև անուղղակի կերպով. օրինակ՝ թուրքական ԱԹՍ-ների կիրառման մասին հրապարակումները, որոնք վերածվել են թուրքական զենքի գովազդային արշավի [2]։

  1. Տարածաշրջանում Թուրքիայի նոր որակի դերակատարության մասին թեզերը

2.1.      Տարածքների վերականգնման/կառուցման առաջնահերթության թեզը

Թուրքիան ընդգծված կարևորում է տարածքների վերականգնմանը, շինարարական աշխատանքների խթանմանը, բնակելի պայմանների ստեղծմանը՝ ակտիվորեն ներգրավվելով այդ գործընթացին [3]:  Առավելություն է տրվում հատկապես ռազմավարական նշանակության օբյեկտների կառուցմանը: Այս մոտեցումն ընդգծվել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ա․ Քարաիսմայիլօղլուի հայտարարության մեջ [4]: Անկարան Բաքվին խորհուրդ է տվել նախ արագացված տեմպերով կառուցել Ադրբեջանը Նախիջևանին կապող ավտոճանապարհը, հետո միայն՝ ավելի ժամանակատար երկաթգիծը։          

Գործնական քայլեր վերանգնման ուղղությամբ նույնպես արվում են: Մասնավորապես, թուրքական ընկերություններն առաջին իսկ օրից մասնակցում են ճանապարհաշինության և առաջնային նկատվող ենթակառուցվածների կառուցման/վերականգման աշխատանքներին:  Ադրբեջանն էլ, իր հերթին, վերականգնման համար պետական մրցույթներում նախապատվություն է տալիս թուրքական ընկերություններին [5]: Բացի այդ, թուրքական կողմն աշխատում է տարածքների վերականգնման ներդրումների ներգրավման և դրա համար անհրաժեշտ քարոզչական-գաղափարական հիմք ստեղծելու ուղղությամբ: Այս նպատակով ս.թ. փետրվարին Թուրքիայի կառավարությանը կից արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի ԹՀ-ԱՀ տնտեսական համագործակցության խորհուրդը հատուկ ժողով էր գումարել [6]: Խորհրդի նախագահն էլ ուշագրավ դիտարկում էր արել, որ ԼՂ «ազատագրված տարածքների վերականգնումը» պետք է լինի իրենց պարտականությունը, այլ ոչ թե՝ բեռ:

Թուրքիայի՝ այս դերակատարության առանձնակի շեշտադրումը պետք է դիտարկել մի քանի հարթությունում.

ա. ԼՂ հակամարտության վերջնական լուծման տրամաբանության մեջ. այն է՝ որքան հնարավոր է շուտ տարածքները բնակեցնել ադրբեջանցիներով (թյուրքերով), աստիճանաբար ժողովրդագրական առավելություն ստանալ և արցախահայությանը շրջափակել թյուրքական տարրով:

Վերաբնակեցման գաղափարն առաջ է տարվում Թուրքիայի նախագահի մակարդակով: Ռ.Թ. Էրդողանը «Թյուրքական խորհրդի» գագաթնաժողովին հայտարարել էր, որ ենթակառուցվածքների վերականգնումից հետո Թուրքիայի հաջորդ առաջնահերթությունն է «փախստականների վերադարձն իրենց հայրենի տներ» [8]: 

բ. Տնտեսական. Թուրքիան, շահույթից բացի, ամրապնդում է իր կապիտալի ներկայությունն Ադրբեջանում:

գ. Ադրբեջանի հանրության շրջանում Թուրքիայի՝ որպես մեծ եղբոր դերի ընկալման արմատավորում: Այս ուղղությամբ օգտագործվում են նաև այլ գործիքներ, ինչպես օրինակ՝ պատերազմում վիրավորածների բժշկական աջակցությունը, տուժածների և զոհվածների ընտանիքներին սոցիալական օժանդակությունը և այլն:

2.2.  Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման, պահպանման երաշխավոր լինելու թեզը

Այս թեզի համատեքստում շեշտադրվում է Աղդամում տեղակայված հրադադարի մշտադիտարկման կենտրոնում թուրքական ռազմական ներկայությունը, որը «հետևելու է նաև Թուրքիայի ջանքերով հաստատված կայունությանը» [9]: Մարտի 13-ին ԹՀ նախագահ Ռ․Թ․ Էրդողանը, այս կենտրոնի վերաբերյալ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցից մանրամասներ ներկայացնելիս, նշել էր․ «Թուրքիան տարածաշրջանում կայունության և խաղաղության համար բացվող նոր ժամանակաշրջանում անհրաժեշտ ամեն տեսակի ներդրում և աջակցություն կցուցաբերի»:

Ընդ որում, Թուրքիայի ներկայությունը/դերակատարությունը տարածաշրջանում դիտարկվում է Ռուսաստանի դերակատարության հետ հավասար [11]:            

Տ արածաշրջանում խաղաղության հաստատման և պահպանման գործում Անկարայի դերի մասին թեզի շրջանակներում կարելի է դիտարկել նաև «3+3» կամ «6-յակ» հարթակ ստեղծելու ԹՀ առաջարկը: Այս նախագիծը ներկայացվում է որպես տարածաշրջանի բոլոր պետությունների համար տնտեսական զարգացման, բարգավաճման միակ ուղի, որը կհանգեցնի հարատև խաղաղության և կայունության։ Հարկ է նշել, որ «խաղաղության կառուցման» ճանապարհին Հայաստանը ներկայացվում է որպես ապակառուցողական կողմ, որը, ի տարբերություն նախագծին դրական պատասխանած տարածաշրջանային երկրների, չի արձագանքել առաջարկին [12]։

Խաղաղության թեզի շրջանակներում կարելի է դիտարկել նաև թուրք պաշտոնյաների՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությունները, որոնք հիմնականում պայմանական ենթատեքստ ունեն։ Օրինակ՝ Հայաստանը  «եթե խելքը գլուխը հավաքի», «եթե դասեր քաղի», «եթե իրականացնի ստանձնած պարտավորվածությունները», «եթե դրական քայլեր անի», ապա Թուրքիան կարող է դրական քայլերով պատասխանել/ կարող է հարաբերությունները կարգավորել՝ Ադրբեջանի հետ կոորդինացնելով [13]։

  1. Պատերազմի արդյունքում Թուրքիայի ձեռքբերումների վերաբերյալ թեզերը

3.1 Թուրքիան պետական, փորձագիտական մակարդակով ներկայացնում է, որ հակամարտությունը լուծված է. «Ադրբեջանը վերջ է դրել 30 տարվա անարդարությանը» և «ազատագրել գրավյալ տարածքները»։ Իսկ Արցախի՝ հայկական վերահսկողության տակ մնացած տարածքների համար կիրառվում են «ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածք» կամ «վայրեր, որտեղ տեղակայվել են ռուս խաղաղպահներ» արտահայտությունները։      

Էրդողանը, նույնպես հայտարարելով, որ խնդիրը լուծված է, մատնանշել է ԹՀ-ի վերջնանպատակը․ «Ցանկանում ենք ստեղծել պայմաններ, որոնք կապահովեն համակեցությունը ԼՂ-ում՝ առանց խաղաղապահ ուժերի կամ վերահսկման գործունեության անհրաժեշտության»:                 

Ընդ որում, իշխանությունների կողմից այս թեզն օգտագործվում է նաև Թուրքիայի ներքաղաքական խոսույթում՝ ընդդիմությանը հանդիմանելու նպատակով: Հիմնական պատումն այն է, որ մինչ ընդդիմադիրները դեմ են արտահայտվում երկրի սահմաններից դուրս գործողություններին, Թուրքիան, աջակցելով Ադրբեջանին, լուծել է ԼՂ խնդիրը, կապ հաստատել թյուրքական աշխարհի հետ՝ դառնալով տարածաշրջանի գլխավոր դերակատարներից մեկը:

3.2. Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև ուղիղ կապ հաստատելու մասին թեզը

2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կապուղիների ապաշրջափակման մասին կետը Թուրքիան համարում է ամենակարևոր ձեռքբերումներից մեկը։ Ըստ թուրքական մեկնաբանության՝ շուրջ հարյուր տարի անց վերականգնվել է թյուրքական աշխարհի հետ ուղիղ կապը [15]։ «Ուղիղ կապ» ձևակերպումը վերաբերում է Հայաստանի տարածքով Նախիջևանն Ադրբեջանին կապող ենթակառուցվածքների անցկացմանը, որոնք թուրքական խոսույթում կոչում են «Նախիջևանի միջանցք»։ Դրա իրագործման համար Թուրքիան առաջ է մղում «6-նյակի հարթակ» ստեղծելու առաջարկը:

3.3.   Հարավային Կովկաս Թուրքիայի վերադարձի մասին թեզը

«Արցախում հաղթանակով Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս» [16] և, ինչպես նկատում է թուրք փորձագետ Մ․ Յարարը, այսուհետ տարածաշրջանը Թուրքիայի հետաքրքրության գոտուց վերածվել է ազդեցության գոտու [17]։

Տարածաշրջանում Թուրքիայի դերի բարձրացման մասին բացահայտ խոսում են թուրք բարձրաստիճան պաշտոնյաները՝ դարձնելով դա նաև քաղաքական «առևտրի առարկա» որոշ արտաքին դերակատարների, մասնավորապես՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում։ Այս քաղաքականությունն արտացոլված է ԹՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ՝ ի պատասխան մարտի 25-26-ին տեղի ունեցած ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում Թուրքիայի վերաբերյալ ընդունված որոշման: Հայտարարության մեջ տարածաշրջանում Անկարայի դերակատարման վերաբերյալ հետևյալ ուշագրավ դիտարկումն էր արվել. «Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել՝ լուծելու այնպիսի տարածաշրջանային խնդիրներ, ինչպիսիք են Լիբիան, Սիրիան և Հարավային Կովկասը: Այս հարցերում ԵՄ-ի հետ համագործակցությունը կնպաստի տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանն ու մեր ընդհանուր շահերի առաջխաղացմանը»:

  1. Հակահայկական, ինչպես նաև Հայաստանի դեմ մշակվող թեզերը

4.1. Թյուրքերի դեմ հայերի իրականացրած կոտորածների թեզը

Թուրքիան հատուկ ուշադրություն է դարձնում «ադրբեջանցիների ցեղասպանութան», «ադրբեջանցիների կոտորածների» թեմային։ 2021թ. Անկարան ամենաբարձր մակարդակով, բացի Խոջալուի դեպքերից, առավել լայն մասշտաբով ոգեկոչել է նաև «1918թ․ հայերի կողմից ադրբեջանցի թյուրքերի նկատմամբ իրականացրած կոտորածների» զոհերին [19]։ Այս շարքին փորձում են ավելացնել նաև վերջին պատերազմի ընթացքում Գյանջայի հրթիռակոծությունը։ ԹՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆ․ Ալթունը, խոսելով Գյանջայի հրթիռակոծման մասին, այն որակել է որպես պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություն [20]: Այս կերպ ընկալում է ձևավորվում, որ «թյուրքերի նկատմամբ հայերի ատելությունը և կատարած հանցագործությունները» շարունակական են:

Հարկ է նշել, որ նման ընկալման առաջացմանը կարող է նպաստել նաև տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության ժխտման նպատակով ձևավորված այն թեզը, որ հայերն են կոտորել թուրքերին ու մուսուլմաններին:

  • «Հայաստանի բարբարոսությունները ԼՂ-ում» թեզը

Պատերազմին հաջորդած ամիսներին թուրքական պետական և իշխանամերձ լրատվականներն այցելել են Արցախի գրավյալ տարածքներ, այդ թվում՝ Աղդամ, և ավերածությունները ներկայացրել որպես հայերի բարբարոսության ապացույց [20]։ Այս թեմային անդրադարձել է Թուրքիայի նախագահը՝ հայերին մեղադրելով ոչ միայն մզկիթներ, այլև եկեղեցիներ ավերելու համար [21]։

Այս հռետորաբանությանը զուգահեռ՝ պետական ինստիտուտները Հայաստանին մեղադրանքները կապիտալիզացնելու ուղղությամբ գործնական քայլեր են անում։ Ապրիլի 15-ին ԹՀ մեջլիսի մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովն ընդունել է «ԼՂ 2-րդ պատերազմում Հայաստանի իրականացրած իրավախախտումների մասին» զեկույց [22]:    

Ամփոփելով վերոնշյալը պետք է նշել, որ թեև Թուրքիան վերջին ամիսներին նվազեցրել է հայերի, Հայաստանի հանդեպ պատերազմի ընթացքում եղած ակտիվ հակաքարոզչությունը, որոշակի փոփոխություններ մտցրել և տարածաշրջանում խաղաղություն կառուցողի  դիրքերից հանդես գալու հայտ ներկայացրել, սակայն, այնուամենայնիվ, գործողություններում շարունակում է թշնամական վերաբերմունքը և քաղաքականությունը Հայաստանի ու  հայ ժողովրդի նկատմամբ։

Այս հակասության դրսևորման վառ օրինակ է նաև այդ երկրի մեջլիսի վերոնշյալ միակողմանի նախաձեռնությունը, որտեղ հայկական կողմը մեղադրվում է պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ, իսկ Ադրբեջանի հանցագործությունների վրա աչք է փակվում։

Հայաստանի հանդեպ նման վերաբերմունքի յուրօրինակ ապացույց է նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև առավել կարևոր հարցերում քաղաքականության և գործողությունների ներդաշնակեցման իրողությունը։ Տեղեկատվական ոլորտում դա ակնհայտ կերպով երևաց նաև ս.թ. ապրիլի 26-ին Ռ.Թ. Էրդողանի կողմից ԱՄՆ նախագահ Ջ․ Բայդենի Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունից հետո հնչեցված ելույթում, որտեղ նա Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական թեզերի կողքին ներկայացրեց նաև Ադրբեջանի հակահայկական որոշ թեզեր:

Հարկ է նաև նշել, որ թուրք-արդբեջանական օրինակով քաղաքականության, գործողությունների ներդաշնակեցման Անկարայի ուղեգիծը նաև դրսևորում է ակնհայտ ընդլայնման միտում թե՛ ոլորտային, թե՛ աշխարհագրական առումով՝ ընդգրկելով ողջ «թյուրքական աշխարհը»:

Անահիտ Վեզիրյան


[1] 1, 2, 3, 4, 5, 6, 7   
[2] 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8
[3] https://www.milliyet.com.tr/ekonomi/karabagin-y      
[4] https://www.yenisafak.com/ekonomi/bakan-kara
[5] https://www.trthaber.com/haber/azerbaycan/kar
[6] 1, 2
[7] https://www.aa.com.tr/tr/ekonomi/deik-baskani-
[8]  https://www.youtube.com/watch?v=_9Jic4ECB         
[9] https://www.aa.com.tr/tr/politika/disisleri-bakani
[10] https://t.me/RTErdogan/11         
[11] https://apa.az/ru/vneshnyaya-politika-azerbaydj
[12] 1, 2          
[13] https://www.hurriyet.com.tr/dunya/cavusoglund      
[14] https://t.me/RTErdogan/11         
[15] 1, 2, 3, 4, 5         
[16] 1, 2          
[17] https://www.youtube.com/watch?v=YrC47kUfA          
[18] https://www.mfa.gov.tr/no_-120_-ab-devlet-ve-
[19]  1, 2, 3, 4, 5, 6, 7
[20] 1, 2          
[21] 1, 2, 3, 5  
[22] https://www.youtube.com/watch?v=_9Jic4ECB        
[23] 1, 2