Էր Ռիադի խաղաղության ծրագիրը

6 ր.   |  2021-04-06

Ս աուդյան Արաբիան քանիցս հանդես է եկել Եմենի հակամարտության կարգավորման ու կողմերի միջև խաղաղության հաստատման նախաձեռնություններով։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ այդ դիվանագիտական առաջարկությունները, որպես կանոն, այդպես էլ չեն կարողանում համապարփակ լուծում տալ կողմերի միջև հակասություններին ու հասնել հակամարտության վերջնական կարգավորմանը։

Նման իրողության թերևս սկզբունքային պատճառներից մեկը նա է, որ հակամարտությունն ինքնին տարիներ շարունակ հատել է երկկողմ դիմակայության տրամաբանությունը, որն արդեն ներկայանում է որպես տարածաշրջանային նշանակության միջնորդավորված հակամարտություն, որտեղ ներգրավված են Մերձավոր Արևելքի առաջատար խաղացողները, առաջին հերթին՝ Էր Ռիադն ու Թեհրանը։ Ուստի, եթե նույնիսկ Սաուդյան Արաբիայի հովանավորությունը վայելող Եմենի կառավարությունը և հակամարտության մյուս կողմ հանդիսացող հութիական շարժումը նույնիսկ ինչ-որ փուլում կարողանան ընդհանուր եզրեր գտնել ու գալ բանակցությունների, նման հանգամանքներն ու իրողությունները կարող են չբխել Իրանի կամ նույն Սաուդյան Արաբիայի շահերից։ Ասել է թե՝ դիմակայությունը դարձել է բավական բարդ ու բազմաշերտ, որտեղ բացի տարածաշրջանային խաղացողներից, ուղղակի կամ անուղղակի ներգրավված են նաև միջազգային շահեր։  

Ինչևէ, անհրաժեշտ է դրական գնահատել ցանկացած առաջարկություն կամ ծրագիր, որը կարող է որևէ դրական ազդեցություն ունենալ կողմերի միջև դիմակայության թուլացման համար, անգամ եթե դրանք հեռու են հակամարտության կարգավորման իրատեսական ուղիներից։  

2021-ի մարտի կեսերին Էր Ռիադը հանդես եկավ հակամարտության կարգավորման հերթական խաղաղության ծրագրով, որը թեև ունի բավական մշուշոտ հեռանկար, այդուհանդերձ, դրական լիցք կարող է հաղորդել դիմակայության թուլացմանը։ Միջազգային հանրությունն անմիջապես ողջունեց Էր Ռիադի այս նախաձեռնությունը․ առաջին դրական մեկնաբանությունները հնչեցին Վաշինգտոնից, Լոնդոնից, ՄԱԿ-ից։

Սաուդյան Արաբիայի առաջարկած խաղաղության նախաձեռնությունն ինքնին ուշագրավ է ոչ այնքան իր բովանդակությամբ, որքան նրանով, թե ինչո՞ւ է Էր Ռիադը այժմ հանդես գալիս նման առաջարկությամբ, երբ հութիները բավականին կոշտացրել են իրենց դիրքորոշումը թե՛ քաղաքական, թե ռազմական ճակատներում։  Ինչպես արձանագրում են վերլուծաբաններից շատերը, վերջին շրջանում առճակատումն իսկապես նոր թափ է ստանում։ Հետաքրքիր է, որ երկկողմ բախումները տեղի են ունենում մի ժամանակաշրջանում, երբ ԱՄՆ-ն նոր է հաղթահարել նախագահական ընտրական ճգնաժամը և ի դեմս Բայդենի վարչակազմի՝ փորձում է դիրքավորվել արտաքին քաղաքականությունում։

Էր Ռիադ-հութիներ առճակատումն է՛լ ավելի խորացավ, երբ 2021-ի փետրվարին հութիները հրթիռային, ինչպես նաև ԱԹՍ-երով հարվածներ հասցրին Սաուդյան Արաբիայի մի շարք թիրախների։ 2021-ի մարտի սկզբին հութիները հերթական անգամ թիրախավորեցին Սաուդյան Արաբիայի արևելյան նահանգներում տեղակայված նավթային օբյեկտները։ Վերջիններիս կառավարման ու գործունեության հիմնական գործառույթներն իրականացվում են սաուդական Aramco հայտնի ընկերության կողմից։ Արդյունքում, ինչպես և ակնկալվում էր, հում նավթի գներն արձանագրեցին ռեկորդային ցուցանիշներ վերջին 2 տարվա կտրվածքով[1]։

Նման լարված իրավիճակում, անշուշտ, խաղաղության ցանկացած առաջարկություն, մեղմ ասած, հղի է տապալման վտանգով, եթե չասենք, որ դա կարող է հակամարտության մյուս կողմի համար դիտվել որպես դիրքերի թուլացման նշան՝ նպաստելով ռազմական բախումների թեժացմանը։ Այդուհանդերձ, անհրաժեշտ է արձանագրել, որ խաղաղության նախաձեռնությամբ հանդես գալը, թերևս, կարող է հետապնդել երկու հիմնական նպատակ՝

  • Այդ քայլով Սաուդյան Արաբիան ձգտում է միջազգային հանրությանն ու առաջին հերթին՝ նորընտիր նախագահ Բայդենին, նրա վարչակազմին ցույց տալ իր կառուցողական դիրքորոշումը և պատրաստակամությունը կարգավորելու տարիներ շարունակ ձգվող հակամարտությունը։ Նպատակը թերևս այն է, որ այս նախաձեռնությունը պարզապես առիթ է պարարտ ու դրական հող նախապատրաստելու Բայդենի ու նրա վարչակազմի հետ հետագա երկխոսության հաստատման ու մերձավորարևելյան քաղաքականությունում Սպիտակ Տան բարյակացակամությունը ստանալու համար։
  • Մյուս կողմից՝ կարող է վկայել առաջիկայում հութիների ուղղությամբ Սաուդյան Արաբիայի դիրքորոշման կոշտացման մասին։ Խաղաղության նախաձեռնությամբ Էր Ռիադը միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ պատրաստ է հութիների հետ խաղաղություն հաստատելու, սակայն հութիների առաջնորդներն ընդառաջ չեն գնում, հետևաբար հակամարտության թեժացման պատասխանատվությունը նրանց վրա է[2]։ Իսկ այն, որ հութիները մերժելու են Սաուդյան Արաբիայի հերթական նախաձեռնությունը, բավական մեծ հավանականություն ունի։

Ս աուդյան Արաբիայի առաջ քաշած խաղաղության ծրագիրը ենթադրում է ՄԱԿ միջնորդությամբ ու վերահսկողությամբ կրակի դադարեցում Սաուդյան Արաբիայի հովանավությունը վայելող Եմենի կառավարության և Իրանի աջակցությունը ստացող հութիական շարժման միջև։ Ծրագիրը նաև նախատեսում է վերաբացել կենսական նշանակություն ունեցող օդային ու ծովային հաղորդակցություները, ինչպես նաև մեկնարկել քաղաքական բանակցություններ։ Հութիական կողմն արդեն իր մեկնաբանությունն է հայտնել խաղաղության ծրագրի հարցում․ հութիների ղեկավարությունը թերահավատ է, որ այս ծրագրով հնարավոր կլինի իրականություն դարձնել օդային ու ծովային ապաշրջափակման հարցը։

Հիշեցնենք, որ սույն խաղաղության նախաձեռնությամբ հանդես էր եկել մասնավորապես Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆայսալ բին Ֆարհանը (Faisal bin Farhan), ով կոչ արեց հութիներին ընդունել այս նախաձեռնությունը, ինչը հնարավորություն կտա դադարեցնել կրակի ռեժիմը։ Ի տարբերություն հութիների, Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունն արդեն ողջունել է այդ խաղաղության ծրագիրը։

Հութիների հիմնական բանագնաց Մոհամեդ Աբդուսալամը (Mohammed Abdulsalam) Reuters լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարեց․ «Մենք ակնկալում էինք, որ Սաուդյան Արաբիան կհայտարարի նավահանգիստների ու օդանավակայանների շրջափակման դադարեցման մասին, և որ նախաձեռնությունը ազատ կարձակի կոալիցիայի հսկողության տակ գտնվող շուրջ 14 նավերը»[3]։ Այդուհանդերձ, հութիների բանագնացը հավաստիացրել է, որ հութիական բանակցային խումբը շարունակելու է բանակցել խաղաղության համաձայնագրի շուրջ Սաուդյան Արաբիայի, Միացյալ Նահանգների և միջնորդ կողմ հանդիսացող Օմանի հետ։

Փորձագետները նկատում են, որ թեև հութիները կարող էին տապալել Էր Ռիադի խաղաղության հերթական նախաձեռնությունը, սակայն սա լավ հնարավորություն կարող է լինել Թեհրանի համար միջազգային հանրությանը ներկայանալու հակամարտության կարգավորման իր նախաձեռնությունով։ Արդյունքում, այնպես է ստացվում, որ հակամարտության միջնորդավորված կողմերից մյուսը՝ Իրանը, նույնպես պատրաստակամություն է հայտնում հարցի կարգավորմանը մոտենալ դիվանագիտական, կառուցողական հարթությունից։  

Վերլուծաբանները կարծեք թե համակարծիք են այն հարցում, որ ի տարբերություն Էր Ռիադի նախորդ խաղաղասիրական նախաձեռնությունների, ինչպես օրինակ, 2019-ի կրակի դադարեցման առաջարկությունը, այս վերջին ծրագիրն ընդգրկում է մի շարք զիջումներ, որոնց մասին հութիները արդեն երկարատև ժամանակ բարձրաձայնում են, ներառյալ՝ ներկայում հութիների վերահսկողության տակ գտնվող Սանաայի միջազգային օդանավակայանի բացումը։

Արաբական որոշ լրատվական աղբյուրներ նշում են, որ հութիներն այդուհանդերձ, մասամբ ընդունել են Սաուդյան Արաբիայի առաջարկությունը, սակայն ձգտում են ստեղծված իրավիճակից քաղել առավելագույնը՝ մասնավորապես պահանջելով Սանաայի օդանավակայանից առանց ստուգման թռիչքների իրականացման հնարավորություն անսահմանափակ ուղղություններով, այդ թվում՝ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Պայմանը բավարարելու դեպքում հութիները պատրաստակամ են բանակցել խաղաղության ծրագրի վերջնական հաստատման ուղղությամբ[4]։ Հիշեցնենք, որ Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը մշտապես հայտարարել է, որ անհրաժեշտ ու սկզբունքային է վերահսկողություն սահմանել Սանաայի օդանավակայանից իրականացվող չվերթների նկատմամբ, որը հնարավորություն կտա կանխել սպառազինությունների ու գրոհայինների տեղափոխումը։  

Այլ մեդիա-փորձագիտական գնահատականների համաձայն, հութիներն անմիջապես ու հստակորեն մերժել են Էր Ռիադի խաղաղության նախաձեռնությունը, քանի որ առաջնորդվում են Իրանից եկող ուղերձներով ու հանձնարարականներով՝ տարածաշրջանում պաշտպանելով Թեհրանի շահերը․Իրանն այս քայլով ձգտում է ներքաշել Սաուդյան Արաբիային հարավում տեղի ունեցող հակամարտությունում, որն իր հերթին հեռու կպահի Էր Ռիադին Սիրիայում ու Լիբանանում ընթացող զարգացումներից[5]։ Եվ իսկապես, հակամարտության միջնորդավորված լինելու հանգամանքը, դրա կարգավորման հարցում հիմնական խաղացողների միջև տարածաշրջանային մրցակցությունն ու շահերի անհամատեղելիությունը բավականին բարդացնում են դիմակայության հաղթահարման հնարավորությունը՝ օդում թողնելով խաղաղության հաստատման գրեթե բոլոր նախաձեռնությունները։

Վերլուծաբանները Սաուդյան Արաբիայի խաղաղության նախաձեռնությունը պայմանավորում են նրանով, որ ԱՄՆ նախագահ Բայդենը Եմենի հակամարտությունում դադարեցրեց աջակցությունն Էր Ռիադին[6]։ Պաշտոնական Վաշինգտոնը, սակայն, միաժամանակ վստահեցրեց, որ շարունակելու է աջակցել Սաուդյան Արաբիային տարածաշրջանային սպառնալիքների զսպման ու հակազդման ուղղությամբ։ Հիշեցնենք, որ Վաշինգտոնը ետ կանգնեց հութիներին որպես ահաբեկչական կառույց ճանաչելու մտադրությունից, որը կարող էր կյանքի կոչվել նախկին նախագահ Դ․ Թրամփի նախագահության շրջանում[7]։

Արդյո՞ք Բայդենին կհաջողվի կանգնեցնել եմենյան վեցամյա արյունահեղությունը, արդյո՞ք Էր Ռիադի ուղղությամբ Սպիտակ տան ճնշումները կստիպեն արքայական առաջնորդներին վերջնական լուծում տալու հակամարտությանը, թե՞ այս խաղաղության ծրագիրը կրում է ժամանակավոր ձևական բնույթ։


[1] https://orbeli.am/hy/post/821/2021-03-15/%D4

[2] https://www.bbc.com/news/world-middle-east-5

[3] https://www.bbc.com/news/world-middle-east-5

[4] https://www.arabnews.com/node/1832836/midd

[5] https://www.arabnews.com/node/1832566/saud

[6] https://www.dw.com/en/saudi-arabia-has-lost-th

[7] https://orbeli.am/hy/post/821/2021-03-15/%D4