Թուրքիայի քաղաքականությունը Մերձավոր Արևելքի թուրքմենների նկատմամբ

3 ր.   |  2020-11-30

Որոշ դիտարկումներ

Ս իրիայում և Իրաքում բնակվող թուրքմենները կամ, այսպես կոչված, թուրքոմանները Թուրքիայի ազդեցության ուղեծրում են։ Հատկապես վերջին տասնամյակում թուրքական իշխանությունները և նրանց քաղաքականությանը սատարող վերլուծական կենտրոնները՝ բոլոր միջոցներով և ուղղություններով (քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային, գաղափարական և այլն) աջակցում են նրանց։

Սիրիական պատերազմի սկզբից ի վեր թուրքմենական ծայրահեղական ազգայնական կազմակերպությունների թիվը կտրուկ ավելացել է։ Ընդ որում, այդ կազմակերպությունները սկսեցին ֆինանսական, ռազմական և գաղափարական աջակցություն ստանալ Թուրքիայից։ Մի շարք ազդեցիկ քաղաքական կազմակերպություններ, ինչպես օրինակ «Սիրիայի թուրքմենական շարժումը», «Սիրիայի թուրքմենական բլոկը» և «Սիրիայի թուրքմենական դեմոկրատական շարժումը» ունեն իրենց ներկայացուցչությունները Թուրքիայում և, ըստ որոշ տվյալների, համագործակցում են թուրքական հատուկ ծառայությունների հետ։ Դրանց հետ մեկտեղ Թուրքիայից աջակցություն են ստանում նաև մեծ ու փոքր ռազմականացված թուրքմենական խմբավորումներ՝ «Սիրիայի թուրքմենական» և «Ջաբալ աթ Թուրքման» բրիգադները և այլն[1]։

Փորձագետներն ընդգծում են սիրիացի թուրքմենների զինված ջոկատների ռազմավարական նշանակությունը Սիրիայում թուրքական շահերի առումով։ Անկարան ամեն կերպ աջակցում է նրանց զինված ջոկատներին և նույնիսկ թույլ է տվել, հատել Թուրքիայի սահմանը՝ հնարավորություն ստանալով ռազմական գործողություններ իրականացնել Թուրքիայի տարածքից։ Այդպիսի իրավիճակ արձանագրվեց 2014թ. գարնանը, երբ թուրքմենական զինված խմբավորումները Թուրքիայի ներգրավածությամբ գրավեցին հայաբնակ Քեսաբը։

Թուրք քաղաքագետ Սինեմ Չենգիզը նշում է, որ «Թուրքիայի նախագահ Էրդողանը սիրիացի թուրքմեններին համարում է բնական դաշնակիցներ ոչ միայն իրենց էթնիկ կապերի, այլև այն պատճառով, որ նրանք ունեն ընդհանուր թշնամի՝ Ասադը»։ Այնուամենայնիվ, հեղինակը գտնում է, որ չնայած Թուրքիայի աջակցությանը՝ թուրքմեններին չհաջողվեց ամրապնդվել որպես քաղաքական ուժ, սակայն նրանց ներկայությունը կարևոր գործիք է Թուրքիայի համար՝ Իրաքում և Սիրիայում իր ազդեցությունը պահպանելու համար։

Միաժամանակ, հայտնի է, որ նույնիսկ Սիրիայի սահմաններից դուրս, թուրքմենները համագործակցում են Թուրքիայի հետ, ինչպես օրինակ Լիբիայում, ուր Անկարան հազարավոր սիրիացի վարձկաններ է ուղարկում, (որոնց մեծ մասը թուրքմեններ են), ովքեր պետք է աջակցեն Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը։

Ստամբուլի «Օմրան» վերլուծական կենտրոնի հետազոտող, վերլուծաբան Ն. Օլիվերը նշում է, որ Լիբիա մեկնած սիրիացի ահաբեկիչների մեծ մասը «Սուլթան Մուրադ» և «Սուլթան Մեհմեդ» խմբավորումների անդամներ են, որոնք մտնում են Սիրիայի թուրքմենական բրիգադների մեջ։ Նա պարզաբանում է, որ նրանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերվում անհատական պայմանագրերով, կնքվում է 3-6 ամիս տևողությամբ պայմանագրեր, ստանում են $2000 - $2500 աշխատավարձ։

Հարկ է նկատել, որ այսօր Թուրքիայում ապրում է մոտ 400 հազար սիրիացի թուրքմեն, սակայն Սիրիայում տեղի ունեցող հակամարտության ընթացքում Թուրքիայում հաստատված 110 հազար թուրքմեն փախստականներից միայն 5000-ն է ստացել Թուրքիայի քաղաքացիություն։ Սիրիացի թուրքմենների համար ավելի դժվար է քաղաքացիություն ձեռք բերել, քան սիրիացի արաբների համար, քանի որ Թուրքիան ցանկանում է, որ նրանք մնան Սիրիայում, որպեսզի օգտվի նրանց ներկայությունից[2]։

Նշենք, որ Սիրիայի և Իրաքի թուրքմենների արտերկրում հիմնադրած հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները իրականացնում են տնտեսական, սոցիալական և մշակութային մի շարք ծրագրեր թուրքմենների շրջանում: Այս հարցում թերևս առավել ակտիվ են Թուրքիայում գործող թուրքմենական կառույցները, որոնց թվաքանակը գերազանցում է մեկ տասնյակը, օրինակ՝ «Սիրիայի թուրքմենական շարժումն» ու «Սիրիայի թուրքմենական պլատֆորմը» և այլն։


[1] Ерицян А., Тюркский фактор во внешнеполитической стратегии турецкой Республики в Сирии, Вестник ЗабГУ.2020. Т. 26. N 1, с. 90-91
[2] The Turkmen: their heart in Syria, their mind in Turkey