Ռուսական պատվիրակության այցի շեշտադրումները

4 ր.   |  2020-11-23

2 020թ. նոյեմբերի 21-ին Երևան և Բաքու այցելեց ռուսական միջգերատեսչական պատվիրակությունը՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլ. Պուտինի և Ի. Ալիևի ստորագրած եռակողմ հայտարարության կատարման ընթացքը և հետագա անելիքները քննարկելու համար։ Այցի մասին ՌԴ նախագահը հայտարարել էր նախօրեին՝ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության շուրջ անցկացրած խորհրդակցության ընթացքում։

Ռուսական պատվիրակության կազմում էին արտաքին գործերի նախարար Ս. Լավրովը, պաշտպանության նախարար Ս. Շոյգուն, Արտակարգ իրավիճակների նախարար Ե. Զինիչևը, փոխվարչապետներ Ա. Նովակը և Ա. Օվերչուկը, առողջապահության նախարար Մ. Մուրաշկոն, Ռուսական սպառողական վերահսկողության (Роспотребнадзор) ղեկավար Ա. Պոպովան, Ռուսական երկաթուղիների ղեկավար Օ. Բելոզերովը, ֆինանսների նախարարի տեղակալ Թ. Մաքսիմովը։

Երևանում և Բաքվում ՌԴ արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Ս. Լավրովի և Ս. Շոյգուի հայտարարությունների հիմնան կարելի է դուրս բերել ռուսական միջգերատեսչական պատվիրակության այցի հիմնական շեշտադրումները, որոնք պայմանականորեն բաժանվում են երկու մասի՝ ռազմական և դիվանագիտական։

Ռազմական բաղադրիչը

Ե րևանում ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի և պաշտպանության նախարար Վ. Հարությունյանի, իսկ Բաքվում նախագահ Ի. Ալիևի և պաշտպանության նախարար Զ. Հասանովի հետ հանդիպումների ժամանակ ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավար Ս. Շոյգուն մատնանշել է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության հիմնական առաջնահերթությունները։ Դրանք ամփոփ կարելի է ներկայացնել հետևյալ դրույթների տեսքով.

  • Խաղաղության պահպանում Արցախում և կայունության ամրապնդում տարածաշրջանում, այս համատեքստում՝ արյունահեղության և սադրանքների բացառում, հրադադարի ռեժիմի խիստ պահպանում։
  • Ստեփանակերտ տանող ճանապարհի անվտանգության ապահովում։
  • Աջակցություն ռուսական մարդասիրական (հումանիտար) առաքելությանը Արցախում, որն ներառում է փախստականների վերադարձը (հայրենադարձությունը), կենսապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնումը և այլն

Ըստ Ս. Շոյգուի՝ եռակողմ հայտարարությունից կարճ ժամանակ անց ռուս խաղաղապահներն արդեն զբաղեցրել են նախանշված դիրքերը, ընդհանուր առմամբ՝ 23 դիրք։ Հիմնական մայրուղիները վերահսկողության տակ են՝ շփման գծում անվտանգությունն ապահովելու նպատակով, հրադադարի ռեժիմը պահպանվում է։

Միաժամանակ, համաձայն ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հաղորդած տվյալների՝ արդեն մոտ 7 հազար մարդ վերադարձել է Արցախ։ Հայրենադարձությունը շարունակվում է, և բոլոր ցանկացողները կարող են վերադառնալ։ Մարդասիրական առաքելության համատեքստում ՌԴ զինված ուժերի խնդիրն է ապահովել այդ նպատակով Արցախ ժամանած խմբերի անվտանգությունը։

Դիվանագիտական բաղադրիչը

Ռ ուսաստանի արտաքին գործերի նախարար Ս. Լավրովը Երևանում հանդիպում է ունեցել ՀՀ Վարչապետ Ն. Փաշինյանի, նախագահ Ա. Սարգսյանի, իսկ Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ։ Երևանում և Բաքվում նրա հայտարարություններից կարելի է բխեցնել, որ ռուսական միջգերատեսչական պատվիրակության այցի շեշտադրումները հետևյալն են.

  • Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այժմեականություն և անայլընտրանքայնություն, որի շնորհիվ դադարեցվել է արյունահեղությունը և հիմքեր են ստեղծվել հակամարտության տևական կարգավորման համար։
  • Միջէթնիկ և միջկրոնական խաղաղություն և համակեցություն։
  • Պատմամշակութային ժառանգության և հուշարձանների պաշտպանություն։
  • Մարդասիրական խնդիրների շուտափույթ կարգավորում՝ Արցախում բնականոն կյանքը վերականգնելու նպատակով։
  • Միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ-ի կառույցներ, Կարմիր խաչի միջազգային կոմիտե) ակտիվ ներգրավում մարդասիրական խնդիրների լուծման գործում։
  • Նրանց համագործակցություն ռուս խաղաղապահների և Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի հետ։

Հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը Ս. Լավրովը համարում է եռակողմ հայտարարության առանցքային դրույթներից մեկը՝ վստահություն հայտնելով, որ դրան կհետևի տարածաշրջանի երկրների բարգավաճումը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի դերին, ապա ՌԴ ԱԳ նախարարը, ընդունելով, որ Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է, նշում է, որ խաղաղապահ առաքելության շրջանակներում ռուս-թուրքական համագործակցությունը տեղի է ունենալու Ադրբեջանի տարածքում ստեղծվելիք ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի շրջանակներում։ Այն գործելու է հեռավար. տեխնիկական միջոցներով հետևելու է Արցախում հրադադարի ռեժիմի պահպանմանը։

Ըստ Լավրովի՝ դա լրացուցիչ գործոն է հրադադարի կայունությունն ապահովելու համար, որտեղ առանցքային դերը խաղում են ռուս խաղաղապահները։ ՌԴ արտաքին գործերի նախարարի այս մտքից հետևում է, որ Թուրքիան երկրորդական դերակատարություն է ունենալու խաղաղապահ առաքելության շրջանակներում, իսկ գլխավոր դերը կատարելու է Ռուսաստանը։

Այնուամենայնիվ, կարծում ենք, Անկարան և Բաքուն կշարունակեն թուրք խաղաղապահների հարցը պահել օրակարգում, եթե ոչ այդ նպատակին հասնելու, ապա դրա դիմաց այլ հարցերում Ռուսաստանից զիջումներ կորզելու նպատակով։ Այս առումով պատահական չէ, որ հակառակ ռուսական կողմի պաշտոնական հերքումներին՝ Թուրքիան և Ադրբեջանը շարունակաբար պնդում են, որ Թուրքիան հենց Լեռնային Ղարաբաղում է իրականացնելու խաղաղապահ գործողություններ։ Այս համատեքստում պետք է դիտարկել նաև Թուրքիայի խորհրդարանի նոյեմբերի 17-ի հավանությունը Ադրբեջան զինված ուժեր տեղափոխելուն։