«Վճռական մենա՞կը»

10 ր.   |  2020-10-16

Ն ախորդ հոդվածում անդրադարձել էինք հանրույթի հոգեբանության մեջ «մեսիայի» գալով, այն է ՝ «փրկիչ» օտար պետության օգնությամբ ազատագրվելու  պատմամշակութային հիմքերին և պատմական հղացքին։ Այստեղ կանդրադառնանք հայության՝ որպես հանրույթի ինքնակազմակերպման փորձին։ Այլ կերպ ասած՝ «վճռական մենակ»-ի պատմահոգեբանական կենսընթացին։

Նախորդ հոդվածում նշել ենք, որ խորհրդային պետական-ազգային քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը հիշողության վերահսկման քաղաքականությունն էր՝ գիտակցության ներդրումը հավաքական հիշողության և գիտակցության մեջ, որ առանց «ավագ եղբոր»՝ Ռուսաստանի միջամտության, հայությունը չի կարողացել և հետայդու ևս չի կարողանալու հոգալ ֆիզիկական անվտանգության խնդիրը։ Պատմական վճռորոշ պահերին հայության փրկիչը հանդիսանում էր Ռուսաստանը՝ անկախ դրանում իշխող կարգի՝ կլինի ցարական, թե խորհրդային։ Սակայն այս քաղաքականության հաշվարկներում հաշվառված չէր կարևոր մի հանգամանք․ կոլեկտիվ ինքնակազմակերպումը։ Վերակառուցման քաղաքականության հռչակումը նոր հույսեր բերեց այն առումով, որ ազգային խնդիրների վերհանումը, քննարկումները կարող են մատնանշել լուծման ուղիներ և հնարավորություններ։ Հենց այդ մտայնության համապատկերում էլ սկզբնավորվեց Ղարաբաղյան շարժումը։

Հանուն ճշմարտության պետք է ասել, որ Շարժման սկզբնավորումը, ընթացքը և առավել ևս, վերջնահանգրվանը, ամենևին էլ նախօրոք պլանավորված չէր։ Այն սկիզբ էր առել հրապարակայնության և ժողովրդավարության գորբաչովյան քաղաքականության գաղափարական ազդեցությամբ։ Սակայն շուտով առկա իրողությունները ցուցադրեցին հռչակած գաղափարների և իրականության անհամապատասխանությունը։ Սկսվեց հսկա կայսրության քայքայման գործընթացը։  Շարժումը, որն ի սկզբանե նպատակամիտված էր Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանին վերամիավորվելուն, կերպափոխվեց անկախության համար պայքարով։ Այս դեպքում Հայաստանը ինքը պետք է պայքարեր հանուն իր անկախության ՝ առանց դաշնակիցների, առանց արտաքին գործոնի ներգործության։ Դա էլ առաջ բերեց ինքնակազմակերպման հրամայականը,  որի դեպքում յոթասունամյա հիշողության վերահսկման նախկին մեխանիզմներն անզոր էին։

Ղարաբաղյան շարժումը՝ կերպափոխված անկախության գաղափարի և գործընթացի, զուտ քաղաքական, գաղափարական,  ռազմական տեսանկյունից գնահատել պետք չէ, այն բովանդակում էր հոգեբանական կարևոր նրբերանգների ամբողջականություն, երբ առանց արտաքին ուժի անկախանալու անկարողի հոգեբանությունն իր տեղը զիջեց հավաքական «վճռական մենակ»-ի գործողությունների մղող հոգեբանությունը։ Արդյունքում՝ առարկայացավ Հայաստանի անկախացումը և Ղարաբաղյան պատերազմում հաղթանակը, ինչը պետք չէ գերագնահատել։ Այն հայոց պատմության վերջին գրեթե մեկ հազարամյակի հազվադեպ օրինակներից է, երբ հայությունը, առանց դրսի օգնության հույսերի, կարողացավ միայնակ ունենալ դարակազմիկ ձեռքբերում՝ պետականության վերականգնում և տարածքների ազատագրում։ Սակայն հարկ է անպայմանորեն նշել, որ խոսքը պետական անկախության վերականգնման և տարածքների ազատագրման մասին է։ Անշուշտ, առկա են առանձին տեղային դրվագներ, երբ դաշնակիցների կամ «փրկիչների» շարունակական որոնումների փոխարեն տեղի է ունեցել ինքնակազմակերպում։ Թե՛ «փրկիչների», թե՛ միայնակ ինքնակազմակերպվելու դեպքում ենթադրվում էր զոհողություն։ Եվ կարևորը հենց այդ վճարվելիք գինն էր։ Հայ ազատագրական շարժման տարբեր պատմաշրջանների գործիչներ չէին կարող չգիտակցել դա։  Դեռևս Իսրայել Օրին Եվրոպա և Ռուսաստան իր դեգերումներում ազատագրական ծրագրերը ներկայացնելուց հենց այդ գինն էր մատնանշում՝ վերականգնել հայկական թագավորությունը, սակայն պրոտեկտորի դերում հանդես էր գալու կամ եվրոպական այն երկրի ղեկավարը, որն ազատագրելու էր Հայաստանը կամ Ռուսաստանի ցարը։ Ապագա ազատագրված Հայաստանը զիջելու էր իր լիակատար սուվերենությունը տվյալ երկրին։

Իսկ ահա առանց դրսի օգնության ազատագրության գինը պայքարն էր՝ զոհողություններով, զոհերով, զրկանքներով լի։ Այս դեպքում վճարվելիք գինը անհամեմատ մեծ և դժվար էր լինելու, սակայն Հայաստանն իր ինքնիշխանությունը որևէ այլ երկրի հետ կիսելու խնդրի հետ չէր բախվում։ Հայոց նոր պատմության նմանատիպ դրվագներից է Դավիթ Բեկի գլխավորած շարժումը Սյունիքում։ Ճիշտ է, այն համահայկական ընդգրկում չուներ, սակայն առանձին տարածաշրջանում «վճռական մենակ»-ի դրսևորման մոդելներից էր։ Հետաքրքրական է, որ այս ընտրությունը, կարծես թե, թելադրված էր աշխարհաքաղաքական հրամայականներով։ Պետրոս 1-ինի Կասպիական արշավանքը չշարունակվեց դեպի Անդրկովկաս, Շամախիում նախատեսված ռուսական և հայ-վրացական միացյալ զորքերի հանդիպում տեղի չունեցավ։ Հայերը և վրացիները, որոնք այս արշավանքի հետ մեծ հույսեր էին կապում և աջակցում, մնացին մեն-մենակ Պարսկաստանի վրեժխնդրությանը դեմ։ Վրաստանի Վախթանգ 6-րդը գահընկեց արվեց Պարսկաստանի շահի կողմից և ստիպված ապաստան գտավ Ռուսաստանում, իսկ հայերը, զրկվելով դաշնակցից, հարկադրված էին միայնակ շարունակել պայքարը։ Ահա ռազմաքաղաքական իրադրության նման դասավորությունը հայերին ստիպեց ընտրել միայնակ պայքարելու ուղին։ Լուրջ հաջողություններ արձանագրվեցին Արցախում, որտեղ հայկական զինված ուժերը կարողացան երկրամասից դուրս քշել պարսկական զորքերը, վերացնել պարսկական կառավարման, հարկահավաքման ձևերը և մտցնել նորը։ Իշխանության գործառույթներն իրականացնում էին հին մելիքական տոհմերը՝ Եսայի Հասան-Ջալալյանի համակարգմամբ։ Ռազմական ամրացված այդ շրջանները՝ սղնախները, ունեին 30-40 հազար զինական ուժ։ Արցախի հայկական իշխանությունները հաջողությամբ պայքարում էին պարսկական կառավարության, ինչպես նաև առանձին վայրերում տեղակայված թուրք ֆեոդալների դեմ։

Իրավիճակը բարդացավ դեպի Անդրկովկաս Օսմանյան կայսրության զորքերի արշավանքից հետո։ Արցախը կարողացավ արժանի դիմադրություն ցույց տալ։ Այստեղ նկատվում է ուշագրավ մի իրողություն. միայնակ պայքարի ելած արցախահայության ազատագրական շարժման ղեկավարները պայքարին զուգահեռ բանակցություններ էին վարում Ռուսաստանի հետ՝ ակնկալելով վերջինիս օգնությունը։ Սակայն Պետրոս 1-ինի մահվանից հետո (1725թ․ հունվար) Ռուսաստանն իր արտաքին քաղաքական առաջնահերթությունից հանեց հարավ ծավալվելու օրակարգը։

Ի՞նչ ազդեցություն գործեց Ռուսաստանի գոնե առժամանակ հարավային քաղաքականությունից հրաժարվելը։ Արցախի ազատագրական շարժման ղեկավարության մեջ առաջացավ պառակտում, ինչն, ի վերջո, հանգեցրեց ղեկավարներից ոմանց իրենց զինական ուժերով Ռուսաստանի տիրապետության սահմաններ գաղթին։ Ռուսաստանի հետաքրքրության նվազումը Անդրկովկասի նկատմամբ տեղի տվեց Արցախում հուսահատության, որտեղ տիրապետում էր արդեն այն տրամադրությունը, թե ազատագրական պայքարը հաջողության կարող է հասնել Ռուսաստանի միջամտությամբ։ Արցախի ազատագրական շարժման ղեկավարները չգիտեին, որ 1724 թ․ հունիսին Կ․ Պոլսում կնքվել էր ռուս-թուրքական պայմանագիր, որի համաձայն Թուրքիան ճանաչում էր Դերբենտից Մազանդարան՝ Կասպից ծովի առափնյա հատվածում Ռուսաստանի գերիշխանությունը, իսկ Ռուսաստանը՝ Թուրքիայի տիրապետությունը Հայաստանի, Վրաստանի, Ատրպատականի, Գանձակի նկատմամբ։ Այս պայմանագրից անտեղյակ՝ նրանք շարունակում էին պայքարել՝ հուսալով Ռուսաստանի շուտափույթ միջամտությունը, որն այդպես էլ չեղավ։

1728թ․ շարժման ղեկավարներից Ավան հարյուրապետը մեկնեց Բաքու ռուսներից օգնություն խնդրելու, մերժում ստացավ, սակայն չվերադարձավ Արցախ՝ անցնելով ռուսական ռազմական ծառայության։ Անմիաբանությունը, հուսալքությունը, «փրկչին» սպասելու հուսախաբությունը կոտրեցին շարժման ողնաշարը։ Արցախի ազատագրական շարժումը սկսել էր «վճռական մենակ»-ի տրամադրությամբ, երբ սկսվելու պահին որևէ իրական արտաքին օգնություն չկար։ Սակայն ռուսական մոտալուտ արշավանքի լուրերը, հուսադրումն առ այն, որ ռուսական զորքը օգնության կգա վերջնականապես ջախջախելու թշնամուն, միգուցե չգիտակցված, թուլացրեցին սեփական ուժերով այն շարունակելու և հաջողության հասնելու մտայնությունը՝ տեղի տալով արտաքին հզոր տերության ռազմական միջամտությամբ հաջողության հասնելու գիտակցությանը։

Միգուցե գտնվեն հակադիր կարծիքներ, թե տվյալ ժամանակաշրջանում «վճռական մենակ»-ի մոդելը դատապարտված էր, քանզի փոքրիկ Արցախը դժվար թե կարողանար միայնակ դիմագրավել դեռևս բավականին հզոր Օսմանյան կայսրությանը։ Սակայն Արցախի օրինակը միակը չէր։ Արցախի ազատագրական շարժմանը ուղղակի զուգահեռ ծավալվել էր նաև ազատագրական շարժում Սյունիքում՝ Դավիթ Բեկի գլխավորությամբ։ Ընդ որում, Արցախի և Սյունիքի իրավիճակները էականորեն տարբերվում էին՝ ի վնաս վերջինի։ Նախ, ի տարբերություն գերազանցապես հայկական բնակչություն ունեցող Արցախի, Սյունիքում կային զգալի թվով մահմեդական (թուրք և քուրդ) քոչվոր ցեղեր։ Արցախն ուներ 40 հազարանոց կանոնավոր բանակ, Սյունիքը զրկված էր դրանից, միայն Դավիթ Բեկի Սյունիք ժամանելուց և ռազմական գործի կարգավորումից հետո այդտեղ կազմավորվեց 2 հազարանոց կանոնավոր բանակ։ Արցախն ուներ շարժումը գլխավորող առաջնորդներ՝ Եսայի Հասան-Ջալալյանը, Սյունիքում այդպիսի առաջնորդ չկար։ Բնականաբար, Սյունիքի ազատագրական շարժման գործիչները հասկանում էին այս դժվարությունները, սակայն դրանք արգելք չհանդիսացան պայքարի ծավալման համար՝ Սյունիքում դնելով «վճռական մենակ»-ի ճանապարհի սկիզբը։ Եվ Դավիթ Բեկի գլխավորած շարժումը տվեց իր արդյունքը. մի քանի սրընթաց հաղթանակներով նույնիսկ մահմեդական խաների միացյալ զորքերը և Պարսկաստանի շահ Թահմազ 2-րդի կանոնավոր զորքերը պարտվեցին և անցան Արաքսի մյուս ափը։ Արդյունքում՝ Սյունիքում Դավիթ Բեկը ստեղծեց անկախ Հայկական իշխանություն։

Պետք է նշել, Դավիթ Բեկը վերջնական հաղթանակը պայմանավորում էր Ռուսաստանի օգնությամբ, սակայն նա ազատագրական պայքարը ծավալելիս իր քայլերը չէր պայմանավորում այդ հանգամանքով։ Դա զինակիցների մեջ ավելորդ, անհիմն հույսերի արմատավորման տեղիք չէր տալիս, ինչը հետագայում, հուսախաբության դեպքում, կջլատեր ազատագրական շարժումը։ Դավիթ Բեկի շարժումը առանձնահատուկ է այլ առումով ևս։ Բացի զինված պայքարից՝ նա հասկանում էր դիվանագիտության դերն ու նշանակությունը։ Փոխանակ զինված պայքարին զուգահեռ Ռուսաստանին օգնության խնդրագրեր ուղարկելու՝ նա Անդրկովկաս ներխուժած բազմահազար թուրքական կանոնավոր զորքերի դեմ տարած անօրինակ հաղթանակներով հարկադրեց մինչ այդ իր նկատմամբ անհանդուրժող և թշնամական վերաբերմունք ունեցող մահմեդական խաներին և Պարսկաստանի շահ Թահմազին փոխել վերաբերմունքը։ Ճկուն դիվանագիտություն բանեցնելով՝ Բեկը հասավ այն արդյունքին, որ Պարսկաստանի շահը ճանաչեց նրան Կապանի, Ղարադաղի, Բարկուշատի, Նախիջևանի և այլ տարածքների կուսակալ և այստեղ գտնվող պարսկական զորքերի գլխավոր հրամանատար[1]։ Միևնույն ժամանակ, Դավիթ Բեկին տրվել էր նաև սեփական դրամ հատելու իրավունք, ինչն արդեն ինքնավար իշխանության կարևոր հատկանիշներից էր։ Սյունիքի ազատագրական պայքարի այս հանգրվանը «վճռական մենակ»-ի հոգեբանության կենսունակության արդյունք էր։ Այստեղ գիտակցում էին ինչ է նշանակում դուրս գալ զինված պայքարի ընդդեմ տարածաշրջանի հզոր տերություններ Պարսկաստանի և Օսմանյան կայսրության, սական վերջնարդյունքը եղավ այն, ինչն արդեն ասվեց։ Ընդհանրապես, Սյունիքի պատմական ճակատագրում «վճռական մենակ»-ի մոդելն ունի առանձնահատուկ նշանակություն։

Ա րդեն 20-րդ դարասկզբին՝ 1919 թվականին, Սյունիքին վիճակված էր կրկին ընտրելու «վճռական մենակ»-ի ճանապարհը։ Օգոստոսին եկավ Գարեգին Նժդեհը, որի առաջնորդությամբ Սյունիքը պայքարեց նախ Օսմանյան կայսրության, ապա Խորհրդային Ռուսաստանի դեմ, ինչի արդյունքում երկրամասը մնաց Հայաստանի կազմում։

Սյունիքի նժդեհյան ազատագրական պայքարը կարևորվում է մեկ այլ հանգամանքով ևս։ Դեռևս Իսրայել Օրու ժամանակներից Ռուսաստանն ազատագրական պայքարի առաջնորդների և ժողովրդի կողմից ընկալվում էր որպես փրկիչ, «մեսիա», որի հետ էին կապվում ազատագրության և անկախ պետականության վերականգնման հույսերը։ Դարերով արմատավորված այդ հոգեբանությունն առաջին անգամ փոխվելու էր Սյունիքում։ Նժդեհի առաջնորդած շարժումը պայքար էր և Թուրքիա-Ադրբեջանի, և Ռուսաստանի դեմ։ Առաջին անգամ էր, որ «վճռական մենակ»-ը պայքարում էր արտաքին միջամտության ոչ մի հույս չունենալով, կռվում էր նախընթաց դարերում այդ հույսի հասցեատեր Ռուսաստանի դեմ։ Նժդեհը սթափ գործիչ էր, և գիտակցում էր՝ փրկությունը, թեկուզ չերաշխավորված, միայն պայքարելու մեջ է՝ առանց արտաքին դաշնակիցներ և «մեսիաներ» փնտրելու, առանց ավելորդ հույսեր արթնացնելու։ Նժդեհը կազմակերպեց գաղտնի կազմակերպություն՝ Դավիթբեկյան ուխտը, որը, համաձայն իր իսկ խոստովանության, պետք է վերագրավեր Ղափանը, Բաղաբերդը, Զանգեզուրը, Լեռնային Ղարաբաղը, Վայոց ձորը, ստեղծեր Ինքնավար Սյունիքը, Անկախ Լեռնահայաստանը, հոգեբանորեն կազմակերպեր 1921թ․ Փետրվարյան ապստամբությունը[2]։

Նժդեհյան Սյունիքի գոյամարտը անհետևանք չանցավ։ Չնայած Խորհրդային Միության գոյության ողջ ժամանակահատվածում Նժդեհի մասին խոսելն արգելված էր, նրա անվան, գործունեության ցանկացած հիշատակում խստորեն հետապնդվում էր, անուամենայնիվ, 1988-ից սկիզբ առած Ղարաբաղյան շարժումն անդրադառնալու էր Նժդեհի կերպարին, Սյունքի գոյամարտի պատմական փորձին, նժդեհյան «վճռական մենակ»-ի հոգեբանության վերակերտմանը։

Ղարաբաղյան շարժման տրամադրվածությունը սկզբնական շրջանում հարցը ԽՍՀՄ օրենդրաիրավական կարգավորումներով լուծումն էր, քանի որ հռչակված վերակառուցման քաղաքականության մեջ ցանկանում էին տեսնել այդ հնարավորությունը։ Հուսախաբությունը երկար սպասեցնել չտվեց․ Սուգայիթի ջարդեր, գորբաչովյան «երեք օր ուշացած» խորհրդային ներքին զորքեր։ Սրընթաց թուլացող և փլուզման հեռանկարի առջև կանգնած ԽՍՀՄ-ի ներքաղաքական կյանքը հարկադրեց հայությանը միանգամից երկու խնդիր լուծել՝ Արցախի հարցը և Հայաստանի անկախության։ Եվ 20-րդ դարում արդեն երկրորդ անգամ կիրառելի դարձավ «վճռական մենակ»-ի մոդելը՝ այս անգամ արդեն համահայաստանյան մասշտաբով և աննախադեպ արդյունքներով։

Արդյունքն, անկասկած, աննախադեպ էր՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակում և Արցախի ազատագրում, որը Հայաստանը ձեռք բերեց միայնակ, առանց դրսի «մեսիայի» օգնության։ Ավելին՝ խորհրդային տարիներին քաղաքական, հրապարակախոսական, գիտական բոլոր ամբիոններից և բոլոր մակարդակներում անառարկելի փրկիչ համարվող Խորհրդային Ռուսաստանի կողմից Գետաշենի իրադարձությունների, «Կոլցո» օպերացիայի, սումգայիթյան ջարդերին «երեք օր ուշանալու» համապատկերին, Հայաստանը դիմագրավեց խորհրդային և ադրբեջանական շահերին։

1994թ․ զինադադարից  հետո թվում է, թե արդյունքները պետք է չեզոքացնեին «մեսիաներ» փնտրելու հուսահատ մտայնությունը։ Ժամանակակից աշխարհը «մեսիաների» և փրկիչների դերակատարներ չունի։ Միջազգային հարաբերություններում կարևորվում են ինտեգրացիան, շահերի ողջամիտ համադրումը։ Առայսօր հասարակական-քաղաքական տարակերպ հոսանքների կողմից շարունակաբար փրկիչների որոնումները՝ ի դեմս ռուսական կամ արևտմյան կողմնորոշում որդեգրելու կոչերի, գիտակցված կամ չգիտակցված քաղաքագիտական անախրոնիզմ է։ Արդի աշխարհում ընդունելի են փոխադարձ շահերի վրա հիմնված դաշնակցային հարաբերությունները։ Հակառակ պարագայում՝ որևէ աշխարհաքաղաքական ուժի կամ պետության ինքակամորեն «փրկչի» դերի վերապահումը ենթադրում է դրա գնի վճարում՝ ինքիշխանության բաղադրիչների հաշվին։

2020թ․ սեպտեմբերին վերսկսված պատերազմը ևս բացառություն չէ. տարածաշրջանային երկու պետությունները՝ Թուրքիան և Ադրբեջանը, սանձազերծել են պատերազմ Արցախի դեմ։ Աշխարհաքաղաքական բևեռներն ակտիվորեն չեն միջամտել այս պատերազմին։ Առայժմ։ Հայաստանը բռնել է «վճռական մենակ»-ի ճանապարհը՝ այս անգամ պետության կարգավիճակով։ Պատմությունն ապացուցել է, որ այդ ճանապարհի ընտրությունը մեկ անգամ չէ, որ արդարացրել է իրեն։ Ընդ որում, վերոթվարկյալ դեպքերում հայությունը զրկված էր պետականությունից և այդ մոդելի կիրառությունը եղել է  առանձին շրջաններում (Արցախ, Սյունիք)։ Այժմ այն որակապես տարբերվում է հենց այդ բաղադրիչի՝ պետականության առկայությամբ։ Ներկայիս միջազգային հարաբերություններում առկա իրերի դասավորությունը Հայաստանին, ըստ էության, պարտադրում է «վճռական մենակ»-ի մոդելը՝ վարել պատերազմը բոլոր ուժերի ներդրումով, հետայդու՝ ռազմական արդյունքները դիվանագիտական ճակատում իրացնել հօգուտ Հայաստանի Հանրապետության։  Միջազգային հանրությունը դեռևս կհայտնվի այս տարածաշրջանում, կմիջամտի հակամարտությանը, սակայն ոչ թե «փրկչի» կամ «մեսիայի» դերում, այլ ռազմաքաղաքական շահերի և հետաքրքրությունների շրջանակներում։

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայոց պատմություն, Դասագիրք բարձրագույն ուսումնական հաստատությունների համար, խմբագրությամբ պրոֆ․ Հր․ Ռ․ Սիմոնյանի, Եր․, ԵՊՀ հրատարակչություն, 2012, 874 էջ։

Գլխավոր լուսանկարը՝ Մայիս Վարդանյանի («Սկիզբ», Երևան, 1998)


[1] Հայոց պատմություն, Դասագիրք բարձրագույն ուսումնական հաստատությունների համար, խմբագրությամբ պրոֆ․ Հր․ Ռ․ Սիմոնյանի, Եր․, ԵՊՀ հրատարակչություն, 2012, էջ 243։

[2] https://www.aniarc.am/2020/09/11/nzhdeh (վերջին մուտքը 15․10․2020)