Համավարակը և աշխարհակարգը

20 ր.   |  2020-08-10

Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների հեռանկարները 

Հեղինակ՝ Սամսոն Հովհաննիսյան

Ա շխարհում Covid-19-ի համավարակի տարածումից հետո ամենուր խոսվում է համավարակի տեսանելի կամ կանխատեսվող հետևանքների մասին՝ սկսած հիվանդության բուն առողջապահական-համաճարակային դրսևորումներից մինչև տեղական և համաշխարհային սոցիալ-տնտեսական, մշակութամարդաբանական, ներքաղաքական և աշխարհաքաղաքական վերափոխումներ։

Եվ եթե համաճարակաբանական հետազոտություններում կանխատեսումների հիմնական խնդիրը քիչ թե շատ հստակ է՝ պարզել համաճարակային ցուցանիշները, հնարավոր տևողությունը, կառուցել վիճակագրական մոդելներ և այլն, ապա համավարակի՝ որպես համաշխարհային ֆենոմենի ազդեցությունների ուսումնասիրություններում խնդիրներն ավելի բարդ են և դժվար է գտնել համընդհանուր չափանիշներ, թե ինչպես կարելի է մոդելավորել հետկորոնավիրուսային աշխարհակարգը։

Այնուամենայնիվ, միտումների վերլուծությամբ հնարավոր է ուրվագծել միջազգային հարաբերությունների առանցքային դերակատարների միջև ուժերի հարաբերակցության հավանական փոփոխությունները և աշխարհակարգի վրա դրանց ազդեցությունները։ Այս հոդվածում դիտարկել ենք առանցքային երկու բևեռների՝ ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները, մասնավորապես՝ համավարակի պայմաններում նրանց առաձնահատկությունները և հետհամավարակային աշխարհակարգում այդ տերությունների դերակատարության փոխակերպումների հեռանկարները։ Սակայն մինչ այդ էական է ներկայացնել այդ փոփոխությունների մեկնակետը՝ ինչպիսին էր դրանց դինամիկան նախքան համավարակը, և վերջինս ինչպես կարող է ազդել արդեն հետհամավարակային իրողությունների վրա։ 

Աշխարհակարգի փոխակերպումները համավարակից առաջ

Վ երջին երկու-երեք տասնամյակում աշխարհակարգի[1] վերափոխումները տեղի են ունեցել ինչպես ինստիտուցիոնալ մակարդակում (հարացույցի փոփոխություններ միջազգային հարաբերությունների կարգաբերված համակարգում), այնպես էլ առանցքային դերակատարների միջև ուժերի հարաբերակցության փոփոխությունների մակարդակում։ Ինստիտուցիոնալ առումով 2000-ական թթ․ սկսած այդ վերափոխումների կիզակետում միջազգային ազատական[2] (liberal international order) կամ «կանոնների վրա հիմնված» միջազգային կարգն է (rules-based international order)։ Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված երկբևեռ աշխարհակարգում այն գործում էր իբրև ԱՄՆ-ի գերիշխանությամբ Արևմտյան աշխարհի կարգաբերման հարացույց, իսկ հետսառըպատերազմյան ժամանակաշրջանում փաստացի դարձավ միաբևեռ «Նոր աշխարհակարգի» հիմքը։ Սակայն շուտով ինչպես միաբևեռ աշխարհակարգը, այնպես էլ միջազգային ազատական կարգում ԱՄՆ-ի գերիշխանությունը հարցականի տակ դրվեց․ ակնհայտ էր, որ նախկին երկբևեռ դիմակայության պայմաններում Արևմուտքի համար գործող «ներքին» միջազգային կարգն արդեն նոր պայմաններում համաշխարհային ընդգրկումով բաց կարգի վերածվելուց հետո վերջինիս ամերիկակենտրոն՝ գերիշխանական ու աստիճանակարգային մոդելը աստիճանաբար կորցնում էր իր արդիականությունը։

Այդ միտումներն առավել խորացան նաև ԱՄՆ-ի՝ իր միաբևեռ գերիշխան դիրքն ու միջազգային կարգի գլխավոր հովանավորի կարգավիճակը չարաշահող (առնվազն շատ այլ դերակատարների կողմից այդպես ընկալվող) քաղաքականության պատճառով (մասնավորապես, արմատական ահաբեկչության դեմ պայքարի՝ Ջ․ Բուշի վարչակազմի ռազմավարությունը, Մեծ Մերձավոր արևելքի տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական քաղաքականությունը և այլն)։ Մյուս կարևոր գործոնն իր գերակայությամբ միջազգային կարգում կայունություն ապահովելու ԱՄՆ-ի կարողությունների թուլացումն էր (2008 թ․ ԱՄՆ-ում սկիզբ առած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը)․ որպես արդյունավետ և վստահելի համաշխարհային առաջնորդի ԱՄՆ-ի լեգիտիմությունն սկսվեց սասանվել: Բացի այդ, մրցակից տերությունների վերելքի պայմաններում աշխարհակարգում բազմաբևեռայնության միտումների խորացմանը զուգահեռ, որոշակիորեն կերպափոխվեց նաև միջազգային ազատական կարգը․ առնվազն տնտեսական չափումով այն իսկապես դարձավ համաշխարհային, երբ գործնականում բոլոր մեծ ու միջին տերությունները վաղ թե ուշ դարձան այդ կարգի տնտեսական ինստիտուտների (Համաշխարհային բանկ, ԱՄՀ, ԱՀԿ և այլն) ակտիվ անդամներ (որպես օրինակ, Չինաստանն ԱՀԿ անդամ դարձավ 2001-ին, իսկ Ռուսաստանը՝ 2012-ին)։ Այս ամենի արդյունքում աշխարհակարգը դարձավ այլևս ոչ միաբևեռ՝ հենված նվազ հիերարխիկ և առավել ներառական միջազգային կարգի, առանցքային դերակատարների ուժերի հարաբերակցության փոփոխությունների, մրցակցային և համագործակցային բազմակողմ ձևաչափերի վրա։ Սկսում են ավելի մեծ կշիռ ստանալ միջազգային կարգի, հարաբերությունների ու իրավունքի այլընտրանքային հարացույցերը[3]։


Նախագահ Դ․ Թրամփը սպառնում է դադարեցնել ԱՀԿ-ի ամերիկյան ֆինանսավորումը, Սպիտակ տուն, մայիսի 18, 2020

Վերոնշյալ համակարգային կերպափոխություններն սկսեցին առավել ցայտուն դրսևորվել 2010-ականների երկրորդ կեսին, երբ աշխարհակարգն սկսեց առերեսվել Դ․ Թրամփի վարչակազմի կողմից «Ամերիկան առաջինը» կարգախոսի ներքո ազատական, «կանոնների վրա հիմնված» միջազգային կարգի ինքնասաբոտաժին, ինչպես նաև ամբողջ աշխարհում ինքնակալական (ավտորիտար) համակարգերի ամրապնդման միտումներին (հանգեցնելով միջազգային ազատական կարգի հանդեպ նոր հիասթափությունների)։ Այնուամենայնիվ, միջազգային քաղաքականության օրակարգում շարունակեցին առանցքային մնալ համաշխարհային առաջատար տերության իր դիրքը դեռևս ամուր պահպանող ԱՄՆ-ի և համաշխարհային տնտեսական գերտերության կարողությունները սրընթաց զարգացնող Չինաստանի աշխարհակարգային մրցակցությունը, ինչպես նաև այդ մրցակցության ու դրա մասնակիցների հանդեպ մյուս դերակատարների դիրքավորման հեռանկարները։ Բոլոր դեպքերում, քանի դեռ նոր գլոբալ հավասարակշռություն (equilibrium) հաստատված չէ, ընթացող «բաց խաղի» հետագծի պահպանումը կամ հնարավոր փոփոխությունները կարող են շատ բաներից ազդվել, այդ թվում՝ խոշոր ցնցումներից ու դրանց արձագանքելու կողմերի կարողություններից։ 2020 թ․ Չինաստանից մնացյալ աշխարհին փոխանցված Covid-19 հիվանդության համավարակը, թվում է, հենց նման ազդակներից է։

Մեկ մարտահրավեր, տարբեր պատասխաններ

Համավարակը որպես գլոբալ առաջնորդության թեստ

Չ ինաստանն առաջինը բախվելով կորոնավիրուսի դեռևս չուսումնասիրված տեսակի համաճարակին՝ առաջինն էլ առերեսվեց առողջապահական ճգնաժամի կառավարման խնդիրներին։ Հիվանդության նախնական շրջանում՝ 2019թ․ դեկտեմբերին, չինական կառավարման համակարգի արձագանքը անհամարժեք էր՝ թաքցնելով փաստերը, խոչընդոտելով տեղեկատվության տարածմանը և հապաղելով համաճարակի կանխումը։ Շուտով, սակայն, Չինաստանը կարողացավ արագ ու կտրուկ հակահամաճարակային գործողություններով արդյունավետ վերահսկել երկրի ներսում վարակի տարածումը, և շուրջ երկու ամիս անց հայտարարվեց համաճարակի աստիճանական հաղթահարման մասին։ Այնուամենայնիվ, չինական մեկ քաղաքում բռնկված համաճարակը չափազանց արագ վերաճեց գլոբալ համավարակի, և այդ համատեքստում Չինաստանի այդ երկակի՝ նախ ձախողված, ապա խիստ արդյունավետ արձագանքը, մնացյալ աշխարհի համար դարձավ երկակի չափանիշ, ինչպես այլ երկրների հակահամաճարակային արձագանքների ու դրանց հետևանքների հետ համեմատության, այնպես էլ համաճարակի բռնկման ու տարածման հարցում Չինաստանի պատասխանատվության և համաճարակի (երկրի ներսում) ու համավարակի (արտաքին աշխարհում) դեմ պայքարում նրա քաղաքականության գնահատման հարցում։ Ինչպես հետագա ընթացքը ցույց տվեց, այս հանգամանքը դարձավ միջազգային կարգի ու հարաբերությունների վերափոխվող միտումների էական ազդակներից մեկը։

Համաճարակի ալիքը մեծ մասամբ հաղթահարելուց հետո՝ սկսած մարտ ամսից, Չինաստանն սկսեց դիրքավորվել որպես համավարակի դեմ պայքարի համաշխարհային առաջատար և պատասխանատու։ Ակնհայտ էր, որ Պեկինն արագ կողմնորոշվեց՝ ձգտելով ստանձնել առաջնորդության դերը, որը համաշխարհային հումանիտար ճգնաժամերում սովորաբար կատարում էին արևմտյան դերակատարները։ Այդ առումով պակաս կարևոր չէր նաև Չինաստանի շարժառիթը՝ փրկելու սասանված միջազգային հեղինակությունը և ճգնաժամի աղբյուրի բացասական ընկալումը փոխարինելու դրա դեմ պայքարի առաջամարտիկի կերպարով։ Պեկինի այդ երկու փոխկապակցված խնդիրների լուծումն սկսեց դրսևորվել, այսպես կոչված, «դիմակային դիվանագիտությամբ»։ Մայիսի 31-ի դրությամբ Չինաստանը պետական և մասնավոր ընկերությունների միջոցով համաճարակից տուժած բոլոր երկրներին մատակարարել կամ որպես օգնություն է ուղարկել ավելի քան 70 միլիարդ բժշկական դիմակ, մեծ թվով բժշկական պաշտպանիչ հանդերձանք, ախտորոշիչ թեստեր և այլ սարքավորումներ։ Առողջապահական համակարգերին օգնելու համար 27 երկրներ է գործուղվել 29 բժշկական խումբ, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը համավարակի դեմ պայքարի նպատակով տրամադրվել է 50 միլիոն ԱՄՆ դոլար։ Իհարկե, այս համատեքստում պակաս կարևոր չէ, որ համաշխարհային առողջապահական ճգնաժամի դեմ պայքարի համար անհրաժեշտ միջոցների մեծ մասը արտադրվում է հենց Չինաստանում։


ՉԺՀ նախագահ Սի Ծինփին պատկերող պաստառ՝ «Շնորհակալություն, եղբայր Սի» գրությամբ (սերբերեն և չինարեն), Բելգրադ, Սերբիա, ապրիլի 1, 2020 @Djordje Kojadinovic/Reuters

Միջազգային այս տպավորիչ աջակցությունը Չինաստանը փորձում է նաև համադրել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության (այդ աջակցության տրամադրումը համարելով «Առողջության Մետաքսի ճանապարհի» (Health Silk Road) կառուցում) համատեքստում առանձին տարածաշրջաներում իր քաղաքականության հետ (մասնավորապես, Արևելյան Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայում, Աֆրիկայում)։ «Դիմակային դիվանագիտության» միջոցով Չինաստանն սկսեց ակտիվորեն առաջ մղել իր շահերը ոչ միայն համաշխարհային ու տարածաշրջանային, այլև կոնկրետ երկրներում, օրինակ, մեծածավալ բժշկական աջակցություն ցուցաբերելով Եվրոպայում համավարակի տարածման վաղ փուլում առավելապես տուժած Իտալիային (և այն ֆոնին, երբ Եվրամիությունը դեռևս չէր կարողանում վերջինիս աջակցել), ԵՄ մաս չկազմող, բայց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության և Արևելյան Եվրոպայում չինական տարածաշրջանային քաղաքականության համար կարևոր Սերբիային կամ ԵՄ անդամ, բայց վերջինիս հետ բարդ հարաբերություններ ունեցող Հունգարիային։

Ընդ որում, Պեկինի համար ամենևին ոչ երկրորդական նշանակություն ունեին այդ երկրներում իր դրական հանրային ընկալման մակարդակի բարձրացումը[4]։ Թեև չինական այդ տպավորիչ ջանքերը միանշանակ արձագանք չգտան աշխարհում՝ Պեկինը որոշ երկրների կողմից մեղադրվեց «դիմակային դիվանագիտության» քարոզչական նպատակների, ինչպես նաև Չինաստան-ԱՄՆ, նաև Չինաստան-Եվրամիություն հարաբերություններում կոշտ հռետորաբանության օգտագործման համար (այսպես կոչված «գայլամարտիկների դիվանագիտության» (Wolf-Warrior Diplomacy) համատեքստում), սակայն Չինաստանն առնվազն կարողացավ համավարակի քաղաքական պատումների գլոբալ մրցակցությունում իր դիրքերը պաշտպանել, ու խնդիրը համավարակի տարածման պատճառներիից տեղափոխել համատեղ ջանքերով հետևանքները հաղթահարելու հարթություն[5]։

ԱՄՆ-ն, ի տարբերություն Չինաստանի, այդպես էլ չկարողացավ առողջապահական, կառավարչական ու տնտեսական ողջ ներուժով արձագանքել արագորեն խորացող ճգնաժամին։ ԱՄՆ-ն շատ արագ դարձավ դեպքերի ու մահերի թվով աշխարհում վատագույն ցուցանիշն ունեցող երկիրը։ Վաշինգտոնի միջազգային հեղինակության համար խիստ բացասական ազդեցություն ունեցան նախագահ Դ․ Թրամփի վարչակազմի կողմից հիվանդության վտանգը համարժեք չգնահատելու, պետական համակարգի միասնական աշխատանքը խափանող մի շարք հակասական քայլերի և հանրության հետ անարդյունավետ հաղորդակցության, ամերիկյան առողջապահական համակարգի խորքային խնդիրների հետևանքով համաճարակի անկառավարելիությունը, ինչպես նաև երկրի ֆինանսատնտեսական ցուցանիշների էական անկումը (իհարկե, գումարած նաև Ջորջ Ֆլոյդի սպանությանը հաջորդած ցույցերի ու բռնությունների՝ երկար ժամանակ չմարող ալիքը)[6]։ Ավելին, նախագահ Թրամփի վարչակազմի օրոք միջազգային ազատական կարգից ԱՄՆ-ի աննախադեպ նահանջի ներփակ քաղաքականությունը շարունակվեց նաև գլոբալ համավարակին ամերիկյան արձագանքի փաստացի բացակայության, առավել ևս ապակառուցողական վարքի մեջ։ Դրա վառ արտահայտությունը դարձան ԱՀԿ-ի հանդեպ մեղադրանքներն ու վերջինիս ֆինանսավորման դադարեցման մասին Թրամփի որոշումը և համաշխարհային առողջապահական ճգնաժամի վերաբերյալ ԱՄՆ-ի ռազմավարական դիրքորոշման փոխարեն Վաշինգտոնի արձագանքը սոսկ «չինական վիրուսի» շուրջ մեղադրանքների մակարդակին հանգեցնելը։ Ըստ էության, Թրամփի վարչակարգը ձախողեց ամերիկակենտրոն միջազգային կարգի կարևոր հենասյուների՝ ԱՄՆ-ի տնտեսաքաղաքական հզորության ու կայունության, նրա ներքին կառավարման համակարգերի ճկունության ու արդյունավետության և միջազգային կարգում ծագած անկայունություններն ու ճգնաժամերը կառավարելու՝ ամերիկյան պոտենցիալի օգտագործման ու առաջնորդության թեստերը։

Այս ամենի հետևանքով, ինչպես նկատում են հենց ամերիկյան հետազոտողները, մի կողմից ԱՄՆ-ի դաշնակիցների շրջանում ավելի արդիական են դառնում Վաշինգտոնի հիերարխիկ ուղեծրից դուրս գալու միտումները, մյուս կողմից՝ ընդլայնվում են համաշխարհային առաջնորդության ԱՄՆ-ի թողած որոշակի վակուումը մասամբ լրացնելու՝ նրա աշխարհակարգային մրցակիցների, իհարկե առաջին հերթին Չինաստանի հնարավորությունները։ Բացի այդ, համաշխարհային պատասխանատու առաջատարի դերային մոդելի նման խարխլման արդյունքում էապես նվազում են ԱՄՆ-ի հնարավորությունները՝ քննադատելու այլ տերությունների քաղաքականությունը, առավել ևս հակազդելու նրանց սխալներին ու ձախողումներին։ Եվ պատահական չէ, որ չնայած «չինական վիրուսի» տարածման հարցում Պեկինի հանդեպ Վաշինգտոնի մեղադրական հռետորաբանությանը՝ ԱՄՆ-ն իրականում բաց թողեց Չինաստանի հանդեպ կոշտ հակազդեցություն ցուցաբերելու և հակահամավարակային գլոբալ պայքարում նրա հավակնությունները չեզոքացնելու հնարավորությունը[7]։

ՉԺՀ-ԱՄՆ հարաբերությունների չափումները․ հետհամավարակային սցենարներ

Հ ամավարակային ճգնաժամի մարտահրավերներին չինական և ամերիկյան պատասխանների դիտարկումը թույլ է տալիս առավել լայն համապատկերում գնահատելու նրանց հարաբերությունների հեռանկարն ու ազդեցությունը վերափոխվող աշխարհակարգում։ Այս առումով հետազոտական գնահատականները և կանխատեսումները հիմնականում հանգում են մեկ ընդհանուր մոտեցման։ Ըստ դրա, համավարակի հետևանքները էականորեն չեն կարող փոխել ներկա աշխարհակարգի առանցքային բնութագրիչները՝ հետսառըպատերազմյան միաբևեռությունից անցում բազմաբևեռ և խորացող ռազմավարական մրցակցություն, ուժերի նոր հարաբերակցության հաստատման պայքար, ամերիկակենտրոն միջազգային ազատական կարգի քայքայում ու նորի հաստատման համար այլընտրանքային հայտեր։ Համավարակով պայմանավորված միջազգային ներկա իրադրությունը պարզապես առավել ընդգծում կամ արագացնում է նախքան համավարակը տեղի ունեցող գործընթացները։ Հետևաբար, որքան խորը և մասշտաբային լինի համավարակը, բավարար գործոն չէ Չինաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական մրցակցության, միաժամանակ՝ աշխարհի ամենածավալուն տնտեսական համագործակցության ներկա բարդ մոդելում կողմերից որևէ մեկի հետագա քաղաքականությունը կանխորոշելու համար[8]։ Սակայն, կրկին ընդգծենք, համավարակի քաղաքական համատեքստը լավագույնս արտացոլում է չին-ամերիկյան երկկողմ և երկու երկրների միջազգային քաղաքական ռազմավարությունների ներկա բնույթը։ Եվ այս իմաստով համավարակը կարող է դիտարկվել որպես հարմար «առիթ» կամ «միջոց» այդ ռազմավարության խորացման ու լրամշակման (Չինաստանի պարագայում) կամ վերանայման համար (ԱՄՆ-ի պարագայում, մասնավորապես, եթե 2020 թ․ նախագահական ընտրություններում հաղթի Դ․ Թրամփի մրցակից Ջ․ Բայդենը)։

Համավարակային ճգնաժամը միջազգային հարաբերություններից բացի համաշխարհային այլ խնդիրներ է ի հայտ բերել։ Մասնավորապես, այն առիթ է տվել «գործնական հողի վրա» լրջորեն փորձարկելու մի շարք մրցակցային պատումներ (գլոբալիզացիայի հետագա խորացմա՞ն, թե մասնակի ապագլոբալացման անհրաժեշտություն, ճգնաժամերի կառավարման ազատական-ժողովրդավարակա՞ն, թե ոչ ազատական ու կենտրոնաձիգ կառավարման համակարգերի առավելություններ, միջազգային կարգի չափումների վերանայման հարացույցերի և այլն), որոնց վերաբերյալ Չինաստանը և ԱՄՆ-ն միանգամայն հակադիր մոտեցումներ ունեն։ Այս առումով ևս, համավարակը կարող է էական կողմնորոշիչ նշանակություն ունենալ նրանց այդ սկզբունքային մոտեցումների հետագա ամրապնդման կամ, ընդհակառակը, վերանայման, և ըստ այդմ էլ՝ երկկողմ ու միջազգային հարաբերությունների փոփոխության հեռանկարների համար[9]։

Այս համատեքստում հետաքրքիր է դիտարկել ԱՄՆ-ի և Չինաստանի վրա համավարակի ազդեցության կանխատեսումների ամերիկյան Foreign Affairs պարբերականում հրապարակված միջազգային քաղաքականության շուրջ 70 առաջատար մասնագետների կարծիքները։ Ըստ ներկայացված դրական, բացասական և չեզոք տեսակետների, նրանք գնահատել են երկու առաջատար տերությունների միջև ուժերի հարաբերակցության, մասնավորապես՝ ի հաշիվ ԱՄՆ-ի թուլացման Չինաստանի հետագա հզորացման հավանականությունը։

Առաջին խմբի ընդհանրացված մոտեցման համաձայն, թեև Չինաստանը սխալներ է գործել համաճարակին վաղ հակազդման փուլում, բայց ԱՄՆ-ի՝ դրան հաջորդած էլ ավելի մեծ սխալների ֆոնին, Չինաստանը ինչպես երկկողմ, այնպես էլ հատկապես միջազգային հարաբերությունների մակարդակում ստանում է էական մրցակցային առավելություններ։ Այս առումով հատկապես շեշտվում են Չինաստանի արձանագրած առավելությունները երեք առանցքային ուղղություններով՝ ճգնաժամի կառավարում (առավել արդյունավետ պետական համակարգի միջոցով արագ ու կտրուկ հակահամաճարակային գործողություններ), տնտեսական համակարգ (համավարակի բացասական հետևանքները հաշվի առնելով՝ համեմատաբար լավ ֆինանսատնտեսական ցուցանիշներ և տնտեսության աճող հետագիծ, տեղական ու համաշխարհային մատակարարման շղթաների արագ վերականգնում) և միջազգային դիվանագիտություն (համավարակի դեմ միջազգային պայքարում ներդրած ջանքերի շնորհիվ իր միջազգային հեղինակության բարելավում, համաշխարհային մասշտաբով ազդեցիկ ու պրագմատիկ տերության կերպարի ամրապնդում)։ Մյուս կողմից, ԱՄՆ-ի վերաբերյալ հոռետեսական կանխատեսումների առանցքում նշվում են իր տարածքում համաճարակային ճգնաժամի դեմ պայքարի ձախողումը և արտաքին աշխարհում համավարակի դեմ միջազգային պայքարից փաստացի հրաժարումը (ի հակադրություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կամ Էբոլայի համաճարակի դեմ ակտիվ միջազգային պայքարի՝ ԱՄՆ-ի նախկին վարչակազմերի քաղաքականության), միջազգային կարգի որոշ ինստիտուտների, հատկապես ԱՀԿ-ի գործունեության ականապատումը և համաշխարհային քաղաքական ասպարեզում իր գերակա (և կայունություն ու զարգացում ապահովող) դերի կտրուկ պասիվացումը, դրա հետևանքով իր միջազգային հեղինակության անկումը, ինչպես նաև ի համեմատություն Չինաստանի՝ ԱՄՆ-ի ճգնաժամային ֆինանսատնտեսական վատթար ցուցանիշները և առողջապահական համակարգի փլուզումը[10]։

Երկրորդ մոտեցման կողմնակիցները բացասական են գնահատում համավարակի արդյունքում ԱՄՆ հետ աշխարհաքաղաքական հարաբերակցության առումով ՉԺՀ-ի հզորացման հավանականությունը։ Ըստ այդ մոտեցման (որն արտահայտված է նաև հեղինակների այլ հոդվածներում), վաղաժամ կամ ոչ բավարար են համարվում Չինաստանի վերը նշված առավելությունները, և մյուս կողմից՝ բացասաբար շեշտվում են համաճարակի բռնկման և ապա ամբողջ աշխարհում դրա տարածումը կանխելու հարցում Չինաստանի ձախողումը (որը նաև առիթ տվեց Պեկինի միջազգային քաղաքական ու տնտեսական վարքագծի նկատմամբ անվստահության խորացմանը՝ հատկապես ԱՄՆ-ում և Եվրոպայում), «դիմակային դիվանագիտության» ակնհայտ քարոզչական բնույթը և դրա աշխարհաքաղաքական շարժառիթները։ Ի հակադրություն այս փաստարկների՝ ընդգծվում են ԱՄՆ-ի ժողովրդավարական քաղաքական համակարգի առավելությունները․ չնայած ներկա շեղումներին, առհասարակ այն ավելի թափանցիկ ու ներառական է նման ճգնաժամերին արձագանքելու և միջազգային կայունություն ապահովելու համար, նաև համաշխարհային մասշտաբով առավել ընդունելի մոդել է։ Բացի այդ, ինչպես շեշտում են այս մոտեցման կողմնակիցները, ԱՄՆ-ն խոշոր հաշվով Չինաստանի հանդեպ դեռևս մի շարք հիմնարար առավելություններ ունի՝ ռազմական գերազանցությունը, աշխարհաքաղաքական ազդեցության ավելի լայն ու ճկուն հնարավորությունները (այդ թվում նաև Չինաստանի համար կենսական տարածաշրջաններում, ինչպես օրինակ Հարավչինական ծովի շրջանում), ընդհանուր առմամբ տեխնոլոգիական գերազանցությունը, համաշխարհային ավելի մեծ գրավչությունն ու «փափուկ ուժի» քաղաքականության հարուստ գործիքակազմը և այլն, հետևաբար՝ բոլոր դեպքերում վաղ է խոսել այդ տերությունների միջև ուժերի հարաբերակցության էական փոփոխությունների մասին[11]։

Վերջապես, ըստ չեզոք տեսակետների՝ համավարակի հետևանքով ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Չինաստանը այս կամ այն կերպ համարժեք վնասներ են կրել ու տարբեր սխալներ են թույլ տվել, և, ինչպես երկրորդ խմբի գնահատականների դեպքում, առնվազն համավարակի արդյունքում երկու առաջատար տերությունների միջև ներկա հարաբերակցությունը չի փոխվի․ կշարունակվեն աշխարհակարգի հատվածականացման, միջազգային կարգի ինստիտուտների թուլացման, մրցակից տերությունների, այդ թվում նաև ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև աշխարհաքաղաքական դիմակայությունների միտումները[12]։

Վերադառնալով միջազգային կարգի հարացույցերի շուրջ այլընտրանքային մոտեցումների հարցին՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ ամերիկա-չինական հարաբերությունների բնույթը հետագայում ևս մեծ չափով պայմանավորված է լինելու ԱՄՆ-ի ու Չինաստանի ռազմավարական մոտեցումներով։ Եվ համավարակային ներկա իրադրությունն այս իմաստով, ինչպես արդեն նշվեց, հեռանկարում իսկապես կարող է կարևոր դառնալ այդ քաղաքականությունների ճշգրտման կամ վերանայման համար։ Այս համատեքստում զուգահեռաբար առկա են իրավիճակի զարգացման երկու հնարավոր սցենարներ․ առաջինը հենված է առավելապես աշխարհաքաղաքական ու համակարգային դիմակայությունների (systemic rivalry), իսկ երկրորդը՝ առավելապես համագործակցային մրցակցությունների (coopetition, [cooperation + competition]) մոդելի վրա։

Առաջին սցենարի դեպքում նոր կորոնավիրուսի համավարակը կարճաժամկետ հեռանկարում կարագացնի առավելապես համակարգային դիմակայությունների վրա հենված բազմաբևեռ աշխարհակարգի հատվածականացման ու միջազգային կարգի քայքայման միտումները, կհանգեցնի ապագլոբալացման և քաղաքական ու տնտեսական ազգայնականության խորացման։ Այս դեպքում կարող է ավելի խորանալ միջազգային կարգի ներկա արևմտակենտրոն մոդելի ճգնաժամը, եթե առանցքային ճարտարապետը՝ ԱՄՆ-ն, չփորձի վերանայել ներկա քաղաքականությունը, իսկ ավելի լայն հեռանկարում չկարողանա արժեքային բաղադրիչների առումով այն ավելի ներառական դարձնել[13]։ Այս համատեքստում Պեկինը կարող է առավել ամրապնդել միջազգային կարգի իր հարացույցն ամեն կերպ պաշտպանելու և առաջ մղելու քաղաքականությունը։[14] Իսկ համավարակի հետևանքով ԱՄՆ-ի թուլացումն ու միջազգային հեղինակության անկումը Չինաստանին լրացուցիչ հնարավորություններ է տալիս շարունակելու վերջինիս համաշխարհային ու տարածաշրջանային գերիշխանությունը սահմանափակելու և սեփական աշխարհաքաղաքական ազդեցությունները մեծացնելու ռազմավարությունը։ Այս դեպքում, ըստ որոշ հետազոտողների, Չինաստանը կարող է կիրառել այն նույն ռազմավարությունը, որը ժամանակին (դեռևս 1823 թ․ Մոնրոյի դոկտրինից սկսած) ԱՄՆ-ն է կիրառել տարածաշրջանային, իսկ Երկրորդ աշխարհամարտից հետո նաև՝ համաշխարհային գերիշխանության հասնելու համար։ Եվ ըստ այդ փաստարկների, Չինաստանն արդեն իսկ այդ ուղղություններով զգալի հաջողություններ է գրանցել[15]։

Իրավիճակի զարգացման մյուս սցենարով Չինաստանն ու ԱՄՆ-ն, շարունակելով էական վնասներ կրել, ստիպված կլինեն համատեղել ջանքերը ճգնաժամի հետևանքների հաղթահարման ու գլոբալ այլ մարտահրավերների դիմակայելու համար, ինչը երկկողմ ռազմավարական դիմակայությունը մասամբ թուլացնելու առիթ կդառնա։ Առայժմ, սակայն, նման լավատեսական կանխատեսումները շատ չեն[16]։

Բոլոր դեպքերում, կարծես թե, կա կոնսենսուս, որ Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների ապագայից մեծապես կախված է լինելու համաշխարհային քաղաքական, տնտեսական ու անվտանգային պատկերը։ Եվ համավարակն այս առումով կարևոր թեստ է ոչ միայն այդ երկրների հարաբերությունների համար, այլև՝ թե ինչպիսին կլինի հետհամավարակային աշխարհը։


[1] «Աշխարհակարգ» հասկացության բովանդակության վերաբերյալ միջազգային հարաբերությունների տեսության տարբեր հարացույցներ առաջարկում են տարբեր մոտեցումներ։ Անգլալեզու մասնագիտական գրականության մեջ այդ հասկացությունը կիրառվում է երկակի եզրաբանությամբ՝ world order և international order, ընդ որում՝ երկու տարբերակները հաճախ օգտագործվում են զուգահեռաբար՝ առանց իմաստային հատուկ տարբերակման, սակայն միևնույն ժամանակ, որոշ տեսական կոնցեպտներում տարբերակվում են «աշխարհակարգը» (world order)՝ որպես համաշխարհային առավել ընդգրկուն համակարգ ու հիմնարար հարացույց, և «միջազգային կարգը» (international order)՝ որպես այդ հարացույցի գործնական մոդել կամ որպես զուտ միջպետական հարաբերությունները կարգաբերող համակարգ։ Վերջինս կարող է գործել ինչպես համաշխարհային մակարդակում, այնպես էլ՝ մեծ տերությունների որոշակի խմբի շրջանակներում և սովորաբար նրանցից մեկի գերակայությամբ։ Տես՝ Henry Kissinger, World Order: Reflections on the Character of Nations and the Course of History, New York: Penguin Press, 2014, pp. 8-9; G. John Ikenberry, After Victory: Institutions, Strategic Restraint, and the Rebuilding of Order After Major Wars, Princeton University Press, 2001, pp. 22-23; G. John Ikenberry, ed., Power, Order, and Change in World Politics, Cambridge University Press, 2014, pp. 85-86; Robert D. Blackwill and Thomas Wright, The End of World Order and American Foreign Policy, Council on Foreign Relations, Council Special Report No. 86, May 2020, pp. 4-5

Հոդվածում «աշխարհակարգ» հասկացությունը քննվում է ընդհանրական համատեքստում՝ մի կողմից որպես համաշխարհային քաղաքականության դերակատարների (առաջին հերթին պետությունների) միջև հարաբերությունների կարգաբերման, նրանց շահերի պաշտպանության և միջազգային կայունության ապահովման կառուցվածքայնացված հարացույց, որն իրացվում է փոխհամաձայնեցված սկզբունքների ու նորմերի, հիմնարար կանոնների և ինստիտուտների միջոցով (բովանդակային առումով մասամբ նույնական է վերը նշված՝ international order հասկացությանը), մյուս կողմից՝ որպես միջազգային առկա համակարգ (world order)՝ այդ դերակատարների միջև համաշխարհային մասշտաբով կամ որևէ կոնկրետ աշխարհաքաղաքական միջավայրում քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային-արժեքային և այլ փոխազդեցությունների գործնական հարթություն, որի կարևոր չափանիշներն են նրանց ուժերի հարաբերակցությունն ըստ հորիզոնական և ուղղահայաց չափումների, համակարգի բևեռայնությունը (միաբևեռ, երկբևեռ, բազմաբևեռ, ապաբևեռայնություն)։ Տես նաև՝ Michael J. Mazarr, Miranda Priebe, Andrew Radin, Cevallos Astrid Stuth, Understanding the Current International Order, RAND Corporation, 2016, pp. 7-9

[2] Ազատական կամ կանոնների վրա հիմնված միջազգային կարգի բովանդակային ընկալումները հաճախ բավական տարբեր են, մի կողմից՝ արևմտյան քաղաքական ու քաղաքագիտական ավանդույթներում (այդ թվում՝ նաև հենց Արևմուտքի ներսում), մյուս կողմից՝ Արևմուտքից դուրս (առաջին հերթին՝ Չինաստանում կամ Ռուսաստանում)։ Ընդհանրական բնորոշմամբ՝ հասկացության առանցքում քաղաքական և տնտեսական ազատականության հիմնարար սկզբունքների միջազգայնացման և պետությունների միջև հարաբերություններն ըստ համաձայնեցված նորմերի և միջազգային իրավունքի կարգաբերման համադրությունն է, որն ԱՄՆ գերիշխանությամբ ինստիտուցիոնալ ձև ու կարգավիճակ ստացավ Երկրորդ աշխարհամարտից հետո։ Ազատական միջազգային կարգը ներառում է երեք հիմնական չափումներ՝ անվտանգային կարգը (բազմակողմ համագործակցային անվտանգություն և համապատասխան ինստիտուտներ), տնտեսական կարգը (բաց շուկաներ և ազատ առևտուր, դրանք ապահովող ինստիտուտներ, ԱՄՆ արժութային համակարգի գերակայություն) և արժեքային կարգը՝ հիմնված ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ու տարածման սկզբունքների վրա։ Միջազգային կարգի այս հարացույցը սովորաբար հակադրվում է մի կողմից ոչ ազատական (առաջին հերթին արժեքային առումով), և մյուս կողմից՝ ոչ համագործակցային, զուտ ուժերի միջև հարաբերակցությունների հավասարակշռության վրա հենված, բայց առաջինի իմաստով ոչ կարգաբերված աշխարհակարգերին։ Տես՝ Michael J. Mazarr, Miranda Priebe, Andrew Radin, Cevallos Astrid Stuth, Understanding the Current International Order, RAND Corporation, 2016, pp. 13-17; G. John Ikenberry, Liberal Leviathan: The Origins, Crisis, and Transformation of the American World Order, Princeton University Press, 2011, pp. 1-10; Hans Kundnani, What is the Liberal International Order?,  German Marshall Fund of the United States, Policy Essay, No. 17, 2017

[3] G. John Ikenberry (2011), pp. xi -17; Constance Duncombe, Tim Dunne, After liberal world order, International Affairs, Volume 94, Issue 1, January 2018, pp. 25-31; Hans Kundnani, What is the Liberal International Order?,  German Marshall Fund of the United States, Policy Essay, No. 17, 2017; Paul B. Stares, Qingguo Jia, Nathalie Tocci, Dhruva Jaishankar, and Andrey Kortunov, Perspectives on a Changing World Order, Council on Foreign Relations, Discussion Paper Series on Managing Global Disorder No. 1, June 2020, pp. 1-5; Robert D. Blackwill and Thomas Wright, The End of World Order and American Foreign Policy, Council on Foreign Relations, Council Special Report No. 86, May 2020, pp. 4-12

[4] Francesco Bechis, Polls show concerning effect of Chinese coronavirus charm offensive in Italy, Atlantic council, April 17, 2020; Sandra Maksimović, Global battle of narratives: Will propaganda about the pandemic change the world order?, European Western Balkans, April 21, 2020

[5] Brian Wong, China’s Mask Diplomacy, The Diplomat, March 25, 2020; Alicia Chen, Vanessa Molter, Mask Diplomacy: Chinese Narratives in the COVID Era, Stanford University, the Freeman Spogli Institute for International Studies, June 16, 2020; Raj Verma, China’s ‘mask diplomacy’ to change the COVID-19 narrative in Europe, Asia Europe Journal, 18 (2020); Бейтс Гилл, Дипломатия «волков-воинов» в Китае – работает ли она?, Россия в глобальной политике

[6] Richard Haass, Foreign Policy By Example։ Crisis at Home Makes the United States Vulnerable Abroad, Foreign Affairs, June 5, 2020; Степан Сердюков, Одинокие штаты. Почему США больше всех страдают от эпидемии, Московский Центр Карнеги, 27 Апреля 2020; Daron Acemoglu, The Coronavirus Exposed America’s Authoritarian Turn, Foreign Affairs, March 23, 2020; The Economist, How the world’s most powerful country is handling covid-19, May 28, 2020

[7] Kurt M. Campbell and Rush Doshi, The Coronavirus Could Reshape Global Order, Foreign Affairs, March 18, 2020; Aaron David Miller, Richard Sokolsky, The United States and the New World Disorder: Retreat From Primacy, Carnegie Endowment, May 21, 2020

[8] Branko Milanovic, Is the Pandemic China’s Sputnik Moment?, Forreign Affairs, May 12, 2020 [in Russian: COVID-19 – «МОМЕНТ СПУТНИКА» ДЛЯ КИТАЯ?]; Richard Haass, The Pandemic Will Accelerate History Rather Than Reshape It, Foreign Policy, April 7, 2020 [in Russian: Пандемия не столько изменит ход истории, сколько ускорит её]; Alexander Cooley and Daniel H. Nexon, How Hegemony Ends: The Unraveling of American Power, Forraign Affairs, July/August 2020

[9] Patrick Wintour, Coronavirus: who will be winners and losers in new world order?, The Guardian, April 11, 2020; Mira Rapp-Hooper, China, America, and the International Order after the Pandemic, War on the Rocks, March 24, 2020; Jia Qingguo, Whence China-US Relations?, China-US Focus, June 12, 2020; Joseph S. Nye, After the Liberal International Order, Project Syndicate, July 6, 2020

[10] Տես նաև՝ Kishore Mahbubani, The world after covid-19։ The West’s incompetent response to the pandemic will hasten the power-shift to the east, The Economist, April 20, 2020

[11] Տես նաև՝ Joseph S. Nye, No, the Coronavirus Will Not Change the Global Order, Foreign Policy, April 16, 2020

[12] Տես նաև՝ Kevin Rudd, The Pandemic Bodes Ill for Both American and Chinese Power—and for the Global Order, Foreign Affairs, May 6, 2020

[13] G. John Ikenberry, The Next Liberal Order, Foreign Affairs, July/August 2020

[14] Ըստ այդ քաղաքականության՝ միջազգային կարգի արևմտյան մասնակիցները և առաջին հերթին ԱՄՆ-ն չպետք է դրա արժեքային բաղադրիչը՝ քաղաքական ազատականության (ազատական ժողովրդավարության և մարդու իրավունքների) արևմտյան մոդելը հավակնեն պարտադրել այլ մասնակիցներին՝ տվյալ դեպքում Չինաստանին, այլ պետք է միջազգային կարգի շրջանակներում ճանաչեն այդ մոդելի և կառավարման այլ համակարգերի, իրավաքաղաքական նորմերի ու արժեքային այլ առաջնահերթությունների համագոյակցության լեգիտիմությունը (Չինաստանի պարագայում հատկապես կարևորվում են սոցիալիստական ժողովրդավարության չինական կառավարման մոդելի, ազգային ինքնիշխանության, պետությունների ներքին գործերին չմիջամտելու և տարածքային ամբողջականության սկզբունքները, իսկ մարդու իրավունքների արևմտյան մոդելի դիմաց՝ հանրային ներդաշնակ համակեցության նորմերը)։ Միևնույն ժամանակ, նման միջազգային կարգը կշարունակի հենված լինել տնտեսական բաղադրիչի ազատական սկզբունքների ու ինստիտուտների և միջազգային բազմակողմ անվտանգային համագործակցության ինստիտուտների վրա։

[15] Jake Sullivan, Hal Brands, China Has Two Paths To Global Domination, Carnegie Endowment, May 22, 2020

[16] How the World Will Look After the Coronavirus Pandemic, Foreign Policy, March 20; He Yafei, After the Pandemic: More or Less Anarchy?, China-US Focus, June 10, 2020