44 օրյա պատերազմ. Վրացական արձագանքները

15 ր.   |  2022-01-24

Ապատեղեկատվության հոսքը

Ա րցախյան 44-օրյա պատերազմից 1 տարի անց Հարավային Կովկասում նոր ստատուս քվոն ու ուժային հարաբերակցության կտրուկ փոփոխությունը Վրաստանին ստիպեցին նախաձեռնողականություն դրսևորել ու փորձել պահպանել տարածաշրջանում քաղաքական և տնտեսական կշիռը։ Պատերազմի ակտիվ օրերին Վրաստանը փորձում էր «չեզոք» դիրքորոշում դրսևորել մի կողմից ռազմավարական դաշնակիցներ Ադրբեջանի և Թուրքիայի, մյուս կողմից էլ բարեկամ Հայաստանի նկատմամբ։ 

Նախորդ տարում պաշտոնական Թբիլիսիի, ընդդիմադիր գործիչների, իշխանական և ընդդիմադիր մեդիայի և փորձագիտական դաշտի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հարևան երկիրը պատրաստ չէր նման զարգացումների և իրադրության փոփոխության։ Այնուամենայնիվ, հայկական իրականության մեջ այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչպես քրիստոնյա Վրաստանը ոչ մի կերպ չարձագանքեց Շուշիում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծություններին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ Ժամ) հիմնահատակ ավերմանը, Արցախում սպիտակ ֆոսֆորի անթույլատրելի կիրառմանը, հիվանդանոցների, դպրոցների, մշակութային կենտրոնների նպատակաուղղված թիրախավորմանը, սեփական տարածքում ադրբեջանական ԱԹՍ-ների կործանման իրողությանը և այլն։

Հարկ ենք համարում նշել, սակայն, որ պատերազմի օրերին աննախադեպ քանակի էր հասել Վրաստանի վերաբերյալ երրորդ երկրների կողմից ուղղորդված ապատեղեկատվությունը։ Նպատակներից մեկը Վրաստանում հայերի և վրացիների միջև բախումներ հրահրելն ու անկայունություն ստեղծելն էր։

Պատերազմի լուսաբանումը վրացական մեդիայում

Վ րացական մեդիայում առաջին հրապարակումը հայտնվել է սեպտեմբերի 27-ի առավոտյան ընդդիմադիր Netgazeti.ge-ի հրապարակմամբ: Աղբյուրը տեղեկացրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման և ադրբեջանական կողմի հարձակման մասին: Հաջորդիվ տեղեկություն էր տրվել նաև ադրբեջանական կողմից և պատմական փոքրիկ ակնարկ ներկայացվել հակամարտության մասին:

Վրացական մեդիայի նախնական ուսումնասիրությունից երևում էր, որ լրատվամիջոցները հետևում են հայկական պաշտոնական աղբյուրներին և հղում են կատարում դրանց: Եթե 2020թ. հուլիսյան դեպքերի ժամանակ նկատելի էին ռուսական աղբյուրներից միջնորդավորված և սխալներով հրապարակումներ, ապա 44-օրյա պատերազմի ընթացքում գրեթե չեն հանդիպել նման հրապարակումներ: Այնուամենայնիվ, վրացական որոշ լրատվամիջոցների հրապարակումներում եղել են փաստական սխալներ, օրինակ՝ 1tv.ge-ի հրապարակումներից մեկում նշվել էր, որ կրակոցներ են լսվում նաև Ստեփանակերտում, այնինչ Ստեփանակերտն ուղիղ հարվածների տակ էր, քաղաքացիական բնակչության շրջանում կային վիրավորներ: 

Առաջին օրը վրացական մեդիայում դեռևս վերլուծություններ և փորձագիտական կարծիքներ չէին հանդիպում, հրապարակումներում կողմերի տեղեկությունները մեծ մասամբ հավասարաշկռված էին:

Եթե սեպտեմբերի 27-ի առաջին հատվածում վրացական լրատվամիջոցների հրապարակումները հիմնականում տեղեկատվական էին, ապա օրվա ավարտին և հաջորդ օրը մեդիայում տարածվել են նաև վերլուծական, փորձագիտական հոդվածներ, հաղորդումներ, ինչպես նաև հայ և ադրբեջանցի փորձագետների մեկնաբանություններ: Արցախի շուրջ զարգացումներին անդրադարձել են գրեթե բոլոր ԶԼՄ-ները, սակայն հատկապես ընդդիմադիր լրատվամիջոցներում լայնորեն տարածվում էին ադրբեջանական քարոզչական հայտարարությունները և հակահայկական ձևակերպումները: Վրացական ամենամեծ լսարան ունեցող ընդդիմադիր «Մթավարի արխին», հղում անելով միայն Ադրբեջանի Պն-ին հայտնել էր, թե «հայկական կողմը 550-ից ավելի վիրավոր և զոհ ունի, իսկ հոսպիտալներում և բժշկական կենտրոններում տեղ չկա»: Լրատվամիջոցն Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվությունը տարածել էր ամբողջովին և մեծաքանակ կորուստների մասին տեղեկությունը դարձրել վերնագիր: Նյութում հայկական կողմի որևէ արձագանք ներկայացված չէր: Մեկ այլ հրապարակումով էլ նույն լրատվամիջոցը հայտնել էր, որ «օկուպանտներից 7 գյուղ է ազատագրվել»՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ նախարարի հայտարարությանը:

«Մթավարի արխին» և լրատվամիջոցի հիմնադիր Նիկա Գվարամիան ընդգծված հակահայկական և կողմնակալ դիրքորոշում են ունեցել հայ-ադրբեջանական հակամարտության հարցում: Գվարամիան սեպտեմբերի 28-ին ֆեյսբուքյան իր էջում տարածել էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի այն հայտարարությունը, թե «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է, և ոչինչ չի կարող փոխել դա», և նշել, որ «Ղարաբաղը բռնազավթել են Հայաստանն ու Ռուսաստանը,  դա ճշմարտություն է, այդ թվում՝ գիտական»: Հարկ է նշել, որ հակահայկական դիրքորոշմանը զուգահեռ պետք է հաշվի առնել նաև ընդդիմադիր ուժի՝ իշխանություններին անհարմար դրության մեջ դնելու և միջազգային խնդիրներ ստեղծելու նպատակը: Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունը տարածվել էր վրացական ինչպես վրացալեզու, այնպես էլ ռուսալեզու կայքերում:

Հարկ է նշել, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանում հայկական համայնքի մի քանի հարյուր ներկայացուցիչ բողոքի ցույց էր իրականացրել «Մթավարի արխիի» գրասենյակի դիմաց՝ բողոքելով հեռուստատեսության ադրբեջանամետ լուսաբանման ու Սաակաշվիլիի հայտարարության դեմ։

 Ինչ վերաբերում է փորձագիտական դաշտին, ապա մասնագետները մեկնաբանել էին ոչ միայն հակամարտությունը, այլ թե ինչպես այն կազդի Վրաստանի վրա:

Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի նախկին տեղակալ Վանո Մաճավարիանին նշել էր, թե «Ադրբեջանը խոսում է Թուրքիայի հետ, Հայաստանը՝ Ռուսաստանի հետ, իսկ ում հետ է խոսում Վրաստանը տարածաշրջանային հակամարտությունում անվտանգային երաշխիք ստանալու համար»:  Նրա հարցազրույցի հիմնական ուղերձներն ու անհանգստություններն էին՝

  • Հայ-ադրբեջանական հակամարտությունը վտանգավոր մակարդակի է հասել, իսկ Վրաստանն ընդհանրապես պատրաստ չէ այս իրավիճակին,
  • Վրաստանի կառավարությունը կարծում է, որ իր կողքով կանցնի այս վեճը,
  • Վրաստանը պետք է հնարավորինս շուտ սկսի բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի որ Վրաստանի անվտանգության երաշխիքը ԱՄՆ-ն է:

Թեմային անդրադարձել էր նաև ռազմական փորձագետ Ամիրան Սալուքվաձեն: Նա նշել էր, որ  այս անգամ բախումներն ավելի սուր կլինեն, քան՝ նախորդները:

  • Խնդիրն ավելի լուրջ է, քան տարիներ առաջ,
  • Չի կարծում, որ ներկա հակամարտությունը շուտ կավարտվի, ամեն ինչ կախված է արտաքին դերակատարներից,
  • Ռուսաստանի դիրքորոշումը հասկանալի չէ, քանի որ Մոսկվան ուզում է պահպանել 2 կողմի վրա իր ազդեցությունը,
  • Եթե հակամարտությունն իր սահմաններից դուրս գա, ապա տարածաշրջանի համար ռիսկային կլինի:

Սեպտեմբերի 30-ին վրացական լրատվամիջոցները գրում էին ոչ միայն հայկական և ադրբեջանական կողմերի հաղորդագրությունների մասին, այլ նաև ակտիվորեն լուսաբանում էին հակամարտության վերաբերյալ երկրի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությունը։ Գախարիան հայտարարել էր, որ Վրաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին, այդ թվում` հակամարտող կողմերի ներկայացուցիչների հանդիպումը Թբիլիսիում հյուրընկալելու համար։  Նմանօրինակ հայտարարություններ և հնարավոր տարբերակներ էին առաջարկել նաև փորձագետներն ու վերլուծաբանները։ Գախարիայի հայտարարությունից բացի վրացական լրատվամիջոցներում տարածվել էր նաև երկրի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի նմանօրինակ առաջարկը։ Դիվանագետը նշել էր, որ տարածաշրջանում Թբիլիսիի պատմականորեն ունեցած դերակատարությունը կողմերը պետք է օգտագործեն բանակցելու համար։ 

Ինչպես նախորդ օրերին, սեպտեմբերի 30-ին ևս վրացական լրատվամիջոցներում կային միակողմանի հրապարակումներ, ադրբեջանական քարոզչության արտատպումներ։ Մի քանի տասնյակ հազարանոց լսարան ունեցող Alia.ge կայքը հստակ ադրբեջանական ապատեղեկատվություն էր տարածել հայկական կողմի մասին։ Կայքի հոդվածը վերնագրված էր՝ «Այս Փաշինյանը կկործանի մեզ, Արցախը կորցնում են, Երևանը պաշտպանենք...Ինչ է հրապարակում armenia ct-ն»։  Armenia CT-ն խաղալիքների խանութի բազմահազարանոց հայկական լսարան ունեցող ֆեյսբուքյան էջ էր, որը հուլիսյան բախումների ժամանակ ադրբեջանական կողմը կարողացել էր կոտրել և ապատեղեկատվություն տարածել։ Էջը շարունակում էր հայկական կողմի պարտության, Արցախը կորցնելու ու նմանատիպ հայտարարություններ անել, սակայն «արժանահավատությունը» պահելու համար հայ զոհերի լուսանկարներ էր հրապարակում, ցավակցում, հուզական գրառումներ անում։

Վրացական լրատվամիջոցը այս էջի գրառումների հիման վրա բացահայտ ապատեղեկատվությամբ ու ադրբեջանական քարոզչությամբ հոդված էր հրապարակել՝ հայտարարելով, թե իբր Նիկոլ Փաշինյանը «ներողություն է խնդրել Արցախը կորցնելու համար և որ պետք է պաշտպանել Երևանը»։ Այս հրապարակումը թույլ է տալիս ենթադրել, որ լրատվամիջոցը հստակ ուղղորդվել է ադրբեջանական կողմից նման աղբյուրից հրապարակում պատրաստելու համար։

Վրացական լրատվամիջոցները՝ Հայաստանում

Հ արկ է նշել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում պատերազմը լուսաբանելու համար ՀՀ ԱԳՆ-ում հավատարմագրում են անցել վրացական հետևյալ լրատվամիջոցները՝ «Ռուսթավի-2», «Իմեդի», «Վրաստանի հանրային հեռարձակողի առաջին ալիք» և «Մթավարի արխի» հեռուստաընկերությունները։  Մեր հարցմանն ի պատասխան Արցախի ԱԳՆ-ից տեղեկացրին, որ վրացական լրատվամիջոցներից Արցախ մուտքի թույլտվություն են ստացել «Ռուսթավի-2», «Իմեդի», «Վրաստանի հանրային հեռարձակողի առաջին ալիքի» նկարահանող խմբերը, մերժման դեպք չի եղել։ Մեր տեղեկություններով Արցախում մի քանի օր աշխատել է միայն «Ռուսթավի-2»-ի նկարահանող խումբը։ Արցախում այդ օրերին գործող Տեղեկատվական շտաբի ներկայացուցիչները վերահաստատեցին, որ Արցախում կարճ ժամանակով աշխատել է «Ռուսթավի-2»-ի խումբը։ Ինչ վերաբերում է «Մթավարի արխիին» ապա այս հեռուստաընկերությունը հոկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ սկսելու է լուսաբանել հակամարտության գոտուց։ Հեռուստաընկերությունը մի քանի նկարահանող խումբ ուներ Ադրբեջանում, արցախյան հակամարտությունը լուսաբանում էր «հակամարտության գոտի» Գյանջայից, Մինգեչաուրից և այլ տեղերից։ Թե ինչ էր կատարվում ռմբակոծվող Ստեփանակերտում, Շուշիում, Մարտակերտում կամ ՀՀ Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքում այդպես էլ չդարձան «հակամարտության գոտի»։



Վրաստանի ԱԳՆ հայտարարությունները երկրի տարածքով ռազմական նշանակության փոխադրումների վերաբերյալ

2 020թ. հոկտեմբերի 3-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հայտարարել էր, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների պատճառով Վրաստանի կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել է երկու երկրների ուղղությամբ ցամաքային և օդային երթուղիներով իր տարածքով ռազմական նշանակության բեռների տեղափոխման թույլտվության տրամադրումը։ Այդ մասին կողմերն արդեն տեղեկացված են»։  

Այս հայտարարությունը հայկական մեդիայում և համացանցում տարածվեց 2 հիմնական շեշտադրումով։ Առաջինն այն էր, որ վրացական կողմը խոչընդոտում է Հայաստան ռուսական ռազմական տեխնիկայի փոխադրումը։ Սրա վերաբերյալ  հայկական մեդիայում և համացանցում փորձագիտական շրջանակների կողմից պարզաբանվեց, որ Վրաստանի տարածքով Ռուսաստանը ռազմական փոխադրումներ չէր իրականացնում դեռ 2008-ից։

2006թ. մարտի 31-ին Սոչիում Ռուսաստանն ու Վրաստանը Վրաստանի տարածքից ռուսական ռազմաբազաների դուրս բերման մասին համաձայնագրի հետ ստորագրել էին նաև «Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև Վրաստանի տարածքով ռազմական բեռների և անձնակազմի տեղափոխման կազմակերպման մասին» համաձայնագիր: Վրաստանի խորհրդարանն այդ երկու փաստաթուղթը վավերացրել էր 2007թ. ապրիլի 13-ին: Համաձայնագրով կողմերը պայմանավորվել էին, որ Ռուսաստանը Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ՀՌՕ 102-րդ ռազմաբազայի նյութատեխնիկական ապահովման համար կարող է օգտագործել Վրաստանի տարածքը՝ օդային, ցամաքային (այդ թվում՝ երկաթգիծը), ինչպես նաև նավահանգիստները: Ռուսաստանը Վրաստանի հետ համաձայնեցնելով՝ կարող էր Հայաստանի իր ռազմաբազայի համար տեղափոխել զինտեխնիկա, անձնակազմ: Ռուսաստանին արգելվում էր Վրաստանով տեղափոխել զանգվածային ոչնչացման, քիմիական, կենսաբանական զենքեր կամ դրանց բաղադրիչներ:

2008թ. վրաց-ռուսական պատերազմից հետո թեև համաձայնագիրը ֆորմալ առումով կար, բայց այն չէր օգտագործվում: 2011թ. վրացական կողմը համաձայնագրի ժամկետը (5 տարի) լրանալուց 6 ամիս առաջ խորհրդարանում որոշեց առ ոչինչ ճանաչել համաձայնագիրը: 2011թ. նոյեմբերի 1-ից փաստաթուղթն այլևս ուժ չունի:  Վրաստանի օդային, ցամաքային տարածքը 2008թ. պատերազմից հետո փակ է ռուսական կողմի ռազմական փոխադրումների համար:

Վրաստանի տարածքով ռազմական նշանակության բեռների տեղափոխման թույլտվության կասեցումը հաջորդ օրերին հայկական մեդիադաշտում, փորձագիտական շրջանակներում և համացանցում չդադարեց քննարկվել։ Խնդիրն այն էր, որ Վրաստանի տարածքով Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիական բեռնափոխադրումների անվան տակ իրականացված թռիչքները պատերազմի օրերին կասկածի տակ էին դնում Վրաստանի հայտարարությունը և առաջին հերթին չեզոքության պահպանումը։ Հատկանշական է, որ վրացական կողմի հերքումներն այդպես էլ համոզիչ չդարձան հայկական մեդիայի և հասարակության համար։

Հարկ է նշել, որ պատերազմի առաջին օրերից հայկական մի շարք լրատվամիջոցներ, փորձագետներ բազմիցս բարձրաձայնում էին, որ Վրաստանի տարածքով «քաղաքացիական/հումանիտար բեռների» տեղափոխման անվան տակ  հակառակորդն իրականացնում էր սպառազինության համալրում մի շարք երկրներից, այդ թվում՝  պատերազմին ուղղակիորեն ներգրավված Թուրքիայից, ինչպես նաև Իսրայելից, Ուկրաինայից։

Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների թեման ամենայն մանրամասնությամբ ուշադրության կենտրոնում է պահել հայկական հետաքննական «Հետք» լրատվամիջոցը, որը տասնյակ հրապարակումներ ունի թեմայի վերաբերյալ։

Ըստ «Հետքի»՝ Ադրբեջանական ռազմաօդային ուժերի բեռնատար «Իլ-76»-ը (գրանցման համարը՝ 4K-78131) պարբերական թռիչքներ է իրականացրել դեպի Թուրքիա (Բաքու-Անկարա-Թեքիրդաղի ավիաբազա), ինչպես նաև իսրայելական Էյլաթ և ուկրաինական Լվով: Պարբերականը հրապարակումներից մեկում հայտնել էր նաև, որ հոկտեմբերի 4-ից հետո նշված ինքնաթիռը չվերթներ չի իրականացրել, սակայն հոկտեմբերի վերջին տասնօրյակում կրկին սկսել է օդ բարձրանալ: Ադրբեջանի օդային կապը, մասնավորապես, Թուրքիայի, Իսրայելի, Ուկրաինայի ու Աֆղանստանի հետ ապահովել են «Silk Way Airlines», «Silk Way West Airlines» քաղաքացիական բեռնափոխադրողների և այդ երկրի ազգային օպերատոր «Azerbaijan Airlines»-ի ուղևորատար օդանավերը։ «Հետքը» նշել է նաև, որ հոկտեմբերի 29-31-ը ռազմական «Իլ-76»-ը Վրաստանի երկնքով դեպի Թուրքիա է թռել 4 անգամ:

«Հետաքրքիր է նաև, որ դրա թռիչքները, համաձայն flightradar24.com կայքի, համարակալվում են ոչ թե Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համապատասխան կոդով (AZAF), այլ քաղաքացիական ավիաօպերատոր «Azerbaijan Airlines»-ին տրված J2 կոդով, ինչը տեսականորեն նշանակում է, թե ռազմական բորտն իրականացնում է թռիչքներ «Azerbaijan Airlines»-ի անունից: Ընդ որում՝ նման բան եղել է նաեւ պատերազմից առաջ ու հետո՝ ռազմական գործողությունների առաջին օրերին»,- գրել էր «Հետքը»։

Նույն թեմային ժամանակին անդրադարձել է նաև «Փաստերի ստուգման հարթակը»։ 

Վերոնշյալ թեմային վրացական կողմից անդրադարձել էին մի քանի լրատվամիջոց՝ թեման ներկայացնելով որպես ապատեղեկատվություն կամ «ինչու է Վրաստանը թիրախավորվել» խորագրով։ Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը ծավալուն հոդված էր պատրաստել պատերազմի ընթացքում տարածված ապատեղեկատվություների մասին, որոնք որևէ կերպ վերեբերել են նաև Վրաստանին։ Այդպիսով՝ Վրաստանի տարածքով իրականացված բեռնափոխադրումների թեմայով  լրատվամիջոցը գրել էր, որ «որևէ ապացույց չկա, որ Վրաստանի օդային տարածքով Ադրբեջան է տեղափոխվել ռազմական բեռ։ Վերոնշյալ Իլ-76TD-ն պատկանում է ադրբեջանական Silk way Airlines ավիաուղիներին և համարվում է քաղաքացիական օդանավ»։

Վրաստանի օդային և ցամաքային տարածքով փոխադրումների վերաբերյալ երկրի արտգործնախարարությունը պատերազմի օրերին մի քանի հայտարարություն է արել, թե «փաստաթղթերով ամեն ինչ կարգին է»։

Հոկտեմբերի 4, 2020թ.

Հոկտեմբերի 4-ին Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին ԱԱԽ նիստից հետո հայտարարել էր, որ հակամարտության սրացման պահից Վրաստանը դադարեցրել է իր տարածքով երկու երկրին ռազմական տարանցման թույլտվություն տալ, իսկ այլ միջազգային փոխադրումներն անխափան իրականացվում են։ 

Նույն թեմային անդրադարձել էր նաև արտգործնախարարի տեղակալ Լաշա Դարսալիան՝ նշելով, որ բեռնափոխադրումների հետ կապված վրացական կողմի դիրքորոշումը միանշանակ է, Վրաստանը կասեցրել է ռազմական փոխադրումներ իրականացնելու թույլտվություները երկու երկրների ուղղությամբ։

«Միանշանակ դա չի վերաբերում քաղաքացիական նշանակության բեռնափոխադրումներին, այս ուղղությամբ Վրաստանը կշարունակի հստակ իրականացնել իր պարտավորություններն ինչպես երրորդ երկրների, այնպես էլ մեր հարևանների համար։ Չնայած այս ամենին, մենք տեսնում ենք, որ սոցիալական ցանցերում տարածվում են տարբեր տեսակի ապատեղեկատվություն և կեղծ լուրեր, կարծես թե Վրաստանի միջոցով իրականացվում է զինամթերքի տեղափոխություն, բոլորովին վերջերս տարածվեց տեղեկություն, որ Վրաստանից զենք է տեղափոխվել Ադրբեջան, ինչը միանշանակ ապատեղեկատվություն է և կեղծ լուրեր։ Կոչ եմ անում ամբողջ բնակչությանը և հայկական կողմին չհավատալ այս ապատեղեկատվությանը և կեղծ լուրերին։ Վրաստանն իր կողմից կշարունակի իր միջազգային պարտավորությունների հստակ կատարումը։ Ցանկանում եմ դիմել բոլորին, նորություններ հրապարակելուց՝ օգտվել միայն ճշտված և հուսալի աղբյուրներից»,- հայտարարել էր Դարսալիան։

Հոկտեմբերի 13, 2020թ.

Լաշա Դարսալիան հոկտեմբերի 13-ին անդրադարձել էր Վրաստանի օդային տարածքով իրականացվող թռիչքներին։ Վրացի դիվանագետը նշել էր, որ մեդիայում տարածվող լուրերը, թե Վրաստանի տարածքով ռազմական բեռներ են փոխադրվում հարևան երկրներ, ապատեղեկատվություն են։ Խոսքը հատկապես վերաբերում է օդային փոխադրումներին, որոնց վերաբերյալ տարածվում են Flightradar24 կայքի սքրինշոթերը։

«Ինչպես գիտեք, Ղարաբաղում էսկալացիայի սկզբից Վրաստանի տարածքով՝ ցամաքային և օդային ճանապարհներով, ռազմական բեռների փոխադրումն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար դադարեցվել է։ Եվս մեկ անգամ ուզում ենք հայտարարել, որ Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում։

Վրաստանի ունեցած փաստաթղթերի համաձայն՝ չվերթները, որոնք իրականացվում են Վրաստանի օդային տարածքում, միայն մարդասիրական, քաղաքացիական բնույթի են և լիովին համապատասխանում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) չափանիշներին:

Վրաստանը կրկին շարունակում է հստակ կատարել իր միջազգային պարտականությունները, մարդասիրական և քաղաքացիական, այդ թվում՝ կոմերցիոն բեռների անցկացման առումով: Նշվածն իրականացվում է միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում՝ ICAO-ի կանոնակարգերին համապատասխան:

Կոնկրետ փոխադրողի ու բեռի սեփականատիրոջ պատասխանատվությունն է լիովին ենթարկվել միջազգային իրավունքի նորմերին և չչարաշահել մարդասիրական միջանցքները: Խախտում հայտնաբերելու և ծանրակշիռ ապացույց ունենալու դեպքում Վրաստանը համարժեք կարձագանքի, խախտողները պատասխանատվության կենթարկվեն միջազգային իրավունքին համապատասխան, այդ թվում՝ ICAO-ի առջև»,- հայտարարել է Լաշա Դարսալիան:

Հոկտեմբերի 17, 2020թ.

Հոկտեմբերի 17-ին Դարսալիան ևս մեկ անգամ շեշտել էր, որ Վրաստանը փակել է իր օդային տարածքը ռազմական թռիչքների համար։ Ինչ վերաբերում է քաղաքացիական և հումանիտար փոխադրումներին, դրանք, ըստ ԱԳ նախարարի տեղակալի, իրականացվում էին միջազգային պարտավորությունների համաձայն։ «Անվտանգ օդային ծառայություններ ապահովելու և այլ նպատակներով քաղաքացիական թռիչքները կանխելու համար մենք կոչ ենք անում բոլոր երկրներին՝ և՛ բեռնափոխադրող, և՛ ընդունողներին, խիստ վերահսկողություն իրականացնել քաղաքացիական և հումանիտար բեռների ներգրավմամբ օդային փոխադրումների վրա։ Բեռնափոխադրող երկրների հիմնական պարտականությունն է ապահովել քաղաքացիական թռիչքների իրականացումը Չիկագոյի կոնվենցիայի չափանիշներին և սկզբունքներին համապատասպան, ինչն արգելում է քաղաքացիական ավիացիայի դիտավորյալ օգտագործումը ռազմական նպատակներով»,- ասված էր Դարսալիայի հայտարարությունում։

Վրաստանի մտահոգությունները պատերազմի օրերին և պատերազմից հետո

Ռ ազմական գործողությունների ընթացքում վրաց մի շարք փորձագետներ և վերլուծաբաններ տարբեր հարցազրույցներում կամ մեկնաբանություններում առաջ էին քաշում այնպիսի հարցեր, որոնց շուրջ Վրաստանը մտահոգություն կարող էր ունենալ։

  • Կարող է խոցվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը,
  • Վրաստանն ընդհանրապես պատրաստ չէ այս իրավիճակին,
  • Հակամարտությունը սահմաններից դուրս գա, տարածաշրջանի համար ռիսկային կլինի,
  • Կոնֆլիկտի տեղափոխումը Վրաստանի տարածք՝ էթնիկ բախումներ,
  • Միգրանտների հարցը պատերազմից հետո :

2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո վրացական մտահոգությունները վերափոխվեցին՝ ընդգրկելով տարածաշրջանային, քաղաքական և անվտանգային հարցեր։

Վրաստանի համար անհանգստացնող է ռուս խաղաղապահների տեղակայում Արցախում։ Այդ երկիրը համարում է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունն այս պարագայում էապես մեծանում է։ Մեկ այլ մտահոգիչ հարց է տարանցիկ կենտրոն լինելու հնարավոր կորուստը։ Հայաստանի պարագայում Վրաստանը կարող է կորցնել տրանզիտի մենաշնորհը, թեև Վրաստանի ՀՆԱ-ի ընդամենը 5%-ն է գոյանում տրանզիտից։ Հատկանշական է, որ վրացի փորձագետները շեշտել են, որ տրանզիտը ոչ միայն տնտեսապես էր կարևոր, այլ նաև՝ անվտանգության տեսանկյունից։

Պատերազմից հետո Վրաստանին անհանգստացնում է տարածաշրջանային ծրագրերից դուրս չմնալը, ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ՝ Արևմուտքի համար հետաքրքրությունը չկորցնելը։ 

Վերոնշյալ մտահոգությունների ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ Վրաստանի միջնորդական փորձերն ու քաղաքականությունը փորձ են նվազեցնելու հնարավոր խնդիրները, ինչպես նաև պահպանելու քաղաքական կշիռը տարածաշրջանային և արտատարածաշրջանային երկրների համար։

Ուղղորդված ապատեղեկատվություն՝ Վրաստանում անկայունություն ստեղծելու և հայ-վրացական բախումներ հրահրելու համար

Հոկտեմբերի 2, 2020թ.

Հ ամացանցում տարածվում է հայերեն տեսանյութ, որտեղ ասվում է .«Բորժոմիում ենք՝ Վրաստան, տեխնիկաներ են սրանք բարձում, ուղարկեն Ադրբեջան....»։ Տեսանյութի հեղինակը նկարահանել էր երկաթուղային կայարանում կանգնած զինտեխնիկան և ներկայացրել, որ դրանք իբր ուղարկվում են Ադրբեջան։ Նույն օրը Վրաստանում ՀՀ դեսպանատունը հերքել էր շրջանառվող լուրը՝ նշելով, որ «տեխնիկան Վրաստանինն է, իսկ տեղաշարժն էլ պայմանավորված էր Վրաստանի անվտանգային հարցերով»։

Իրականում տեսանյութը նկարահանվել էր ոչ թե Բորժոմիում, այլ Ախալցխայում երկաթուղային կայարանի մոտ, որի մերձակայքում է Վրաստանի պաշտպանության ուժերի «Օրփոլո» զորավարժարանը։ Տեսանյութում հեղինակը նշում էր նաև, որ «տանկեր» են փոխադրվում, այնինչ երևում են «Ակացիա» ինքնագնաց հաուբիցներ, ՄՏԼԲ ԶՈւ-23-2-ներ և այլ տեխնիկա։ Հերքումից հետո էլ տեսանյութը շարունակում է պահպանվել մեդիայում և սոցցանցում։

Հոկտեմբերի 3-ին Реалист լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանն իր ֆեյսբուքյան էջում շարունակում է զարգացնել Վրաստանում զինտեխնիկայի թեման, հայտարարելով, որ «Այս պահին Վրաստանում բեռնում են 31 տանկ Ադրբեջան փոխադրելու համար»։ Ծատուրյանի գրառումը ստուգել էր Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) կողմից հավաստագրված վրացական FactCheck Georgia-ն։ Գրառումը մինչ օրս պահպանված է, սակայն ցանցում այն կրում է «կեղծ տեղեկություն» նշանը։ Հեղինակը որևէ կերպ չի արձագանքել նաև հարյուրավոր արձագանքներին առ այն, թե ապատեղեկատվություն է տարածել։

Հայկական լսարանի վրա միացված ֆեյսբուքյան գովազդ ապատեղեկատվությամբ

Հ ոկտեմբերի 8-ին ադրբեջանական նորաբաց «Monarxiya» ֆեյսբուքյան էջը հայկական լսարանի համար գովազդ էր միացրել, թե «Թբիլիսիի «Խաղաղության կամուրջն» ու հեռուստաաշտարակը լուսավորվել են Ադրբեջանի դրոշի գույներով։ Ղարաբաղն Ադրբեջան է»։ Էջն, իհարկե, հիմա այլևս գոյություն չունի։ Այդ օրերին ո՛չ կամուրջը, ո՛չ էլ հեռուստաաշտարակը չէին լուսավորվել ադրբեջանական դրոշի գույներով։ Վրաստանում կամուրջն ու հեռուստաաշտարակն ադրբեջանական դրոշի գույներ են ստանում մայիսի 28-ին և հոկտեմբերի 18-ին՝ Հանրապետության օրը և Անկախության օրը։  2020թ. հոկտեմբերի 18-ին ևս հեռուստաաշտարակը լուսավորվել էր այդ երկրի դրոշի գույներով։


Եզրափակելով հարկ է նշել, որ պատերազմի օրերին ահռելի քանակի հասնող ապատեղեկատվությունը, մեդիագրագիտության խնդիրն ու հասարակությունների հետ բավարար չաշխատելու հանգամանքը որոշակի խնդիրներ են ստեղծել հայ և վրացի հասարակությունների համար։ Հարցերի հետհայաց լուծումը և մեդիագրագիտության բարձրացումը հնարավորություն կտա ապագայում չտրվել երրորդ կողմերի ուղղորդված քարոզչություններին և անհարմարություններ ստեղծել երկկողմ հարաբերություններում։