Ադրբեջանում հասարակական բողոքի նոր ալիք է հասունանում

9 ր.   |  2021-07-07

Ա դրբեջանում որոշել են բնական գազի սակագնի գանձման եռաստիճան համակարգի անցնել։ Այդ որոշման հետևանքով երկրի բնակչության շուրջ կեսը ստիպված է լինելու գրեթե կրկնակի ավել վճարել բնական գազի դիմաց, ինչը լուրջ դժգոհություն է առաջացրել։ Սոցիալական բողոքից փորձում են օգտվել երկրի ընդդիմադիր  շրջանակները՝ ջանալով համախմբել ժողովրդին և դուրս բերել իշխանության դեմ։ Ադրբեջանի հանրությունը, սակայն, առայժմ իր բողոքն արտահայտում է սոցիալական ցանցերում։

Բնական գազի սակագնի փոփոխությունը 

Հունիսի 30-ին Ադրբեջանի Սակագնային խորհուրդը (Tarif Şurası), ընդունելով Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) դիմում-առաջարկը, որոշում է կայացրել Ադրբեջանում բնական գազի մեծածախ և մանրածախ վաճառքի գների բարձրացման վերաբերյալ։ SOCAR-ի առաջարկը հիմնավորվել է երկրում բնական գազի սպառման աճով, գազի մատակարարման ծածկույթի ընդլայնման ու բաժանորդների թվի շուրջ 18% աճի հետևանքով ընկերության ծախսերի ավելացմամբ։ Նշվել է, որ սակագնի բարձրացումն անհրաժեշտ է ծառայությունների մակարդակի բարձրացման, պետական բյուջեից կախվածության նվազեցման, բնական գազի արտադրման և մատակարարման ծախսերի ամբողջական վճարման համար։

Սակագնային խորհրդի որոշմամբ՝ բնական գազի 1 խմ-ի սպառման սակագինը տարեկան մինչև 1200 խմ սպառողների համար, որոնք կազմում են բնակչության շուրջ 51%-ը (5 միլիոն մարդ), չի փոխվել (10 գափիք (1 գափիք = 1/100 մանաթ, 0,006 դոլար), 1200-2500 խմ սպառողների համար սահմանվել է 20 գափիք, իսկ 2500 խմ-ից ավել սպառողների համար՝ 25 գափիք։ Ըստ այդմ՝ Ադրբեջանի բնակչության այն խումբը, որը մինչև որոշումը 1200-2200 խմ բնական գազի սպառման համար վճարել է 10 գափիք, այդուհետ վճարելու է երկու անգամ ավելի՝ 20 գափիք։ Որոշումն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից, իսկ բնակչությունը նախկին սակագնով գազն օգտագործելու է մինչև հուլիսի 10-ը։

Հետաքրքրական է, որ 5 ամիս առաջ՝ հունվարին, Սակագնային խորհուրդը չէր բավարարել SOCAR-ի նույնաբովանդակ դիմում-առաջարկը և այն համարել էր ոչ նպատակահարմար՝ հաշվի առնելով իրականացվող սոցիալական քաղաքականությունը։ Խորհուրդը որոշման ընդունման մասին հաղորդագությունում նշել է, որ համավարակն ազդում է համաշխարհային տնտեսության և միջազգային շուկայի վրա՝ համեմատության համար ընդգծելով, որ 2020 թ․ 1 խմ բնական գազը բնակչության համար Անկարայում միջին հաշվարկով արժեցել է 32 գափիք, Կիևում 32,6 գափիք։ Շեշտել է, որ այս նոր սակագինը ցածր է նաև Վրաստանի (19,7-29,5 գափիք), Բելառուսի (9,2-34,2 գափիք) ու Ռուսաստանի (11,9-16,5 գափիք) համեմատությամբ։

Հարկ է նշել, որ Ադրբեջանում բնական գազի գնի վերջին փոփոխությունը եղել է 2019 թ․ ապրիլին, երբ 10 գափիք սակագնով գազի օգտագործման սահմանը 1700 խմ-ից բարձրացվել էր 2200 խմ-ի, և դա երկրի իշխանությունները մեկնաբանել էին որպես Իլհամ Ալիևի կողմից բնակչության նվազ ապահովված հատվածի սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված քայլ։

Սակագնային խորհուրդը նույն օրը որոշում է կայացրել նաև էլեկտրաէներգիայի սակագնի՝ ըստ ցերեկային և գիշերային ժամերի սպառման սահմանման մասին։ Ըստ որոշման՝ ժամը 08։00-22։00-ն սպառված 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի համար սահմանվել է 7,3 գափիք, ժամը 22։00-08։00-ը սպառված 1 կվտ/ժ-ի համար՝ 3,5 գափիք։ Մինչդեռ նախկինում մինչև 300 կվտ/ժ էլեկտրաէներգիայի սահմանված գինը եղել է 7, դրանից ավելը՝ 11 գափիք։ Հունվարին Ադրբեջանի Սակագնային խորհուրդը SOCAR-ի առաջարկով բարձրացրել է նաև А-92 բենզինի և դիզելային վառելիքի գինը, իսկ «Azərsu» («Ազերջուր») ԲԲԸ-ի առաջարկով՝ խմելու ջրի սակագինը։

Գնաճը հանգեցնելու է Ադրբեջանի բնակչության ավելի աղքատացմանը

Ա դրբեջանական փորձագիտական գնահատականներում հիմնականում ընդգծվում է, որ գազի գնի բարձրացմանը հաջորդելու է նաև էլեկտրաէներգիայի թանկացումը, քանի որ Ադրբեջանի էլեկտրակայանների շուրջ 80%-ն աշխատում է բնական գազով, և չնայած նրան, որ այդ էլեկտրակայաններին տրվող գազի գինը բարձրացվել է միայն 1 գափիքով՝ 12-ից դարձվելով 13, այդուհանդերձ դա ազդելու է արտադրության գնագոյացման վրա։ Ընդգծվում է, որ հունվարին հայտարարվել է SOCAR-ի առաջարկի մասին և որոշվել  չբարձրացնել գազի գինը միայն հասարակական դժգոհությունից խուսափելու նպատակով, քանի որ հինգ ամսվա ընթացքում բնակչության եկամուտները չեն աճել, սոցիալական վիճակը չի բարելավվել, հետևապես գնաճը այժմ ևս տրամաբանական բացատրություն չունի։

Փորձագետները շեշտում են, որ անգամ ներկայացված պաշտոնական տվյալներով, գազի սակագնի բարձրացումից տուժելու է բնակչության շուրջ 50%-ը, և երկրի բնակչության շուրջ կեսն ստիպված է լինելու երկու անգամ ավելի վճարել գազի համար։ Ընդ որում, 1200 խմ-ից ավելի սպառելու դեպքում 1000 խմ-ի համար հարկ է լինելու վճարել 200 մանաթ (120-122 դոլար), ինչը շատ չի տարբերվում Ադրբեջանի սահմանին վաճառվող գազի գնից, հետևաբար խախտվում է Ադրբեջանի ժողովրդի՝ սեփական երկրի բնական ռեսուրսներից օգտվելու իրավունքը։ Մեկնաբանություններում նաև նշվում է, որ Ադրբեջանում կոմունալ ծախսերի մասնաբաժինը տնային տնտեսությունների բյուջեներում առանց այդ էլ մեծ է, և այս գնաճը հանգեցնելու է բնակչության էլ ավելի աղքատացմանը։ Ենթադրվում է, որ գյուղերում այս պայմաններում մարդիկ կսկսեն վերադարձ կատարել էժան այլընտրանքային վառելիքի, օրինակ փայտի, որը կարող է մեծացնել շրջակա միջավայրին հասցվող վնասը։

Ըստ ժամերի էլեկտրէներգիայի սակագնի սահմանման հետ կապված որոշ մտահոգություն է արտահայտվում առ այն, թե պետությունը կարող է պարզապես խաբել ժողովրդին ժամային հաշվարկում։

Ի հակադրություն Ադրբեջանում և այլ երկրներում գազի գնի Սակագնային խորհրդի կողմից ներկայացված համեմատությանը՝ շեշտվում է, որ Ադրբեջանը նավթարդյունահանող երկիր է, բացի այդ եվրոպական երկրներում և Ադրբեջանում աշխատավարձները համեմատելի չեն։ BBC-ի ադրբեջանական ծառայությունը, իր հերթին, ներկայացնելով Նավթ արտահանող երկրների կազմակերպության վերջին զեկույցի համաձայն նախկին ԽՍՀՄ երկրների շարքում 1 տրիլիոն խմ-ից ավելի գազային պաշարներ ունեցող հինգ երկրներում գազի սակագները (2500 խմ-ից ավելի գազ սպառելու դեպքում Ադրբեջանում 1 խմ-ի համար վճարելու են 25, Թուրքմենստանում՝ 1, Ուզբեկստանում՝ 4, Ղազախստանում՝ 10, իսկ Ռուսաստանում՝ 13 գափիք) և պնդում, որ Ադրբեջանը գազ արտադրող և իր բնակչությանն ամենաբարձր գնով վաճառող երկիրն է հետխորհրդային տարածքում (1,2,3,4,5,6,7,8

Ընդդիմությունը քննադատում է՝ իշխանությունը կտրված է ժողովրդից

Ա դրբեջանում ընդդիմադիր շրջանակները քննադատաբար են արձագանքել Սակագնային խորհրդի որոշմանը՝ փորձելով գրգռել հանրային տրամադրությունները և դժգոհության ալիք առաջացնել։ Պատերազմի շրջանում իշխանությանը չքննադատած, պետությանն ու բանակին աջակցություն հայտնած Ադրբեջանի Ժողճակատ և «Մուսավաթ» կուսակցությունների համար, որոնք հետպատերազմական շրջանում հիմնականում իշխանությանը մեղադրում էին «Ղարաբաղը Ռուսաստանին նվիրելու», պատերազմի մասնակիցներին և «նահատակների» ընտանիքներին անուշադրության մատնելու համար, հնարավորություն է ստեղծվել թարմացնել իրենց մշտական թեզերն իշխող բռնապետական ռեժիմի, կոռումպացված պաշտոնյաների, ժողովրդին սոցիալական բեռի տակ ճնշող իշխանության վերաբերյալ։

Ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլին իշխանությանը մեղադրել է ժողովրդից կտրված լինելու մեջ․  «Իլհամ Ալիևի կառավարության կողմից գազի և էլեկտրաէներգիայի գնի կրկին բարձրացումը ցույց տվեց, որ նա լիովին խզել է կապը ժողովրդի հետ։ Ցույց տվեց, որ իշխանությունը չի կարողանում հասկանալ, թե մարդիկ կես տարի է շարունակվող համավարակի, զանգվածային գործազրկության պայմաններում որքան աղքատ վիճակում են հայտնվել, անտարբեր է ժողովրդի սոցիալական դժվարությունների նկատմամբ։ Իլհամ Ալիևն ինքն էլ խոստովանել էր, որ պետական ընկերությունները կոռուպցիայի որջ են։ Իսկ այսօրվա որոշումով նա, այդ կոռուպցիոն որջերում մաքրում իրականացնելու փոխարեն, կոռուպցիայի միջոցով միլիոնների, միլիարդների կլանումը կանխելու փոխարեն, կոռուպցիոներների պարտքերը լիովին ժողովրդի վրա դրեց։ Պետական ընկերությունների վնասով աշխատելու պատճառը հենց այդ կոռուպցիոներների գողություններն են։ Նրանց ագահությունն, այնուամենայնիվ, չի նվազելու, և այնպես է ստացվում, որ այս կառավարությունը վճռական է մինչև վերջ կոռուպցիոներների ծախսերը դնել ժողովրդի վրա»,- նշել է Քերիմլին ֆեյսբուքյան իր առաջին արձագանքում:

«Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջըլըն ընդգծել է, որ Իլհամ և Հեյդար Ալիևների նպատակներն իրականում նույնական են, և այժմ ևս, ինչպես նախկինում, ամբողջ միտքն ուղղված է ազգային հարստությունները, ժողովրդին թալանելով պետական բյուջեում հավաքվող միջոցների մեծացմանը և պետական բյուջեից էլ ավելի մեծածավալ գողության ճանապարհների հայթայթմանը, հայտնի միջոցների կատարելագործմանը։ Ընդդիմադիր գործիչը նաև շեշել է, որ եթե նախկինում այդ գործով զբաղվում էին իրենց անունները գրել չկարողացող, կեղծ համալսարանների կեղծ դիպլոմներն ստացած դիլետանտ խաբեբաները, ապա հիմա զբաղվում են Հարվարդի, Օքսֆորդի կրթությամբ արհեստավարժ խաբեբաները, որոնք ավելի վտանգավոր են։

Հանրապետական այլընտրանք կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը, իր հերթին, շեշտել է, որ իրականում բոլոր սակագներն ընտրության օրն են սահմանվում, պարզապես հետո են կամաց-կամաց հայտարարվում։

Ազգային խորհրդի առաջնորդ Ջեմիլ Հասանլին և շատ ուրիշներ խիստ քննադատել են SOCAR-ի գործունեությունը։

Ընդդիմադիրների գրառումներում նշվել է, որ վարչակարգը, բացահայտ չարաշահելով «իրենց հողերի մի մասի ազատագրումը» և կարանտինային ռեժիմը, ճնշում է ժողովրդին, և քանի դեռ ժողովուրդը չի բողոքում, կառավարությանը թվում է, թե կարող է մի փոքր էլ առաջ գնալ։ Նրանք այս և այլ գրառումներով սոցցանցերում սկիզբ են դրել #Etirazedirəm (#Բողոքում եմ) վանդակապիտակով դժգոհության ակցիային, որին ֆեյսբուքում, թվիթերում միացել են մեծաթիվ ադրբեջանցիներ։

«#Բողոքում եմ» ակցիան սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում

Բ նական գազի սակագնի բարձրացման մասին Ադրբեջանի Սակագնային խորհրդի որոշման հրապարակումից հետո #Etirazedirəm (#Բողոքում եմ) վանդակապիտակով բազմաթիվ գրառումներ են տարածվել Ֆեյսբուքի և Թվիթերի ադրբեջանական տիրույթներում, որտեղ քննադատվել է որոշումը։

Սոցցանցերում #բողոքում եմ վանդակապիտակով ակտիվ տարածվել է ադրբեջանցի ծաղրանկարիչ Գյունդուզ Աղաևի թեմատիկ ծաղրանկարը, որում Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի կողմից արցախյան 44-օրյա պատերազմի օրերին ադրբեջանական բանակի ռազմական գործողություններին տրված անվանումը՝ «երկաթյա բռունցքը», այս անգամ արդեն ուղղվել է Ադրբեջանի ժողովրդի դեմ՝ վերածվելով «սակագնային բռունցքի»։


Ծաղրանկարը՝ Գյունդուզ Աղաևի, աղբյուրը՝ Azadlıq.org

«Առաջարկում եմ «ԱՊՐԵՑՐՈՒ՛» (YAŞAT) հիմնադրամը ոչ միայն ղազիների և շահիդների ընտանիքներին, այլև միաժամանակ հասարակ ժողովրդին ԱՊՐԵՑՆԵԼՈւ համար աջակցություն տրամադրի, քանի որ այս չափի գնաճով սով է սկսվելու։ Գնաճի դեմ #բողոքում եմ»։


«Ադրբեջանը բնական գազը սեփական քաղաքացուն 25, Թուրքիային և Վրաստանին 22-23, իսկ Իրանին 6,5 գափիքով է վաճառում գների բարձրացման դեմ #բողոքում եմ»։

Նման գրառումներով, ինչպես և պարզապես #բողոքում եմ վանդակապիտակի տարածմամբ Սակագնային խորհրդի որոշման, գնաճի դեմ սկսված բողոքը աստիճանաբար վերաճել է Ադրբեջանի իշխանության դեմ ուղղված դժգոհության ալիքի։ «Բոլոր խնդիրների պատճառը հանդիսացող Իլհամ Ալիևի նախագահության դեմ #բողոքում եմ», «Ադրբեջանում դիկտատուրայի դեմ #բողոքում եմ»,  «Գնաճի, կառավարության ապաշնորհության, քաղաքացիների մոլորեցման, բյուջեի թալանի, «վերևների» էլ ավելի հարստացմանը, «ներքևների» էլ ավելի աղքատացման դեմ #բողոքում եմ» բնույթի հետագա գրառումներում բարձրացվել և բարձրացվում են հանրությանը հուզող սոցիալական այլ խնդիրներ ևս, դրանցում նաև պահանջվում է Իլհամ Ալիևի հրաժարականը։

Այսպիսով, Ադրբեջանի իշխանությունները փորձում են ժողովրդի վրա դնել համավարակով, արցախյան 44-օրյա պատերազմի օրերին կատարված ահռելի ծախսերով, արցախյան բռնագրավված տարածքներում իրականացվող ներդրումային ծրագրերով, կոռուպցիայով և այլ հանգամանքներով պայմանավորված պետության դատարկվող բյուջեն վերականգնելու բեռը։ Սոցիալական լայնածավալ բողոքի ալիքից խուսափելու նկատառումներով իշխանություններն այդ քաղաքականությունն իրականացնում են աստիճանաբար և փորձում են հնարավորինս խուսափել բնակչության խիստ անապահով հատվածին ֆինանսական հարված հասցնելուց։ Ադրբեջանական ընդդիմադիր շրջանակները, սակայն, որոնք թույլ են, մասնատված և, ըստ էության, դեռևս լուրջ իշխանական այլընտրանք չներկայացնող գործող վարչակարգին, փորձում են օգտվել սոցիալական դժգոհությունից և մոբիլիզացնել ժողովրդին իշխանությունների դեմ առնվազն համացանցում՝ հաշվի առնելով երկրում կարանտինային ռեժիմով պայմանավորված մարդաշատ հավաքների արգելքի գործող սահմանափակումները։ Համացանցի ադրբեջանական տիրույթում, այդպիսով, դրսևորվում է ընդգծված դժգոհություն ալիևյան վարչակարգի դեմ, ինչն օրըստօրե խորանում է նաև հանրության շրջանում, ձեռք բերում նոր շերտեր և կարող է լուրջ խնդիրներ հարուցել երկրի իշխանությունների համար մոբիլիզացիոն ուժեղ քաղաքական կենտրոնի ձևավորման դեպքում։