Հայ-իրանական սահմանը ռազմավարական նշանակություն ունի

8 ր.   |  2021-06-11
Իրանցի փորձագետ. Իրանը կտրականապես դեմ է լինելու Հայաստանի տարածքի նկատմամբ ցանկացած տեսակի ոտնձգության

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրադրության մասին Իրանի դիրքորոշման, հայ-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարների, Ադրբեջանի կողմից ՀՀ պետական սահմանը խախտելու իրողությանն իրանական կողմի մոտեցման և այլ թեմաների շուրջ ներկայացնում ենք Իրանի նախագահի աշխատակազմի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հետազոտող, Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով փորձագետ Վալի Քալեջիի հետ հարցազրույցը:

- Վերջերս Հայաստանի և Իրանի պաշտոնյաների փոխայցելությունների ականտեսն ենք լինում։ Կողմերը նպատակադրված են ընդլայնել երկկողմ համագործակցությունը։ Ձեր կարծիքով՝ հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար ի՞նչ խոչընդոտներ և հնարավորություններ կա։

- Այո, վերջին ամիսներին իրանցի տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ արտգործնախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Մոհսեն Բահարվանդի, ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի, երկաթուղիների ընկերության գործադիր տնօրեն Սաիդ Ռասուլիի և արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի Հայաստան այցերի ականատեսը եղանք։ Ի պատասխան՝ Իրան են այցելել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։ Այդ շփումներն ու բանակցությունները ներկայում շատ անհրաժեշտ են։

Իրանի և Հայաստանի համագործակցության խնդիրների և խոչընդոտների վերաբերյալ կարելի է Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների գործոնը մատնանշել, որը Հայաստանի և Իրանի բանկային հարաբերություններում խաթարում առաջացրեց, և «Մելլաթ» բանկի երևանյան մասնաճյուղը չկարողացավ նախկինի նման բանկային գործարքներ իրականցնել հայ և իրանցի առևտրականների միջև։ Հույս ունենք՝ ներկայում Վիեննայում ընթացող բանակցություններն արդյունքի կտան, և Միջուկային համաձայնագիր ԱՄՆ-ի վերադարձով ու պատժամիջոցների չեղարկմամբ՝ կվերանան նաև Հայաստանի ու Իրանի միջև բանկային խնդիրները։ Մյուս խնդիրներից է նաև կորոնավիրուսի համաճարակը, որը բացասաբար է ազդել առևտրի, զբոսաշրջության, կրթության ոլորտներում երկու երկրների հարաբերությունների վրա։ Հույս ունենք՝ Իրանում և Հայաստանում պատվաստման գործընթացի ավարտով երկու երկրների հասարակական կապերը կվերադառնան նախկին հունին։ Հայաստանի և Իրանի ցամաքային ուղին՝ Մեղրից Երևան ճանապարհը ևս լուրջ ուշադրության ու վերակառուցման կարիք ունի։ Այդ լեռնային ճանապարհի խնդիրները բացասաբար են ազդել երկու երկրների միջև առևտրի վրա։

Ինչ վերաբերում է համագործակցության հնարավորություններին, ապա պետք է նշել, որ կան մի շարք կարևոր ոլորտներ։ Հայաստանն Իրանի միակ քրիստոնյա հարևանն է, Հայաստանն Իրանի համար ԵԱՏՄ շուկա մտնելու դարպաս է։ 2022թ. հոկտեմբերին Իրանի և ԵԱՏՄ միջև արտոնյալ պայմաններով առևտրի մասին համաձայնագիրը կվերածվի ազատ առևտրի համաձայնագրի, և Իրանն ու Հայաստանը ենթակառուցվածքային, տարանցման, մաքսային ու բանկային ոլորտներում պետք է պատրաստ լինեն այդ իրադարձությանը։ Գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրերը շատ կարևոր են, և հույս ունեմ՝ մի քանի տարվա ջանքերից ու ներդրումներից հետո երկու երկրները արդյունքի կհասնեն։ Մեղրիի և Նորդուզի ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցությունը ևս շատ կարևոր հարց է։ Հույս ունենք՝ Հայաստանի կառավարությունը արագություն կհաղորդի Մեղրիի ԱՏԳ-ի ենթակառուցվածքների զարգացմանը։

Կապի և ՏՏ, գյուղատնտեսության, անասնաբուծության, արդյունաբերության ոլորտները Հայաստանի և Իրանի համագործակցության մյուս կարևոր ոլորտներից են։ Հայաստանում թուրքական ապրանքների բոյկոտն ու 2200 անուն ապրանք իրանականով փոխարինելու Հայաստանի կառավարության առաջարկը երկկողմ առևտրային և տնտեսական համագործակցությունն ամրապնդելու լավ հնարավորություն են։ Ինչպես գիտեք՝ թուրքական ապրանքների արգելքի մասին նախագիծը սկսել է գործել 2021թ․ հունվարից, և այդ  ժամկետն ավարտվելու է հունիսին։ Հաշվի առնելով երկու երկրների կարողությունները՝ ավելի լավ կլինի, որ այդ ժամկետը երկարաձգվի ևս վեց ամսով՝ մինչև 2021թ․ վերջ։

Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը շուրջ 300 մլն դոլար է, և կարելի է հուսալ, որ երկու երկրների տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի նախաձեռնողականության և հետևողականության շնորհիվ այդ ծավալը կարող է աճել։ Հունիսի 10-13-ն Իրանը Հայաստանում 6 ոլորտների առնչվող, այդ թվում՝ էներգետիկայի, ինժեներական և շինարարկան, գիտելիքահեն ընկերությունների, պարենային արդյունաբերական ավանների, գյուղատնտեսության ոլորտներին առնչվող ցուցահանդես է անցկացնելու, որը մեծապես կարող է նպաստել հայ հասարակությանն իրանական ընկերությունների հնարավորությունների և կարողությունների ներկայացմանը»։

-Ադրբեջանը Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի կողմերից խախտել է Հայաստանի պետական սահմանները և օկուպացրել որոշ հատվածներ։ Իրանը հայտարարել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է։ Այս առնչությամբ ԻԻՀ-ն ինչպե՞ս կարող է աջակցել Հայաստանին։

- Իրանը, որպես Հայաստանի ու Ադրբեջանի հարևան երկիր, խորապես անհանգստանում է Բաքվի և Երևանի միջև լարվածության սրացմամբ։ Միջազգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխելիությունն Իրանի մշտական դիրքորոշումն է եղել, և այդ մասին Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են և՛ նախորդ տարվա Ղարաբաղի պատերազմի ժամանակ, և՛ արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի Բաքու և Երևան այցերի ընթացքում։ Իմ կարծիքով՝ եթե Հայաստանն ու Ադրբեջանը հակասություններ ունեն հրադադարի մասին հայտարարության 9-րդ կետի  մեկնաբանության հարցի շուրջ, ապա ավելի լավ կլինի, Ռուսաստանի հետ եռակողմ բանակցությունները շարունակելով, վերացնեն այդ անորոշությունը:

Լրացուցիչ համաձայնագրի կնքումը կարող է նպաստել այս իրավիճակի հստակեցմանը։ Իրանը ևս կարող է աջակցել այդ գործին, և Զարիֆի՝ Երևան ու Բաքու վերջին այցերի ընթացքում ևս այդ հարցը քննարկվել է։

Իրանի ԱԳ նախարարի՝ իրավական և միջազգային հարցերով տեղակալ Մոհսեն Բահարվանդը, որը մարտի վերջին այցելել էր Հայաստան, վերադարձի ճանապարհին Կապան քաղաքում հանդիպել էր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և այցելել հայ-իրանական սահման։ Սրանք ցույց են տալիս, որ իրանա-հայկական 38 կմ սահմանը երկու կողմերի համար էլ կարևոր է։

Իրանը 15 հարևան ունի, և մենք բոլոր հարևանների հետ մեր բոլոր սահմանների կարիքն ունենք։ Այդ իսկ պատճառով՝ Իրանը կտրականապես դեմ է լինելու Հայաստանի տարածքի նկատմամբ ցանկացած տեսակի ոտնձգության և հայ-իրանական սահմանի հավանական սահմանափակմանն ու սպառնալիքին, ինչ նպատակով էլ որ այն լինի, այդ թվում՝ Ղարաբաղի հրադարարի համաձայնության 9-րդ կետի կատարման և Նախիջևանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցական միջանցքի (Զանգեզուրի միջանցք) ստեղծման համար։ Եվ ինչպես 2021թ․ ապրիլի 14-ին Բաքվում Ադրբեջանի նախագահի և արտասահմանցի հետազոտողների հետ հանդիպմանն եմ նշել՝ Իրանի ու Ադրբեջանի 750 կմ սահմանը և Իրանի ու Հայաստանի 38 կմ սահմանը մեր երկրի համար կարևոր են և ռազմավարական նշանակություն ունեն։ Հույս ունենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների  զսպվածությամբ, իմաստնությամբ ու հեռատեսությամբ և երկկողմ ու բազմակողմ բանակցությունների ու խորհրդակցությունների շարունակմամբ կվերացվեն հրադադարի համաձայնության 9-րդ կետի մեկնաբանման շուրջ հակասությունները և լրացուցիչ համաձայնագրերի կնքմամբ՝ ճանապարհ կհարթվի Հարավային Կովկասի հաղորդակցական ուղիների բացման համար, ինչը տարածաշրջանի բոլոր երկրների խաղաղության, կայունության և զարգացման օգտին կլինի։

- Արցախյան 44-օրյա պատերազմից հետո առաջացած իրադրությունն ինչպե՞ս է ազդել Իրանի վրա: Ի՞նչ նոր մարտահրավերներ են առաջացել Իրանի համար և ինչպիսի՞ն է այդ հարցում Թեհրանի պաշտոնական մոտեցումը:

- Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում Ջաբրայիլին, Ֆիզուլիին, Զանգիլանին Իրանի աշխարահագրական մերձավորության հետևանքով Իրանի սահմանների ավելի քան 132 կմ հատվածը այս պատերազմի անմիջական ազդեցության ներքո էր, և շատ արկեր ու հրթիռներ հայտնվեցին Արդաբիլի ու Արևելյան Ատրպատականի գյուղերում: Սակայն, չնայած դրան, իմ կարծիքով՝ ղարաբաղյան 44-օրյա պատերազմի արդյունքներն Իրանի համար ամբողջովին բացասական չեն եղել: Իրանի համար Խոդաֆարինի ջրամաբարի ու ՀԷԿ-ի կառուցումն ավարտելու հնարավորություն է ստեղծվել, Հայաստանի կառավարության առաջարկով՝ 2200 անուն իրանական ապրանք փոխարինել է թուրքականին և որ ամենակարևորն է՝ նախատեսվում է վերականգնել խորհրդային շրջանում Հարավային Կովկասում գործած երկաթուղին, և դրանով 3 տասնամյակ անց Իրանի համար տարածաշրջանի հետ երկաթուղային կապ ունենալու հնարավորություն է ստեղծվել: Ցավոք սրտի, Իրանը միակ երկիրն է, որը ղարաբաղյան առաջին պատերազմի հետևանքով կորցրել է Կովկասի հետ երկաթուղային հաղորդակցությունը: Այդ իսկ պատճառով՝ Թավրիզ-Ջուլֆա-Նախիջևան երկաթուղու և այնտեղից էլ Երևան-Թբիլիսի երթուղու գործարկումը հետպատերզմյան շրջանում Իրանի և Հայաստանի համար ստեղծված կարևոր հնարավորություններից են, և հույս ունեմ, որ Ղարաբաղի հրադադարի համաձայնագրի 9-րդ կետի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի հակասությունների կարգավորմամբ՝ կկարողանանք 3 տասնամյակ անց գործարկել այս ուղին: Իմ կարծիքով, եթե հարցին իրատեսական մոտենանք, Հարավային Կովկասում գործած երկաթուղային ցանցի վերականգնումը միակ գործոնն է, որը ներկայումս կարող է երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի և մյուս կողմից Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի միջև համագործակցության առանցքում լինել ու «3+3» ձևաչափի իրագործման համար սկզբնակետ հանդիսանալ: Երկաթուղային ցանցերը Հայաստանի ու Ադրբեջանի համար կարող են ունենալ նույն դերակատարությունը, ինչը 2-րդ համաշխարհայինից հետո Գերմանիայի ու Ֆրանսիայի միջև ունեցան ածուխն ու պողպատը:

- Իրանը ցանկանում է Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքը գործարկել Հայաստանի տարածքով: Բացի այդ, ցանկություն կա նաև Հյուսիս-Հարավ միջանցքի մի հատվածն անցկացնել Հայաստանի տարածքով: Ինչո՞վ է պայմանավորված իրանական կողմի այս շահագրգռվածությունը:

- Կովկասում Իրանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է տարանցիկ և հաղորդակցության ուղիների բազմազանեցումը: Այս առումով Իրան-Ադրբեջան-Ռուսաստան հաղորդակացական ուղուն (Հյուսիս-Հարավի մաս կազմող Ռաշտ-Աստարան ընթացքի մեջ է) զուգահեռ՝ Իրանը ցանկանում է Հայաստանի և Վրաստանի տարածքով Պարսից ծոց-Սև ծով միջանցքի գործարկմանը հետամուտ լինել: Ինչպես արդեն նշեցի՝ Թավրիզ-Ջուլֆա-Նախիջևան և այնտեղից էլ Երևան-Թբիլիսի երթուղու վերականգնումն այս միջանցքը կյանքի կոչելու համար շատ կարևոր քայլ կլինի, որը կարող է փոխարինել Երևան-Մեղրի երկաթուղուն, որը շատ ծախսատար է և մեկ տասնամյակ անց էլ դեռ չի կառուցվել: Պարսից ծոց-Սև ծով միջանցքը կարող է Պարսից ծոցը միացնել Սև ծովին, ինչը տարածաշրջանային մակարդակով շատ կարևոր իրադարձություն կլինի:

- Իրանում հունիսի 18-ին ընտրություններ են: Դրանց արդյուքներն ինչպե՞ս կարող են ազդել Իրանի արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ Հայաստանի հետ հարաբերությունների վրա:

- Իրանի նախագահի ընտրությունն անցկացվելու է հունիսի 18-ին, իսկ հունիսի 20-ին՝ Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունը: Ուստի երկու երկրների քաղաքական դաշտն առաջիկա շաբաթներին կարևոր իրադարձության ականտես է լինելու: Սակայն իրանական կողմում, անկախ նրանից, թե ով կդառնա երկրի հաջորդ նախագահը, շատ քիչ հավանական է, որ հարևանների, այդ թվում` Հայաստանի նկատմամբ Իրանի մոտեցման մեջ փոփոխություն տեղի ունենա: Իրանի արտաքին քաղաքականության առաջին օղակը հարևաններն են, և ով էլ որ նախագահ լինի, պետք է այդ առաջին օղակի հետ աշխատի: Այդ իսկ պատճառով՝ Իրանի հաջորդ կառավարության օրոք կարող է փոփոխություն լինել Եվրոպայի և ԱՄՆ-ի նկատմամբ մոտեցման հարցում, սակայն հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ շատ քիչ հավանական է, որ փոփոխություն կլինի: Հույս ունենք՝ Հայաստանի հասարակությունը ևս առաջիկա շատ կարևոր ընտրության շնորհիվ վերջին ամիսների այս քաղաքական փակուղուց դուրս կգա: Կասկած չկա, որ թույլ և անկայուն Հայաստանը Կովկասի խաղաղության ու կայունության օգտին չէ և որպես հարևան երկիր՝ Իրանի համար ևս շատ կարևոր է, որ Հայաստանում կայունություն ու անդորր լինի: Հույս ունեմ՝ Իրանի նախագահի ընտրությունից և Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրությունից հետո երկու երկրների հարաբերությունները նախկինից էլ ավելի կզարգանան: