Հայաստանն Իրանի տնտեսական կարևոր գործընկերն է

9 ր.   |  2021-06-02
«Հայաստանը Հյուսիս-Հարավ միջանցքի,Պարսից ծոցը Սև ծովին կապող ամենակենսական հատվածն է». Իրանցի փորձագետ

Ա րցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրադրության առնչությամբ Իրանի դիրքորոշման, Թեհրանի համար առաջացած նոր   մարտահրավերների, հայ-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարների, Ադրբեջանի կողմից ՀՀ պետական   սահմանը խախտելու իրողությանն իրանական կողմի մոտեցման և այլ թեմաների շուրջ ներկայացնում ենք Թեհրանի Ալամեհ   Թաբաթաբայի համալսարանի դասախոս,  միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ Էհսան Մովահեդիանի հետ   հարցազրույցը:

 -Վերջերս Հայաստանի և Իրանի պաշտոնյաների փոխայցելությունների ականտեսն ենք լինում։ Կողմերը նպատակադրված են   ընդլայնել երկկողմ համագործակցությունը։ Ձեր կարծիքով՝ հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար ի՞նչ   խոչընդոտներ և ի՞նչ հնարավորություններ են առկա։

 -Երկու երկրները՝ Իրանը և Հայաստանը, տնտեսական, առևտրային, անվտանգային, մշակութային և քաղաքական ոլորտներում   հարաբերությունները զարգացնելու լայն հնարավորություններ ունեն։ Էներգիայի, տրանսպորտի, արդյունաբերության, հանքերի, տարատեսակ արտադրանքների ստեղծման համար որակյալ և էժան աշխատուժի, մասնագիտացման և տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների կարիքներն ու հնարավորությունները, մի կողմից երկու երկրների՝ միմյանց փոխլրացնող աշխարհագրական դիրքը և մյուս կողմից՝ անվտանգային մարտահրավերները հաղթահարելու, հանքերի շահագործման ոլորտում Իրանի փորձն ու մասնագիտացումը, ինչպես նաև որոշ ապրանքների արտադրման համար ժամանակակից տեխնոլոգիաներ, հարուստ էներգետիկ պաշարներ և զարգացած հաղորդակցական ուղիներ ունենալու հանգամանքը երկու երկրների հարաբերությունների ընդլայնման լավ հնարավորություններ տալիս։ Սակայն երկու երկրների կառավարությունները Հայաստանի ու Իրանի առևտրականներին և գործարարներին երկկողմ կարողություններին ծանոթացնելու համար մինչև այժմ անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկել։ Եվ դրա պատճառն այն է, որ երկու երկրների կառավարությունները անուշադրության են մատնել հարևանության հնարավորություններն օգտագործելու անհրաժեշտությունը։ Երկու երկրների բանկային հարաբերությունները դեռ բավարար չափով չեն զարգացել, երկու կողմերի մասնավոր հատվածի և առևտրականների համար ֆինանսական շրջանառությունն ու մաքսային ծառայությունները հեշտությամբ չեն իրականացել, և «Արաս» ազատ տնտեսական գոտու հնարավորությունները լավ չեն օգտագործվում։ Առկա խոչընդոտներից են նաև Հյուսիս-Հարավ միջանցքն ավարտելու, Պարսից ծոցը Սև ծովին կապելու հարցերում երկու երկրների դանդաղկոտությունը, Իրանի և ԵԱՏՄ միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը չկնքելու հանգամանքը (հուսով ենք, որ 2021 թվականին դա տեղի կունենա, և Հայաստանի ու Իրանի միջև նվազագույնը ազատ առևտրի մասին համաձայնագիր կստորագրվի), ենթակառուցվածքային և բեռնափոխադրումների համակարգի թերությունները։

Հաշվի առնելով, որ Հայաստանում արգելվել է թուրքական ապրանքների ներկրումը, այս երկիրը կարող է եվրասիական տարածաշրջանում իրանական որակյալ ապրանքների ցուցափեղկի վերածվել, և երկու երկրները կարող են, միմյանց հետ համագործակցելով, համատեղ ապրանքանիշեր ստեղծել։ Սակայն Իրանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունների զարգացման համար երկու երկրների կառավարությունները նախ պետք է ենթակառուցվածքային հնարավորություններ ապահովեն, որպեսզի գործարարները խոչընդոտների չհանդիպեն: Իրանի և Հայաստանի մասնավոր հատվածները պետք է իրենց կառավարություններից պահանջեն, որ զերծ մնան հակասող և խոչընդոտող օրենքների ընդունումից, և երկու երկրների արտաքին քաղաքականությունում մեկ միասնական ձայն հնչի։ Բացի այդ, օտարերկրյա ներդրումների գրավումը, երկու երկրների միջև նավթի, գազի, էներգիայի ոլորտներում համագործակցության զարգացումը, մաքսային ընթացակարգերի պարզեցումը, մաքսային համաձայնագրի արդյունավետության բարձրացումը, երկկողմ դրամական, բանկային, ապահովագրական պայմանագրերի կնքումը, հատկապես՝ ներդրումների և արտահանման վարկի պայմանագրերի կնքումը, ինչպես նաև համատեղ բանկի հիմնումը կնպաստի կողմերի միջև ներդրումների և առևտրաշրջանառության դյուրինացմանը և ֆինանսական անվտանգ ու արագ կարգավորման մոդելի գործարկմանը։

-Ադրբեջանը Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերում խախտել է Հայաստանի պետական սահմանները և օկուպացրել որոշ հատվածներ։ Իրանը հայտարարել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է։ Այս առնչությամբ ԻԻՀ-ն ինչպե՞ս կարող է աջակցել Հայաստանին։

-Ադրբեջանի և Հայաստանի ռազմական բախման սկզբում Իրանը տարբեր պատճառներով, ինչպիսիք են Միացյալ Նահանգների պատժամիջոցներն ու տնտեսական ճնշումները, Արևմտյան Ասիայում հակամարտող այլ ճակատներում բախումները և բախման նոր ճակատ չավելացնելու ցանկությունը, Իրանի ազգային անվտանգության և շահերի վրա այս հակամարտության ազդեցության մասին ներքին որոշ հատուկ և ոչ ճիշտ ընկալումները, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից հետևողականության և լուրջ խնդրանքի բացակայությունը, այս ճգնաժամում լուրջ դերակատարում չունեցավ։ Սակայն, Թուրքիայի կառավարության աջակցությամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունների շարունակումը և Ադրբեջանի ռազմական շարժերին դիմակայելու հարցում Ռուսաստանի ոչ բավարար քայլերն այս հարցում Իրանի կառավարության ավելի լուրջ դերակատարությունն անհրաժեշտություն են դարձրել։ Ակնհայտ է, որ Իրանը որևէ կերպ չի շահում Եվրոպա գազ արտահանելու համար Հյուսիս-Հարավ միջանցքի և Իրանից Հայաստան, Վրաստան, Սև ծով և Եվրոպա տարանցիկ ուղիների առավելությունների օգտագործման բացակայությունից։ Այդ իսկ պատճառով՝ Հայաստանի կառավարության խնդրանքի դեպքում Իրանը կարող է Հայաստանում խորհրդատվական ներկայություն ապահովել, արտաքին ագրեսիային հակազդելու համար վերապատրաստել հայ զինվորականներին և նրանց փոխանցել իր փորձը, ամրապնդել հայ զինվորականների մարտական կարողությունն ու գործնական հմտությունները: Իրանական ուժերը կարող են նաև որպես խաղաղապահներ տեղակայվել սահմանային զգայուն հատվածներում, որպեսզի կանխեն արտաքին ոտնձգություններն ու անհրաժեշտ ուղերձ հղեն այն երկրներին, որոնք Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու ցանկություն չունեն և ահաբեկիչներին դեպի Հայաստանի սահմաններ արտահանելու քաղաքականություն են որդեգրել։ Հայաստանը կարող է Իրանից զարգացած զինտեխնիկա գնել, հատկապես՝ տարատեսակ ԱԹՍ-ներն ու հրթիռները կամրապնդեն նրա ռազմական կարողությունը։ Ակնհայտ է, որ Հայաստանի ռազմական թուլության դեպքում, Ադրբեջանը հետամուտ կլինի Սյունիքն օկուպացնելու իր ծրագրերին և Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապն ապահովելուց բացի, Թուրքիան անմիջական հասանելիություն կունենա Կասպից ծովի, այնուհետև Կենտրոնական Ասիայի նավթագազային պաշարներին։

-Արցախյան 44-օրյա պատերազմից հետո առաջացած իրադրությունն ինչպես է ազդել Իրանի վրա: Ի՞նչ նոր մարտահրավերներ են առաջացել Իրանի համար և ինչպիսի՞ն է այդ հարցում Թեհրանի պաշտոնական մոտեցումը:

- Ղարաբաղի 44-օրյա պատերազմն Իրանի ազգային շահերին ուշադրության արժանի վնասներ է հասցրել։ Մի կողմից՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Սիրիայից թաքֆիրի ահաբեկիչների տեղափոխումը Ղարաբաղ վտանգել է Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի ազգային անվտանգությունը, և հնարավոր է՝ Ղարաբաղն ու Կովկասը անհայրենք ահաբեկիչների նոր օջախը դառնան։ Կենտրոնական կառավարության բացակայության պատճառով Թուրքիան արդեն նույնն արել է Լիբիայում, և այդ երկիրը դարձրել է խաղահրապարակ իր աջակցած բոլոր տեսակի ահաբեկիչների համար: Այս ահաբեկիչները կարող են հարևան երկրներում, էթնիկական և լեզվական գործոններն օգտագործելով, հուզումներ առաջացնել և վտանգել նրանց ազգային անվտանգությունը։ Թուրքիայի կառավարությունը տարածաշրջան ահաբեկիչներ տեղափոխելուց բացի, ամրապնդել է Ադրբեջանի ռազմական կարողությունն ու սպառազինությունը, սադրել Ադրբեջանի կառավարությանը, այլ երկրների թյուրքախոս քաղաքացիներին և թեժացրել Ղարաբաղի պատերազմը։

Վերջին պատերազմում Ադրբեջանի հաջողված ռազմավարությունը, այսինքն՝ Իրանի սահմանի գծով տեղաշարժն ու ռազմական գործողությունների վարումը, կարող է Ադրբեջանի համար Սյունիքում Հայաստանի տարածքի մի մասի և հատկապես՝ Իրանին սահմանակից շրջանների օկուպացիայի միջոցով Նախիջևանի հետ ցամաքային կապ ապահովելու ռազմավարական քաղաքականության վերածվել։ Ղարաբաղի գրավումից հետո, Ադրբեջանի կառավարությունը, Թուրքիայի հրահրմամբ և աջակցությամբ, երկու հիմնական ուղղություններով՝ Ադրբեջանի և Նախիջևանի տարածքներից կարող է Հայաստանի և Սյունիքի մարզի վրա հարձակվել, որպեսզի Նախիջևանի հետ ցամաքային կապ ապահովի։ Ադրբեջանի, Հայաստանի և Նախիջևանի հետ Իրանի սահմանները տարածաշրջանում Իրանի հիմնական հակառակորդի՝ Թուրքիայի մշակած գործընթացում կարող են վերածվել լարվածության սահմանների և տարածաշրջանային պատերազմի ու ահաբեկչության նոր օջախի: Թուրքիայի և Նախիջևանի միջև ցամաքային սահմանի գոյության պատճառով վարձկան ահաբեկիչները և Իրանին ընդդիմադիր ուժերը ավելի հեշտությամբ կարող են Նախիջևանում ներկայություն ապահովել և գործունեություն ծավալել։ Ղարաբաղի պատերազմի խորամանկ և հնարամիտ քաղաքականություն մշակողները (Իսրայել, Թուրքիա), Իրանի սահմանի երկայնքով շարժվելու մարտավարությունն օգտագործելով, ջանացին Հայաստանի բանակի համար սահմանափակումներ ստեղծել, Իրանի ազարիախոս քաղաքացիներին Հայաստանի դեմ բախմանը հրահրել, ինչը, սակայն, իրանցի զինվորականների զգոնության շնորհիվ տեղի չունեցավ։ Սակայն այս մարտավարության կրկնությունը հավանական է։

Ադրբեջանի հզորացումն ու տարածաշրջանում նրա ռազմական կարողության ամրապնդումը, որի ցուցադրման ականատեսը եղանք Ղարաբաղի պատերազմի ընթացքում, մի գործընթաց է, որը հիշեցնում է 1970-90-ականն թթ․ Իրաքի բաասական իշխանության ռազմատենչ վերելքը։ Այդ տարիներին Սադամի կառավարության լայնամասշտաբ զինումն ու հզորացումը տարածաշրջանում պատերազմի ու ճգնաժամի երկարաժակետ փուլի հանգեցրեց։ Իրանի դեմ Սադամի կառավարության կողմից պատերազմի հրահրումն ու այնուհետև Քուվեյթի օկուպացիան և Սաուդյան Արաբիային սպառնալը տարածաշրջանային և համաշխարհային դերակատարների կողմից Իրաքին կուրորեն զինելու քաղաքականության հետևանքներից կարելի է համարել, և նույնն այժմ իրականացվում է Ադրբեջանի պարագայում՝ Թուրքիայի և Իսրայելի կողմից զինումով։
Մյուս կողմից՝ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի հետևանքներից են նաև Իրանի և Հայաստանի ցամաքային սահմանի կրճատումը, Հյուսիս-Հարավ միջանցքի վերացման հավանականությունը, Իրանից Հայաստան և այնուհետև Եվրոպա էներգիայի փոխադրման և տարանցման գծերի ստեղծման ուղղությամբ խոչընդոտների առաջացման հավանականությունը։ Այս գործընթացն Իրանին կարող է զրկել միլիարդավոր դոլարներրի եկամուտից։ Մյուս կողմից՝ Անկարան Ադրբեջանին հասանելիություն ունենալու համար այլևս Իրանի տարանցիկ ճանապարհի կարիքը չի ունենա։
Պատերազմի անհանգստացնող մյուս հետևանքներից է նաև Իրանի հյուսիսարևմտյան սահմաններին Իսրայելի ամրապնդման հնարավորությունը։ Պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնության ստորագրումից հետո Բաքվում մարդկանց տոնախմբության ժամանակ Ադրբեջանի դրոշի կողքին Թուրքիայի և Իսրայելի դրոշների առկայությունն այս հարցում որոշ դառը իրողությունների ցուցիչն են։ Իրանի հյուսիսարևմտյան սահմաններին մշտական ներկայությամբ Իսրայելը կարող է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի փոխլրացնող ձեռքը լինել և տարածաշրջանի երկրների միջև տարաձայնություններ առաջացնելու քաղաքականությանը հետամուտ լինել։ Իրանի ներքին գործերին միջամտելը, Իսլամական հանրապետությանը վերահսկելու ջանքերը, Իրանում էթնիկական հրահրումներ առաջացնելն Ադրբեջանին աջակցելու Իսրայելի դրդապատճառներից են։ Մյուս կողմից՝ Ադրբեջանում ներկայություն ունենալով, Իսրայելը կարող է ազդել տարածաշրջանի նավթագազային քաղաքականության վրա, ինչպես նաև՝ ջանալու է ռազմաբազա ստեղծել Կասպից ծովի ափին։

-Իրանը ցանկանում է Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքը գործարկել Հայաստանի տարածքով: Բացի այդ ցանկություն կա նաև Հյուսիս-Հարավ միջանցքի մի հատվածն անցկացնել Հայաստանի տարածքով: Ինչո՞վ է պայմանավորված իրանական կողմի այս շահագրգռվածությունը:

-Հաշվի առնելով Իրանի նկատմամբ Ադրբեջանի ոչ բարեկամական քաղաքականությունը և Թուրքիայի ու Իսրայելի ցանկություններից այս երկրի ուժեղ կախվածությունը, բնական է, որ Իրանը բարեկամական Հայաստանին դիտարկում է որպես գազի փոխադրման և ապրանքների ու ծառայությունների արտահանման միջանցքի ստեղծման համար այլընտրանքային երկիր։ Հայաստանն Իրանի տնտեսական կարևոր գործընկերն է, և բացի այդ, շահում է ճանապարհաշինական տարբեր նախագծերում Իրանի մասնակցությունից։ Հայաստանը Հյուսիս-Հարավ միջանցքի նախագածի, Պարսից ծոցը Սև ծովին և Կովկասի երկրները Կենտրոնական Ասիային կապող ամենակենսական հատվածն է, և Իրանին Հայաստանի հետ ցամաքային սահմանից զրկելու Թուրքիայի երազանքի իրականացման դեպքում ԻԻՀ-ն կորցնելու է իր աշխարահաքաղաքական դիրքի առավելություններն ու կարողությունը։ Նախիջևանի, Ղարաբաղի և Ադրբեջանի միավորումը հանգեցնելու է Իրանի և Հայաստանի ցամաքային սահմանի վերացմանը։ Իսկ Հայաստանն Իրանի համար դիտարկվում է որպես այլընտրանքային տարանցիկ ուղի է՝ Եվրոպայի հետ առևտրում բացառապես Թուրքիայից կախված չլինելու համար։ Բայց այժմ Թուրքիան, Ադրբեջանին ռազմական արկածախնդրության դրդելով և իրագործելով իր վտանգավոր ծրագրերն ու նվազեցնելով Հայաստանին Իրանի հասանելիությունը, կարող է իր շահերը որոշակիորեն պարտադրել Իրանին։ Իրանի հյուսիսարևմտյան նահանագների բնակիչները, հաղորդակցական այդ միջանցնքերին հասանելիություն ունենալով, տնտեսական մեծ օգուտ են ստանում, իսկ դրանց վերացումը նշված նահանգներին զգալիորեն զրկելու է եկամտից։ Հույս ունենք, որ Հայաստանի, Վրաստանի և Իրանի բարեկամական հարաբերությունների ամրապնդմամբ այս երեք երկրները կկարողանան ինտեգրված գոտի ստեղծել՝ փոխադարձ շահերն ապահովելու համար։

-Իրանում հունիսի 18-ին ընտրություններ են: Դրա արդյուքներն ինչպե՞ս կարող են ազդել Իրանի արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ Հայաստանի հետ հարաբերությունների վրա:

-Իրանի նախագահի թեկնածուների մեծամասնությունն արտաքին քաղաքականության հարցում ընդգծում են հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը և վստահ են, որ այդ կերպ հնարավոր է ապահովել միմյանց քաղաքական, տնտեսական, մշակութային, անվտանգային և այլ շահերը։ Հոջաթոլէսլամ Ռաիսին՝ նախագահի ընտրության ֆավորիտ թեկնածուն, իր նախընտրական առաջին նիստին գործարարների հետ հանդիպեց և հարևան երկրների հետ տնտեսական շուկաների ստեղծումը կարևորեց։ Նա 2021թ. մարտին Իրանի հյուսիս-արևելք՝ Թայբադի սահմանային շրջան այցի ընթացքում հայտարարել է․ «Հարևան երկրների հետ հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության օրակարգում են, և պետք է օգտագործել հարևան երկրներում ու տարածաշրջանում առկա հնարավորությունները և ավելացնել փոխգործակցությունը։ Դյուրացնելով ապրանքների արտահանումը՝ մարդիկ՝ հատկապես սահմանամերձ շրջանների երիտասարդները, կարող են կարևոր դեր ունենալ արտադրության զարգացման գործում, այդ կերպ աշխատատեղերը ևս ավելանան»: Ըստ այդմ՝ Իրանի ապագա նախագահը հարևան և Հայաստանի նման բարեկամ երկրների հետ հարաբերությունների խորացմանը մեծ նշանակություն է տալիս»։