Վրացիները կրկին փողոցում են

3 ր.   |  2020-11-13

Հ ոկտեմբերի 31-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին հաղթեց՝ դառնալով անկախ Վրաստանի պատմության մեջ միակ քաղաքական ուժը, որը երեք անգամ անընդմեջ մնում է իշխանության ղեկին: Ընդդիմությունը, սակայն, ինչպես միշտ ընտրության արդյունքները համարեց կեղծված՝ դուրս գալով փողոց:

Անցյալ տարի Վրաստանի խորհրդարանը փորձեց սահմանադրական փոփոխություններով ընտրական համակարգը վերափոխել ամբողջությամբ համամասնականի՝ առանց ընտրական շեմի, սակայն խորհրդարանը չապահովեց ձայների 75%-ը: Սահմանադրական այս ճգնաժամը լուծվեց 2020թ.-ի մարտի 8-ին, երբ ԱՄՆ դեսպանատան և Եվրամիության միջնորդությամբ «Վրացական երազանք» կուսակցությունը և ընդդիմությունը համատեղ հուշագիր ստորագրեցին, որի արդյունքում որոշվեց 120 պատգամավորի ընտրել համամասնական ընտրակարգով, իսկ 30-ին` միամանդատ ընտրատարածքների միջոցով, եթե ստանան ձայների 50%-ը: Չհավաքելու դեպքում երկու առավել ձայներ հավաքած երկու թեկնածուները կմասնակցեն երկրորդ փուլին: Փոփոխվեց նաև կուսակցությունների ընտրական շեմի սանդղակը՝  5%-ից իջնելով 1%-ի: Ոչ մի կուսակցություն չի կարող նվաճել տեղերի մեծամասնությունը, եթե  չստանա համաժողովրդական ձայների առնվազն 40%-ը:

Հոկտեմբերի 31-ին Վրաստանում տեղի ունեցավ նոր ընտրական օրենքով խորհրդարանական 10-րդ գումարման ընտրությունները, որին, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, գրանցված է 3 մլն 526 հազար ընտրող: Ողջ երկրում կար 3657 ընտրատեղամաս: Արտասահմանում բացվել էր 52 ընտրատեղամաս, այդ թվում՝ երկուսն Աֆղանստանում, իսկ կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային տարածքներում, ինքնամեկուսացման վայրերում և հիվանդանոցում գտնվող անձանց համար բացվել է 127 կովիդ-տեղամաս: Ընտրություններին մասնակցել է 48 կուսակցություն և երկու դաշինք:

Հիմնական պայքարն ընթանում էր Վրաստանում վերջին տարիների գլխավոր երկու քաղաքական ուժերի՝ Իվանաշվիլու «Վրացական երազանք» և Սահակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների միջև: Նոյեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ այս պայքարում կրկին հաղթել է «Վրացական երազանքը»՝ ստանալով ձայների 48,23%-ը, որին հաջորդում է «Միացյալ ազգային շարժումը»՝ 27,16%: Ընդհանուր առմամբ՝ խորհրդարան է անցել 8 կուսակցություն:

Նախնական արդյունքների հրապարակումից հետո ընդդիմությունն այն որակեց կեղծված՝ փողոց դուրս բերելով իր համակիրներին: Ցույցերին, որոնք ընթանում են մինչ այժմ, մասնակցում է մոտ 30 կուսակցություն, այդ թվում՝ ընտրական շեմը հաղթահարածները, բացառությամբ «Հայրենասերների միություն» կուսակցության, որը բացահայտ ռուսամետ է: Ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են իրենց մանդատներից:

Խոսելով ընտրությունների արդյունքների մասին՝ «Աղմաշենեբելիի ռազմավարություն» կուսակցության ղեկավարը նշել է, որ կեղծվել է մոտ 200 հազար ձայն, որը գրեթե 10% է: Նա շեշտել է, որ սա ձայների աներևակայելի գողություն է, որի նմանը երբեք չի եղել Վրաստանում: Կեղծված ընտրությունների մասին է խոսում նաև «Transparency International» ընկերությունը, որի 600 դիտորդներ հետևել են դրանց: Նրանք այս ընտրությունները համարել 2016 թ.-ից մեկ քայլ հետ, իսկ 26 հասարակական կազմակերպություններ այս ընտրությունները համարել են «Վրացական երազանքի» իշխանության տարիներին ամենացածր ժողովրդավարական աստիճանն ունեցողը: Զուգահեռաբար՝ միջազգային դիտորդների նախնական գնահատականների ընտրությունները մրցակցային էին եղել և հարգվել են ընտրողների հիմնարար ազատությունները:

Ընտրությունների արդյունքները բողոքարկող ամենամեծ ցույցը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին ԿԸՀ-ի դիմաց: Ցուցարարները պահանջել են կեղծված ընտրությունների չեղարկում: Իր հերթին էլ «Միասնական ազգային շարժման» ղեկավար Նիկա Մելյան պահանջել է ԿԸՀ ղեկավարի Թամարա Ժվանիայի հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացում: Նրանք փակել են ԿԸՀ-ի ելքերն ու մուտքերը: Ցույցը ցրվել է ջրցան մեքենաներով, որի արդյունքում  27 մարդ վիրավորվել է, 19-ը՝ բերման ենթարկվել: Հաջորդ օրը դրանք շարունակվել են կառավարության դիմաց:  Նշվում է, որ ակցիային միացել են նաև մարզերի բնակիչները, որոնք, ըստ տարբեր աղբյուրների, հավաքել են 8-12 հազար մարդ: Իր հերթին իշխանությունը նշել է, որ բանակցությունների կգնան միայն միջազգային գործընկերների միջնորդությամբ: Նոյեմբերի 14-ին ընդդիմության խոսքերով սպասվում են «վիթխարի ցույցեր»:

Ընդդիմության ցույցերը դարձել են արդեն վրացական ֆենոմեն, որոնք միշտ ընտրություններից հետո տեղի են ունենում: Փորձագիտական շրջանակները կարծում են, որ այս կերպ «Միասնական ազգային շարժումը» փորձում է մանդատներ ստանալ նոյեմբերի 21-ին անցկացվող ընտրությունների երկրորդ փուլում, ուստի ցույցեր կանցկացնի մինչև այդ օրը, որից հետո դրանք կմարեն: