Հայաստանի և Վրաստանի բնակչության սոցիալական վիճակի համեմատական պատկերը

15 ր.   |  2020-10-28

Հոդվածում ներկայացված է Հայաստանի և Վրաստանի բնակչության սոցիալական վիճակի համեմատական պատկերը, որը ստացվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների «Կովկասյան բարոմետր 2019» հետազոտության տվյալների շտեմարանի վերլուծության արդյունքում[1]։

Վրաստանում հետազոտության տվյալները հավաքագրվել են 2019 թ․ հոկտեմբերի 9-ից՝ նոյեմբերի 4-ը, իսկ Հայաստանում՝ 2020 թ․ փետրվարի 21-ից՝ մարտի 15-ը։ Ընտրանքի ծավալը Հայաստանում՝ 1491, իսկ Վրաստանում՝ 2317 հարցվող։

Երկու երկրների համեմատությունը կատարվել է հետևյալ բնութագրերի միջոցով[2]

  1. Ընտանիքի անդամների քանակը,
  2. Ընտանիքների տնտեսական վիճակի ինքնագնահատականները,
  3. Կենցաղային գույքի առկայությունը,
  4. Սննդային զրկանքները,
  5. Եկամտի աղբյուրները,
  6. Դրամական եկամուտներն ու ծախսերը,
  7. Խնայողությունների և պարտքերի առկայությունը,
  8. Կենցաղային և կոմունալ պարտքերի առկայությունը,
  9. Ընտանիքների տնտեսական կարգավիճակի ինքնագնահատականները հարցման պահին և դրա փոփոխության սպասումները 5 տարի հետո,
  10. Հարաբերական զրկանքների (դեպրիվացիայի) ընկալումները,
  11. «Նորմալ» կյանքի համար անհրաժեշտ նվազագույն դրամական եկամուտը։

Ստացված արդյունքները ոչ միայն ինքնին կարևոր են հասկանալու համար երկու հարևան երկրների բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը։ Դրանք կարևոր են նաև այն պատճառով, որ դիտարկված բնութագրերը լայնորեն կիրառվում են սոցիոլոգիական կանխատեսման մոդելներում՝ նկարագրելու և բացատրելու համար մարդկանց դիրքորոշումները և այդ դիրքորոշումների փոփոխությունները։ Սոցիալ-տնտեսական վիճակի և մարդկանց դիրքորոշումների միջև կապերն ուսումնասիրելիս կարևոր են ոչ միայն այդ կապերի վերհանումը և դրանց ուժգնության գնահատումը, այլ նաև այդ կապերից բխող հնարավոր փոփոխությունները և դրանց հետևանքները։ Անհրաժեշտ է գիտենալ, թե ինչպիսին են մարդկանց վարքը կանխատեսող սոցիալ-տնտեսական բնութագրերի բաշխումները։

Ընտանիքի անդամների քանակը

Հ այաստանում և Վրաստանում ընտանիքի անդամների միջին քանակը քիչ է տարբերվում իրարից։ Այնուամենայնիվ, «Կովկասյան բարոմետր 2019»-ի տվյալներով, Հայաստանում այն մի փոքր ավելի բարձր էր և հավասար էր 3․5-ի[3], իսկ Վրաստանում՝ 3․2-ի (Աղյուսակ 1)։ Հայաստանում գերակշռում են 3 անձից կազմված ընտանիքները, իսկ Վրաստանում՝ 2 անձից։ Երկու երկրներում էլ բավական բարձր է մեկ անձից կազմված տնային տնտեսությունների քանակը, համապատասխանաբար 14․7% և 18․0%:


Աղյուսակ 1․

Մեկ անդամից կազմված տնային տնտեսությունների սեռատարիքային կազմի դիտարկումը (Աղյուսակ 2) բացահայտում Հայաստանի և Վրաստանի համար ընդհանուր սոցիալական խնդիր:


Աղյուսակ 2.

  • Ե՛վ Հայաստանում, և՛ Վրաստանում միայնակ ընտանիքների մեծ մասը կազմում են միայնակ ծերերը (61+ տարեկան), ավելի ճշգրիտ՝ միայնակ ծեր կանայք։
  • Հայաստանում միայնակ ծերերից են կազմված ընտանիքների 10.4%-ը, ընդ որում՝ միայնակ ծեր կանանցից՝ 9.0%-ը։ Վրաստանում միայնակ ծերերի ընտանիքները կազմում են բոլոր ընտանիքների 12.8%-ը, իսկ միայնակ ծեր կանանցից կազմված ընտանիքները՝ 105%-ը։

Եթե արդյունքները վերահաշվարկենք ըստ մարդկանց քանակի, ապա․

  • Հայաստանում միայնակ ծերերը կազմում են չափահաս (18+ տարեկան) բնակչության 3.0%-ը, իսկ միայնակ ծեր կանայք՝ 2.5%-ը։ Վրաստանում միայնակ ծերերը կազմում են չափահաս բնակչության 38%-ը, իսկ միայնակ ծեր կանայք՝ 31%-ը։

Այս իրավիճակի գլխավոր գործոնն ակնհայտորեն աշխատունակ տարիքի բնակչության արտահոսքն է։

Ընտանիքների տնտեսական վիճակի ինքնագնահատականները հետազոտության պահին

Ը նտանիքների տնտեսական վիճակի ինքնագնահատականները ուսումնասիրելու համար կիրառվել է «Այս իրավիճակներից ո՞րն է առավել լավ բնութագրում Ձեր ընտանիքի ներկայիս տնտեսական վիճակը» հարցը։ Հարցվողն ընտրել է իր պատասխանն իրեն ներկայացված քարտից (Աղյուսակ 3)։


Աղյուսակ 3․

Հայաստանում ընտանիքների 15%-ին «Գումարը չի բավականացնում սննդին», 25%-ին՝ «Գումարը բավարար է սննդի, բայց ոչ հագուստ գնելու համար» և 45%-ին՝ «Գումարը բավարար է սննդի և հագուստի համար, բայց ոչ այնպիսի թանկարժեք ապրանքների համար, ինչպիսիք են սառնարանը, լվացքի մեքենան և այլն»։ Ընդամենը Հայաստանի ընտանիքների 85%-ին գումարը բավականացնում է սննդի և հագուստի համար, կամ ավելի նվազ չափով։

Վրաստանում այդ ցուցանիշներն ավելի վատթար են՝  համապատասխանաբար՝ 18%, 35% և 35%, ընդամենը՝ 87%: Նկատենք, որ Հայաստանում ընտանիքների քանակը, որոնց գումարը բավականացնում է սննդին և հագուստին (45%) նշանակալիորեն ավելի բարձր է, քան Վրաստանում (35%):

Այսպիսով․

  • Բնակչության ինքնագնահատականների տեսակետից Հայաստանում բնակչության բարեկեցությունն ավելի բարձր է, քան Վրաստանում։

Կենցաղային գույքի առկայությունը

Ա ղյուսակ 4-ում ներկայացված է Հայաստանի և Վրաստանի ընտանիքների գույքային բարեկեցությունը  կենցաղային գույքի և ծառայությունների 12 տեսակների շրջանակում։ Այն բնութագրում է ընտանիքներում կուտակված բարեկեցությունը։


Աղյուսակ 4.

Հայաստանում և Վրաստանում ընտանիքների ճնշող մեծամասնությունում՝ 90%-ից ավելի, առկա է սառնարան, գունավոր հեռուստացույց և ընտանիքի որևէ անդամին պատկանող բջջային հեռախոս։

Գույքային բարեկեցությունը բնութագրող առարկաների երկրորդ խումբը՝ ավտոմատ լվացքի մեքենան, անձնական բջջային հեռախոսը և ընտանիքի որևէ անդամի բջջային հեռախոսով ինտերնետին միանալու հնարավորությունը։ Այդ բարիքներն առկա են ընտանիքների 70-86%-ում։

Ընտանիքի գույքային բարեկեցության կարևոր բնութագրեր են համակարգչի և ավտոմեքենայի առկայությունը։ Համակարգիչ ունեն Հայաստանի ընտանիքների 58% և Վրաստանի ընտանիքների 51%-ը, իսկ ավտոմեքենա, համապատասխանաբար՝ 46% և 38%-ը։

Աղյուսակ 4-ի ամբողջական պատկերը ցույց է տալիս, որ դիտարկված 12 գույքի տեսակներից վեցի դեպքում, այդ թվում՝ ավտոմեքենա, ավտոմատ լվացքի մեքենա և համակարգիչ, դրանց առկայությունը Հայաստանի ընտանիքներում ավելի բարձր է, քան Վրաստանում (տարբերությունը մեծ է 3%-ից), չորսի դեպքում՝ մոտավորապես հավասար, իսկ երկուսի դեպքում, այդ թվում՝ օդորակիչ և անձնական բջջային հեռախոս, ավելի ցածր (տարբերությունը փոքր է «-3%»-ից)։

Այսպիսով, եթե դիտարկված գույքի տեսակները համարենք միմյանց «հավասարազոր», ապա․

  • Գույքային բարեկեցության տեսակետից Հայաստանի հասարակության վիճակն ավելի բարվոք է, քան Վրաստանինը։

Սննդային զրկանքներ

Ը նտանիքների սննդային զրկանքները գնահատվել են․ «Վերջին 12 ամիսներին որքա՞ն հաճախ է պատահել, որ չեք կարողացել անհրաժեշտ սնունդ գնել Ձեր/ընտանիքի համար» հարցի միջոցով (Աղյուսակ 5)։


Աղյուսակ 5․

Աղյուսակի տվյալների ընդհանուր կերպարը (գունավորման կերպարը) անմիջապես ուշադրություն է սևեռում այն փաստի վրա, որ սննդային զրկանքներ վերջին 12 ամիսների ընթացքում չեն կրել Հայաստանի ընտանիքների 65%-ը, իսկ Վրաստանի ընտանիքների միայն 46%-ը, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ․

  • Սննդային զրկանքների տեսակետից Հայաստանում իրավիճակը նշանակալիորեն ավելի բարվոք է, քան Վրաստանում։
Եկամտի աղբյուրներ

Աղյուսակ 6-ում տրված են դրամական եկամտի տարբեր աղբյուրների տարածվածությունը Հայաստանի և Վրաստանի ընտանիքների շրջանում։


Աղյուսակ 6․

Ե՛վ Հայաստանում, և՛ Վրաստանում ընտանիքների եկամուտների առավել տարածված տեսակներն են աշխատավարձերը և թոշակներն ու նպաստները։ Դրանք տարածված են Հայաստանում և Վրաստանում մոտավորապես նույն չափով՝ աշխատավարձեր ունեն Հայաստանի ընտանիքների 56%, իսկ Վրաստանի ընտանիքների 59%-ը։ Թոշակ կամ նպաստ են ստանում Հայաստանի ընտանիքների 49%-ը, իսկ Վրաստանի ընտանիքների՝ 51%-ը։

Էական տարբերություններ են առկա մասնավոր տրանսֆերտներից ստացված եկամուտների տարածվածության տեսակետից։ Հայաստանի ընտանիքների ավելի մեծ հատվածը՝ 24%-ն ունի արտասահմանից ստացվող դրամական աջակցություն, քան Վրաստանի ընտանիքները՝ 19%: Սակայն Վրաստանում ընտանիքների ավելի մեծ հատվածը՝ 17%-ն է ստանում գումար Վրաստանում բնակվող հարազատներից, ընկերներից, քան՝ Հայաստանի ընտանիքները՝ Հայաստանում բնակվող հարազատներից ու ընկերներից՝ 11%։

Վրաստանի ընտանիքների ավելի մեծ հատվածն ունի եկամուտներ գյուղմթերքի վաճառքից (28%), քան Հայաստանի ընտանիքները՝ 21%։

Մնացած տիպի եկամտի աղբյուրների (գույքի վարձույթ, գույքի վաճառք, տոկոսներ արժեթղթերից և ավանդներից) տարածվածությունը բավական փոքր է և կազմում է 1-6%։

Նշենք, որ այս տվյալները չեն ներկայացնում բարձր կամ ցածր սոցիալական վիճակ կամ բարեկեցության մակարդակ։

Դրամական եկամուտներ և ծախսեր

Ը նտանիքների դրամական եկամուտների և ծախսերի վերաբերյալ տվյալները հավաքագրվել են հետևյալ հարցերի միջոցով․

«Հաշվի առնելով Ձեր ընտանիքի բոլոր անդամների անցյալ ամսվա դրամական եկամուտը, բոլոր հարկերը մուծելուց հետո, քարտում բերված եկամտային ո՞ր խմբին է այն պատկանում»՛

«Ասեք խնդրեմ` որքա՞ն են կազմել Ձեր ընտանիքի անցյալ ամսվա ծախսերը»։

Հարցվողը նշել է իր ընտանիքի եկամուտներն ու ծախսերն օգտվելով իրեն տրված քարտի թվային միջակայքերից։ Ստացված արդյունքները տրված են Աղյուսակ 7-ում։ Այդ աղյուսակի տվյալներով եզրակացությունները կարող են խաբուսիկ լինել, քանի որ Հայաստանում կամ Վրաստանում ամսական $500 եկամուտ ունեցող երկու անձից կազմված ընտանիքը աղքատ չի համարվում, սակայն նույն եկամուտով 10 անձից կազմված ընտանիքը՝ համարյա չքավոր է։

Դրամական բարեկեցության մակարդակը նկարագրելու համար կիրառվում է ընտանիքի ամսական դրամական եկամուտը և ծախսը 1 շնչի հաշվով։[4] Այդ տվյալները ներկայացված են Աղյուսակ 8-ում։


Աղյուսակ 7․


Աղյուսակ 8․

Աղյուսակ 8-ի տվյալներից երևում է, որ․

  • Ըստ դրամական եկամուտների Հայաստանի և Վրաստանի ընտանիքների բարեկեցությունը ցածր է։
  • Հայաստանի ընտանիքների բարեկեցությունն ըստ դրամական եկամուտների և ծախսերի ավելի բարձր է, քան Վրաստանում։
Խնայողություններ և պարտքեր

Ը նտանիքներում խնայողությունների և պարտքերի առկայությունը գնահատվել է հետևյալ հարցերի միջոցով․ «Ներկայումս Ձեր ընտանիքն ունի՞ խնայողություններ» և «Ներկայումս Ձեր ընտանիքն ունի՞ պարտքեր» հարցերի միջոցով։ Ստացված պատասխանների բաշխումը ներկայացված է Աղյուսակ 9-ում։


Աղյուսակ 9․

Աղյուսակի տվյալներից երևում է, որ Հայաստանում ավելի մեծ քանակ են կազմում և՛ խնայողություններ (11.5%), և՛ պարտքեր ունեցող (56.1%) ընտանիքների քանակը, քան Վրաստանում (համապատասխանաբար՝ 5.5% և 45.1%) (11.5%)։ Հաշվի առնելով, ընտանիքների բարեկեցության նախորդ դիտարկված բնութագրերի համադրությունը Հայաստանում և Վրաստանում, այս արդյունքը կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ․

  • Վրաստանում՝ ընտանիքների ավելի ցածր դրամական բարեկեցության հետևանքով, ավելի փոքր է նաև խնայողություններ ունեցող ընտանիքների քանակը և, միաժամանակ, Վրաստանի ընտանիքները ավելի են խուսափում պարտքեր կուտակելուց։

Հնարավոր են նաև այլ բացատրություններ։

Կենցաղային և կոմունալ պարտքեր

Հ ետազոտությամբ դիտարկվել են նաև պարտքերի երկու յուրահատուկ տեսակ, որոնք նկարագրում են ընտանիքի աղքատությունը, այդ թվում՝ պարտքերը սնունդ գնելու համար և կոմունալ վճարների պարտքերը։ Դրա համար կիրառվել են հարցեր, որոնց պատասխանները արտահայտում են ոչ միայն նման պարտքեր վերցնելու փաստը, այլև հաճախությունը։ Այդ հարցերն են․ «Վերջին 6 ամսվա ընթացքում Ձեր ընտանիքը պարտք վերցրե՞լ է սնունդ գնելու համար: Դուք պարտք վերցրել եք ամեն շաբաթ/ամեն ամիս, երկու ամիսը մեկ/ավելի հազվադեպ/երբեք» և «Վերջին 6 ամսվա ընթացքում Ձեր ընտանիքը որքա՞ն հաճախ է պարտք վերցրել կոմունալ վճարումներ կատարելու համար: Դուք պարտք վերցրել եք ամեն շաբաթ/ամեն ամիս, երկու ամիսը մեկ/ավելի հազվադեպ/երբեք»։

Պատասխանները ներկայացված են Աղյուսակ 10-ում։


Աղյուսակ 10.

Տվյալները ցույց են տալիս, որ

  • Աղքատությունը նկարագրող այս երկու ցուցանիշների տեսակետից Հայաստանում իրավիճակն ավելի բարվոք է, քան Վրաստանում։

Այսպես՝ Հայաստանում սնունդ գնելու համար վերջին 6 ամսվա ընթացքում պարտք է վերցրել ընտանիքների 31%-ը, իսկ Վրաստանում՝ 46%-ը։ Համապատասխանաբար, կոմունալ վճարների համար պարտք է վերցրել Հայաստանի ընտանիքների 28%-ը, իսկ Վրաստանում՝ 36%-ը։

Տնային տնտեսությունների ներկա և 5 տարի հետո սպասվելիք կարգավիճակի ինքնագնահատականները

Հ ետազոտությունում առկա են հարցեր, որոնք թույլ են տալիս արտապատկերել, թե որ աստիճանի վրա են մարդիկ ընկալում իրենց ընտանիքի սոցիալական կարգավիճակը և այդ կարգավիճակի ինչպիսի փոփոխություն են ընկալում հինգ տարի հետո։ Դրա համար կիրառվել են հետևյալ հարցերը․

«Օգտագործելով այս քարտը, պատկերացրեք, որ սա Հայաստանի բոլոր ընտանիքների արդի տնտեսական վիճակը նկարագրող տասը աստիճանից կազմված սանդուղք է: Առաջին աստիճանին հանրության ամենացածր, իսկ 10-ներորդին՝ ամենաբարձր տնտեսական դիրք ունեցողներն են: Ձեր կարծիքով, սանդուղքի ո՞ր աստիճանին է այսօր գտնվում Ձեր ընտանիքը:»

«Oգտվելով նույն քարտից` ասեք խնդրեմ, Ձեր կարծիքով, հինգ տարի հետո Ձեր ընտանիքը ո՞ր աստիճանի վրա կգտնվի:»

Այդ հարցերի պատասխանների բաշխումը տրված է Աղյուսակ 11-ում։ Իրենց ընտանիքների ներկայի տնտեսական կարգավիճակների գնահատականները Հայաստանում և Վրաստանում ընդհանուր առմամբ միմյանց նման են։ Առավել մեծ թիվ են կազմում 5 (միջին) գնահատականները, որոնք Հայաստանում 38% են, իսկ Վրաստանում՝ 39%։ Սակայն, պատասխանների բաշխումներից երևում է, որ Հայաստանում մի փոքր ավելի մեծ թիվ են կազմում 5 գնահատականից ավելի բարձր գնահատականները, իսկ Վրաստանում՝ 5-ից ավելի ցածր գնահատականները։

Այսինքն․

  • Հայաստանի բնակչությունն իր ընտանիքի տնտեսական կարգավիճակը գնահատում մի փոքր ավելի բարձր, քան Վրաստանում։

Ինչ վերաբերվում է իրենց ընտանիքների 5 տարի հետո կարգավիճակների գնահատականներին, ապա առաջին հերթին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն փաստին, որ․

  • Հայաստանում և Վրաստանում մեծ թիվ են կազմում այն անձինք, ում համար իրենց ընտանիքի ապագա տնտեսական վիճակը՝ 5 տարի հետո, ներկայում անորոշ է, համապատասխանաբար՝ 317% և 47և% (կամ՝ Հայաստանում յուրաքանչյուր երրորդ անձը, իսկ Վրաստանում՝ յուրաքանչյուր երկրորդ անձը)։

Այդ պատճառով, Աղյուսակ 11-ի 2-րդ և 4-րդ սյուների մնացած տվյալները կարող են խաբուսիկ լինել։


Աղյուսակ 11.

Այդ պատճառով, Աղյուսակ 12-ում տրված են նույն հարցերին տրված պատասխանները, որոնցից դուրս են բերված «Դժվարացել են պատասխանել» և «Հրաժարվել են պատասխանել» տարբերակները։ Եթե ընտանիքների տնտեսական կարգավիճակների գնահատականների բաշխումները և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի դեպքում էական փոփոխություններ չեն կրել (1-ին և 3-րդ սյուներ), ապա ապագայի գնահատականների բաշխումները էապես փոխվել են և դարձել համադրելի՝ ապագային նկատմամբ որոշակի պատկերացում ունեցող անձանց համար։ Տվյալների դիտարկումից երևում է, որ․

  • Հայաստանում բնակչության սպասումներն ապագայում իրենց ընտանիքների տնտեսական կարգավիճակների փոփոխությունների նկատմամբ ավելի լավատեսական են, քան Վրաստանում։

Նույն աղյուսակի ներքևի տողում տրված են Հայաստանում և Վրաստանում ընտանիքների տնտեսական կարգավիճակների միջին արժեքները հետազոտության պահին («ներկայում») և հինգ տարի հետո։ Եթե այդ միջին արժեքների հարաբերությունն անվանենք «հարաբերական լավատեսություն», ապա  և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի համար հավասար է 1․35-ի, ինչից կարելի է եզրակացնել, որ․

  • Հայաստանում և Վրաստանում իրենց ընտանիքների ապագա տնտեսական կարգավիճակի վերաբերյալ որոշակի պատկերացում ունեցող անձանց շրջանում լավատեսության մակարդակը նույնն է։


Աղյուսակ 12․

Հարաբերական զրկանքների (դեպրիվացիայի) ընկալումը

Հ արաբերական զրկանքի ընկալումն այն է, երբ անձն իր սոցիալական վիճակն՝ իր շրջապատի նկատմամբ գնահատում է ոչ բարվոք։ Այն սուբյեկտիվ զգացողություն է, որը կարող է լինել նաև բարձր բարեկեցությամբ անձանց շրջանում։

Հետազոտությունում այն չափվել է․ «Ձեզ շրջապատող այլ ընտանիքների հետ համեմատ ինչպե՞ս կբնութագրեիք Ձեր ընտանիքի տնտեսական վիճակը» հարցի միջոցով։ Ստացված պատասխանները ներկայացված են Աղյուսակ 13-ում։


Աղյուսակ 13.

Տվյալները ցույց են տալիս․ որ․

  • Հայաստանում հարաբերական դեպրիվացիայի մակարդակը բավական ցածր է։
  • Հայաստանում իրենց վիճակը շրջապատի նկատմամբ «վատ» կամ «շատ վատ» են գնահատել հարցվածների 12%-ը, իսկ Վրաստանում՝ 20%-ը։
«Նորմալ» կյանքի համար անհրաժեշտ նվազագույն դրամական եկամուտը

Հ ետազոտությամբ գնահատվել է այն նվազագույն եկամուտը, որը մարդկանց կարծիքով  անհրաժեշտ է իրենց «նորմալ» կյանքի համար։ Հարցաթերթային հարցը հետևյալն էր․ «Ո՞րն է այն նվազագույն ամսական եկամուտը, որը հնարավորություն կտար Ձեր ընտանիքին ապրել «նորմալ» կյանքով»։ Պատասխանների բաշխումները Հայաստանում և Վրաստանում տրված են Աղյուսակ 14-ում։ Տվյալներից երևում է, որ Հայաստանում ամենամեծ քանակով նշումներ է ստացել ամսական եկամտի 801-1200 ԱՄՆ դոլար եկամտային միջակայքը, իսկ Վրաստանում՝ 401-800 ԱՄՆ դոլար միջակայքը։


Աղյուսակ 14․

Ստացված արդյունքները հստակեցնելու և ընտանիքի անդամների քանակի ազդեցությունը գնահատականների վրա չեզոքացնելու համար, հաշվարկվել է «նորմալ» ապրելու համար մեկ անձին անհրաժեշտ միջին ամսական գումարը՝ կիրառելով «Դրամական եկամուտների և ծախսեր» հատվածում նկարագրված մեթոդը[5]։ Նախնական տվյալների վերահաշվարկից հետո ստացվել է, որ․

  • Հայաստանում «նորմալ» ապրելու համար ամսական մեկ շնչի համար անհրաժեշտ միջին գումարը կազմել է 297 ԱՄՆ դոլար, իսկ Վրաստանում՝ 227 ԱՄՆ դոլար։

Աղյուսակ 15․-ում տրված է Հայաստանում և Վրաստանում ամսական մեկ շնչի համար անհրաժեշտ միջին գումարն ըստ բնակավայրի տիպի, իսկ Աղյուսակ 16․-ում նույն տվյալները ըստ սեռ-տարիքային խմբերի։

Նշենք, որ այդ աղյուսակներում գունային երանգները Հայաստանի և Վրաստանի համար սահմանվել են առանձին-առանձին։  


Աղյուսակ 15․


Աղյուսակ 16․

Ստացված տվյալներից բխում է, որ․

  • Ե՛վ Հայաստանում, և՛ Վրաստանում մեկ շնչի համար «նորմալ» ապրելու համար անհրաժեշտ ամսական գումարը ամենից բարձրն է մայրաքաղաքներում, հետո՝ քաղաքներում, իսկ ամենացածրը՝ գյուղերում։
  • Հայաստանում այդ ցուցանիշն ունի համեմատաբար ավելի բարձր արժեք 30-ից ցածր և 46-60 տարեկանների խմբում, իսկ Վրաստանում՝ 46-60 տարեկանների խմբում։
  • Հայաստանում ըստ սեռի ցուցանիշն ավելի բարձր է տղամարդկանց 30-ից ցածր տարիքային խմբում նույն տարիքի կանանց համեմատ, սակայն մնացած բոլոր տարիքային խմբերում կանանց շրջանում ցուցանիշն ավելի բարձր է։
  • Վրաստանում բոլոր տարիքային խմբերում ցուցանիշն ավելի բարձր է տղամարդկանց շրջանում։

Եզրակացություններ

Հոդվածում ներկայացված արդյունքների հիմնական եզրակացություններն․

  • Ե՛վ Հայաստանում, և՛ Վրաստանում ընտանիքների սոցիալական վիճակը և՛ բնակչության ինքնագնահատականներով, և՛ օբյեկտիվ տվյալներով անբարվոք է։
  • Վրաստանում իրավիճակն ավելի անբարվոք է, քան Հայաստանում։

Ստորև Աղյուսակ 17-ում ներկայացված է Հայաստանի և Վրաստանի ընտանիքների իրավիճակի համեմատական որակական պատկերն ըստ հետազոտությունում բացահայտված արդյունքների։ Դեպի վեր կանաչ սլաքը նշանակում է, որ տվյալ երկրում տվյալ բնութագրի տեսակետից իրավիճակն ավելի բարվոք է, իսկ դեպի ներքև կարմիր սլաքը՝ հակառակը։  


Աղյուսակ 17․

Հայաստանում դիտարկված 17 բնութագրերի տեսակետից իրավիճակն ավելի բարվոք է 13 դեպքում, ավելի անբարվոք՝ 3 դեպքում և հավասար՝ 1 դեպքում։


[1] Շտեմարանը հասանելի է https://www.crrc.am/en/barometer/ կայքում։

[2] 1-8 բնութագրերի հաշվարկները կատարվել են տնային տնտեսությունների, իսկ 9-12 բնութագրերինը՝ հարցվողների անհատական կշիռներով։

[3] Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի Հայաստանում 2018 թ․-ին ընտանիքի անդամների միջին քանակը կազմել է 3․6։ Տես՝ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը», Հայաստանի Հանրապետության Վիճակագրության կոմիտե, Երևան, 2019։ Էջ 30։

[4] Չնայած, «Կովկասյան բարոմետր 2019»-ում դրամական եկամուտների և ծախսերի հավաքագրման մեթոդը թույլ չի տալիս ճշգրիտ կերպով հաշվարկել ընտանիքի 1 շնչի եկամուտը և ծախսը, սակայն այդ հաշվարկը կարելի կատարել մոտավոր կերպով։ Դրա համար ընտանիքի ամսական դրամական եկամուտը և ծախսը փոխարինվել են համապատասխան միջակայքի միջնակետով, բացի ամենաբարձր $2000 ավելի եկամտային խմբից, որի դեպքում փոխարինում չի կատարվել, այլ կիրառվել է նույն այդ $2000 արժեքը։ Դրանից հետո ընտանիքի ամսական եկամուտը բաժանվել է ընտանիքի անդամների թվին։

Քանի որ ընտանիքների եկամուտները և ծախսերը Հայաստանում և Վրաստանում տրված են ԱՄՆ դոլարով, իսկ դոլարի գնողունակությունը տարբեր երկրներում, որպես կանոն, տարբերվում է, կատարվել է ևս մեկ ճշգրտում՝ ըստ գնողունակության պարիտետի։ Հայաստանում դոլարի գնողունակության պարիտետը 2019 թ․-ին կազմել է 3․08, իսկ Վրաստանում՝ 3․28։ Այսինքն, Վրաստանում դոլարի գնողունակությունը 1․066 անգամ ավելի բարձր է, քան Հայաստանում։ Այդ պատճառով, Հայաստանում և Վրաստանում եկամուտների և ծախսերի համադրելիությունն ապահովելու համար Վրաստանի ցուցանիշները բազմապատկվել են 1․066-ով։

Այլ կերպ՝ Վրաստանում, օրինակ, 100 դոլարով ավելի շատ ապրանքներ կարելի է գնել, քան՝ Հայաստանում։ Այսինքն, Վրաստանում 100 դոլար ստացողն ավելի լավ է ապրում, քան Հայաստանում։

[5] Այն տարբերությամբ, որ այստեղ գնողունակության պարիտետը չի կիրառվել։