Լավրով-Դենդիաս հանդիպման շեշտադրումները

3 ր.   |  2020-10-28

Ա րևելյան Միջերկրականում Անկարայի ագրեսիվ քաղաքականության ֆոնին հոկտեմբերի 26-ին ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով մեկնեց Աթենք, որտեղ հանդիպեց իր հույն գործընկերոջը, ինչպես նաև երկրի նախկին և ներկայիս վարչապետներին:

Սա այս տարվա մեջ արդեն երրորդ հանդիպումն է երկու երկրների արտգործնախարարների միջև: Աթենքի ու Մոսկվայի բարիդրացիական հարաբերությունները խարխլվեցին 2018թ.-ի ամռանը, երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները փորձել են կաշառել հույն բարձրաստիճան պաշտոնյաներին, որպեսզի խանգարեն Հունաստանին և Մակեդոնիային՝ վերջինիս անվան շուրջ ծագած վեճը կարգավորելու փորձերին: Միջադեպը ուղեկցվեց դիվանագետների արտաքսումով և երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների կտրուկ հայտարարությունների փոխանակմամբ: Մինչ այժմ երկու կողմերը փորձում են դուրս գալ դիվանագիտական այս ճգնաժամից, որին էլ միտված է նման հաճախականությամբ հանդիպումները: Ինչպես Լավրովն է նշում, երկկողմ հարաբերությունները ներկայումս «լավ են, բայց ոչ առանց խնդիրների»:

Քննարկումները տնտեսական հարցերի շուրջ ծավալվեցին Covid-19-ի ազդեցությանը և դրա բացասական տնտեսական հետևանքների վերացման շուրջ, որի արդյունքում կրճատվել է երկրների առևտրաշրջանառությունը: Ըստ ՌԴ Դաշնային մաքսային ծառայության՝ 2020թ.-ի հունվար-հուլիս ամիսներին ռուս-հունական ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 16,1%-ով:

Թուրքիան՝ ջիհադիստների տուրիստական գործակալ

Տ նտեսական հարցերի քննարկումից զատ հատուկ անդրադարձ է եղել Թուրքիայի ագրեսիվ պահվածքին: Դենդիասը, խոսելով Միջերկրածովյան հատվածում Թուրքիայի ոտնձգությունների մասին,  շեշտել է, որ Անկարան կրոնական դիմակի տակ փորձում է իրագործել իր նեոօսմանական ծրագրերը: Վարչապետ Կիրիակոս Միցիոտակիսը նույնպես Լավրովի հետ հանդիպմանը անդրադարձել է Թուրքիային՝ շեշտելով, որ Անկարան խախտում է միջազգային իրավունքը՝ խաթարելով քարտեզի շատ զգայուն մասերում խաղաղությունը: Այս առնչությամբ՝ Սերգեյ Լավրովը հայտնել է, որ այս խնդրի լուծումը, տեսնում է միմիայն երկխոսությամբ: Նա  կոչ է արել հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկել լարվածությունը մեղմելու և ծագող բոլոր խնդիրները կարգավորելու համար, ինչպես նաև առաջարկել Մոսկվայի օգնությունը, եթե այն լինի Ռուսաստանի գործընկերների հետաքրքրությունների շրջանակում: Որոշ արևելագետների կարծիքով՝ Թուրքիան շահագրգռվածություն ունի ներգրավելու Ռուսաստանին Արևելյան Միջերկրական ծովի Հունաստանի ու Կիպրոսի հետ հակամարտության մեջ որպես միջնորդի, քանի որ Մոսկվան և Անկարան բանակցությունների հարուստ փորձ ունեն:

Ի դեպ, ՌԴ ԱԳՆ-ն հոկտեմբերի 22-ին իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր տեսանյութ՝ հիշեցնելով 1827թ.-ին Օսմանյան կայսրության դեմ Միջերկրական ծովում իրենց հաղթանակի մասին, որով օգնեցին Հունաստանին անկախացման հարցում: Թուրքական մամուլն այն համարեց Ռուսաստանի կողմից նախատինք Թուրքիային՝ Արեւելյան Միջերկրականում շարունակվող լարվածության ֆոնին:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց  նաև Թուրքիայի կողմից հրահրված Արցախյան պատերազմին: Հունաստանի ԱԳՆ նախարարը, որը վերջերս է եղել Հայաստանում և ծանոթացել Ղարաբաղում իրավիճակին, իր անհանգստությունը հայտնեց այս խնդրի շուրջ: Արցախին անդրադարձավ նաև Լավրովը՝ շեշտելով Մինսկի խմբում Ռուսաստանի դերի մասին:

Դենդիասը շեշտեց նաև, որ Անկարան բացասական դեր է խաղում Սիրիայում՝ խաթարելով ձեռք բերված առաջընթացը և խարխլելով  ԴԱԻՇ-ի դեմ միջազգային պայքարում ձեռք բերված հաջողությունները: Նա Թուրքիային անվանեց  տուրիստական ​​գործակալ ջիհադիստների համար, որոնք ուղևորվում են տարբեր ռազմաճակատներ: Ակնհայտ է, որ հույն քաղաքական գործիչը նկատի ուներ նաև Ղարաբաղը: