ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Մոսկվայում

5 ր.   |  2020-10-12

Ս եպտեմբերի 27-ից բռնկված Արցախյան պատերազմի օրերին Հայաստանը և Ռուսաստանը մշտապես եղել են ակտիվ դիվանագիտական հարաբերությունների մեջ։ Վարչապետ Ն. Փաշինյանը վեց անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ։ Հեռախոսազրույցներ են ունեցել նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Ս. Լավրովը և Զ. Մնացականյանը։ Արցախյան պատերազմի հարցը քննարկվել է նաև Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակով։

Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում եռակողմ ձևաչափով տեղի է ունեցել հանդիպում-խորհրդակցություն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զ. Մնացականյանի, Ս. Լավրովի և Ջ. Բայրամովի միջև։ Շուրջ 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածություն։ Այդ մասին հայտարարությունը[1] բովանդակային առումով կարելի է բաժանել երկու մասի։

Առաջին մասը վերաբերում է հրադադարին։ Համաձայն հայտարարության առաջին և երկրորդ կետերի՝ 2020թ. հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին մարդասիրական նպատակներով պետք է տեղի ունենար կրակի դադար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և նրա չափանիշներին համապատասխան ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհերի մարմինների փոխանակման համար։ Հրադադարի ռեժիմի հստակ չափորոշիչները նախատեսված է համաձայնեցնել լրացուցիչ։

Երկրորդ մասը՝ հայտարարության երրորդ և չորրորդ կետերը, վերաբերում են հրադադարի հաստատումից հետո Արցախյան հակամարտության կարգավորման նպատակով բանակցային գործընթացի վերսկսմանը։ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Հայաստանն ու Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Կողմերը նաև հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։

Ուշագրավ են, հատկապես, հայտարարության երկրորդ և չորրորդ կետերը։ Երկրորդ կետը հուշում է, որ հրադադարի պահպանման հստակ չափորոշիչների վերաբերյալ համաձայնություն հնարավոր չի եղել ձեռք բերել։ Այդ պատճառով է այդ գործը թողնվել է հետագային։ Կարծում ենք՝

  • Հրադադարի ռեժիմի չափորոշիչների վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում ձախողման պատճառը ռազմական գործողությունները շարունակելու ադրբեջանական կողմի տրամադրվածությունն էր. վերջինս իրականում պատրաստ չէր հրադադարի,
  • հրադադարի հաճախակի խախտումները պայմանավորված են հենց այդ հանգամանքով՝ հստակ չափորոշիչների բացակայությամբ։

Չորրորդ կետը կարելի է համարել հայկական և ռուսական կողմերի դիվանագիտական ձեռքբերում, քանի որ վերջին տարիներին թուրք-ադրբեջանական համագործակցությունն ամեն ինչ արել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոփոխելու, մասնավորապես, Թուրքիային համանախագահների ցանկում ընդգրկելու համար։ Այդ ջանքերն ականառու են նաև ներկայում ընթացող պատերազմի օրերին։ Սակայն հայկական կողմը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, մշտապես դեմ են արտահայտվել Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխությանը։ Մոսկվայում դրանում հաջողվեց համոզել նաև ադրբեջանական կողմին։

Հոկտեմբերի 11-13-ը պաշտոնական այցով Ռուսաստանում է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Այս մասին դեռևս հոկտեմբերի 8-ի ամենշաբաթյա ճեպազրույցի[2] ժամանակ տեղեկացրել էր ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան։ Վերջինիս հաղորդմամբ՝ Ս. Լավրովի և Զ. Մնացականյանի բանակցություններում քննարկվելու են միջազգային խնդիրներ, տարածաշրջանային անվտանգության հարցեր, երկկողմ բազմապլան համագործակցության, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ ձևաչափով փոխգործակցության, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություններում, այլ միջազգային կառույցներում դիրքորոշումների համակարգման հարցերի լայն շրջանակ։ «Ակնհայտ է, որ ուշադրության կենտրոնում կլինի ծայրաստիճան բարդ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում»,- նշել է մամլո խոսնակը։

Զախարովան Զ. Մնացականյանի այցի կապակցությամբ արել է մի քանի ուշագրավ հայտարարություններ, մասնավորապես՝

  1. Նախ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարին համարել է «բարձրաստիճան հյուր» (высокий гость)։ Առաջին հայացքից սա կարող է մանրուք թվալ, սակայն նույնատիպ բնորոշումներ չեն տրվել այս օրերին Մոսկվա ժամանող այլ երկրների արտգործնախարարներին։ Բացի այդ՝ Զ. Մնացականյանին նման բնորոշումն արվում է պատերազմական պայմաններում։ Այդ կերպ ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակը դիվանագիտական լեզվով շեշտել է հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը Ռուսաստանի համար, հատկապես, ներկա պատերազմական իրավիճակում։
  2. Նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ և աչքի ընկնում քաղաքական երկխոսության բարձր մակարդակով։
  3. Նշել է, որ այցի ընթացքում նախատեսված է նաև Անհայտ զինվորի գերեզմանին ծաղկեպսակ դնելու արարողություն, մի շարք այլ միջոցառումներ՝ ուղղված հայ-ռուսական բազմակողմանի համագործակցության խթանմանը։ Պատերազմի պայմաններում ՀՀ ԱԳ նախարարի Մոսկվա այցի նման հագեցած ծրագիրը, արարողակարգային միջոցառումները ևս մեկ անգամ ցույց են տալիս հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը։
  4. Հույս է հայտնել, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնական այցը Մոսկվա լրացուցիչ խթան կհաղորդի ռուս-հայկական փոխշահավետ գործակցության զարգացմանը և կնպաստի Անդրկովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը։

Չորրորդ կետին համահունչ հայտարարություն էր արել նաև ՌԴ նախագահ Պուտինը 2020թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության օրվա առիթով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձում։ Նախագահը նշել էր, որ Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության ու փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, և դաշնակցային կապերի, բազմակողմանի համագործակցության հետագա զարգացումը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների երկարաժամկետ շահերին ու կնպաստի Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը[3]։

Այս ամենի համադրությունը թույլ է տալիս ասել, որ պաշտոնական Մոսկվան ներկա տարածաշրջանային լարվածության պայմաններում քաղաքական ուղերձներ է հղում թուրք-ադրբեջանական դաշինքին, որ Հայաստանի դեմ ոտնձգությունը Ռուսաստանի և նրա տարածաշրջանային շահերի դեմ է։

Հոկտեմբերի 12-ին ՀՀ և ՌԴ արտգործնախարարների բանակցություններից հետո հրավիրված մամլո ասուլիսում[4] Զ. Մնացականյանը կրկին փաստերով հաստատել է, որ Արցախյան հակամարտության ներկա բռնկումը գոյութենական (էքզիստենցիալ) սպառնալիք է արցախահայության համար, միաժամանակ վտանգում է տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։ Իրավիճակը լրացուցիչ բարդանում է թուրքական զինուժի ներգրավվմամբ ռազմական գործողություններին և վարձկան-ահաբեկիչների տեղափոխմամբ Անդրկովկաս՝ ինչը պարունակում է ահաբեկչության հետագա ծավալման սպառնալիք։

Երկու նախարարները շեշտել են.

  • Հրադադարի մասին հոկտեմբերի 9-10-ի պայմանավորվածության անշեղ կատարման անհրաժեշտությունը,
  • Հրադադարի վերահսկողության արդյունավետ միջոցների մշակման և ներդրման կարևորությունը, ինչի շուրջ ներկայում գործադրվում են դիվանագիտական ջանքեր,
  • Բանակցային ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության անփոխարինելիությունը։

[1] Выступление Министра иностранных дел России С.В.Лаврова по итогам переговоров с Министром иностранных дел Азербайджанской Республики Д.А.Байрамовым и Министром иностранных дел Республики Армения З.Г.Мнацаканяном, Москва, 10 октября 2020 года

[2] Брифинг официального представителя МИД России М.В.Захаровой, Москва, 8 октября 2020 года

[3] Поздравления руководству Армении с Днём независимости республики

[4] Пресс-конференция после встречи Лаврова и главы МИД Армении Мнацаканяна. Прямая трансляция

Հոդվածին կից ֆայլեր՝