Ադրբեջանի կորցրած ԱԹՍ-ները

4 ր.   |  2020-07-27

Հ այ-ադրբեջանական սահմանում հուլիսի 12-ին ադրբեջանական կողմը նախահարձակ ռազմական գործողություններ սկսեց՝ մեկ շաբաթից ավելի լարված պահելով իրավիճակը ոչ միայն սահմանում, այլև ողջ տարածաշրջանում, թե՛ ռազմական, թե՛ քաղաքական և թե՛ տեղեկատվական առումով։

Հակառակորդը Տավուշի հատվածում սահմանային դիրքերի ուղղությամբ կիրառեց ցամաքային և օդային (ԱԹՍ-ների տեսքով) ամենատարբեր միջոցներ, սակայն արդեն վստահաբար կարելի է ասել, որ իր առջև դրված խնդիրը չկարողացավ կատարել։

Ադրբեջանական բանակը զգալի մարդկային կորուստ կրեց, որոնց թվում՝ բարձրաստիճան սպաների, կորցրեց թանկարժեք ԱԹՍ-ներ, տեխնիկական միջոցներ, զրահապատ և ռազմական նշանակության շարժական միջոցներ։

Հուլիսի 16-ից հետո հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում, ինչպես նաև այլ ուղղություններում պահպանվում է հարաբերական անդորրը, ինչը թույլ է տալիս վերլուծել և անել հետևություններ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական և թե՛ տեղեկատվական առումով։

Որքան էլ Ադրբեջանը խոսում է ժամանակակից տարատեսակ սպառազինության մասին, միևնույն է՝ փաստերը այլ պատկեր են արձանագրում։ Այսպես՝ Ադրբեջանի զինված ուժերի ԱԹՍ-ների պարկը վերջին օրերին լուրջ վնաս կրեց։ Ըստ ՀՀ ՊՆ հրապարակած տեղեկությունների՝ Ադրբեջանն մի քանի օրում կորցրել է 14 ԱԹՍ, որից մեկը՝ հետախուզական Orbiter 3–ը, խոցվել է Արցախում, իսկ մնացած 13–ը՝ Տավուշում։ Ադրբեջանի կորցրած բոլոր հարվածային և հետախուզական ԱԹՍ–ներն իսրայելական են։ Ուշագրավ է, որ ՀՀ ԶՈւ ՀՕՊ միջոցների արդյունավետ գործողությունների արդյունքում խոցվել է մարտական խնդիր կատարելիս վնասազերծման որևէ փաստ չարձանագրած «Elbit Hermess 900» տեսակի ԱԹՍ։ 

«Elbit Hermes 900»

Հ ուլիսի 14-ին խոցված «Elbit Hermes 900»-ը աշխարհի ամենահզոր ԱԹՍ-ների շարքում է: Այն հետախուզական է, և միևնույն ժամանակ՝ կրակի կառավարման համակարգ: Գինը տատանվում է 25-40 մլն. դոլարի միջակայքում: «Hermes-900»-ն արտադրում է իսրայելական Elbit systems ընկերությունը: Սարքը կարող է զարգացնել մինչև 220 կմ/ժ արագություն, թռիչքի առավելագույն բարձրությունը 9000 մետր է, օդում կարող է մնալ 36 ժամ և կրել մինչև 350կգ բեռ։

Ուշագրավ է, որ Ադրբեջանում դրանք տեղակայված են խորը թիկունքում, մասնավորապես՝ Բաքվից Հարավ Սանղաչալի ավիաբազայում։ Համարվում է Ադրբեջանի ամենամեծ ԱԹՍ-ն և գրանցված է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) հաշվեկշռում։

«Elbit Hermess 900» 
«Elbit Hermess 900»-ի խոցում 

SkyStriker մահապարտ ԱԹՍ

«Elbit Systems» ընկերության SkyStriker «մահապարտ» ԱԹՍ-ն հնարավորություն ունի հետախուզել թիրախն ու հարվածել։ Օդում կարող է մնալ 2 ժամ, եթե կրում է 5 կգ մարտագլխիկ և մոտ 1 ժամ՝ 10 կգ մարտագլխիկով։ ԱԹՍ-ի առավելագույն արագությունը՝ 185կմ/ժ է, հարվածային փուլի ժամանակ ԱԹՍ-ն զարգացնում է 555կմ/ժ արագություն։

Լ ուսանկարներից երևում է սարքի 062 կողային համարը, որը համապատասխանում է Ադրբեջանի ՊՍԾ-ին պատկանող ԱԹՍ-ների պարկում գրանցված անօդաչուների շարքին։ ՊՍԾ բազայում արված լուսանկարից երևում է առնվազն 13 միավոր Sky Sktriker ԱԹՍ՝ նույն շարքի կողային համարներով (063, 067, 068 … )։ Ադրբեջանական Azeridefense կայքի տվյալներով՝ Ադրբեջանն այս ԱԹՍ–ի առաջին օտարերկրյա գնորդն է։

«Orbiter 3»

«Orbiter-3»-ը 30 կգ է, թևերի բացվածքը՝ 4.4 մ, թռիչքի տևողությունը՝ 7 ժամ, արագությունը՝ 55-103 կմ/ժ, հեռավորությունը՝ 100 կմ, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 5486 մ, ունի էլեկտրական շարժիչ՝ օգտակար բեռնվածությունը՝ 4 կգ։

Ի թիվս այլ խոցված ԱԹՍ-ների՝  հայտնի է, որ կիրառվել է նաև Spike NLOS կառավարվող հրթիռներ։ Դրա մասին են փաստում, հրթիռին պատկանող բեկորները։  

«NLOS Spike»-ը կարող է թիրախներ խոցել մինչև 25կմ հեռավորությունից:  

Ադրբեջանի նյութատեխնիկական կորուստների տնտեսագիտական հաշվարկից հասկանալի կդառնա, թե ինչքան գումար է արժենում այդ երկրի ռազմական բյուջեի համար յուրաքանչյուր հարձակում։ Իսկ ՀՀ ՊՆ-ի կողմից ցուցադրված ադրբեջանական խոցված ԱԹՍ-ների բեկորները ընդհանուր մի քանի տասնյակ միլիոնավոր դոլարների են հասնում։

Օդային մարտում կրած կորուստները, ինչ խոսք, տպավորիչ ու հետաքրքրական են, իսկ ինչ վերաբերում է ցամաքային մարտին, ապա առավել ուշագրավ են դարձնում պատկերը նրանց կիրառած և կորցրած տեխնիկայի առումով՝ 3 տանկ և բազմաթիվ հրետանային միջոցներ, ինչպես նաև 13 զոհ, որոնց մեջ կան բարձրաստիճան զինվորականներ։ 

Ադրբեջանական մեդիատիրույթում տեղեկություններ շրջանառվեցին, թե սահմանում խնդիր է կատարում «Յաշմա»՝ 052 գնդի ստորաբաժանումը։ Միջդիրքային հատվածում երևում է նրանց զոհերը, որոնք այդ տարածքից դուրս բերելու հնարավորության մասին ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր։ Զոհերի մասին տեղեկություններ չհայտնելու փաստից կարելի է ենթադրել, որ իրոք գործել է հենց այդ ստորաբաժանումը, ինչը նաև ենթադրում է, որ կորուստների մասին տեղեկությունները չեն հայտարարվելու։

Ակնհայտ է, որ Ադրբեջանում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք ունեն խորը արմատներ, և ներքաղաքական կնճռոտ հարցերից խուսափելու միակ ելքը սահմանում լարվածության մեծացումն է, կադրային փոփոխությունները, իսկ մարտական խնդրի ձախողման առաջացրած բացը լրացնում է ադրբեջանական ապատեղեկատվությունն ու քարոզչությունը։

Այս իրավիճակում հայկական բանակի զգոնության և մարտունակության աստիճանը հասցված է բարձրագույնի, ինչը անհավասարակշիռ հակառակորդի հետ հարաբերվելու միակ բանալին է, քանի որ կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում չկա երաշխիք (անգամ պայմանավորվածությունների ձեռքբերման ժամանակ, առաջանում է երաշխիքի պակաս), որ ադրբեջանական բանակը չի գնա սահմանային լարման ճանապարհով։