Ռուսաստանում «Այո» ասացին սահմանադրական փոփոխություններին

3 ր.   |  2020-07-02

2 ամիս հետաձգվելուց հետո՝ հուլիսի 1-ին Ռուսաստանում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ փոփոխություններին կողմ է քվեարկել 77.92%-ը, դեմ՝ 21.27%-ը։ Քվերակությանը մասնակցել է բնակչության 65%-ը։ Այս արդյունքները գերազանցել են 1993թ.-ին ընդունված «Ելցինյան Սահմանադրությանը», որին մասնակցել էր բնակչության 58.4%-ը, որից 58.43-% կողմ էր քվեարկել, 41.57%-ը՝ դեմ։

Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ Մոսկվայի և Նիժնի Նովգորոդի ընտրողներին հնարավորություն էր տրվել քվեարկել առցանց։ Էլեկտրոնային ընտրության համար գրանցվել է ընդհանուր առմամբ 1,190,726 մարդ, որից 1.051,000-ը Մոսկվայում։ Մայրաքաղաքում էլեկտրոնային քվեարկության մասնակցությունը գերազանցել է 91%-ը:


Նախագահ Վլադիմիր Պուտինը ընտրատեղամասում

Ընտրությունների վերջին օրը քվեարկությունը տեղի է ունեցել արդեն ընտրատեղամասերում։ Ամենաշատ մասնակիցներ գրանցվել են Չեչնիայում՝ 95,14%: Նրան հաջորդում են Տուվան (96,79%), Ղրիմը (90.07%), Դաղստանը (89,19%) և Յամալո-Նենեցական ինքնավար օկրուգը (89,19%): Միակ շրջանը Նենեցյան ինքնավար օկրուգ է եղել, որտեղ ավելի շատ մարդ դեմ է քվեարկել. այստեղ ընտրողների 54.57%-ը չի ընդունել սահմանադրության նոր փոփոխությունները: Փոփոխություններին չեն աջակցել նաև Նյու Յորքում քվեարկած ռուսները՝ 816 մարդուց կողմ են արտահայտվել 310-ը, դեմ՝ 505-ը։

Հ աղորդվել է խախտումների 839 դեպքի մասին։ Ամենաաղմկահարույցը կապված է էլեկտրոնային քվեարկության հետ։ «Дождь» առցանց հեռուստալիքի հետաքննության արդյունքում հայտարարվեց, որ Մոսկվայում բնակիչներից պահանջում են կեղծ սիմ քարտեր, որպեսզի գրանցեն «mos.ru» կայքում, որտեղ իրականացվում էր քվեարկությունը։ Ըստ կայքի՝ յուրաքանչյուր գրանցման համար խոստացել էին 75 ռուբլի, իսկ կողմ քվեարկելու համար` 50 ռուբլի: Հրապարակումից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այն որակել է, որպես բացարձակ անհեթեթություն՝ զգուշացնելով հեռուստալիքին, որ կարող է պատասխանատվություն կրել «գիտակցաբար կեղծ տեղեկություններ տարածելու համար», եթե չապացուցվի։

Ընդհանուր առմամբ, նախընտրական ամբողջ շրջանում սահմանադրական փոփոխությունների դեմ բողոքի մեծ ալիք չբարձրացավ։ Հուլիսի 1-ին՝ քվերակության օրը, տեղի ունեցան մի քանի հարյուր մարդուց բաղկացած փոքր ցույցեր Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, որտեղ մի քանի հոգի կալանավորեցին, սակայն շուտով ազատ արձակվեցին:


Սահմանադրական փոփոխությունների դեմ ցույցը Մոսկվայում

Փոփոխությունների արդյունքում ներկայիս նախագահ Պուտինի պաշտոնավարման տարիները զրոյացվում են, և նա, ցանկության դեպքում, կարող է ղեկավարել Ռուսաստանը մինչև 2036թ.։ Կրեմլը ընտրության արդյունքները մեկնաբանել է որպես Վլադիմիր Պուտինի հանդեպ վստահության արտահայտություն։

Սահմանադրական փոփոխությունների և մեկնաբանությունների մասին կարող եք կարդալ այս հոդվածում։