Արցախի, Ուկրաինայի և Վրաստանի հակամարտությունները Եվրամիության փաստաթղթերում

15 ր.   |  2020-06-11

ԵՄ դիրքորոշումը Արցախյան հիմնախնդրի հարցում 

Ա րցախյան (Լեռնային Ղարաբաղի) հիմնախնդրի հարցում ադրբեջանական կողմի պետական քարոզչության հիմնական «հենասյուներից» մեկը երկրների, կամ կառույցների կողմից «տարածքային ամբողջականություն» եզրույթի օգտագործման շահարկումն է։

Ինչպես կարող ենք համոզվել Արցախում մարտին և ապրիլին կայացած ընտրությունների միջազգային արձագանքից, ադրբեջանական կողմի ներկայացրած պատկերն առնվազն մասամբ խեղաթյուրում է իրականությունը։ Մասնավորապես հստակ երևում է, որ ընտրությունները մեկնաբանած երկրների և միջազգային կառույցների կեսից ավելին, այդ թվում՝ Եվրոպական Միությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբը և համանախագահ երկրները, Չինաստանը, ինչպես նաև Իրանի արտգործնախարարությունը որևէ կերպ չէին նշել «Ղարաբաղի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս կազմելու» մասին։ Չնայած այս փաստին՝ Ադրբեջանի նախագահը՝ մարտի 19-ի և հունիսի 3-ի ելույթներում, արտգործնախարարությանը, պետական և իշխանական մամուլը փորձեցին ընտրությունների մեկնաբանությունները ներկայացնել հենց այդ տեսանկյունից՝ հաճախ իրենց կողմից հավելումներ և փաստական մանիպուլյացիանոր անելով։

Մյուս նմանատիպ հարցը վերաբերում է միջազգային պայմանագրերին, տարբեր կառույցների՝ Ադրբեջանի հետ ստորագրած համաձայնագրերին և այլն։ Ինչպես կարող ենք տեսնել «Արմենպրես» լրատվական գործակալությունում 2019 թ․-ի ապրիլի 29-ին հրապարակված «ԼՂ հիմնախնդիրը Եվրամիության հետ Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ փաստաթղթերում» հոդվածում՝ հակամարտության կարգավորմանն անդրադառնալիս Եվրամիությունը հայտնում է իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերով խնդրի կարգավորմանը՝ միջազգային բոլոր սկզբունքների հիման վրա։

Մասնավորապես, նշված հոդվածում դիտարկվում է նաև 2017թ. ՀՀ հետ ստորագրած «Ընդլայնված և համապարփակ համագործակցության մասին» համաձայնագիրը, որտեղ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ նշվում է․

«Ընդունելով ԼՂ հակամարտության խաղաղ և տևական կարգավորման համար ՀՀ հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը. ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտով ամրագրված նպատակների և սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների և սկզբունքների, որոնք առնչվում են ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից հրաժարվելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը… (ընդգծումը՝ հեղինակի)»:

Ինչպես տեսնում ենք, Հայաստան-ԵՄ հարաբերությունները կարգավորող հիմնական փաստաթղթում որպես Արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունք նշվում է նաև ինքնորոշման իրավունքը։

Արևելյան գործընկերությունը և ԼՂ հիմնախնդիրը

Հ այաստանի և Ադրբեջանի հետ Եվրամիության համագործակցության հիմնական հարթակը «Արևելյան գործընկերությունն» (ԱլԳ) է՝ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում, որը ներառում է նաև Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը և Բելառուսը։

ԱլԳ շրջանակներում ընդունված փաստաթղթերի, հայտարարությունների մի մասում անդրադարձ կա ինչպես ԼՂ հակամարտությանը առանձին, այնպես էլ՝ անդամ երկրների տարածքներում առկա մյուս հակամարտություններին։

Ադրբեջանական կողմն այդ դեպքում ևս դիմում է փաստերի խեղաթյուրման և կողմնակալ լուսաբանմանը՝ փաստաթղթերի մի մասում նշված «Եվրամիությունը ․․․ աջակցում է բոլոր գործընկերների տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը» արտահայտությունը ներկայացնելով իբրև Արցախյան հակամարտության կարգավորման հարցում այդ կառույցի դիրքորոշում։

Արևելյան գործընկերության շրջանակներում սպասվող առաջիկա կարևորագույն միջոցառումը հունիսի 18-ին հեռավար գագաթնաժողովն է, որին մասնակցելու են Եվրամիության ներկայացուցիչները և անդամ 6 պետությունների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։

Գագաթնաժողովի արդյունքներով պետք է ընդունվի նաև համատեղ հռչակագիր, որտեղ տեսականորեն հնարավոր է նաև անդրադարձ Արցախյան հակամարտությանը։ Համատեղ հռչակագիրը կազմելիս, ինչպես նաև անդամ երկրների հետ հարաբերվելիս ԵՄ ղեկավարությունը պետք է ի գիտություն ընդունի նաև Եվրոպական խորհրդարանի խորհրդատվական բանաձևը։

2020 թ․-ի գագաթնաժողովին ընդառաջ նմանատիպ բանաձև ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 2019 թ․-ի վերջին ներկայացրել է ԵԽ պատգամավոր, Բելառուսի հարցերով մշտական զեկուցող Պետրաս Աուշտրյավիչուսը (Լիտվա)։ Բանաձևը մայիսի 19-ին ընդունվել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Վերջնական հաստատման համար պետք է քվեարկության դրվի ԵԽ լիագումար նիստում, ինչը պետք է կայանա մինչև գագաթնաժողովի անցկացումը։

Հունիսի 9-ին լիագումար նիստում քննարկումից առաջ բանաձևի նախագիծը հրապարակվել է ԵԽ կայքում։ Բանաձևում, որը ինչպես նշեցինք Եվրոպական խորհրդի, Հանձնաժողովի և Հանձնաժողովի փոխնախագահ–ԱԼԳ-ում արտաքին հարաբերությունների և անվտանգային քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցչի համար հունիսյան գագաթնաժողովի շրջանակներում խորհրդատվական բնույթ ունի, հիշատակվում է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։

«․․․հաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և 2009 թ․ հիմնարար սկզբունքներին՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության և ԵԱՀԿ 1975 թ․-ի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա կարգավորմանը հասնելու նպատակով։ Խրախուսել բոլոր կողմերին ակտիվացնելու երկխոսությունը և խուսափելու սադրիչ հռետորաբանությունից, որը կարող է հետագայում վտանգել [կարգավորման] ցանկացած հեռանկար»։

Ինչպես տեսնում ենք, այս պարբերությունում առանձին չեն նշվում երեք հիմնական սկզբունքները, որոնք ընկած են ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ընթացող կարգավորման գործընթացի հիմքում․ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում։ Սակայն այս տեքստում հիշատակվող ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հելսինկյան եզրափակիչ ակտը ներառում են նշված սկզբունքները։ Խոսքը, մասնավորապես, ՄԱԿ-ի կանոնադրության առաջին գլխի 2-րդ և իններորդ գլխի 55-րդ հոդվածներում, ինչպես նաև Հելսինկյան եզրափակիչ ակտի 8-րդ կետում ամրագրված ինքնորոշման սկզբունքի մասին է։

Ավելին՝ նշված դրույթները ներառվել են նաև ԵԽ փաստաթղթում հիշատակվող 2009 թ․ հիմնարար սկզբունքներում (տե՛ս՝ Լ’Ակվիլայի հայտարարություն։ Առավել մանրամասն՝ այստեղ) նշվածները ներառվել են հենց ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։

ԵԽ կայքում կարող ենք տեսնել նաև բանաձևի ներկայացման և փոփոխությունների ընթացակարգը, որը հնարավորություն է տալիս վերջնական տարբերակը համեմատել սկզբնական նախագծի, ինչպես նաև հետագայում առաջարկված փոփոխությունների տարբերակների հետ։ Այսպես, սկզբնական տարբերակում, որը հրապարակվել է 2020 թ․-ի փետրվարի 4-ին, ԼՂ հիմնախնդրի առանձին հիշատակում չի եղել։

Նախագծի առաջին տարբերակում նկատում ենք ԱլԳ անդամ երկրների տարածքներում հակամարտությունների վերաբերյալ երկու հիմնական հիշատակում․

  1. «․․․ԵՄ արևելյան եվրոպական գործընկերների անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը մնում են վտանգված չկարգավորված տարածաշրջանային հակամարտությունների պատճառով»։
  2. «․․․ Եվրոպական խորհրդարանը մերժում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը հակամարտությունների լուծման հարցում և կիսում ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու ԱլԳ անդամ պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը՝ նրանց միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում՝ միջազգային իրավունքի, նորմերի և սկզբունքների համաձայն»։

Ինչպես տեսնում ենք, բանաձևի նախնական տարբերակում առկա ձևակերպումները ընդհանուր են, որևէ մասնավորեցում չկա, ինչը նշանակում է, որ ձևակերպումները կարող են վերաբերել ԱլԳ անդամ երկրներին առնչվող բոլոր հակամարտություններին, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրին, որը կարող էր բավականին խնդրահարույց լինել՝ հաշվի առնելով, որ ինքնորոշման սկզբունքն առհասարակ ներառված չէ։

Հետագայում, սակայն, հանձնաժողովի այլ անդամներ ներկայացրել են 532 փոփոխության առաջարկ, որոնց մի մասը վերաբերում է նաև հիմնախնդիրներին։ Ներկայացված առաջարկների և քննարկումների հիման վրա բանաձևում կատարվել են մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ ավելացվել է վերը նշված հատվածը, որտեղ ԼՂ հիմնախնդրի մասով առանձին դիրքորոշում է ներկայացվում։ Վերը նշված մյուս երկու հատվածներում ևս փոփոխություններ են իրականացվել։ Հունիսի 9-ին հրապարակված տարբերակում, այսպիսով, տեղ են գտել նաև հետևյալ ձևակերպումները։

  • «ԱլԳ երկրների անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը դեռ մնում են խաթարված՝ պայմանավորված տարածաշրջանային հակամարտություններով, արտաքին ագրեսիայով և այս երկրների մի մասի տարածքների զավթմամբ, որոնք, իրենց հերթին, խախտում են մարդու իրավունքները, հանդիսանում են խոչընդոտ Եվրոպական համագործակցության բարեկեցության, կայունության և աճին համար, վարկաբեկում են ԵՄ գործունեությունը, ուստի վտանգի տակ դնում Եվրոպական համագործակցության ողջ ծրագիրը։ Այս հակամարտությունների մեծ մասում Ռուսաստանը ակտիվ դեր է տանում որպես արգեսոր (ընդգծումը՝ հեղինակի)՝ վարելով հիբրիդային պատերազմներ, կիրառելով անօրինական զավթումների և անեքսիայի քաղաքականություն, կատարելով կիբեռհարձակումներ, տարածելով քարոզչություն և ապատեղեկատվություն, որը սպառնում է Եվրոպական անվտանգությանը որպես ամբողջություն»։
  • Եվրոպական խորհրդարանը դատապարտում է Արևելյան գործընկերության պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտումները, չի ճանաչում նրանց սահմանների բռնի փոփոխությունները և տարածքները անեքսիայի ենթարկելու փորձերը, մերժում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, և կիսում է ԵՄ-ի ձգտումը՝ աջակցելու միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի խարտիայի և Հելսինյան եզրափակիչ ակտի նորմերին և սկզբունքներին համապատասխան դիվանագիտական ճանապարհներով խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտությունների լուծմանը, մասնավորապես՝ այն հակամարտությունների դեպքում, որտեղ Ռուսաստանը կողմ է հանդիսանում (ընդգծումը՝ հեղինակի

Ինչպես տեսնում ենք, փոփոխված տարբերակում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ առանձին պարբերություն ավելացնելուն զուգահեռ ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մյուս պարբերություններում առանձնահատուկ ընդգծել է Ռուսաստանը՝ Ուկրաինայի և Վրաստանի հետ հակամարտությունների առնչությամբ։ Այսպիսով, այդ պարբերություններում ընդգծված տարածքային ամբողջականությունն առանց ինքնորոշման սկզբունքի կիրառման չի վերաբերում Արցախյան հակամարտությանը։

Նշվածից զատ ավելացել է ևս երկու պարբերություն, որոնք ՀՀ և Արցախի դիրքորոշման տեսանկյունից առաջին հայացքից խնդրահարույց են։ Տվյալ պարբերություններից երկուսում էլ Ռուսաստանի առանձին հիշատակում չկա, սակայն տվյալ տեքստերը անմիջապես հաջորդում և նախորդում են Ուկրաինայի և Վրաստանի հակամարտությունների վերաբերյալ պարբերությանը։ Նշված տեքստերը ևս դիտարկենք առանձին։

«․․․ վերահաստատում է ԵՄ հանձնառությունը՝ սատարելու ԱլԳ անդամ երկրների՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը և սատարում է նրանց ջանքերը՝ լիովին ապահովելու (պարտադրելու) այս սկզբունքների կատարումը։ Ընդգծվում է այս հարցում Եվրամիության երկրների միասնականության և համերաշխության կարևորությունը»։

Նշված պարբերությունն անմիջապես հաջորդում է «ԱլԳ տարածքում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի շարունակվող խախտումները, Ռուսաստանի Դաշնության կողմից ԱլԳ անդամ որոշ պետությունների տարածքների բռնազավթումը (օկուպացիա) և բռնակցումը (անեքսիա)․.․» քննադատող պարբերությանը։ Արդեն այս պարբերությանը հաջորդում է մյուս կետը, որտեղ ևս ՌԴ-ի ուղիղ հիշատակում չկա։

«․․․կոչ է անում անհապաղ դուրս բերել օտար ռազմական ուժերը բոլոր գրավյալ տարածքներից, դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք անհիմն կերպով խլում են քաղաքացիական անձանց և զինվորների կյանքեր, խաթարում սոցիալ-տնտեսական զարգացումը, այսպիսով թույլ տալ հարյուր հազարավոր ներքին տեղահանված անձանց վերադառնալ իրենց բնօրրանները»։

Այստեղ բավականին խնդրահարույց կարող է դիտարկվել «ներքին տեղահանված անձանց» (IDP) վերաբերյալ հիշատակումը, ինչը առկա է նաև պաշտոնական Բաքվի հռետորաբանությունում։ Սակայն, ինչպես տեսանք, նշված երկու պարբերությունների միջև տեղադրված է «ՌԴ կողմից Ուկրաինայի և Վրաստանի տարածքների բռնակցումը և բռնազավթումը» քննադատող հայտարարություն, ինչը ցույց է տալիս, որ այս կետերը ևս վերաբերում են նշված խնդիրներին, ոչ թե ԼՂ հիմնախնդրին։

Ստորև կարող եք տեսնել նշված երեք պարբերությունը՝ նույն հաջորդականությամբ ինչ փաստաթղթում և հայերեն թարգմանությունները։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ ԵԽ պատրաստած փաստաթղթում Արցախյան հակամարտությանը վերաբերում է միայն այն պարբերությունը, որտեղ առանձին հիշատակում կա։ Մյուս հատվածներից երկուսի դեպքում կա ՌԴ ուղիղ հիշատակում նույն տեքստում, իսկ մյուս երկուսը նախորդում և հաջորդում են ՌԴ-ին վերաբերող պարբերությանը՝ կապված Ուկրաինայի և Վրաստանի հետ հակամարտությունների կարգավորման հետ։

Այստեղ ակնհայտ է հակամարտությունների կարգավորման հարցում տարբերակված մոտեցման ցուցաբերումը։ Առաջին դեպքում խնդիրը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության հետ Եվրամիության հարաբերություններով, ինչպես նաև առհասարակ Արևմուտք-Ռուսաստան հակասություններով, որոնց պարագայում շահերի բախման հիմնական օջախներից են Վրաստանը և Ուկրաինան։

Ինչ վերաբերում է Արցախյան հակամարտությանը վերաբերող վերոնշյալ առանձին պարբերությանը, ապա այնտեղ, ինչպես նշել ենք, բացակայում է երեք սկզբունքների նշումը, սակայն առկա է այն հիմնական փաստաթղթերին հղումը, որտեղ նշված սկզբունքներն ամրագրված են։ Բանաձևում փոփոխություն կատարելու առաջարկների թվում, այնուամենայնիվ, եղել են նաև այնպիսիք, որոնք ենթադրում էին նաև երեք սկզբունքների բառացի մատնանշումը։ Այդ առաջարկները, սակայն, չեն ընդունվել կամ ընդունվել են մասամբ։

Այսպիսով նշված փաստաթուղթը չի կարելի համարել հայամետ կամ հայկական կողմերի դիրքորոշումը հստակ ներկայացնող, սակայն նմանապես այն հնարավոր չէ նաև համարել ադրբեջանամետ կամ ադրբեջանական դիրքորոշման գերակայությունն ամրագրող։ Արցախյան հիմնախնդրին վերաբերող առանձին պարբերությունը, ըստ էության, հնարավորինս չեզոք ձևակերպում է, որտեղ կողմերից որևէ մեկի դիրքորոշմանն առավելություն չի տրվում։

Համեմատությունը նախորդ բանաձևի հետ

Ա լԳ անդամ երկրների ղեկավարների նախորդ համանման գագաթնաժողովն անցկացվել էր 2017 թ․-ի նոյեմբերի 24-ին։ Կարևոր է դիտարկել ԱլԳ 2017 թ․ նոյեմբերյան գագաթնաժողովից առաջ Եվրոպական խորհրդարանի ընդունած նախորդ խորհրդատվական փաստաթուղթը։ Փաստաթղթի K կետում ԱլԳ անդամ երկրների տարածքային ամբողջականության խնդիրների մասին խոսելիս Եվրախորհրդարանը հիշատակում է միայն Ուկրաինան և Վրաստանը։

«ԵՄ արևելյան գործընկերների անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը մնում է սպառնալիքի տակ՝ չլուծված տարածաշրջանային հակամարտությունների պատճառով՝ ներառյալ նրանք, որոնք նախաձեռնել և ակտիվորեն պահում (շարունակում) է Ռուսաստանի Դաշնությունը՝ ի հակադրություն միջազգային իրավակարգը սատարելու իր ստանձնած պարտավորությունների։ ․․․ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ դեր խաղա իր հարևանությամբ ընթացող բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցում։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան, Ղրիմի թերակղզու բռնակցումը (անեքսիա) և Վրաստանի շրջանների շարունակվող բռնազավթումը (օկուպացիա), ինչպես նաև Ռուսաստանի հիբրիդային սպառնալիքները՝ ներառյալ ապակայունացնող գործունեությունը և քարոզչությունը, որոնք սպառնում են Եվրամիության անվտանգությունը որպես ամբողջություն»։

(o) կետում «տարածքային ամբողջականության»-ն անդրադարձը առանց ՌԴ-ի հիշատակման է․

«Վստահ լինել, որ 2017 թ․-ի գագաթնաժողովի արդյունքները նույնպես վերաբերում են անվտանգության սպառնալիքներին և հակամարտություններին, որոնք ազդում են գործընկերների անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության (ընդգծումը իմն է՝ Տ․Հ․), ինչպես նաև առհասարակ ողջ տարածաշրջանում մարդու հիմնարար իրավունքների, քաղաքական, սոցիալական ու տնտեսական կայունության և զարգացման վրա»։

Նշված պարբերությունը նույնպես կարող է մեկնաբանվել որպես հայկական կողմերի դիրքորոշմանը հակասող, սակայն, ինչպես և 2020 թ․ բանաձևի դեպքում, այս տեքստը անհրաժեշտ է դիտարկել անմիջապես հաջորդող պարբերության հետ, որտեղ արդեն ուղիղ տեքստով խոսվում է Ռուսաստանի՝ Վրաստանի և Ուկրաինայի հետ ունեցած հակամարտությունների մասին։

Նախորդ բանաձևում ևս վերջնական տարբերակում ընդգրկվել էր Արցախյան հիմնախնդրին վերաբերող առանձին պարբերություն. «․․․վերահաստատել աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաև նրանց [առաջարկած] 2009 թ․-ի Հիմնարար սկզբունքներին (առավել հայտնի է որպես «Մադրիդյան»), որը ներառում է տարածքային ամբողջականությունը, ինքնորոշումը և ուժի չկիրառումը»։

Նախորդի և 2020 թ․ բանաձևի հիմնական տարբերությունը այն է, որ երեք սկզբունքները առանձին նշված չեն։ Սակայն, ի տարբերություն նոր բանաձևի, նախորդում չկար հղում ՄԱԿ-ի կանոնադրությանը և Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներին, որոնք ներառում են այդ սկզբունքները։ Կարևոր է նաև նշել, որ 2017 թ․-ի նախագծում ի սկզբանե կար Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առանձին նշում, սակայն միայն տարածքային ամբողջականության սկզբունքին հղումով և ամբողջությամբ միայն ադրբեջանական տեսակետն արտահայտող։ Այսպիսով, 2017 թ․-ին հաջողվել է փոփոխություն մտցնել՝ ավելացնելով նաև ինքնորոշման սկզբունքը, իսկ 2020 թ․-ին հաջողվել է ավելացնել ԼՂ հիմնախնդրին անդրադարձող նոր պարբերություն, որտեղ թեև սկզբունքների առանձին նշում չկա, սակայն ընդգծվում է հակամարտության կարգավորման կարևորությունը Հիմնարար սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա, որոնք ներառում են նաև ինքնորոշման իրավունքը։

Մյուս կողմից, 2017 թ․-ի պարբերությունում էլ որպես խնդրահարույց կարող է մեկնաբանվել «դադարեցնել ռազմական գործողությունները Հայաստանի և Ադրբեջանի [զինված] ուժերի միջև» արտահայտության կիրառությունը, ինչը տեսականորեն կարող է մեկնաբանվել նաև որպես «ԵԽ կողմից ՀՀ-ն որպես հակամարտության հիմնական և միակ հայկական կողմ ճանաչելու» գործողություն։

Այնուամենայնիվ, կարևոր է ընդգծել, որ ԵԽ նշված փաստաթղթերը խորհրդատվական են, և այդ դրույթների ներառումը գագաթնաժողովի համատեղ հռչակագրում պարտադիր չէ։ Նշվածում կարող ենք համոզվել 2017 թ․-ի համատեղ հռչակագիրը դիտարկելիս, որտեղ արդեն ԼՂ հիմնախնդրի առանձին նշումը բացակայում էր։

Համատեղ հռչակագրի 2-րդ կետում նշվում է․

«Գագաթնաժողովի մասնակիցները վերստին հաստատում են Արևելյան գործընկերության հիմքում ընկած ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, ինչպես նաև միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի ամրապնդման  հանձնառությունը: Եվրոպական միությունն իր հանձնառությանը հավատարիմ աջակցում է բոլոր գործընկերների տարածքային ամբողջականությանը, անկախությանը եւ ինքնիշխանությանը (ընդգծումը՝ հեղինակի): ՄԱԿ-ի կանոնադրությամբ, 1975 թ. Հելսինկյան եզրափակիչ ակտով և 1990 թ. ԵԱՀԿ Փարիզի  կանոնադրությամբ ամրագրված նպատակներին և սկզբունքներին լիարժեք հանձնառությունը, հարգանքն ու հավատարմությունը սկզբունքային են խաղաղ և միասնական Եվրոպայի մեր ընդհանուր տեսլականի համար»։

Այս դեպքում ևս տարբեր մեկնաբանություններ կարող են լինել։ Օրինակ՝ ադրբեջանական կողմը շեշտում է 2-րդ կետում նշված «աջակցում է բոլոր գործընկերների տարածքային ամբողջականությանը» արտահայտության վրա։ Հաջորդ տողում նշված «ՄԱԿ-ի կանոնադրությամբ, 1975 թ․ Հելսինկյան եզրափակիչ ակտով» արտահայտությունները, սակայն, ներառում են նաև Ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը, ինչը շրջանցվում է։ Մյուսի կողմից, իհարկե, խնդրահարույց կարող է համարվել այն, որ, ի տարբերություն ինքնորոշման սկզբունքի, տարածքային ամբողջականությունն առանձին նշված է։ Եթե 2020 թ․-ի նախագծում տեղ գտած ձևակերպումները կարող ենք համարել չեզոք, քանի որ ոչ մի սկզբունք առանձնացված չէ, ապա այս դեպքում ավելի բարդ է նման եզրահանգում անելը, թեև ակնհայտորեն ադրբեջանական դիրքորոշումը սատարող համարել ևս չի կարելի, քանի որ ԼՂ կամ Ադրբեջանի առանձին հիշատակում չկա։

Այսպիսով, ընդհանուր հայտարարությունները կարող են տարբեր կերպ մեկնաբանվել՝ օգտագործվելով կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը սպասարկելու, ամրապնդելու նպատակով։ Արցախյան հիմնախնդրի հարցում, ինչպես ցանկացած պետության և կառույցի, այնպես էլ՝ Եվրամիության դիրքորոշումը հասկանալու համար անհրաժեշտ է դիտարկել հենց այն հայտարարությունները, որտեղ մասնավորեցվում է «տարածքային ամբողջականության սկզբունքի» հիման վրա որևէ կոնկրետ հակամարտության կարգավորման հարցում կառույցի դիրքորոշումը։ Մյուս կողմից, առաջնահերթ պետք է դիտարկել նաև այն հայտարարությունները, որոնք վերաբերում են միայն Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը։

«Տարածքային ամբողջականության» սկզբունքի կիրառման մասնավորեցումը ԵՄ և կառույցի անդամ երկրների կողմից

2 020 թ․ հունիսի 4-ին Չեխիայի արտգործնախարարության կայքը հրապարակել է Հյուսիս-Բալթյան երկրների ութնյակի (NB8) և Վիշեգրադյան խմբի երկրների (Երկու կառույցի 12 անդամ երկրներից 10-ը ԵՄ անդամներ են) համատեղ հեռավար նիստի հայտարարությունը։ Անդամ երկրները, անդրադարձ կատարելով ԱլԳ երկրների հետ համագործակցությանը, ընդգծել էին աջակցությունը Ուկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Ադրբեջանին, ԼՂ հիմնախնդրին որևէ առանձին անդրադարձ չկար։

Եվրամիության տարբեր հայտարարությունների և փաստաթղթերի ուսումնասիրությունը նույն պատկերն է վերհանում։

2019 թ․-ի հունիսի 14-ին ԵՄ գլոբալ ռազմավարության եռամյակի հաշվետվության տեքստում ընդգծվում է միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը ԵՄ աջակցությունը՝ առկա հակամարտության լուծման հարցում։

Այս և այլ փաստաթղթերի դիտարկումը կարևոր է այն առումով, որ փաստացի ԵՄ-ն որևէ երկրի հետ կապված հակամարտությունը տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա կարգավորելու վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտում է առանձին և հստակ։ Մյուս դեպքերում բոլոր գործընկերների մասին խոսելիս նշված սկզբունքի հիշատակումը չի կարող ինքնաբերաբար նշանակել բոլոր հակամարտությունների կարգավորման հարցում ԵՄ դիրքորոշման արտահայտում։

Եվրամիության, ԵՄ պաշտոնյաների կողմից հայտարարությունների նմանատիպ միակողմանի և խեղաթյուրված ներկայացման փորձ կարող ենք համարել նաև մայիսի 30-ին Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևայի հայտարարությունը։ Վերջինս, մեկնաբանելով Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հայտարարությունը, այն ներկայացրել էր այնպիսի տեսքով, որը ենթադրում է, թե Ժ․ Բորելը «հերթական անգամ աջակցություն էր հայտնել [Ադրբեջանի] տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում»։

Իրականում Ժ․ Բորելը, մայիսի 28-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ելույթ ունենալիս անդրադարձ կատարելով ԵՄ-Ռուսաստան հարաբերություններին, նշել էր․ «...ես պետք է հիշատակեմ Ուկրաինան, որտեղ Ռուսաստանի կողմից Ղրիմի թերակղզու անօրինական բռնակցումը (անեքսիա) և Մինսկի հանձնառությունների չկատարումը հանգեցրել են լուրջ խախտումների․ ցավում եմ, որ ստիպված եմ դա նշել կապված ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների հետ։

Ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սատարումը կմնա իր արևելյան գործընկերների հետ Եվրոպական Միության հարաբերությունների հիմնական տարրերից [մեկը]։ Հելսինկիում ամրագրված սկզբունքը չի կարող մոռացվել հանուն համագործակցության, առավել անվտանգ և համախմբված եվրոպական մայրցամաքի»։

Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի ԱԳՆ հիշատակած պարբերությունը կիրառվել է անմիջապես Ռուսաստանի և Ուկրաինայի մասին խոսելիս և ճիշտ կարող է մեկնաբանվել միայն այդ կոնտեքստում. կտրված մեկնաբանությունը խեղաթյուրում է Ժ․ Բորելի խոսքերի իմաստը։

ԼՂ հիմնախնդրի հարցում հավելյալ հստակություն են մտցնում Եվրամիության կայքում Եվրոպական հարևանության քաղաքականության բաժնում հրապարակված՝ ԱլԳ երկրների հետ երկկողմ համագործակցության վերաբերյալ «հիմնական տեղեկանքները»։ ԱլԳ շրջանակներում Ուկրաինա-ԵՄ և Վրաստան-ԵՄ հարաբերությունների գլխավոր ուղղությունները նկարագրելիս ընդգծվում է այդ երկրների հետ կապված հակամարտությունների՝ տվյալ երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում լուծման անհրաժեշտությունը։ Այդ թվում՝ Վրաստանի դեպքում հստակ ընդգծվում է, որ այդ երկրի «տարածքային ամբողջականության մաս են կազմում Աբխազիան և Հարավային Օսիան», իսկ Ուկրաինայի դեպքում նույնը նշված է Ղրիմի, Սևաստոպոլի, Դոնեցկի և Լուգանսկի վերաբերյալ։

Ինչ վերաբերում է ԱլԳ շրջանակներում Հայաստան-ԵՄ և Ադրբեջան-ԵՄ հարաբերություններին, ապա երկու տեղեկանքում էլ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ տեքստը նույնական է։ Նշվում է, որ ԵՄ-ն աջակցում է հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ջանքերին։

Այս առումով անհրաժեշտ է կրկին հիշատակել նաև Արցախում 2020 թ․ ընտրություններին ԵՄ արձագանքը, որտեղ հակամարտության կարգավորման տեսանկյունից նշվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը կառույցի աջակցությունը։

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Եվրամիությունը որպես կառույց ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ներկայումս պահպանում է հնարավորինս հավասարակշռված և չեզոք մոտեցում՝ առաջնահերթություն չտալով կողմերից որևէ մեկի դիրքորոշմանը։ Խնդրի կարգավորումը կառույցը դիտարկում է ԵԱՀԿ ՄԽ միջնորդական առաքելության շրջանակներում՝ միջազգային բոլոր սկզբունքների հիման վրա։ Երկկողմ կամ բազմակողմ հայտարարություններում, փաստաթղթերում «բոլոր երկրների տարածքային ամբողջականության» վերաբերյալ նշումները բխում են առավելապես, եթե ոչ ամբողջությամբ, Ռուսաստանի հետ ունեցած, ինչպես նաև ԵՄ անդամ որոշ երկրների՝ սեփական տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներից։ Նշված ձևակերպումից, սակայն, ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մասնավորեցում չի արվում։ Փոխարենը այն տեղերում, որտեղ Արցախյան հակամարտությանը առանձին անդրադարձ կա, այդ թվում նաև ՀՀ հետ ստորագրված  «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում», կողմերից որևէ մեկի դիրքորոշումը չի գերակայում։

Նշվածը, իհարկե, օրակարգից չի հանում այն հարցը, որ կարևոր է աշխատել ընդհանուր հայտարարություններում ևս ԼՂ հիմնախնդրին վերաբերող մասնավոր դիրքորոշումն արտացոլելու, ինքնորոշման իրավունքը ևս ընդգծելու կամ նվազագույնը միայն տարածքային ամբողջականության սկզբունքի նշումները կանխարգելելու ուղղությամբ։