Հայկական մեդիան համավարակի ժամանակ

39 ր.   |  2020-06-08

Նոր կորոնավիրուսի (SARS-CoV-2) համավարակը ողջ աշխարհում բազմաթիվ խնդիրների ու մարտահրավերների պատճառ է դարձել։ Մեդիաոլորտը նույնպես զերծ չի մնացել դժվարություններից։ Չնայած համավարակի հետևանքով առաջացած արգելքներին ու սահմանափակումներին՝ մեդիա ոլորտը շարունակում է իրականացնել իր գործունեությունը՝  ապահովելով հասարակությանը համավարակի վերաբերյալ տարատեսակ տեղեկատվությամբ։

Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել Հայաստանում կորոնավիրուսի ժամանակ մեդիայի դերը, համավարակի ստեղծած խոչընդոտները, լրատվամիջոցների խնդիրներն ու արգելքները, մարտահրավերներն ու սպառնալիքները, հասկանալ արտակարգ կամ ճգնաժամային իրավիճակներում գերատեսչությունների ու ԶԼՄ ներկայացուցիչների միջև փոխգործակցության հիմնական խնդիրները։

Կիրառվել է հետազոտության խորքային հարցազրույցի և փորձագիտական հարցման մեթոդը. հարցազրույցներ են արվել «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Դավիթ Ալավերդյանի, մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի, լրագրող Նաիրի Հոխիկյանի, Media.am կայքի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանի,  լրագրող Արշալույս Մղդեսյանի, «Ամփոփ Մեդիա» առցանց պարբերականի (Ampop.am) գլխավոր խմբագիր Սուրեն Դեհերյանի, տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» հկ տնօրեն Արթուր Պապյանի հետ։

Զրուցել ենք նաև պետական կառույցների ներկայացուցիչների, մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանի,  էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանի հետ։

Բոլոր փորձագետների ու ԱՍՀՆ խոսնակի հետ հարցազրույցներն անցկացվել են մայիսի 10-ից 15-ի ժամանակահատվածում, իսկ ԱԳՆ ու Էկոնոմիկայի նախարարության խոսնակների հետ`մայիսի 22-ին և 26-ին: Հետևաբար, հարցազրույցների ընթացքում տեղեկատվական հոսքերի վերաբերյալ մեկնաբանություններն ու կարծիքները վերաբերում են մարտից մինչև մայիսի առաջին տասնօրյակն ընկած ժամանակահատվածին։

Ճգնաժամային իրավիճակներում էլ ավելի է կարևորվում պրոֆեսիոնալ լրատվությունը, քանի որ ոչ հավաստի տեղեկության, վերջերս նաև՝ անհայտ ծագման լրատվամիջոցներում սոցցանցերից իրական ու կեղծ օգտատերերի՝ իրականության հետ աղերս չունեցող գրառումների արտատպումը նպաստում է կեղծ տեղեկությունների տարածմանը՝ վնասելով համավարակի դեմ պայքարին և վտանգելով մարդկանց կյանքն ու առողջությունը։

Հասարակությանը հավաստի տեղեկատվության տրամադրումը ենթադրում է նաև սերտ ու արդյունավետ համագործակցություն պետության, պետական գերատեսչությունների հետ, որտեղ երկու կողմն էլ հավասարաչափ օպերատիվ կապի ու հաղորդակցության, հետադարձ արձագանքի, երկխոսության ու փոխգործակցության պատրաստակամություն պետք է ցուցաբերեն։

Մեդիա ոլորտի ներկայացուցիչները նշում են հետևյալ հիմնական գործողությունները, որոնք անհրաժեշտ է անել ճգնաժամային իրավիճակում.

  • տեղեկատվություն հաղորդել օպերատիվ իրավիճակի մասին,
  • հրապարակել ստուգված, հավաստի տեղեկություն,
  • արձագանքել տագնապ, խուճապ և կեղծ տեղեկատվություն տարածելու փորձերին,
  • հետևել, որ իշխանություններն ու ոլորտի պատասխանատուները հավաստի տեղեկատվություն հրապարակեն,
  • չթաքցնեն իրականությունը հանրությունից,
  • հետևել, որ իշխանությունները չչարաշահեն արտակարգ դրության ընձեռած լծակները,
  • հնարավորինս ուսումնասիրել իրավիճակն ու խնդիրը,
  • կարողանալ բազմակողմանի ներկայացնել կորոնավիրուսի խնդիրը՝ խուսափելով դավադրությունների տեսությունից,
  • օգնել հանրությանը չհավատալու միֆերին ու ապատեղեկատվությանը, նպաստել այնպիսի որոշումներ կայացմանը, որոնք կօգնեն հաղթահարել համավարակը,
  • պատմել մարդկային պատմություններ, ցույց տալ վիրուսի վտանգները։
Կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվական հոսքերը Հայաստանում

Հ այկական լրատվական դաշտում կորոնավիրուսը սկսեց լայնորեն լուսաբանվել մարտի 16-ից, երբ ՀՀ կառավարության որոշմամբ երկրում հայտարարվեց արտակարգ դրություն: Թեև արդեն մարտի 1-ին Հայաստանում հաստատվել էր վարակվածության առաջին դեպքը, որի մասին հաղորդեցին հայկական լրատվամիջոցները, սակայն լրատվամիջոցների ուշադրությունն այս և հաջորդ օրերի ընթացքում շարունակում էր գլխավորապես բևեռացված լինել երկրում փետրվարի 17-ին մեկնարկած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի (նախատեսվում էր անցկացնել ապրիլի 5-ին) քարոզարշավի վրա։ Իրադրությունը փոխվեց արտակարգ դրության հայտարարումից հետո, և տեղեկատվական հոսքերում կտրուկ աճեց կորոնավիրուսին առնչվող տեղեկատվությունը։

«Կորոնավիրուսի թեման արագորեն տարածվեց ոչ միայն լրատվամիջոցներում, այլ նաև տեղեկատվական հոսքերում ազդեցություն ունեցող խմբերի մարդկանց ակտիվությամբ, ինչպես նաև այդ ամենին միացավ ֆեյքերի հոսքը ու ստացվեց այնպես, որ այս համաճարակը դարձավ շատ խաղարկվող թեմա նաև քաղաքական ասպարեզում»,- նկատում է Ս. Դեհերյանը։

«Մեդիամաքս» լրատվական գործակալության նյութերի 70%-ը այս կամ այն կերպ առնչվում է կորոնավիրուսին. «Մի բացառությամբ, մենք մարդակենտրոն լրագրությամբ ենք զբաղվում։ Մեր հիմնական շեշտադրումները վերաբերում են մարդուն՝ փոփոխվող միջավայրում։ Միջավայրն է փոխվում, բայց մարդը պետք է այդ միջավայրին հարմարվի, ինչ է անում, ինչ լուծումներ է գտնում, ինչպես է փորձում իրավիճակից դուրս գալ, ինչպես է մեկը, որ ուներ աշխատանք և հիմա ստիպված է չաշխատել, ինչ լուծումներ է գտնում, ինչ նոր մասնագիտություն է ձեռք բերում, որ կարողանա ընտանիք պահել և այդպես շարունակ»,-  նշում է Դ. Ալավերդյանը։

Փորձագետների հետ հարցազրույցների ժամանակ կարծիքներ հնչեցին նաև, որ լրագրողներն ու լրատվամիջոցները շատ հաճախ նախընտրում էին հրատապությունն ու տեղեկատվությունն առաջինը հրապարակելու կարևորությունը։ «Հայաստանում ընդունված է կարծել, որ հրատապությունը ամենակարևորն է, մանավանդ, եթե հաշվի առնենք մեծ մրցակցությունը։ Սակայն ճգնաժամային պայմաններում հրատապությունը երբեմն կարող է թյուրիմացության մեջ գցել հանրությանը»,- ասում է Ն. Հոխիկյանը։

Թեև լինում էին դեպքեր, երբ ԶԼՄ-ները նախընտրում էին հրատապությունը, բայց քանի որ խնդիրը նոր էր, և կորոնավիրուսը, կարելի է ասել, «կանգնեցրել էր աշխարհը», որոշ չափով նաև լրատվամիջոցների աշխատանքի տեմպն էր դանդաղել. «Դա հնարավորություն էր տալիս հնարավորինս համակողմանի նայել խնդրին և հնարավորինս բազմազան լինել աղբյուրների տեսանկյունից՝ տեղեկատվությունը հաղորդելու համատեքստում»,- նշում է Ա. Մղդեսյանը։

Արշալույս Մղդեսյանը նկատում է, որ կորոնավիրուսի մասին ճշտված տեղեկատվություն հաղորդելը դժվար է, որովհետև երևույթը նոր է, հետազոտված չէ գիտական հանրության կողմից և միասնական կարծիք չկա։ «Կարող ես մի  նյութ, գիտական հոդված թարգմանել, կամ մի գիտնականի հետ խոսել, հարցազրույց անել և ինքը ասի մեկ բան, մի տասը օր հետո մեկ այլ գիտնականի հետ հարցազրույց անել, և նա այլ բան ասի՝ ասելով, որ այս ընթացքում նոր հայտնագործություններ են եղել կամ իր հայացքն այդպիսին է խնդրի վերաբերյալ։ Բժշկական հանրության, բժշկագիտական գիտության մեջ չկա ևս միասնական կարծիք, ուստի այս կարծիքները, ագրեգացիան, որ մենք տալիս ենք հանրությանը, կարող է որոշ խառնաշփոթ առաջացնել»,- ասում է նա։

Կորոնավիուրսի թեմայով տեղեկատվական հոսքերում կա նաև քննադատություն իշխանությունների հասցեին։ Դ. Ալավերդյանը կարծում է, որ քննադատությունները ցավագին ընդունելը սխալ է, քանի որ այն ևս կարող է լինել առարկայական։ «Օրինակ՝ մենք ևս քննադատում ենք առողջապահության նախարարության կամ պարետատան ոչ արդյունավետ գործողությունները։ Գտնում ենք, որ արտակարգ դրության երկու ամիսների  ընթացքում ավելի խիստ մոտեցումներ պետք է ցուցաբերվեին, այլ ոչ թե հույսը դրվեր ինքնակարգավորման կամ մարդկանց մտածելակերպի վրա»,- ասում է նա։

Կորոնավիրուսի լուսաբանման խնդիրները ոլորտի ներկայացուցիչների աչքերով

Լ րատվամիջոցների մշտադիտարկումն ու փորձագետների հետ հարցազրույցները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի վերաբերյալ հայկական լրատվամիջոցներում հրապարակված նյութերն ու տեղեկատվությունը տարաբնույթ են. ներքին, արտաքին, քաղաքական, պաշտոնական նյութեր, արտասահմանյան լրատվամիջոցներից թարգմանություններ, և այլն։

«Կային լրատվամիջոցներ, որոնք բավական լավ, որակյալ թարգմանություններ էին անում, ինչը  շատ ողջունելի ու կարևոր էր, որովհետև դա նոր խնդրի վերաբերյալ արտասահմանյան, հաճախ լեզվական տեսանկյունից ոչ հասու տեղեկության հանրամատչելի տրամադրումն էր, ինչը կարևոր էր։ Բայց դա քիչ էր, այսինքն՝ կարող էր լիներ ավելի շատ»,- կարծում է Ա. Մղդեսյանը։


ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ու ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը. մամուլի ասուլիս հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում, 21.04.2020, Աղբյուրը՝ mfa.am

Ն. Հոխիկյանն իր հերթին նշում է, որ հայկական մեդիադաշտում գրեթե չի հանդիպել խորը վերլուծությունների, առավել ևս՝ միջազգային մամուլից վերցված որակյալ նյութերի։ «Ավելի հաճախ թարգմանվածը էժանագին, սենսացիոն հրապարակումներ են, որոնք հաճախ խուճապի և նոր կորոնավիրուսի նկատմամբ սխալ պատկերացումների հիմք են դառնում»։ Նա նշում է, որ կորոնավիրուսի թեմայով տեղեկատվությունը պետք է լինի բովանդակային, «այսինքն՝ բազմակողմանի և միաժամանակ հանրությանը լավատեսական տրամադրություններ փոխանցող։ Խոսքն անհիմն լավատեսության մասին չէ, այլ լրատվության այնպիսի ժանրերի կիրառումը՝ դիմանկարային ակնարկ, փաստագրական ռեպորտաժ և այլն, որոնք կօգնեն ներկայացնել մարդկային կերպարներ, իրենց աշխատանքով ապրող մարդիկ, հիվանդացած և կորոնավիրուսը հաղթահարածներ և այլն»։

Ոլորտի ներկայացուցիչները նաև կարծում են, որ վիրուսի մասին տեղեկատվությունն ավելի մատչելի դարձնելու նպատակով կարևոր է մարդկային պատմություններ  ներկայացնելը։

Գեղամ Վարդանյանն այս առնչությամբ նշում է․ «Այսքան ժամանակ ինձ չի հերիքել հենց մարդկային պատմությունները, որն իրոք կօգներ մարդկանց տեսնել, թե ինչ է վիրուսը և հասկանալ, որ այն լուրջ է և յուրաքանչյուրիս է առնչվում։ Ես ավելի շատ կուզեի տեսնել իրավիճակը վերակենդանացման բաժանմունքներում, հիվանդանոցներում։ Ավելի շատ կուզեի տեսնել մարդկային պատմությունները, մարդկանց, որոնք վերապրել, հաղթահարել էին վիրուսը»։

Դավիթ Ալավերդյանը ևս համակարծիք է, որ անհրաժեշտ են մարդկային պատմություններ. «Պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր հիվանդ էին ու բուժվեցին։ Կողջունեի նաև, որ հիվանդանոցներից լրագրողները ինչ-որ նյութեր պատրաստեին բժիշկների ծանր աշխատանքի մասին, ընդորում՝ ոչ թե պաթոսային լիներ, այլ հենց կոշտ իրականությունը ցուցադրվեր, թե ոնց են այդ մարդիկ պայքարում»։ Նրա խոսքերով՝ դա կօգներ, որ չհավատացողներն իրենց աչքով տեսնեին, քանի որ ինքը տեսնում է, որ մարդիկ չեն հավատում այդ հիվանդության վտանգավորությանը կամ ընդհանրապես չեն հավատում գոյությանը։

Մամուլի մշտադիտարկումներից ելնելով՝ կարող ենք ասել, որ տեղեկատվական հոսքերում վերջին շրջանում առավել հաճախ կարելի է հանդիպել մարդկային պատմությունների։ Ելնելով հարցազրույցների ընթացքում մեդիա ոլորտի ներկայացուցիչների այն կարծիքներից, որ հանրության հետաքրքրությունը գնալով նվազում է կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվության նկատմամբ՝ կարելի է նշել, որ այդ մարդկային պատմություններն առավել ազդեցիկ ու արդյունավետ կլինեին առաջին իսկ օրից՝ հանրության շրջանում արդեն իսկ ձևավորված միֆերը չամրապնդվելու ու չարմատավորվելու նպատակով։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ կորոնավիրուսի ժամանակ տեղեկատվությունը բավականին շատ էր, բայց կար համակարգվածության և մարդկանց հասանելի լինելու խնդիր։ «Օրինակ՝ պարետի հայտարարություններն իրավական են։ Այսինքն՝ այսինչ կետը համարել արդեն վերացված, այնինչ կետում լրացումներ անել և այլն, բայց դրանք հասարակ մարդուն բացարձակ հասկանալի չեն և կարծում եմ՝ մարդկանց պետք է հնարավորություն տրվի ստանալ տեղեկատվություն նաև տարբեր ձևաչափերով»,- ասում է նա և հավելում, որ ընդհանուր առմամբ կորոնավիրուսին առնչվող թեմաները գերակշռում են և մարդիկ էլ սպառում են հիմնականում այդ թեմայով տեղեկատվություն, չնայած հետաքրքրությունը գնալով, իհարկե, նվազում է։

Մեդիափորձագետն ընդգծում է նաև, որ մի շարք պետական կայքերում տեղեկատվությունը բավականին շատ է ու տարբերվող. «Ահռելի քանակով նյութեր են ու անհամապատասխան իրար ու շատ հաճախ նույնիսկ ժամկետ նշված չէ։ Օրինակ, պարետի որոշումները կայքի վրա տեղադրվում, նշվում են առանց օրը նշելու։ Այսինքն, պարզ չէ, թե երբ են դրանք ուժի մեջ մտել»։

Բարձրացված մյուս խնդիրները հիմնականում վերաբերում են պետություն-լրատվամիջոցներ համագործակցությանը և պետական գերատեսչությունների տարածած տեղեկատվությանը։ Արթուր Պապյանը նշում է, որ պաշտոնական տեղեկատվությունը գերակշռում է, սակայն ոչ միշտ է հետաքրքիր ձևով փաթեթավորված և հաճախ անուշադրության է մատնվում, այն դեպքում, երբ սենսացիայի ձգտող, երբեմն կեղծ տեղեկատվությունը շատ ավելի մեծ տարածում է գտնում։

Փոխգործակցությունը ԶԼՄ-ների և գերատեսչությունների  միջև

Պ աշտոնական և ընդհանրապես ցանկացած տեղեկատվության պետք է մատչելի ու հասանելի լինի, հրապարակվի ճիշտ ժամանակին, և փոխանցվի թիրախային լսարանի յուրաքանչյուր խմբին համապատասխան արդյունավետ գործիքակազմով։ Այս խնդիրների կատարման համար անհրաժեշտ է համագործակցություն, արագ ու օպերատիվ մշտական կապ գերատեսչությունների հետ։ Արտակարգ իրավիճակներում այդ փոխգործակցության հաջող մեկնարկը կարող է էապես նպաստել նաև լրագրողների հետագա արդյունավետ աշխատանքին։

Աննա Նաղդալյանի խոսքերով՝ ԱԳՆ-ն գործարկել է հաղորդակցության գրեթե բոլոր միջոցներն ու ձևերը՝ պաշտոնական հայտարարություններ, մամուլի հաղորդագրություններ, հարցազրույցներ, նախարարության կայք, ԱԳՆ խոսնակի ու նախարության սոցիալական հարթակները, բջջայինների հասանելիություն, թեժ գծեր, ուղիղ կապ, միաժամանակ՝ հասանելի են եղել դեսպանությունները։ Սոցիալական մեդիան հասանելի է եղել թե՛ քաղաքացիներին, թե՛ ԶԼՄ-ներին, ինչպես նաև սոցմեդիայի միջոցով ստացել ու պատասխանել են մարդկանց հուզող հարցերին։

Կորոնավիրուսի ժամանակ, Ա. Օհանյանի խոսքերով, ԶԼՄ ներկայացուցիչների հետ խիստ օպերատիվ աշխատանքի էր անցել նաև էկոնոմիկայի նախարարությունը։ «Գիտակցում ենք, որ իրավիճակը վայրկյան առ վայրկյան փոխվում է և հնարավորինս արագ ենք փորձում տեղեկատվություն տրամադրել։ Եթե նախկինում ողջամտության սահմանում կարող էինք ժամանակ խնդրել և տեղեկատվությունը փոխանցել ավելի ուշ, ապա հիմա դա անում ենք հնարավորինս արագ»,- ասում է նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։

Նա նաև ընդգծում է, որ առցանց մամուլի ասուլիսների ժամանակ լրագրողների բոլոր հարցերը հնչում են, եթե դրանք վիրավորանք կամ տգեղ ձևակերպում չեն պարունակում։ «Եթե այդ պահին հարցի պատասխանատուն ներկա չէ, ապա ես եմ պատասխանում, եթե այդ պահին տիրապետում եմ այդ հարցին։ Եթե պատասխանատուն այդտեղ է՝ ինքն է արձագանքում»,- ասում է նախարարության խոսնակը։

Ա. Օհանյանն ասում է, որ պետք է վերարժևորվի ու վերանայվի լրագրողների դերը. «լրագրողներն այս պահին պետք է ավելի շատ նեցուկ լինեն պետական գերատեսչությունների կողմից տրվող տեղեկատվության ճշգրիտ փոխանցմանը, որովհետև նման փխրուն, վտանգավոր և ռիսկերով լի ժամանակներում ցանկացած ապատեղեկատվություն կամ չճշտված տեղեկություն կարող է էական վնաս հասցնել հանրությանը»։ Նա կարծում է, որ պետությունը պետք է մի փոքր ավելի ջանքեր գործադրի, որ լրագրողները լինեն ավելի համագործակցային՝ միաժամանակ գիտակցելով, որ արտակարգ դրության պայմաններում նաև կարող են որոշակիորեն փոփոխվել ԶԼՄ-պետություն հարաբերությունները։

Կորոնավիրուսի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար մեդիայի հետ հաղորդակցության ձևերն առանձնապես չեն փոխվել: Այս ընթացքում (մայիսի 13-ի դրությամբ) նախարարությունն ունեցել է շուրջ 100 հարցազրույց և մեկնաբանություն, ավելի քան 50 մամուլի հաղորդագրություն, մամուլի 6 ասուլիս: ԱՍՀՆ խոսնակի խոսքերով՝ ըստ էության, մեդիայի հետ աշխատանքի ընթացքում ավելացել են ծավալները։ Բացի այդ, հաղորդակցության ոլորտի աշխատակիցները խորհրդատվություն են տրամադրում նաև քաղաքացիներին։

Սոնա Մարտիրոսյանը նշում է, որ, հասկանալով թեմայի հրատապությունը, աշխատել են, հիմնականում, բանավոր հարցումների սկզբունքով՝ տեղում պատասխանելով լրագրողների հարցերին: «Տեղեկատվության և հասարակայնության բաժնի աշխատակիցներն ամենօրյա ռեժիմով ստացել են ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկանքներ, որոնցով և առաջնորդվել են տվյալներ հաղորդելիս»:

Պետության հետ լրատվամիջոցների փոխհարաբերություններն անհրաժեշտ է դիտարկել մի շարք հարթություններում։ Օղակներից յուրաքանչյուրը տեղեկատվություն մատուցելուց զատ ունի նաև որոշակի վերահսկողության գործառույթ. հատկապես ճգնաժամային իրավիճակներում կեղծ տեղեկատվության դեմ պայքարը պետության առաջնային գործառույթներից է։ Մյուս կողմից՝ նաև սոցիալական ցանցերի առկայությունը պետական մարմիններին ստիպում է գործել առավել օպերատիվ։

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը նշում է, որ կորոնավիրուսի ժամանակ մեդիա ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքում շատ մեծ խնդրի չեն բախվել, ինչը պայմանավորված էր նաև թիմի շատ արձագանքող աշխատանքով։ Նրա խոսքերով՝ լրատվամիջոցը պետք է կամուրջի դեր կատարի նաև պետության և հանրության միջև․  «Լրագրողը հենց այդ կամրջող դերակատարությունն է, երկխոսությունն է կառավարության և հասարակության։ Եվ այդ առումով հավաստի տեղեկատվություն փոխանցելն ամենամեծ գործառույթն է, որն ինքը կարող է անել երկու ուղղությամբ. մենք ուզում ենք իմանալ՝ ինչ խնդիրներ կան, և հասարակությունը ուզում է իմանալ՝ ինչ է իրեն սպասվում»,- ասում է ԱԳՆ խոսնակը։ Վերջինս կարևորում է, որ լրատվամիջոցներն իրենց հերթին հանրությանն իրազեկելուց բացի, ունենան նաև հանրությանը հուզող խնդիրների պետությանը ներկայացնելու առաքելություն։


ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը, 21.05.2020,  Լուսանկարը՝ Հայկ Մանուկյանի, armenpress.am

Պետական կառույցների ներկայացուցիչները մեդիայի հետ աշխատանքի հիմնական խնդիրը համարում են նաև լրագրողների ոչ բավարար տեղեկացվածությունը: Օրինակ՝ ԱՍՀՆ խոսնակ Սոնա Մարտիրոսյանը նշում է. «Օրերս մեկնաբանության համար մի հեռուստաընկերություն դիմեց: Լրագրողը պնդում էր, որ ունի հերոս, որը համապատասխանում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման չափանիշներին, սակայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մերժում է քաղաքացու դիմումը: Եվ, իսկապես, առաջին հայացքից ամեն ինչ հստակ էր. կինը չէր աշխատում, միայնակ մայր էր, ուներ անչափահաս երեխա: Սակայն, երբ լրագրողի հետ սկսեցինք ուսումնասիրել գործը, պարզվեց, որ կինն աջակցություն է ուզում ստանալ մի երեխայի համար, որն այս պահին գտնվում է պետական հոգածության ներքո՝ մանկատանը, ինչը, բնականաբար, դիմումի մերժման հիմքն էր»:

Սոնա Մարտիրոսյանը նշում է, որ այս և նման շատ դեպքերում լրագրողները չեն ուսումնասիրում գործը կամ պատմությունը. «Դա երկու պատճառ ունի. կա՛մ ցանկության բացակայություն, կա՛մ անտեղյակություն: Երկուսն էլ, ինչ խոսք, խնդիր են ստեղծում թեմայի լուսաբանման հարցում և մանիպուլիատիվ երևույթների տեղիք տալիս»:

Մեդիադաշտի ներկայացուցիչները և փորձագետները որպես հիմնական խնդիր նշում են գերատեսչություններից օպերատիվ տեղեկություն ստանալու սահմանափակումները, առկա խնդիրները։

Սուրեն Դեհերյանի կարծիքով՝ գերատեսչությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև արդյունավետ համագործակցության համար անհրաժեշտ են օպերատիվություն և տվյալների մշակմամբ, վերլուծությամբ զբաղվող լուրջ մասնագետներ։ Փորձագետի դիտարկմամբ՝ դրա համար իսկապես պետք է վերապատրաստում, պետք են նոր կադրեր, այսօր տեղեկատվական բաժինների աշխատողները չպետք է դիտվեն իբրև միջնորդներ հասարակության և գերատեսչության մյուս բաժինների մասնագետների միջև։ Ս. Դեհերյանը կարծում է, որ ժամանակն է ձևավորել հասարակայնության հետ կապերի այնպիսի կենտրոններ, որոնք տեխնոլոգիապես հագեցած կլինեն, կունենան ՏՏ մասնագետներ, տվյալների հետ աշխատող մասնագետներ, ովքեր կհասկանան տեղեկատվական հոսքերի հետ գրագետ և օպերատիվ աշխատելու նրբությունները։ Նա ընդգծում է, որ այսօր շատ խնդիրներ կարելի է ավտոմատացնել տեղեկատվական տիրույթում, ինչը կօգնի լրագրողներին ավելի արագ ստանալ իրենց պահանջվող նյութերը և զերծ կպահի հարցումներից։

Ս. Դեհերյանը նշում է, որ գերատեսչությունների կողմից սպառիչ պատասխան տալու խնդիր կա․ «Չի կարելի միայն լրագրողին մեղադրել հարցերը ոչ պատշաճ ներկայացնելու մեջ։ Խնդիր կա  պատասխանների մեջ։ Այս մշտական խնդիրը պետական կառույցների ու լրագրողների կռվախնձորն է։ Այստեղ գուցե նամակագրությունից բացի պետք է մի լուծում գտնվի, որ թե՛ հարցերի, թե՛ պատասխանների առումով կողմերը պատճառ չունենան դժգոհելու կամ օգտագործելու իրենց շահերից ելնելով»,- նշում է փորձագետը։

Ս. Դեհերյանը որպես խնդիր նշում է նաև այն, որ տեղեկատվություն փոխանցող պետական կառույցները իրենց հերթին պատրաստ չէին այս ձևաչափով աշխատելուն և խնդիրներ առաջացան. «Մենք հարցում ենք ուղարկում, բայց պատասխան չունենք, որովհետև պարզվում է՝ շատ բան հաշվարկված չէ, շատ բան դեռ հաշվարկման փուլում է։ Եվ ստացվում է, որ առողջապահության համակարգի պատասխանատուները տվյալներ փոխանցելու առումով ունեն որոշակի տեղեկություն, որը օրվա կտրվածքով շատ բաց և թափանցիկ մատուցում են, բայց մի փոքր ավել տեղեկություն ես ցանկանում իմանալ, ասում են, որ չկա և շատ երկար ժամանակ է պետք»։

Այսօր լրատվամիջոցների հարցերին օպերատիվ պատասխանելու համար գերատեսչությունների խոսնակներն օգտագործում են նաև սոցիալական ցանցերը։ Կարող ենք արձանագրել, որ հարցազրույցներին մասնակցած խոսնակները ևս պատասխանում են սոցիալական ցանցերում իրենց ուղղված հարցերին՝ այդպիսով նպաստելով լրատվամիջոցների հետ երկխոսության ու օպերատիվ կապի ձևավորմանը։ Ինչ վերաբերում է գերատեսչությունների և մամուլի միջև եղած խնդիրներին, ապա արտգործնախարարության խոսնակը կարևոր է համարում երկխոսությունը․ «Բացատրել, նաև off the record զրույցները ԶԼՄ ներկայացուցիչների հետ։ Տալ տեղեկատվությունը, որը գուցե հիմա պետք չի հրապարակել, մի ժամ հետո ավելի մեծ ազդեցություն կունենա, բայց հիմա, որ հրապարակվի իր հետևանքներն ավելի քիչ կլինեն։ Անկեղծ երկխոսությունը ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների հետ ժամանակատար է, հասկանում եմ, բայց դա իրապես օգնում է»,- նշում է Ա. Նաղդալյանը։

Մեդիա ոլորտի ներկայացուցիչները գրատեսչությունների հետ խնդիրների շարքին են դասում նաև այն, որ կորոնավիրուսի սկզբնական շրջանում տեղեկատվությունը տարածվում էր մի քանի աղբյուրից և մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար բարդություններ էր ստեղծվել մեկ պատասխանատու մարմնից տեղեկություն ստանալու հարցում։ Ինչպես նշում է Գեղամ Վարդանյանը, պարետատան հետ լրագրողների աշխատանքը սկզբում անբավարար էր, որովհետև արտակարգ դրության սկզբնական շրջանում լրագրողները նույնիսկ չգիտեին՝ ում հետ խոսել, ով է մամուլի պատասխանատուն, և այլն։

«Գերատեսչություններն ի սկզբանե մեծ խնդիրներ ստեղծեցին, քանի որ տեղեկատվության որևէ կենտրոնացված համակարգ ստեղծելու փոխարեն թե՛ պարետատունը, թե՛ առողջապահության նախարարությունը, թե՛ համաճարակների կանխարգելման վարչությունը սեփական ռեսուրսներն էին ստեղծել, դժվար էր հասկանալ դրանցից որն է առաջնայինը, նույն տեղեկատվությունը տարբեր աղբյուրներից մի փոքր տարբեր փաթեթավորմամբ էր գալիս»,- նշում է Ա. Պապյանը՝ միևնույն ժամանակ ողջունելի համարելով պաշտոնյաների՝ ուղիղ եթերով ամենօրյա լայվերն ու նրանց խոսնակների մատչելիությունը և հասանելիությունը։

Ա. Մղդեսյանի խոսքերով՝ երբ մտցվեց արտակարգ դրությունը, մարդիկ և լրատվամիջոցները չգիտեին, թե ինչ և ինչպես հաղորդել, ինչն է սահմանափակվում, ինչպես պետք է տալ՝ միայն ներքի՞ն ինֆորմացիան կորոնավիրուսի մասին, թե արտաքինը ևս, այսինքն՝ տարբեր երկրներում տեղի ունեցող իրադարձությունները, կարելի՞ է արդյոք տալ արտաքին աշխարհից պաշտոնական տեղեկատվությունը, թե դա էլ պետք է տալ ներքին աղբյուրներին հղում անելով։ Նրա խոսքերով՝ նշված խնդիրը հղկվեց որոշ ժամանակ հետո, բայց որոշակի խոչընդոտներ ստեղծեց։

Ն. Հոխիկյանի կարծիքով պարետատան հետ աշխատանքը ինքնահոս է։ «Այն ինֆորմացիան, որ պետք է լրատվամիջոցների շնորհիվ հասանելի լինի հանրությանը, հրապարակվում է սոցցանցերում, և այն ընդամենը արտատպում են ԶԼՄ-ները։  Սակայն գրեթե բացակայում են պետական պատասխանատու պաշտոնյաների հետ պարբերական հարցազրույցները։ Կարող եմ 2-3 լրատվամիջոցի անուն տալ, որոնք ակտիվորեն լուսաբանում են ոչ միայն լրահոսը, այլև պատասխանատուներից մեկնաբանություններ ստանում։ Մյուսները լրատվական հոսանքի հետ ընդամենը արտատպում են»։

Դ. Ալավերդյանն իր հերթին նշում է, որ գերատեսչությունները տարբեր քայլեր էին ձեռնարկում և օգտագործում հաղորդակցության բոլոր հնարավոր միջոցները, խողովակները՝ անհրաժեշտ տեղեկատվությունը հասարակությանը փոխանցելու ու հասանելի դարձնելու համար։ «Պետությունը այն ինֆորմացիան, որը ուզում է հասարակությանը հասցնել, կարողանում է հասցնել։ Այլ խնդիր է, որ որոշակի հակասություններ եմ տեսնում ասածների ու արածների միջև, որի արդյունքում էլ մենք տեսնում ենք, որ հիվանդների թիվը ոչ միայն չի նվազում, այլ աճում է։ Եվ սա կարող է ի վերջո շատ լուրջ խնդիր ստեղծել առաջին հերթին հենց պետության համար։ Քարոզչությունն այս առումով, կարծում եմ, գուցե պետք է ավելի կոշտ լիներ, գուցե այս առումով նաև վախեցնող. հասարակությանը ցույց տալ ինչ է լինում մարդկանց հետ»։

Հակաճգնաժամային ծրագրերի լուսաբանումը

Թ իրախային լսարանին հակաճգնաժամային ծրագրերի մասին տեղեկությունը հասցնելու վերաբերյալ փորձագետների շրջանում հնչեցրած կարծիքները տարբեր էին. ոմանք նշեցին, որ չնայած որոշ հակասություններին, պետությունը հիմնականում կարողանում է փոխանցել այն տեղեկությունը, որը ցանկանում է, մի մասն էլ նկատեցին այս ուղղությամբ խառնաշփոթ ու ոչ բավարար հասանելիություն։

Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը նշում է, որ հակաճգնաժամային ծրագրերը լուսաբանվում են բոլոր հնարավոր գործիքներով. «ամենաթիրախայինը կարծես Հանրային հեռուստատեսությամբ և ֆեյսբուքյան գովազդով տրամադրվող տեղեկատվությունն է»։ Նրա խոսքերով՝ դրանք լայն սփռում ունեն, և իրենց թիրախային խմբերի համար լավ են աշխատում։

Ա. Մղդեսյանը կարծում է, որ հակաճգնաժամային ծրագրերի մասով խառնաշփոթ կար հենց նաև պետական համակարգում. շատ հաճախ չգիտեին, որ ծրագիրը ինչպես է իրականացվելու։ «...Հայտարարվել միլիարդների մասին, բայց մեխանիզմները դեռևս չէին դրվել... Եվ այստեղ խառնաշփոթ է առաջացնում մինչև այսօր ծրագրերի այդ բազմազանությունը...»,- նշում է նա և հավելում, որ ծրագրերի բազմազանությունը խնդիր է նաև առանձին-առանձին լուսաբանելու տեսանկյունից. «ում՝ ինչ է հասնում, ինչպես դիմել, շատ հաճախ լրատվամիջոցներին էին մարդիկ դիմում՝ արդյո՞ք ես այս ծրագրի շահառու եմ, թե ոչ...»։ Ըստ նրա՝ մարդկանց մոտ կար տեղեկացված լինելու և ծրագրերին դիմելու հմտությունների լուրջ խնդիր։ Ա. Մղդեսյանը նշում է, որ ինքը չի հանդիպել հոդվածի, որտեղ հստակ, հերթով, քայլ առ քայլ բացատրվի այս ծրագիրը, ինչպես է աշխատում և ինչ խնդիրներ ունի։ Միևնույն ժամանակ նա չի բացառում նման հոդվածների գոյությունը, որը ինքը չի նկատել։

Ս. Դեհերյանը  կարծում է, որ հնարավոր է՝ ոչ բոլորին է այդ տեղեկատվությունը հասել` հաշվի առնելով տեխնիկայի ոչ 100  տոկոսանոց հասանելիությունը հասարակության շրջանում։ «Այնպես չի, որ բոլորը ունեն ինտերնետ, համակարգիչ, լավ որակի էկրան կամ միայնակ ապրողների տարիքը թույլ է տալիս այնպիսի վարժ գործողություններ իրականացնել ինտերնետում, որ գտնեն ինչ են ուզում։ Կա սոցիալական մի խավ, որը միայնակ չի կարող հասնել այն տեղեկատվությանը, որը պետությունը պատրաստել է»,- նշում է նա։

Տարբեր աղբյուրներով այս միջոցառումների մասին տեղեկատվություն փոխանցելուն զուգահեռ՝ Ս. Դեհերյանը կարևորում է նաև հասարակությանը «իմացա՞ր, փոխանցի՛ր կողքինիդ» իրազեկելը։ Այսինքն, փորձագետը գտնում է, որ քաղաքացիները ևս պետք է օգնեն և ներգրավվեն խոցելի խմբերին կորոնավիրուսի թեմայով անհրաժեշտ տեղեկատվություն փոխանցելու գործում։

ԱՍՀՆ խոսնակը նշում է, որ հակաճգնաժամային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը թիրախային լսարանին հասցնելու համար նախարարությունը պատրաստել է պարզ հարցուպատասխան, նկարահանել շուրջ 10 անիմացիոն տեսահոլովակ, որոնք հեռարձակվել են Հանրային հեռուստաընկերության եթերով, տարածվել սոցիալական մեդիայի իրենց հարթակներով: Դրանցից շատերը շուրջ կես միլիոն դիտում են ունեցել: «Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզաբնակ քաղաքացիները հաճախ չունեն ցանցային հասանելիություն, մեր միջազգային գործընկերների աջակցությամբ հոլովակները հեռարձակելու պայմանագրեր են կնքվել մարզային 8 հեռուստաընկերությունների հետ: Ուստի, կարծում եմ, թիրախային լսարանին հասանելի է եղել ողջ տեղեկատվությունը»,- ասում է Սոնա Մարտիրոսյանը։

Ս․ Մարտիրոսյանը նշում է, որ հաշվի առնելով, որ մեդիան որոշակի շփոթմունքի մեջ էր հակաճգնաժամային ծրագրերի վերաբերյալ, աշխատանքների որոշակի մաս իրականացրել են իրենք: «Նախ՝ սոցիալական ծրագրերից յուրաքանչյուրի վերաբերյալ ստեղծել և տարածել ենք հնարավորինս պարզ լեզվով, մատչելի գրված հարցուպատասխան: Դրանից բացի՝ ստեղծել ենք անիմացիոն հոլովակներ ոչ միայն հենց ծրագրերի վերաբերյալ՝ ինֆորմատիվ բնույթի, այլև՝ ծրագրերին դիմելու տեխնիկական առանձնահատկությունների մասին՝ screen recording-ի սկզբունքով: Այս պարագայում մենք հույս ունեինք, որ ստեղծված բովանդակությունը կօգներ նաև մեր լրագրող գործընկերներին՝ հնարավորինս լավ պատկերացնել ծրագրերը և անաչառ լինել դրանք լուսաբանելիս»:

Արտերկրում գտնվող քաղաքացիներին իրազեկելու ՀՀ ԱԳՆ ձեռնարկած քայլերը

Հ ամավարակի ժամանակ մյուս կարևոր խնդիրն արտերկրում գտնվող քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկատվության հասանելիության ապահովումն էր։ Աննա Նաղդալյանը նշում է, որ ԱԳՆ-ն, գործելով տարիներ առաջ «տեղեկատվական աշխատանքը արտակարգ իրադրությունում» հայեցակարգով, դեռևս փետրվարից ձեռնարկել էր անհրաժեշտ միջոցառումներ, ոչ միայն ԶԼՄ-ների հետ արդյունավետ աշխատանքի, այլև հանրությանն ու արտերկրում գտնվող հայրենակիցներին տեղեկատվության հասանելիության ապահովման համար։

Ա. Նաղդալյանի խոսքերով՝ մարտի 1-ին արդեն իսկ 56  կետում ԱԳՆ-ն ուներ 24/7 ռեժիմով աշխատող թեժ գծեր, հասանելի էին բջջայիններն ու հավելվածները, հրապարակվել են բոլոր դիվանագետների բջջային հեռախոսահամարները։ Խոսնակի խոսքերով՝ թեժ գիծը հասանելի էր նաև բջջայինով էր և սոցիալական մեդիայի գրեթե բոլոր հաշիվներով, որենց համար սահմանվել էր շուրջօրյա հերթապահություն։

Հյուպատոսարաններում հաշվառված քաղաքացիները էլփոստով պարբերաբար ստանում են թարմացումներ, թե ինչ զարգացումներ կան իրենց երկրի ուղղությամբ, ինչ հայտարարություններ են արվում ԱԳՆ-ի կողմից, դիվանագիտական ներկայացուցիչները հավատարմագրված քաղաքացիներին պարբերաբար զանգահարում են՝ խնդիրներին ծանոթանալու համար։

ԱԳՆ-ն թեև սովորաբար չէր օգտագործում չինական WeChat հավելվածը, սակայն ՀՀ դեսպանությունը հատուկ հաշիվ էր բացել նաև այստեղ՝ որ ՀՀ քաղաքացիների հետ կապն ապահովելու համար։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Կ որոնավիրուսի ժամանակ պաշտոնական տեղեկատվություն փոխանցող առաջնային դերակատարում ունեցող կառույցներից է արտակարգ իրավիճակներում հասարակությանը հրատապ և հավաստի տեղեկատվություն տրամադրելու նպատակով ստեղծված Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, որը հնարավորություն էր տալիս ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին մասնակցել մամուլի ասուլիսներին և ֆեյսբուքյան նամակի միջոցով հարցեր ուղղել կենտրոնին։

Փորձագետները կարևոր ու արդյունավետ են համարում կենտրոնի ստեղծումը, օրական մի քանի անգամ ասուլիների անցկացումը, նշելով, որ դրանք չպետք է  ինքնանպատակ ու արհեստական լինեն։  «Ստեղծված իրավիճակում [ասուլիսները] շատ արդյունավետ և օգտակար են, սակայն, մյուս կողմից, եթե ասելիք չկա (նման դեպքեր ևս տեսել ենք), ինքնանպատակ ասուլիսների անցկացումը արհեստական է դառնում։ Թերևս կարելի է ունենալ ամենօրյա բրիֆինգներ, իսկ ասուլիսներ անել միայն այն թեմաներով և ոլորտներում, որտեղ որոշակի հարցեր են կուտակվում»,- ասում է Արթուր Պապյանը։

Դ. Ալավերդյանը նշում է, որ ասուլիսները պետք է կազմակերպվեն միայն այն դեպքում, երբ գերատեսչությունների ներկայացուցիչներն ասելիք ունեն։ «Այդ ասելիքը պետք է ոչ թե կրկնի նախորդների ասածները, այլ պետք է նորություն պարունակի։ Օրինակ՝ ինչպես ապրել, ինչպես կրթվել, ինչպես են անցնելու քննությունները...»։

Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ ասուլիսների անցկացումը մի կողմից  լավ է, որովհետև ինչքան տեղեկատվությունը շատ լինի, այդքան ապատեղեկատվությունը քիչ կլինի։ «Սակայն, երևի թե, պետք է մտածել նաև ֆորմատների մասին, որովհետև շատ հաճախ ասուլիսները ծանր են, հիմնական տեղեկատվությունը կորում է շատ այլ բաների մեջ և կարևոր է, որ տրամադրվեն կարճ վիճակագրական, վիզուալիզացիոն նյութեր և այլն»։

Արշալույս Մղդեսյանը նկատում է, որ սկզբում, հատկապես լրագրողների համար շատ արդյունավետ էր օրական մի քանի մամուլի ասուլիսների անցկացումը, որովհետև պետք էր իմանալ, թե ինչ է կատարվում տարբեր ոլորտներում։ «Առանձին-առանձին դիմելու, հարցումներ ուղարկելու փոխարեն սա հարցերն անմիջապես ուղղելու հնարավորություն էր»։  Սակայն, ինչպես նկատում է փորձագետը, հիմա հետաքրքրությունը մի փոքր ընկել է, ինչը բնական է, որովհետև, կարելի է ասել, մարդիկ մի փոքր վարժվել են իրավիճակին։

Սահմանափակումներ լրատվության տարածման վրա

Ի նչպես արդեն նշվեց, առաջին շաբաթներին տեղեկատվական հոսքերում գերակշռում էր պաշտոնականը, ինչը պայմանավորված էր արտակարգ դրությամբ, որի համաձայն սահմանվել էին լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելքներ։

Մարտի 24-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման մեջ  ԶԼՄ-ների միջոցով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելքների կետը վերանայվեց և որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, ինչը դրականորեն գնահատվեց մեդիա ոլորտի կողմից։ Նախկինում դրանց դեմ հայտարարությամբ հանդես եկած կազմակերպությունները մարտի 27-ին գոհունակությամբ ընդունեցին Կառավարության այս որոշումը։

Ապրիլի 13-ին Հայաստանում արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու որոշման մեջ կատարվեցին փոփոխություններ, որոնցով վերացվեցին ԶԼՄ-ների նկատմամբ արգելքները։ Վերջիններիս վերացմամբ լրատվամիջոցներում, բացի պաշտոնական լրատվությունից, սկսեցին նկատվել տարբեր մոտեցումներով տարաբնույթ հրապարակումներ, այդ թվում՝ մարդկային պատմություններ, ինչպես նաև տեսանյութեր վիրուսը հաղթահարած մարդկանց մասին։ «Իհարկե, այն պահին, երբ արտակարգ դրության հետ կապված մտցվել էր գրաքննություն, ինչ-որ պահի տեղեկատվությունը բավականին սուղ էր, քանի որ լրատվամիջոցները չէին հրապարակում այլ տեղեկատվություն, բացի պաշտոնականից։ Բայց հիմա շատ լայն է և կան բոլոր տեսակի աղբյուրներ»,- ասում է Ս. Մարտիրոսյան։


ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի ասուլիսը, 15.05.2020, Լուսանկարը՝ Հայկ Մանուկյանի, armenpress.am

Արգելքները սահմանելուց օրեր անց՝ մարտի 20-ին,  մեդիա ոլորտի մի խումբ կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ՝ նշելով, որ ՀՀ Կառավարության որոշմամբ տեղեկատվության տարածումը կարգավորող դրույթների կիրառումն անարդյունավետ է, անհամաչափ, հակասում է ողջամտության սկզբունքներին և չի նպաստում համաճարակի պայմաններում հանրային շահերի իրացմանը: Հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները կոչ էին անում ՀՀ կառավարությանը և պարետատանն անհապաղ ուժը կորցրած ճանաչել այդ դրույթները, մշակել տեղեկատվության տարածման ռեժիմը սահմանող նոր կարգավորում, որն այս բարդ իրավիճակում կհստակեցներ հնարավոր սահմանափակումները, կնպաստեր լրատվամիջոցների կողմից մասնագիտական պատասխանատվության նորմերին հավատարմությանը և կապահովեր պաշտոնական կառույցների և լրատվամիջոցների միջև արդյունավետ և հանրօգուտ գործընկերությունը: Հայտարարությամբ հանդես եկած կազմակերպությունները նաև պատրաստակամությունն էին հայտնում աջակցել նման փաստաթղթի մշակման աշխատանքներին:

Դ. Ալավերդյանը կարծում է, որ արգեքների որոշումն արդյունավետ կլիներ, եթե գործեր բոլորի նկատմամբ։ «Բայց մենք տեսանք,  որ ընտրողաբար է մոտեցումը։ Դա նաև պայմանավորված է օրենսդրության ոչ կատարյալ լինելով։ Մենք օրենսդրությունում չունենք հստակ ձևակերպված, թե ինչ է «ֆեյք նյուզը», կեղծ լուրը և ինչպես այն կարելի է բնորոշել կամ տարանջատել կարծիքից կամ մեկնաբանությունից։ Եվ սա արդեն լուրջ խնդիր է»,- ասում է նա։

Գ. Վարդանյանի դիտարկմամբ՝ նման որոշման ահրաժետություն կար, բայց ժամանակը ցույց տվեց, որ այդ արգելքն առանձնապես չի աշխատում։ Այս տեսակետից լրատվամիջոցների հետ կառավարության աշխատանքը նա ոչ արդյունավետ է համարում. «Սահմանափակումները մտցվեցին, դրանք առանձնապես չգործեցին, հետո հանվեցին, և այն վտանգը, որ կար սահմանափակումների հետ կապված, գործում էր և՛ այդ սահմանափակումների ժամանակ, և՛ դրանից հետո։ Խոսքն ապատեղեկատվությամբ չճշտված լուրերի մասին է»։

Սուրեն Դեհերյանի խոսքերով՝ գուցե այդ պահին Հայաստանում և ամբողջ աշխարհում, իրավիճակին լավ չտիրապետելով, յուրաքանչյուր երկիր շտապ որոշումներն էր կայացնում։ «Մենք ուզում ենք վարակը կանխել, բայց տեղեկատվությունը սահմանափակելով վարակը կկանխե՞նք, թե ոչ»։ Նրա կարծիքով՝ տեղեկատվության հոսքերի նման կտրուկ դադարեցումն ամենևին պետք չէր և դա լրացուցիչ զայրույթ առաջացրեց լրագրողական համայնքի մոտ։ «Զգուշություն իհարկե առաջացրեց, բայց դա լավ օրինակ չէր և կարող է հետագայում լավ հետևանք չթողնել. խոսքի ազատության տարբեր զեկույցներում դա կարտացոլվի»։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ևս կարծում է, որ նման արգելքների սահմանումը սխալ որոշում էր, ըստ այդմ էլ փոխվեց․  «Իմ կարծիքով դա շատ սխալ որոշում էր, և հենց կառավարությունը ինքը հետ կանգնեց այդ որոշումից, որովհետև դա ոչ մի հարց չլուծեց։  Հակառակը, ստեղծեց լարվածություն, ստեղծեց կասկածներ, որ ինչ-որ բան փորձում են թաքցնել և, բնականաբար, դու չես կարող տեղեկատվական հոսքերը կանգնեցնել, եթե դու ունես Սփյուռք, որն ավելի մեծ է քանակով, քան Հայաստանի բնակչությունը, որը օնլայն է, որը տարածում է այն, ինչ արգելում ես տարածել քո երկրի ներսում»։

Այս խնդրի մյուս կողմը, սակայն, լրատվամիջոցներում ապատեղեկատվության տարածումն է։ Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը նշում է, որ այդ արգելքներն ավելի շատ հեշտացրել են իրենց աշխատանքը, բայց այն բարդացնում էր պարետատան հետ ցանկացած տեղեկատվություն ճշգրտելու պրոցեսը։ Բայց նա, այնուամենայնիվ, կարծում է, որ այս իրավիճակում խիստ դավադրապաշտական կամ միտումնավոր ապատեղեկատվության տարածումը պետք է անպայման կարգավորված լինի և սահմանափակված։

Ապատեղեկատվության ու կեղծ տեղեկությունների տարածում

2 020թ. փետրվարի 2-ին «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը» կորոնավիրուսի պանդեմիային զուգահեռ հայտարարեց ևս մեկ համաճարակի՝ զանգվածային «ինֆոդեմիայի» (infodemic) կամ «ապատեղեկատվության համաճարակի» մասին։ Համաշխարհային մամուլում կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվական հոսքերում հրապարակվում էր մեծ թվով ապատեղեկատվություն, որոնք կարող էին վտանգել հասարակության առողջությունը և նպաստել կորոնավիրուսի տարածմանը։

Հայկական լրատվամիջոցներում ևս կորոնավիրուսի վերաբերյալ հրապարակվում էին տարատեսակ կեղծ տեղեկություններ, առասպելներ ու դավադրության տեսություններ՝ սկսած համավարակի կեղծ ու հորինված լինելուց,  վերջացրած «հանրությանը չիպավորելուց»։

Փորձագետների հետ հարցազրույցներից ելնելով՝ կարելի է առանձնացնել ապատեղեկատվության ու կեղծ տեղեկությունների տարածման հետևյալ հիմնական պատճառներն ու ակունքները.

  • մարդկային անգրագիտությունն ու վախերը,
  • «Քլիքբեյթ» (clickbait) կամ դեղին մամուլը՝ մեծ դիտելիություն ու այցելություն ունենալու նպատակով,
  • հայտնի դառնալու կամ գումար աշխատելու որոշ մարդկանց փորձերը,
  • քաղաքականացված լրատվամիջոցներ, որոնք միտումնավոր մեդիամանիպուլիացիաներով են զբաղվում,
  • սոցիալական խնդիրներից կամ գործատուների շրջանում նույնպես կարող են լինել մարդիկ, որոնք կարող են տարածել ապատեղեկատվություն՝ իրենց բիզնեսը կանգնելուց փրկելու նպատակով,
  • տեղեկությունն առաջինը հրապարակելու կարևորումը։

Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ ընդհանուր դավադրապաշտական տարբեր առասպելները, որոնք արդեն գոյություն ունեին, հիմա ավելի մեծ տարածում են ստանում։  Բացի այդ, ըստ նրա, ապատեղեկատվությունը հենց հիմա օգտագործվում է և՛ միջպետական տեղեկատվական պայքարի մեջ, և՛ տնտեսական, և՛ ներքաղաքական։ «Հայաստանում այս ամենն առկա է, և շատ ուժեղացնում է ապատեղեկատվության տարածումը»։

Դավիթ Ալավերդյանն էլ նշում է, որ «ֆեյք նյուզը» ամբողջությամբ կեղծ լուրեր չեն. այստեղ ներգրավված անձինք, կառույցները իրական են լինում։ «Այսինքն վերցնում են իրական մարդկանց, իրական տեղեր, իրական կերպարներ և կեղծում են, որպեսզի մարդիկ հավատան, որ դա ճշմարտություն կարող է լինել, կեղծում են բուն ընթացքը, կեղծում են, թե ինչ է տեղի ունեցել կամ հորինում են։ Մեծամասամբ դա արվում է միտումնավոր, քաղաքական պայքարի ձևերից է, և, բնականաբար, այն ուղղված է առաջին հերթին իշխանությունների, գործող վարչակարգի դեմ։ Բայց պետք է նաև խոստովանել, որ պրոիշխանական լրատվամիջոցները հաճախ ևս տարածում են «ֆեյք նյուզ»։

Ն. Հոխիկյանը կարծում է, որ լրատվամիջոցն ու լրագրողն ընդհանրապես, ունեն հանրությանը տեղեկություն հայտնելու առաքելություն, սակայն այդ տեղեկությունը պետք է միտված լինի հանրությանը հատկապես ճգնաժամային իրավիճակներում սթափ պահելուն։ «Հայաստանում վերջին տարիներին տարատեսակ ոչ արհեստավարժ լրագրողների ու ԶԼՄ-ների առկայության պայմաններում նկատվում է լրատվության դերի աղավաղում։ Լրատվության փոխարեն գերակշռող է դառնում բամբասանքը, ինչն ավելի մեծ վնաս է հասցնում հանրությանը և լրատվամիջոցների հեղինակությանն ընդհանրապես»,- նշում է նա։

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ևս ԶԼՄ-ներում ապատեղեկատվությունը կամ ոչ ստույգ տեղեկատվության ներկայացումը համարում է լուրջ խնդիր։ «ԶԼՄ-ներում արտացոլվում էր այն նույն տեղեկատվությունը, որը առանց ստուգելու գրում էր ինչ-որ օգտատեր»։ Իսկ ոչ ստույգ տեղեկատվության ներկայացումը խնդիր է առաջացնում, քանի որ պահանջում է հետագայում լրացուցիչ աշխատանք տանել ԶԼՄ-ների հետ՝ խուճապի որոշակի տարածումը կանխելու համար։

Արշալույս Մղղդեսյանը նշում է, որ ապատեղեկատվությունը մարդկանց կարող է մոլորության մեջ գցել և մարդիկ սկսեն չհավատալ իրական տեղեկատվությանը, լուրջ չվերաբերել՝ վտանգելով իրենց և մերձավորների առողջությունը։

Լուծումներ ապատեղեկատվության դեմ պայքարում

Կ եղծ լուրերի ու ապատեղեկատվության դեմ պայքարն առհասարակ օրակարգային խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում, որի դեմ պայքարում են տարբեր մեթոդներով։ Մի շարք երկրներում այդ մեթոդներից է համապատասխան օրենսդրական կարգավորումների ընդունումը, սակայն դժվար է առնաձնացնել մի երկիր, որի փորձը կարելի է ամբողջությամբ հաջողված համարել։

Դավիթ Ալավերդյանը կարծում է, որ կեղծ լուրեր տարածող կառույցներին կամ անձանց բանտ նստեցնելն անարդյունավետ է, քանի որ որևէ ազզդեցություն չի ունենում «ֆեյք նյուզի» նվազման վրա. դրանք պարզապես եզակի դեպքեր են և ընդհանուր եղանակ չեն փոխում։ «Ֆեյք նյուզը տարածելու բազմաթիվ միջոցներ կան, բայց դրա դեմ պայքարելու հիմնական միջոցը մեկն է. դաշտը լցնել ճշմարիտ, ստուգված, հավաստի տեղեկատվությամբ։ Եթե դաշտը լցված լինի նման տեղեկատվությամբ, ապա նաև ապատեղեկատվության խնդիր էլ չի առաջանա»,- նշում է նա։ Վերջինս կարծում է, որ ապատեղեկատվության դեմ պայքարում տեսականորեն կարելի է կիրառել ֆրանսիական փորձը։ Դ․ Ալավերդյանը նաև նշում է, որ պետք է միջազգային փորձի վրա հենվելով, դպրոցից սկսած, մեդիագրագիտություն դասավանդել։ «Կառաջարկեի մի ստորաբաժանում ստեղծել, որն ամենօրյա ռեժիմով մոնիթորինգ է անում կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ տեղեկատվությունները, ֆեյք նյուզի շրջանառությունը Հայաստանում։ Եվ լայն կերպով արձագանքել դրանց, այդ կեղծիքները բացահայտել և ապացուցողական բազայով հրապարակել, այդ թվում նաև համացանցում, նաև ֆեյսբուքյան էջերում, ինչը նաև կկանխեր հետագա կեղծիքների, ապատեղեկատվությունների տարածումը», – նշում է նա։

Ս. Դեհերյանը կարծում է, որ ապատեղեկատվության դեմ չի կարելի պայքարել օրենքով բերանը կամ ինտերնետը փակելով. «դա հնարավոր է կրթելով, փաստերի հոսքերը ավելացնելով։ Դա նշանակում է, որ պետք է ունենանք լավ լրատվամիջոցներ, պետք է ունենանք բարձր գիտակցությամբ հասարակություն, որը որ գիտի առողջապահության հետ կապված լուրերը որտեղից ստանա և պետք է ունենանք վստահելի իշխանություն՝ իրենց ղեկավարներով, որ, օրինակ, ես հաստատ վստահեմ կրթության նախարարի էջում գրված տեղեկատվությանը, առողջապահության նախարարի էջում գրված տեղեկատվությանը և այդ վստահությունը կպահպանվի միայն հենց այդ փոխադարձ  բարձր որակի տեղեկատվության փոխանակմամբ՝ փաստերով, օրինակներով և այլն»,- նշում է փորձագետը։

Գեղամ Վարդյանյանն ընդգծում է, որ անհրաժեշտ է ամենօրյա ռեժիմով պարզ, բացատրող տեքստերով, հոդվածներով ու տեսանյութերով մշտապես բացատրել ու ցույց տալ, որպեսզի մարդիկ չտրվեն ապատեղեկատվությանը։ Նա նաև ոչ հավաստի տեղեկատվության տարածումից հնարավորինս խուսափելու համար կարևոր է համարում  լրագրողների ու գերատեսչությունների միջև մշտական ու օպերատիվ կապը։ «Ուղիղ կապը լրագրողների հետ, մշտական ռեժիմով լրագրողների հարցերին պատասխանելը, պրոակտիվությունը, այնպես պատասխանելը, որ հարցեր չմնան, այնպես պատասխանելը, որ նույնիսկ լրագրողը, որ թեկուզ հակված է, այսպես ասած, ոչ այնքան հավաստի տեղեկատվություն տարածելուն, հանկարծ հնարավորություն չունենա այդ տեղեկատվությունը տարածելու։ Այսինքն՝ ծածկել բոլոր հնարավոր հարցերը, նույնիսկ կանխատեսել հարցերը և հարցերից ավելի պատասխանել, որպեսզի լրագրողը չսխալվի, կամ դիտմամբ չսխալվի»,- ասում է նա։

Հավաստի տեղեկատվության համար լրացուցիչ խնդիր է նաև վիրուսի ուսումնասիրված չլինելն ու փորձագետների պակասը։ «Շատ ոլորտներում մեկ-երկու փորձագետ կա, որ կարողանում է մամուլի հետ շփվել ու դրան զուգահեռ ինչ-որ անհայտ աղբյուրից կեղծ փորձագիտական կարծիքներ են տարածվում, որոնք աղավաղում են տեղեկատվական դաշտը»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը։

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշում է, որ համաճարակի սկզբնական շրջանում, հատկապես Չինաստանում, խնդիր են ունեցել մեծ քանակությամբ ապատեղեկատվության հետ, որը պարբերաբար ստուգվում և հերքվում էր։ Հերքվում էր նաև քաղաքացիների կողմից տրված ապատեղեկատվությունը, որի արդյունքում ձևավորվեց ԱԳՆ հասանելիությունը 24/7 ռեժիմով։ «Կոպիտ ասած՝ մեր կողմից եղավ տեղեկատվության շատ մեծ հոսք, ինչը որոշ չափով դուրս մղեց ապատեղեկատվությունը»,- ասում է նա։

Էկոնոմիկայի նախարարությունում ապատեղեկատվություն գրանցվել է արտադրական ձեռնարկատիրությունների, բացվող-չփակվող տնտեսական գործունեության տեսակների  վերաբերյալ, որոնց նախարարությունը  արագ արձագանքել է և տարբեր տեսահոլովակների և մամուլի ասուլիսների շնորհիվ փորձել հնարավորինս մատչելի ներկայացնել, թե որոնք են պահպանման կանոնները,- նշում է Աննա Օհանյանը՝ հավելելով, որ ոլորտի վերաբերյալ խիստ ռիսկային ապատեղեկատվություն չի եղել։

ԱՍՀՆ-ի դեպքում սոցիալական պաշտպանության ոլորտի վերաբերյալ ապատեղեկատվության տարածման մի քանի փորձեր են եղել, մասնավորապես, ծրագրերով նախատեսված դրամական փոխհատուցումների չափի կամ անարդյունավետ իրականացված աշխատանքների մասին: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք նախապես պատրաստ էինք տեղեկատվական այս հոսքերին դիմակայելուն, ստեղծել էինք ծրագրերի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման և տրամադրման միասնական ձևաչափ, մեզ հաջողվեց որոշակիորեն խուսափել նման դեպքերից: Ապատեղեկատվության տարածումը մեր դեպքում ունենում է մեկ հիմնական հետևանք՝ աշխատանքի ծավալների կրկնապատկում»,- նշում է նախարարության խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

Կորոնավիրուսի ազդեցությունը մամուլի վրա

Տեխնիկական խնդիրներ

Կ որոնավիրուսային իրավիճակն անսպասելի էր լրագրողների ու խմբագրությունների համար նաև այն տեսակետից, որ ստիպված էին սկսել հեռավար աշխատել, ինչն, առաջին հերթին, նկարահանումների, տեսանյութերի մոնտաժի, տեսաձայնագրման և լուսանկարահանման մի շարք տեխնիկական խնդիրներ առաջացրեց։ Գ. Վարդանյանը նշում է կորոնավիրուսի ժամանակը վավերացնող ֆոտոլրագրողների համար ստեղծված խնդիրները, քանի որ վավերագրությունը ներկայացնելու համար նրանք ի վիճակի չէին լինել այնտեղ, որտեղ կարելի էր։ Ֆոտոլրագրողների մուտքը, օրինակ, հիվանդանոցներ, այդքան էլ ազատ չէին. Այսինքն՝ չէին կարող գնալ և նկարել այն մարդկանց պատմությունները, որ, օրինակ, հաղթահարել են կորոնավիրուսը։ «Այսինքն վավերագրել կորոնավիրուսային Երևանը, կորոնավիրուսային Հայաաստանը, այնքան էլ ամբողջությամբ չստացվեց։ Իհարկե դիմակներով մարդիկ, դատարկ փողոցներ եղան,  բայց դա խնդիր էր այդ տեսակետից»։

Վերոնշյալ տեխնիկական ու այլ խնդիրներ առաջացնում էին նաև տրանսպորտային և տեղաշարժման սահմանափակումները։ Փորձագետները նշում են, որ խնդիրներ էին առաջանում առցանց հարցազրույցների ընթացքում, օրինակ, հաճախ  առցանց հարցազրույցներ անցկացնելիս անհրաժեշտ է զրուցակիցներին սովորեցնել համակարգչային կամ հեռախոսային տեսախցիկից օգտվելու ձևը։

Հեռավար աշխատանքային ռեժիմում առաջացած տեխնիկական խնդիրներից փորձագետները նշում են նաև մշտապես կայուն ու որակյալ կապի բացակայության, որը դժվարություններ էր ստեղծում հարցազրույցներ իրականացնելիս։

Գերարագ ու որակյալ կապի բացակայությունը, հեռավար աշխատանքը, տեղաշարժման սահմանափակումներները լուրջ խնդիրներ չեն առաջացնում այն լրատվամիջոցներրի համար, որոնք չեն զբաղվում օպերատիվ լրատվության հրապարակմամբ, ինչպես նաև այն լրագրողների, փորձագետների համար, որոնք ավելի մասնագիտացված են վերլուծական, հետազոտական աշխատանքներում։

Նշված տեխնիկական խնդիրները միգուցե լուրջ խոչընդոտ չեն հանդիսացել արտակարգ դրություն հայտարարվելուց սկսած հեռավար ռեժիմով աշխատող «Մեդիամաքս» գործակալության համար այն պատճառով, որ այստեղ հիմնականում հեղինակային նյութեր են պատրաստում։ Այնուամենայնիվ, հեղինակային նյութեր պատրաստելը ևս պահանջում է լուսանկարահանումներ, տեսանկարահանումներ տեղում, դեպքի վայր լրագրողների այց, ինչի հնարավորությունը «Մեդիամաքս»-ը երկու ամսից ավել է չունի։

Կորոնավիրուսը մեդիա ոլորտում մի շարք խնդիրներ ստեղծելուն զուգահեռ նաև լրացուցիչ հնարավորություն ընձեռեց լրագրողներին անել այն, ինչ նախկինում չէին կարող անել։ «Փորձեին աշխատել հեռավար՝ ժամանակը խնայելով, և արդյունքում պարզ դարձավ, որ պարտադիր էլ չի ինչ-որ դեպքերում, որ լրագրողը լինի խմբագրությունում»,- նշում է Գ. Վարդանյանն ու ընդգծում, որ լրագրողը կարող է նաև տանից աշխատել, ընդ որում՝ ավելի արդյունավետ, արագ ու ժամանակը խնայելով։ Փորձագետը կարծում է, որ լրագրությունը կորոնավիրուսից հետո կփոխվի և դա առաջընթաց է։

«Լրատվամիջոցները, հանդիսանալով հասարակությանը անհրաժեշտ օբյեկտիվ տեղեկատվությունը հասցնող սուբյեկտ, լուրջ խոչընդոտների առջև կանգնեցին թե՛ տեղաշարժման առումով, թե՛ տեղեկատվության մատուցման, թե՛ տեղեկատվության ստանալու», - ասում է Ս. Դեհերյանը։

«Լրագրությունը օպերատիվ աշխատանքի միջավայր է, մինչդեռ տեղաշարժման սահմանափակումները խանգարում են արագ արձագանքել այս կամ այն իրադարձությանը, հատկապես խիստ սահմանափակման ժամանակ։ Հայաստանի պայմաններում լրատվամիջոցների աշխատանքին մեծ վնաս հասցրեցին նաև խոսքի և հրապարակումների ազատության սահմանափակումները։ Օբյեկտիվորեն դրանք արդարացված են, քանի որ շատ դեպքերում խոսքի ազատության չարաշահումը հանգեցնում է իրականության աղավաղման և խուճապի տարածման, սակայն լրատվամիջոցները սահմանափակված են մասշտաբային ուսումնասիրություններ անելու, առավել ևս դրանք հրապարակելու առումով»,- ընդգծում է Ն. Հոխիկյանը։

Սամվել Մարտիրոսյանն էլ կորոնավիրուսի ստեղծած խնդիրների թվին է դասում նաև բավարար ճշտված տեղեկատվության աղբյուրների բացակայությունը, որովհետև նույնիսկ միջազգային կազմակերպությունների պաշտոնական աղբյուրները բավականին իրարամերժ տեղեկատվություն են տրամադրում, ինչը կախված է հիվանդության նոր լինելուց, վիճակագրական գործիքակազմի շատ դեպքերում պատրաստվածության պակասից։

Ստեղծված իրավիճակում, փորձագետի կարծիքով, խնդիր է նաև մեծ քանակի այլընտրանքային աղբյուրների հայտնվելը, որոնք դարձել են մրցակից մամուլին։ «Ինչը բերում է նրան, որ մամուլը շատ դեպքերում գցում է, օրինակ, որակը, որպեսզի դիմանա այդ մրցակցությանը»,- նշում է նա։

Ն. Հոխիկյանն էլ նկատում է, որ պանդեմիայի և կարանտինային իրավիճակում ավելի մեծ թափ են հավաքում սոցիալական հարթակները և անհատ լրատվության աղբյուրները։ «Այդ պայմաններում հանրությունը քիչ է հետևում ավանդական մեդիայի ասելիքին»։

Ֆինանսատնտեսական խնդիրներ

Հ ամաճարակը ֆինանսատնտեսական  լուրջ խնդիրներ է ստեղծել մեդիա ոլորտի՝ հատակապես այն լրատվամիջոցների համար, որոնք գործում են բիզնեսի սկզբունքով ու կախված են գովազդից։ Գործատուները նվազեցնում, կրճատում կամ ընդհանրապես դադարեցնում են գովազդը, ինչի արդյունքում լրատվամիջոցները կորցնում են ու դեռ կորցնելու են ֆինանսավորման աղբյուրները։

Լրատվամիջոցներում բազմաթիվ գովազդներ կապված են օրվա արտադրության վաճառքի, ոչ սննդային ապրանքների, ժամանցի վայրերի, հյուրանոցների հետ ու արտակարգ դրության ժամանակ այդ ամենի փակումը ենթադրում է նաև գովազդների դադարեցում։ Այսինքն, ստացվում է, որ մեդիա ոլորտում հետագա ֆինանսական խնդիրները կախված է նաև անմիջապես գործարար աշխարհի ֆինանսական եկամուտներից։

Թեև, ինչպես նշեցին փորձագետներից ոմանք, առցանց լրատվամիջոցների այցելություններն աճել են, որը պայմանավորված է նաև տանը մնալով, բայց գովազդային բյուջեները կրճատվում են։ «Կարծում եմ՝ ինչպես տնտեսությունն է ճգնաժամի առաջ, այդպես էլ լրատվամիջոցները, որոնք տնտեսության մաս են»,- նշում է Գ. Վարդանյանը։

«Գովազդային շուկան, որն առանց այդ էլ բավականին սահմանափակ էր Հայաստանում, այսօր շատ խիստ նվազել է, որովհետև ձեռնարկությունների մեծ մասն այսօր նախընտրում է ընդհանրապես որևէ բան չգովազդել, այն պարզ պատճառով, որ չեն գործում։ Կամ էլ, եթե սպառման համար է արվում, նախապատվությունը տալիս են ֆեյսբուքին, և իրենց գովազդները սոցիալական ցանցերում են տեղադրում, այլ ոչ թե լրատվամիջոցներում։ Սա մեզ համար լրացուցիչ բեռ է ստեղծել ֆինանսական»,- Դ. Ալավերդյան։

Նրա կարծիքով՝ մեդիան ավելի կքաղաքականացվի. «Այն լրատվամիջոցները, որոնք կկորցնեն իրենց գոյության բոլոր հնարավորությունները, ստիպված են լինելու դիմել քաղաքական կառույցներին, օլիգարխներին, մի մասն էլ, ինչպես մենք, դիմելու է միջազգային կառույցներին և հույս ունենք, որ դրամաշնորհներ կտրամադրեն։ Արդեն անցյալ ամիս որոշ կրճատումներ ենք արել աշխատավարձերի և ծախսերի, տնտեսումներ ենք արել, բայց ճգնաժամը շարունակական է լինելու»,- ասում է Դ. Ալավերդյանը։

Ն. Հոխիկյանն էլ կարծում է, որ ճգնաժամի հետևանքով հայաստանյան բազմաթիվ լրատվամիջոցներ կփակվեն՝ չկարողանալով ունենալ բավարար եկամուտներ։ «Շատերը կվերածվեն մարդ-ԶԼՄ-ի՝ ազատվելով աշխատակազմից, ինչը փոքրացնում է տվյալ լրատվամիջոցի ազդեցությունը»։

Մեդիա ոլորտում հնարավոր ֆինանսատնտեսական լուրջ խնդիրների ու ճգնաժամի արդյունքում լրագրողները կարող են նաև կորցնել իրենց աշխատանքը կամ խմբագրությունները կարող են կրճատել աշխատակիցների թիվը։

Փորձագետները մեդիա ոլորտում ֆինանսատնտեսական բացասական հետևանքներից ու խնդիրներից խուսափելու և որոշ առումով սպասվող հնարավոր ճգնաժամին դիմակայելու ու հաղթահարելու համար դիտարկում են մի քանի եղանակներ, սակայն դրանցից յուրաքանչյուրը լի է ռիսկերով ընդհուպ մինչև՝ անկախ մեդիայի ոչնչացում։

  • Լսարանի հետ կապի ուժեղացում ու տեղեկատվության տրամադրման բաժանորդագրման տեսակներ,
  • Պետական աջակցություն։

Պետության կողմից աջակցությունը կարող է լինել, օրինակ, պետական գովազդի բաշխման հարթակ ստեղծելը կամ համապատասխան օրենսդրական, հարկային փոփոխությունները կամ թուլացումները։ Սակայն պետության կողմից ֆինանսական աջակցությամբ լրատվամիջոցները կարող են կորցնել իրենց անկախությունը։ «Պետությունից առանձնապես օգնության չենք սպասում, նաև այն պարզ պատճառով, որ չգիտենք այդ օգնության դիմաց պետությունն ինչ կպահանջի։ Չենք ուզում կորցնել մեր անկախությունը։ Բացի այդ, եթե պետությունը սկսի լրատվամիջոցներին աջակցություն ցուցաբերել, հարց է առաջանում՝ ո՞ր մեկին է օգնելու, որովհետև բազմաթիվ, հարյուրավոր լրատվամիջոցներ կան»,- ասում է Դ. Ալավերդյանը։

«Ասել, որ պետությունը օգնի, ռիսկային է։ Նախ՝ ամեն մարդ չի ցանկանա դիմել պետությանը, դիմելուց էլ մտահոգություններ կլինեն, իսկ հետո փոխարենը այլ բան պահանջեն ևն։ Կամ հենց տալուց առաջ ինչ-որ բան պահանջեն։ Իհարկե, աջակցությունը ողջունելի է, բայց լավ կլինի, այդ գործարար աշխարհի աջակցությունը շատացնել, որ շարժը սկսվի նորից և հնարավոր  լինի գովազդ պատվիրել»,- ասում է Ս. Դեհերյանը։

«Կորոնավիրուսի հետևանքով սպասվում է լրատվամիջոցների գովազդային եկամուտների նվազում, ինչպես նաև տեղափոխում օնլայն հարթակներ։ Սա նշանակում է, որ ավանդական լրատվամիջոցները գնալով ավելի մեծ կախման մեջ են ընկնում ամեն տեսակ քաղաքական «հովանավորներից»։ Խնդիրների լուծման մի շարք ճանապարհներ կան, այդ թվում պետական գովազդի բաշխման հարթակ ստեղծելու և որոշակի պայմանների բավարարող լրատվամիջոցներին սուբսիդավորելու և գրանտներ տրամադրելու միջոցով»,- ասում է Ա. Պապյանը՝ ընդգծելով սակայն, որ որակյալ դատողությունների համար անհրաժեշտ է լուրջ նախապատրաստություն և ուսումնասիրություն։

Ս. Մարտիրոսյանը կարծում է, որ մեդիա ոլորտի վրա ամենալուրջը լինելու է տնտեսական ճնշումը, որն ավելի շարունակական է լինելու, և ազդելու է և՛ որակի, և՛ քանակի վրա։ «Այստեղ պետությունը երևի թե մեծ դեր կարող է ունենալ, օրինակ, ինչ-որ հարկային փոփոխություններ մտցնի, որպեսզի, օրինակ, մամուլին գովազդ տվող կազմակերպություններն ավելի հեշտ կարողանան այդ բյուջեները պահել»,- նշում է նա։

  • Միջազգային դրամաշնորհներ, գրանտային ծրագրեր
    Փորձագետները ֆինանսական խնդիրները լուծելու տարբերակ են համարում նաև դրամաշնորհներն ու գրանտային ծրագրերը, սակայն գրանտային ծրագրերը ևս կրճատվում են։

Քրաուդֆանդինգը (Crowdfunding) ևս լրատվամիջոցների ֆինանսական խնդիրները լուծելու տարբերակ կարող է լինել, բայց քանի որ ընդհանուր նաև մարդկանց, գործատուների եկամուտներն են նվազել, նրանք ևս խնայողությունների ռեժիմի են անցել։

Տեղեկատվական դաշտում հակաճգնաժամային փորձ

Հ ամաշխարհային այս համավարակը, կարծում ենք, ցույց տվեց նաև ճգնաժամային իրավիճակներում կամ արտակարգ դրության ժամանակ տեղեկատվական հոսքերի հնարավորինս համակարգված լինելու, գերատեսչությունների ու լրատվամիջոցների միջև կանոնակարգված աշխատանքի, հակաճգնաժամային փորձի ձևավորման կարևորությունն ու բացերը։ Կարծում ենք, որ թե՛ գերատեսչությունները, թե՛ լրատվամիջոցները ճգնաժամային իրավիճակներին ավելի լավ նախապատրաստված լինելու դեպքում կարող են առավել արդյունավետ աշխատել ու դիմակայել տեղեկատվական դաշտի մարտահրավերներին։

«Հայաստանում ընդհանուր առմամբ հակաճգնաժամային փորձ չի ձևավորվում։ Ամեն ճգնաժամ, կարծես թե, մենք զրոյից սկսում ենք սովորել, թե ինչ անել։ Այս անգամ կարևոր էր, որ շատ արագ ստեղծվեց այդ ընդհանուր տեղեկատվական կենտրոնը, ինչը թույլ տվեց բավականին արագ կարգավորել հոսքերը, բայց խնդիրն այն է, որ պետք է նախապես պատրաստվել, պետք է մարդկանց կրթել։ Ճգնաժամային խնդիրները չպետք է լուծվեն ճգնաժամերի ժամանակ, մարդիկ պետք է նախօրոք տեղյակ լինեն»,- ասում է  Սամվել Մարտիրոսյանը։ «Մենք չունենք նաև մասնագիտական կրթություն լրագրողների համար, ինչը նույնպես խնդիրներ է առաջացնում։ Այնպես որ, կարևոր է ճգնաժամերին պատրաստվել մինչև ճգնաժամերը, ինչը մենք, բնականաբար, չենք անում կամ անում ենք այսպես թեթև և ոչ պարբերաբար»,- նշում է նա։

Փորձագետներից ոմանք կարևորում են  ճգնաժամային իրավիճակներում լրագրողական մասնագիտական պատրաստվածությունն ու վերապատրաստումը։ Դ. Ալավերդյանը ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասավանդում է արտակարգ իրավիճակների ժուռնալիստիկա, որը կամընտրական առարկա է, և սովորեցնում է ուսանողներին՝ ինչպես վարվել արտակարգ իրավիճակում, արտակարգ դրության և համավարակի պայմաններում։ Այն ներառում է նաև բնածին ու տեխնոծին աղետների, ռազմական իրավիճակների ժամանակ գործողությունները, տարատեսակ էթիկական նորմեր։

Դ. Ալավերդյանը կարծում է, որ ամեն դեպքում արժե նման վերապատրաստման դասընթացներ անել գործող լրագրողների համար։ Սակայն նրա քսանամյա փորձը ցույց է տալիս, որ սովորաբար այսպիսի դասընթացներին մասնակցում են այնպիսի լրագրողներ, որոնք արդեն իսկ որոշակիորեն տիրապետում են այդ էթիիկական նորմերին, ունեն որոշակի գաղափարներ, գիտելիքներ թեմայի վերաբերյալ և երբեք «ֆեյք նյուզի» տարածմամբ չեն զբաղվել։ Իսկ նրանք, ում իսկապես պետք է մասնակցել դասընթացներին, երբեք չեն մասնակցում։

 «Լրագրողներ հանուն ապագային» ՀԿ-ն նախորդ տարիներին գերատեսչությունների հետ համագործակցել է և փոխանցել տվյալների հետ աշխատելու իրենց հմտությունները։  «Բայց որևէ մեկը չէր պատկերացնում, որ ճգնաժամ, համաճարակ է լինելու և նման իրավիճակում օպերատիվությանը վերաբերող տարբեր քեյսեր կամ արտակարգ իրավիճակներում տվյալների հետ աշխատելու ինչ-որ գործողություններ չեն քննարկվել», - նշում է Ս. Դեհերյանը։ Նա գտնում է, որ այսօրվա իրադարձությունները դեռ ուսումնասիրվելու են և դրանց հիման վրա արդեն պարզ կդառնա, թե ինչպիսի սեմինարների անհրաժեշտություն կա։

Աննա Նաղդալյանի խոսքերով՝ քանի որ տարբեր երկրներում միշտ տեղի են ունենում արտակարգ դրություններ, որոնք որոշակիորեն կապված են նաև ԱԳՆ-ի հետ, մշակվել է աշխարհի բոլոր ծայրերում արտակարգ իրավիճակներին վերաբերող համապարփակ հայեցակարգը, որը ենթադրում է արտակագ իրավիճակում ԱԳՆ աշխատանքը, ինչով էլ իրենք առաջնորդվել են կորոնավիրուսի համաճարակի ժամանակ։

Ա. Մղդեսյանի խոսքերով՝ հարկ է ձեռնարկներ գրել, ինստիտուցիոնալ կարողությունները զարգացնել՝ ինչպես աշխատել լրատվամիջոցների հետ։ «Արտակարգ իրավիճակում տեղեկատվությունը պետք է տրամադրվի հստակ և շատ արագ։ Դրանով պետք է ինստիտուցիոնալ ձևով  զբաղվի համապատասխան կառույցը, որը պետք է ունենա որակյալ աշխատողներ, որոնք կկարողանան արագ տրամադրել տեղեկատվությունը»,- նշում է Ա. Մղդեսյանը։

Ն. Հոխիկյանն ասում է, որ այս ճգնաժամը ցույց տվեց, որ լրատվական դաշտը և պետական գերատեսչությունները պետք է աշխատեն ավելի սերտ, բայց ոչ միմյանց համար։ «Լրատվամիջոցները պետք է կատարեն իրենց գործառույթները, իսկ պետական գերատեսչությունները պետք է չխուսափեն լրագրողի առաջ բացել փակագծերը՝ փոխադարձ համաձայնությամբ, որ հրապարակման ոչ ենթակա լուրը չի հրապարակվի։ Դա պրոֆեսիոնալ լրագրության հիմքն է»,- ընդգծում է Ն. Հոխիկյանը։

Այսպիսով, կարող ենք նշել, որ մեդիան ու ԶԼՄ ներկայացուցիչները հասարակությանը ապահովելով ճշմարիտ ու հավաստի տեղեկատվական հոսքերով, կարող են էականորեն աջակցել պետությանն ու հասարակությանը կորոնավիրուսի դեմ պայքարում։ Նրանք կարող են միջնորդ հանդիսանալ ու օժանդակել հանրությանը կրթելու, վտանգներից ու սպառնալիքներից փրկելու, մեդիագրագետ դարձնելու գործում։ Միևնույն ժամանակ, ոչ պրոֆեսիոնալ լրագրությունը կարող է  ունենալ հակառակ ազդեցությունն ու հետևանքները՝ նպաստելով համավարակի տարածմանը՝ վնասելով հասարակությանն ու պետությանը։

Կորոնավիրուսի դեմ պայքարում կամ ցանկացած այլ ճգնաժամային իրավիճակներում  կարևոր է, որ լրագրողներն ու լրատվամիջոցներն ապահովեն հասարակություն-պետություն երկխոսությունը, բարձրաձայնեն ու փոխանցեն երկու կողմի՝ միմյանց ուղղված հարցերն ու խնդիրները։ Իսկ խնդիրներին ու մարտահրավերներին դիմակայելու համար կարևոր է պետություն-մեդիա երկկողմ մշապես օպերատիվ կապն ու հաղորդակցությունը, արդյունավետ փոխգործակցությունը, որի համար հավասարաչափ պատասխանատու  են  երկու կողմն էլ։

Գերատեսչությունների ու մեդիա ոլորտի ներկայացուցիչների հետ հարցազրույցները ցույց տվեցին, որ կորոնավիրուսի դեմ պայքարում հիմնական խոչընդոտներից կարող է հանդիսանալ ապատեղեկատվության կամ կեղծ տեղեկությունների, առասպելների տարածումը, որի դեմ կարելի է պայքարել հավաստի տեղեկատվության տարածմամբ։

Հարկ է նշել, որ նման ճգնաժամային իրավիճակներում ապատեղեկատվությունից կամ խուճապ առաջացնող տեղեկություններից խուսափելու նպատակով պետության կողմից տեղեկատվական հոսքերի կտրուկ սահմանափակումները կարող են ունենալ հակառակ ազդեցությունը՝ նպաստելով խուճապային տրամադրությունների տարածմանը, խոսքի ու կարծիքի ազատության սահմանափակմանն ու կասկածների տեղիք տալ թե՛ իրավիճակի վերաբերյալ, և թե՛ իշխանությունների հանդեպ։

Կարող ենք եզրակացնել, որ անհրաժեշտ է համակողմանի ուսումնասիրել կորոնավիրուսի ժամանակ տեղեկատվական դաշտում խնդիրները, այդ թվում՝ միջազգային փորձն ու քայլեր ձեռնարկել հետագայում նման իրավիճակում առավել նախապատրաստված ու արդյունավետ գործելու համար։