Ռուսական ռազմական ներկայությունը Միջին Ասիայում

12 ր.   |  2020-05-19

Սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև պայքարն ընթանում էր նաև այլ երկրներում ռազմակայաններ ունենալով, որոնք հիմնականում ապահովում էին դաշնակից երկրների ռազմական անվտանգությունը՝ միաժամանակ մեծացնելով իրենց ազդեցությունը տվյալ երկրում։ 20-րդ դարի վերջին Միացյալ Նահանգներն ու Խորհրդային միությունն աշխարհում ունեին ամենամեծ թվով ռազմաբազաները։

Իրավիճակը փոխվեց ԽՍՀՄ փլուզումից հետո, որի արդյունքում ԱՄՆ-ն կրճատեց մոտ 97 բազա, իսկ Ռուսաստանը իր ռազմաբազաները դուրս բերեց Եվրոպայից, այնուհետև դադարեցրեց ռազմական ներկայությունը Աֆրիկայում, Կուբայում և Վիետնամում։ Թվաքանակի նման կրճատումը չխանգարեց Վաշինգտոնին մնալ առաջատարը՝ մոտ 800 ռազմաբազա աշխարհի ավելի քան 70 երկրում, իսկ Ռուսաստանին մնաց շուրջ 25 ռազմաբազա։

Սիրիայի ռազմակայաններից բացի ռուսական բազաներ կան նախկին խորհրդային երկրներում, որոնք վարձակալությամբ կամ այլ հիմունքներով են գործում՝ ունենալով տարբեր նպատակներ։ Այդ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, ինչպես նաև Մերձդնեստրը, Աբխազիան, Հարավային Օսեթիան։

Միջին Ասիայում, որտեղ բացի Ռուսաստանից այլ դերակատարներ ևս փորձում են իրենց ձեռքը վերցնել վերահսկողությունը, ռուսական ռազմակայաններ կան Ղազախստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում,  որոնք կարևոր նշանակություն ունեն թե՛ Մոսկվայի, թե՛ տարածաշրջանի համար։ Ուզբեկստանում և Թուրքմենստանում դրանք բացակայում են։ Եթե առաջինի դեպքում դա պայմանավորված է Ռուսաստանի՝ այդ երկրում ռազմական հստակ հետաքրքրություններ չունենալով, ապա Թուրքմենստանում պատճառը նրա արտաքին այլ քաղաքականություն այլ վեկտոր վերցնելն էր։ Աշխաբադի և Մոսկվայի հարաբերությունները հիմնականում ծավալվում են գազի արտահանման շուրջ։

Ղազախստան

Ա յսօր Միջին Ասիայում Ռուսաստանի հիմնական գործընկերը Ղազախստանն է, որը 1992թ.-ի մայիսի 25-ին առաջինը կնքեց Մոսկվայի հետ «Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին» պայմանագիր, որը ենթադրում է նաև ռազմական համագործակցություն։ Երկու երկրների միջև այս ոլորտում համագործակցությունը զարգանում է մի քանի ուղղություններով՝

  • ՀԱՊԿ-ի շրջանակներում հավաքական ուժերի ձևավորում,
  • Ռազմական կրթությամբ և համատեղ զորավարժություններ,
  • Զենքի և զինամթերքի առևտուր,
  • ՀՕՊ ընդհանուր համակարգի ձևավորում,
  • Ռազմաբազաների փոխգործակցություն։

Վերջինիս ապացույցը Ղազախստանում գործող ռուսական զորավարժարաններն են, որոնք ԽՍՀՄ-ի փլուզումից հետո 8-ն էին և զբաղեցնում էին երկրի տարածքի մոտ 7%։ Վերջերս փակվեց հայտնի Էմբա ՀՕՊ զորավարժարանը, իսկ տարածքը հանձնվեց Ղազախստանին։ Այժմ մնացել են  ընդամենը 5 զորավարժարան՝ 11 մլն հա տարածքով, որի համար ամեն տարի Ռուսաստանը Ղազախստանին մոտ 200մլն դոլար վարձավճար է տալիս:  Գումարի չափը հաճախ է երկու կողմերը միջև անհամաձայնության առիթ դառնում, սակայն երկկողմանի հետաքրքրության արդյունքում զորավարժարանները շարունակում են գործել։

Աստանայի համար սա ոչ միայն ֆինանսավորման աղբյուր է, այլև զարգացման խթան՝ ռազմական կառույցների մոտ գտնվող քաղաքների համար։ Իսկ Մոսկվայի համար Ղազախստանում ռազմական կառույցներն ազգային պաշտպանական համակարգի բաղկացուցիչ մասն են, որոնք գործում են հօգուտ Ռուսաստանի շահերի:

Ղազախստանի ռազմաբազաները, ի տարբերություն Միջին Ասիայի երկու երկրների ռուսական բազաների, որոնք պահպանում են Միջին Ասիայի անվտանգությունը, չունեն նման գործառույթ։ Ղազախական կողմը նշում է, որ երկրում ոչ մի ռուսական ռազմական կառույց չի դիտարկվում որպես Ղազախստանի ռազմական պաշտպանության տարր: Միայն Ռուսաստանի և Ղազախստանի միասնական ՀՕՊ համակարգն է նախագծված երկրների անվտանգությունն ապահովելու համար։ Վերջինս ստեղծվել է 2013թ.ին օդային տարածքը համատեղ պաշտպանելու նպատակով:

Սարի Շագան   

Ղ ազախստանում գտնվող ռուսական խոշորագույն ռազմաբաններից մեկը Սարի Շագան զորավարժարանն է, որը ստեղծվել է 1956թ.-ին։ Ռուսաստանը այն վարձակալ է հակահրթիռային զենքերի զարգացման և փորձարկման համար։ Նախկինում զորավարժարանը զբաղեցրել է 81200կմ2, որից 49200կմ2 Կարագանդա մարզում էր։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո զորավարժարանի մեծ մասն ապամոնտաժվեց։ Ըստ որոշ հաշվարկների՝ ՌԴ-ին նման կառույց ստեղծելու համար հարկ կլինի ծախսել 5-6 տարի և 15մլրդ դոլար:



1996թ.-ին երկու երկրների միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի ՌԴ-ն պարտավորվեց տարեկան վճարել 19.97 մլն դոլար, ինչպես նաև փոխհատուցել 1991թ-ից 1996թ-ի ծախսերը՝ մոտ 99,85 մլն դոլար։ Սակայն 2005թ.-ին և 2016թ.-ին պայմանագրում փոփոխություններ արվեցին, և 2005թ.-ին՝ տարեկան վարձավճարը դարձավ 18.932 մլն դոլար, իսկ 2015թ.-ին ապրիլի 16-ին կրճատվեց՝ հասնելով 16.276 մլն դոլարի։ Գումարի փոփոխությունները պայմանավորված էր տարածքների կրճատմամբ. 2016թ.-ին այն կրճատվել է 1 մլն հա-ով։

Այս զորավարժարանում համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ 1961թ.-ին հակահրթիռային համակարգ «A»-ն խոցել է  բալիստիկ հրթիռի մարտագլխիկը։ Հետագայում այստեղ փորձարկվել են այնպիսի հակահրթիռային համակարգեր ինչպիսիք են «Ա-35»-ը և «Ա-135»-ը։

Ընդհանուր առմամբ, այստեղ իրականացվել է մոտ 400 հրթիռի արձակման փորձ, շուրջ 5500 զենիթային հրթիռների գործարկում, ինչպես նաև ավելի քան 900 բալիստիկ հրթիռի դիտում: Համաձայն ՌԴ ՊՆ-ի տվյալների՝ այստեղ կա ընդհանուր 6 հակահրթիռային համակարգ, 12 զենիթահրթիռային համակարգ, 7 տեսակի հակահրթիռ, 14 չափիչ սարքավորում, 18 ռադիոլոկացիոն համակարգ։

Բալխաշ 9

Ռ ուսական մեկ այլ ռազմական օբյեկտ՝ ռադիոլոկացիոն հանգույց Բալխաշ 9-ը նույնանուն գետի մոտակայքում է։ Այն պատկանում է ռուսական հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգին։ Այս հանգույցում է Դնեպր կայանը։ Այստեղ էր նաև ավելի հզոր Daryal-U ռադիոլոկացիոն կայանը, սակայն 2004թ.-ին այն հրդեհվեց, իսկ 2010թ.-ի ամռանը լքված շենքի մնացորդներն ամբողջովին փլուզվեցին։

Բալխաշ 9-ը վերահսկում է հրթիռատիեզերական իրավիճակը և նախազգուշացնում հրթիռային հարձակման մասին։ Հանգույցի տեխնիկական միջոցները թույլ են տալիս հետևել 150կմ-ից 2500 կմ ուղեծրով 1300 օբյեկտի՝ մոտ 3000կմ հեռավորության վրա։ Այժմ համակարգը կազմված է 2 ռադիոլոկացիոն կայանից, որոնք վերահսկում են Պակիստանի կողմից եկող հրթիռային վտանգավոր ուղղությունները, ինչպես նաև Հնդկական օվկիանոսի, մասնավորապես՝ Բենգալյան ծովածոցի հրթիռային ուղղությունները։

Ըստ համաձայնագրի՝ հանգույցի ենթակառուցվածքները և հողամասերը Ղազախստանի սեփականությունն են և ռուսական կողմին տրվում են օգտագործման: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը ֆինանսավորում է «Բալխաշ»-ի շահագործման, պահպանման և զարգացման ծախսերը, մարզում համատեղ գործունեության և մարտական հերթապահության համար Ղազախստանի հրամանատարական և ինժեներական անձնակազմը։ Բալխաշ 9-ը տեղեկատվություն է տրամադրում Ղազախստանի պետական և ռազմական վերահսկման կենտրոններին հրթիռատիզերական իրավիճակի մասին։

929-րդ թռիչքների փորձարկման պետական կենտրոն 

Ռ ուսական մյուս ռազմաբազան 929-րդ թռիչքների փորձարկման պետական կենտրոնն է, որն ունի 3 զորավարժարան՝ 231-ը, 171-ը, 85-ը։ Ռուսաստանի վարձակալած այս տարածքում ՌԴ ռազմաօդային ուժերը զենք են փորձարկում։ Կենտրոնն ամեն տարի անցկացնում է ավելի քան 220 ինքնուրույն փորձարկում՝ տարեկան առնվազն 1600 թռիչքով:

Այս զորավարժարանի մասին երկու երկրները կնքել են պայմանագիր 1995թ.-ի հունվարի 20-ին։ 2016թ.-ից, ըստ պայմանագրի  փոփոխությունների Ռուսաստանը վճարում է 3,081 մլն դոլար, քանի որ 2015թ.-ին 749 հազար հա տարածքից 624 հազար հա-ն վերադարձրել է Ղազախստանին։

Ղրղզստան

Ա յժմ Ղրղզստանում գործում է ռուսական 4 ռազմաբազա, որոնց համար Ռուսաստանը վճարում է տարեկան 4մլն 794 հազար դոլար նախկին 4.5 միլիոն դոլարի փոխարեն։ Այս փոփոխությունը տեղի է ունեցել 2020թ.-ին, երբ նոր չափումների արդյունքում անհամապատասխանություն առաջացավ՝ մոտ 58.32 հա ավելի տարածք։ Երկու երկրների միջև հաճախ են վեճեր լինում ռազմաբազաների վարձավճարի պատճառով։ 2011թ.-ին Ղրղզստանը Մոսկվային մեղադրեց 4 տարի ռազմաբազաների վարձավճարները չմուծելու մեջ, որից հետո Ռուսաստանը վճարեց մոտ 15.5 մլն դոլար, ինչպես նաև 1 մլն դոլար անհատույց ռազմական օգնություն։ Չվճարելու պատճառը ռուսական կողմը բացատրում է այդ տարիներին Ղազաղստանում ոչ կայուն իրավիճակով։ Ղրղզստանի ներքաղաքական կյանքը 2000-ականներին բավականին բարդ էր։ 2005թ.-ին տեղի ունեցավ «կակաչների», իսկ 2010թ.-ին «սեխերի» հեղափոխությունները, որոնք անդրադարձան նաև նրա արտաքին քաղաքականության և այլ երկրների ռազմաբազաների վրա։

Կանտ ավիաբազա

Ղ րղզստանում ամենամեծ ռուսական ռազմաբազան «Կանտ» ռազմական օդանավակայանն է, որի պատմությունը սկսվում է 1941թ.-ից։ Սակայն այն բացվել է միայն 2003թ.-ից հետո, երբ Ռուսաստանը և Ղրղզստանը օդանավակայանի բացման պայմանագիր կնքեցին ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության արագ ծավալման ուժերի շրջանակներում։ Ըստ այդ համաձայնագրի՝ Ռուսաստանը դրա համար չէր վճարելու, քանի որ ՀԱՊԿ-ի բաղկացուցիչ մաս էր։ Օդային բազայի հիմնական նպատակն օդից ՀԱՊԿ արագ տեղակայման ուժերին օժանդակելն է։ Այն Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օդուժի և օդային պաշտպանության 14-րդ բանակի մի մասն է: Այստեղ ծառայում է 250 ռուս սպա և 150 հրատապ ծառայության զինվոր։ Տեղակայված է նաև 10 ինքնաթիռ և 14 ուղղաթիռ։ 2005թ.-ին Ղրղզստանում ճգնաժամի ժամանակ այստեղ էին  6 ռազմական տրանսպորտային ինքնաթիռ, որպեսզի ռուս բնակչությանը դուրս բերեին։

Ռազմաբազայի շուրջ իրավիճակը լարվեց Ղրղզստանում 2010թ.-ի հեղափոխությունից հետո, երբ երկրի նախագահ Աթամաբևը հայտարարվեց, որ ռուսական Կանտը, ինչպես նաև Բիշքեքի միջազգային «Մանս» օդանավակայնում տեղակայված ամերիկյան ռազմաբազանը պետք է փակվեն։ Սակայն ռուսական ռազմաբազան մնաց, իսկ ամերիկյանը փակվեց, որից  հետո Կանտն ավելի լայն գործունություն սկսեց ծավալել։

Ռազմաբազայի փակման մասին խոսակցություններ վերաբացվեցին 2016 թ.-ի դեկտեմբերին, երբ նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարեց պայմանագրի ավարտի մասին, որին ի պատասխան 2017-ի փետրվարի 28-ին Վլադիմիր Պուտինը ասաց, որ եթե Ղրղզստանն այնքան է ամրացել, որ այդպիսի բազայի կարիք չունի, ապա ռուս զինվորականները կհեռանան «նույն օրը», քանի որ Ռուսաստանին այն պետք չէ։ Սակայն երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքում Պուտինը հայտարարեց, որ Ղրղզստանին ներելու է մոտ 240 մլն դոլար պարտքը, իսկ բազաները շարունակելու են գործել։

Ռուսական ռազմածովային նավատորմի 954-րդ հակասուզանավային զենքի փորձարկման բազա (Կարակոլա)

Սա ռուսական նավատորմի ամենաբարձր լեռնային բազան է՝ ծովի մակերևույթից 1609մ բարձրության վրա։ Այն գտնվում է Կարակոլ քաղաքի մոտ։ Բազայի պատմությունը սկսվում է 1943թ.-ից։

954-րդ ռազմաբազայում տեղի են ունենում  նոր խորքային ծովային տորպեդներիփորձարկումներ։ Ղրղզստանում ռուսական «Կանտ» ավիաբազայի ստեղծումից հետո ռազմածովային բազան նաև պատասխանատու է Իսիկ-Կուլ լճի ուղղությամբ ինքնաթիռների թռիչքների որոնման և փրկարարական աջակցության համար: Բազան ներառում է նաև ռուս-ղրղզական համատեղ ձեռնարկություն, որը մշակում է նոր և փորձարկում սերիական տորպեդներ (Ռուսաստանին պատկանում է բաժնետոմսերի 95% -ը): Ըստ երկկողմանի համաձայնագրի՝ որը որոշ փոփոխություններ կրեց 2012թ.-ին, Ռուսաստանը վճարում է 55 հա ցամաքային տարածքի յուրաքանչյուր մ2 համար 0.5$ և 171, 53 հա ջրային տարածքի համար 0.1$։

Ինքնավար սեյսմակայան

Ինքնավար սեյսմիկ կետը գտնվում է Մայլու-Սուու քաղաքում `լուծարված 17-րդ ռադիո-սեյսմիկ լաբորատորիայի գտնվելու վայրում: Այն ՌԴ ՊՆ-ի հատուկ հսկողության ծառայության մաս է, որը զբաղվում է միջուկային պայթյունների հեռահար գրանցմամբ։ Սեյսմակայանի մասին պայմանագիրը կնքվել է 1994թ.-ին, որը նույնպես 2012թ.-ի փոփոխվել է։ Ինքնավար սեյսմիկ կետի վարձակալության դիմաց Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիայի ինստիտուտը և արտակարգ իրավիճակների համար լիազոր մարմինը ստանում է գործառնական և այլ տեղեկություններ հանրապետությունում երկրաշարժերի համակարգումների, ժամանակի և մեծությունների մասին:

Ռազմածովային «Մարևո»  կենտրոն

3 38-րդ կայանը՝ Մարևոն, ապահովում է հաղորդակցություն Ռուսաստանի ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբի հետ՝ ռազմական հերթապահության սուզանավերով։ Հաղորդակցման կենտրոնը, որը շահագործման հանձնվեց 1974-ին, գտնվում է Կարա-Բալթա քաղաքում: Այն Բելառուսում գտնվող «Վիլիքիկա» նավատորմի կապի կենտրոնի նմանությամբ է և նախատեսված է սուզանավերի և նավերի հեռահար հաղորդակցություն և վերահսկողություն ապահովելու, ինչպես նաև ճշգրիտ ժամանակային ազդանշաններ փոխանցելու համար։  Միավորը սարքավորված է 1000 կՎտ հզորությամբ գերերկար ալիքային «Պրոմեթև» կայանով: Ըստ պայմանագրի՝  յուրաքանչյուր մ2 համար Ռուսաստանը վճարում է 0.5$ (811.2հա)։

Տաջիկստան

Ի տարբերություն Ղազախստանի՝ Տաջիկստանում իրավիճակն անկախանալուց հետո բավականին լարվեց. երկրում սկսվեց իշխանական ուժերի և Միավորված տաջիկական ընդդիմության միջև քաղաքացիական պատերազմ։ Զուգահեռաբար՝ Տաջիկստանի հարևան Աֆղանստանի ծայրահեղական ուժերը խոստացան օգնել իրենց ընդդիմադիր «եղբայրներին»։

Այս գործողություններից անմասն չմնացին ռուսական ուժերը, որոնք 1992-2005թթ.-ին տաջիկ-աֆղանական սահմանին զսպիչ գործոն էին Աֆղանստանի ծայրահեղական իսլամական խմբավորումների համար։ Սահմանապահները կանխարգելում էին նաև Աֆղանստանից դեպի Եվրոպա ապօրինի թմրամիջոցների մուտքը։

Ռուս սահմանապահների վերահսկման տարիներին Տաջիկստան-Աֆղանստան սահմանին տեղի են ունեցել ավելի քան 530 բախում և 1600 ներթափանցման փորձ: Մարտերում զոհվել է 161 ռուս սահմանապահ, վիրավորվել՝ 362-ը։ Նրանց կողմից սպանվել են մոտ 3000 զինյալ, առգրավվել է ավելի քան 30տ թմրամիջոց, այդ թվում՝ 11.4 տ հերոին:

Առաջին լայնածավալ հարձակումը աֆղանների կողմից եղել է 1993թ.-ի հունիսի 13-ին, երբ 12-րդ սահմանային անցակետում Տաջիկստանի տարածք ներխուժեց աֆղանական մոջահեդների մի խումբ։ Մոտ 11 ժամ մարտից հետո նրանք հետ մղվեցին: Սահմանապահների համար վերջին մարտը եղել է 2003 թ.-ի ապրիլին, երբ 120 գրոհային անակնկալ փորձեցին հատել Փանջ գետը։ 3 ժամ տևած մարտերի ընթացքում ոչնչացվեց խմբավորումը:

2005-ին Վլադիմիր Պուտինը կարգադրեց դուրս բերել սահմանային խումբը Տաջիկստանից: Սահմանի նկատմամբ վերահսկողությունը փոխանցվել է Տաջիկստանի անվտանգության ուժերին: Ոմանք սա կապում են 2002թ.-ից Տաջիկստան մտած ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ուժերի հետ։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը պահպանեց իր ռազմական ներկայությունը հանրապետությունում։ 2004թ.-ին նախագահի Պուտինի հրամանով 201 հրաձգային ստորաբաժանման հիման վրա ստեղծվեց 201-րդ դիվիզիան։


Այն երկրից դուրս ամենամեծ ռուսական ցամաքային ուժն է, որը տեղակայված է 3 քաղաքներում՝ Դուշանբեում, Կուրգան-Տյուբեում և Կուլյաբում։

Ըստ Դուշանբեում 2012թ.-ին ՌԴ և Տաջիկստանի պաշտպանության նախարարների ստորագրած համաձայնագրի՝ նախատեսվում է Ռուսաստանի զինված ուժերի ներկայությունը Տաջիկստանում մինչև 2042թ.: Փաստաթուղթը նաև տրամադրում է ռուսաստանյան բազայի անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին դիվանագիտական կարգավիճակ։

Ռազմաբազայի հիմնական նպատակն է խոչընդոտել ահաբեկչական փորձերը և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը՝ բավարարելով ՀԱՊԿ բոլոր դաշնակիցների շահերը: Բացի այդ զինվորական անձնակազմը բազմիցս մասնակցել է ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն» զորավարժություններին։ 201-րդ ռազմաբազան հայտարարել է, որ ամեն պահի կարող է կատարել ՀԱՊԿ-ի հրահանգները։ Ռազմաբազայում կա 7500 մարտիկ. 2020թ.-ին նախատեսվում է նրանց թիվը հասցնել 9000-ի։ Ռազմաբազային են պատկանում 3 զորավարժարան, ինչպես նաև 400 սենյականոց հիվանդանոց։

201-րդ ռազմաբազայի հիմնական գործառույթն է պատրաստել տաջիկ մարտիկներին, սովորեցնել ռուսական զենքի օգտագործման ձևերը, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ օգնել։  2016-ից ի վեր ամեն տարի ռուս սպաները պատրաստում են Տաջիկստանի զինված ուժերի հազար մասնագետ: Ռազմաբազան անընդհատ համալրվում է ռազմական տեխնիկայով։ 2015թ. սեպտեմբերից այստեղ հայտնվեց ռուսական օդային խումբը, որը զինված է «Մի-8» և «Մի-24» ուղղաթիռներով: 2020թ.-ին բերվեց ժամանակակից հետևակային մարտական 8 մեքենա։

«Նուրեկ» օպտիկա-էլեկտրոնային կայան

Տ աջիկստանի Նուրեկ քաղաքի մոտակայքում ծովից 2216մ բարձրության  վրա գտնվում է «Պատուհան» կամ «Նուրեկ» օպտիկա-էլեկտրոնային տիեզերական համակարգը, որը Ռուսաստանի տիեզերական իրավիճակի կառավարման համակարգի մաս է։

Նրա կառուցման աշխատանքները սկսվել են 1961թ.-ին և որոշ դադարներով ավարտվել 1980-ին։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Տաջիկստանում-5 ամյա քաղաքացիական պատերազմի հետևանքով կառույցն ամբողջովին լքվել է։ Միայն 1999թ.-ին այստեղ վերսկսվել է մարտական հերթապահությունը, և ամբողջովին աշխատել 2014թ.-ին, իսկ 2015թ.-ից արդեն սկսել են վերահսկել տիեզերական տարածությունը:

Համալիրն օգտագործվում է տիեզերական միջավայրի մասին արագ տեղեկատվություն ստանալու, արհեստածին տիեզերական օբյեկտները ճանաչելու, դասակարգելու և դրանց ուղղությունը որոշելու համար։ Համալիրը հնարավորություն է տալիս հայտնաբերել 2000 կմ-ից մինչև 40,000 կմ բարձրության վրա գտնվող ցանկացած տիեզերական առարկա։ Համալիրն ի վիճակի է նաև որսալ ցածր ուղեծրով տիեզերական օբյեկտները՝ 120-ից 2000 կմ-ի սահմաններում:

«Նուրեկում» ծառայում են մի քանի հարյուր սպա և պայմանագրային զինծառայող: Նրանք այնտեղ իրականացնում են ամենօրյա մարտական հերթապահություն։

Ըստ երկկողմ պայմանագրի՝ Մոսկվան Տաջիկստանին համալիրի համար վարձավճար չի տալիս, իսկ գումարը դուրս է գալիս Ռուսաստանին ունեցած պետական պարտքից (242 մլն դոլար):