Սահմանադրական փոփոխությունները Ռուսաստանում

9 ր.   |  2020-03-26

Ապրիլի 22-ին Ռուսաստանում պետք է տեղ ունենային սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համառուսական ընտրությունները, սակայն դրանք հետաձգվեցին երկրում համաճարակային իրավիճակի պատճառով։

Սահմանադրական այս փոփոխություններն ընդունման դեպքում կդառնան ամենածավալունը ՌԴ մայր օրենքի պատմության մեջ։ Ռուսաստանի Սահմանադրությունն ընդունման պահից մինչ այժմ փոփոխվել է 15 անգամ, որոնք հիմնականում վերաբերել են Դաշնության սուբյեկտների  անվանափոխությանը։ Վերջինը եղել է 2019թ.-ին, երբ Կեմերովոյի մարզը նախագահ Պուտինի ստորագրմամբ անվանափոխվել է Կեմերովոյի մարզ-Կուզբասսի։ Մյուս կարևոր փոփոխությունները Սահմանադրությունում եղել են 2008թ.-ին՝ երկրի ղեկավարի կառավարման ժամկետի մինչև 6 տարի երկարացումը,  2014թ.-ին Գերագույն արբիտրաժային դատարանի լուծարումը և նույն թվականին երկրի ղեկավարի լիազորությունների ընդլայնումը (ՌԴ Դաշնային խորհրդի անդամների 10%-ի, ինչպես նաև գլխավոր դատախազի տեղակալներին և սուբյեկտների դատախազների նշանակումը)։

Նոր փոփոխությունների անհրաժեշտության մասին նախագահ Պուտինը առաջին անգամ խոսեց 2020թ.-ի հունվարի 15-ին՝ Դաշնային խորհրդի ամենամյա ուղերձում։

Նախագահը շեշտեց, որ չնայած ՌԴ Սահմանադրությունը ընդունվել է 1993թ.-ին՝ տնտեսաքաղաքական բարդ իրավիճակում, սակայն այն փոխելու կարիք չկա, անհրաժեշտ է ընդամենը փոփոխությունների փաթեթ մտցնել Սահմանադրությունում, որոնք, ըստ Պուտինի, ուժի մեջ կմտնեն միայն քաղաքացիների քվերկությունից հետո։

Փոփոխությունների հաստատման համար անհրաժեշտ է նախ դրանց ընդունումը Պետդումայի, Դաշնային խորհրդի, ՌԴ սուբյեկտների 2/3-ի կողմից, որից հետո պետք է ստորագրեն նախագահը և Սահմանադրական դատարանը ու դնեն քվերակության։ Իսկ ուժի մեջ կմտնեն միայն այն ժամանակ, երբ ընտրողների կեսից ավելին կողմ կքվերակի։

Կարճ ներկայացնենք Սահմանադրական այս փոփոխությունների գործընթացի ժամանակագրությունը՝

  • Հունվարի 23-ին օրինագիծը միաձայն՝ 432 կողմ ձայնով ընդունվեց,
  • Մարտի 10-ին օրինագիծը 382 կողմ և 34 ձեռնպահ ձայներով ընդունվեց երկրորդ ընթերցմամբ,
  • Մարտի 11-ին Պետդուման 383 կողմ և 43 ձեռնպահ ձայներով երրորդ՝ վերջին, ընթերցմամբ ընդունեց փոփոխությունների մասին օրինագիծը
  • Մարտի 11-ին Դաշնային խորհուրդն ընդունեց առաջարկված փոփոխությունները՝ 160 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ ձայնով,
  • Մարտի 12-ին և 13-ին ՌԴ 85 սուբյեկտների խորհրդարաններն ընդունեցին սահմանադրական փոփոխությունները. 3980 տարածաշրջանային պատգամավորներից դեմ է քվերկել միայն 67-ը,
  • Մարտի 14-ին նախագահը ստորագրեց Սահմանադրական փոփոխությունների փաթեթը,
  • Մարտի 16-ին Սահմանադրական դատարանը հաստատեց Սահմանադրական փոփոխություններ կատարելու օրինականությունը։



Եվ վերջում՝ նախագահ Պուտինը հաստատեց, որ ապրիլի 22-ը կլինեն համառուսական ընտրություններ, սակայն կորոնավիրուսի՝  COVID-19 համաշխարհային համաճարակի պատճառով, մարտի 25-ին ընտրությունները հետաձգվեցին անորոշ ժամկետով։

Ի՞նչ է փոփոխվելու Սահմանադրությունում

Ն ախագահ Պուտինը հունվարի 15-ի ելույթում առանձնացրեց այն հիմնական կետերը, որոնք անհարժեշտ են փոխել.

  • Հաստատել ՌԴ Սահմանադրության գերակայությունը միջազգային պայմանագրերի նկատմամբ,
  • Օտարերկրյա քաղաքացիության և կացության թույլտվության արգելք սահմանել կառավարության նախագահի, նախարարների և դաշնային մարմինների ղեկավարների, նահանգապետերի, սենատորների, տեղակալների և դատավորների համար,
  • Ամրապնդել փոխգործակցությունը պետական և տեղական իշխանությունների միջև,
  • Սահմանադրությամբ Պետական խորհրդի վերաբերյալ կանոնակարգ սահմանել,
  • Պետդումային իրավունք տալ հաստատելու կառավարության նախագահին, ինչպես նաև փոխարինողներին և դաշնային նախարներին,
  • Իրավապահ մարմինների և շրջանային բոլոր դատախազներին նշանակել նախագահի կողմից՝ Դաշնային խորհրդի հետ խորհրդակցելուց հետո։ Ներկայիս սահմանադրության մեջ առանց խորհրդակցության է,
  • Փոխել նախագահ դառնալու պահանջները, որը առնվազն 25 տարի (այժմ՝ առնվազն 10 տարի) պետք է բնակվի Ռուսաստանում, չպետք է ունենա օտարերկրյա քաղաքացիություն կամ բնակության թույլտվություն ոչ միայն ընտրության պահին, այլև ավելի վաղ, ինչպես նաև հանել «նախագահը չի կարող կառավարել երկու անգամ անընդմեջ» օրենքից «անընդմեջ» բառը։
  • Նախագահի խնդրանքով Սահմանադրական դատարանին օրինագծերի սահմանադրականությունը ստուգելու իրավունք տալ՝ նախքան դրանց ստորագրումը։
  • Նախագահի առաջարկությամբ Դաշնային խորհրդին սահմանադրական և գերագույն դատարանների դատավորներին աշխատանքից ազատելու իրավասություն տալ, եթե նրանք ցույց են տվել պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող հանցավոր վարք, և անհնար է պահպանել դատավորի կարգավիճակը:

Նախագահի հրամանագրով հետագայում ստեղծված մասնագիտական խումբը մշակեց այս փոփոխությունները, և նոր կետեր ավելացրեց։ Դրանք հիմնականում վերաբերում են պետության ղեկավարին, կառավարության անդամներին և տարբեր մակարդակների պետական պաշտոնյաներին ներկայացվող նոր պահանջներին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության կարգավիճակին։ Անդրադառնանք դրանց առանձին։

Նախագահի ժամկետի և լիազորությունների մասին

Վ լադիմիր Պուտինի հայտարարությունից անմիջապես հետո ընդդիմությունը տարբեր մեկնաբանություններ էր տալիս դրանց, նշում, որ Պուտինն ցանկանում է երկարաձգել իր ղեկավարման ժամանակահատվածը։ Իսկ թե ինչպե՞ս՝ բարդ էր հասկանալը, քանի որ դրա վերաբերյալ ոչ մի կետ չկար, ավելին՝ նախագահ դառնալու պայմանները ավելի էին խստանում։ Արգելվում էր երրորդ ժամկետով նախագահ ընտրվելը, իսկ գործող Սահմանադրությունում այն հնարավոր էր, բայց ոչ անընդմեջ։

Մարտի 2-ին ներկայացված տարբերակում, որը պետք է ներկայացվեր Պետդումա, նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու մասին ոչ մի նոր կետ չկար։ Միայն երկրորդ ընթերցման ժամանակ  «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Վալենտինա Տերեշկովան առաջարկեց Սահմանադրությունից ընդհանրապես հանել պաշտոնավարման ժամկետի մասին կետը կամ փոփոխություննից հետո զրոյացնել գործող նախագահ Պուտինի կառավարման ժամկետը։

Առաջարկությունից հետո Պետդումայում ելույթ ունեցավ նախագահը՝ նշելով, որ ընդունում է առաջարկը, սակայն օրինականությունը Սահմանադրական դատարանի կողմից նախապես հաստատելուց հետո, ինչն էլ տեղի ունեցավ մարտի 16-ին։ Սա նշանակում է, որ նախագահ Պուտինը կարող է մասնացել 2024թ.-ի և 2030թ.-ի նախագահական ընտրություններին, և երկիրը կառավարել մինչև 2036թ.։ Մասնագետների կարծիքով սահմնադրական փոփոխությունների հիմնական նպատակը հենց սա էր՝ հնարավորություն տալ Պուտինին շարունակել ղեկավարել երկիրը 2024թ.-ից հետո։

Ա նդրադառնանք նաև նախագահ առաջադրվելու նոր պահանջներին և լիազորություններին։ Ըստ այս փոփոխությունների՝ նախագահը պետք է վերջին 25 տարում ապրի ՌԴ-ում (նախկինում՝ 10), բացի այդ՝ ոչ միայն ներկա պահին, այլև նախկինում չպետք է լինի այլ երկրի քաղաքացի կամ ունենա կեցության թույլատվություն։ ՌԴ-ից դուրս գործող բանկերում չպետք է ունենա ավանդ, գումար և թանկարժեք իրեր։ Ի դեպ, այս  կետերը տարածվում են նաև կառավարության անդամների, նախարարների վրա։ Բացի այս սահմանափակումներից ավելացել են նաև մի շարք լիազորություններ։ Նախագահի անձեռնմխելիությունը կպահպանվի նաև լիազորությունների ավարտից հետո, որից կարող է զրկվել միայն իմպիչմենտի դեպքում։ Պաշտոնավարումից հետո նա նշանակվում է ցմահ սենատոր։

Նախագահը նաև իրականացնելու է կառավարության աշխատանքի ընդհանուր ղեկավարումը, իսկ վարչապետը կազմակերպելու է իր աշխատանքը՝ նախագահի հանձնարարականների հիման վրա: Բացի այդ, եթե նախկինում վարչապետի ազատումից հետո լուծարվում էր ամբողջ կառավարությունը, ապա նոր փոփոխություններով՝ այն շարունակելու է գործել։  Ըստ այս փոփոխությունների՝ նախագահը կարող է նշանակել Դաշնային խորհրդի 30 անդամի, որից 7-ին՝ ցմահ։

Փոփոխությունների ընդունման դեպքում երկրի ղեկավարը նշանակելու է պաշտպանության, արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի, արդարադատության և ներքին գործերի նախարարներին։ Մյուսներին նշանակելու է վարչապետը՝ սենատորների հաստատմամբ: Խորհրդի հետ քննարկումից հետո նախագահն իրավունք կունենա նաև ազատել սահմանադրական դատարանի և Գերագույն դատարանի դատավորներին, ինչն այժմ կարող են անել միայն դատարանները։

Միջազգային իրավունքի մասին

Կ արևոր փոփոխություններից մեկը Ռուսաստանում Միջազգային իրավունքը սահմնափակելու մասին է. Ռուսաստանը կարող է չկատարել միջազգային մարմինների որոշումները, եթե ՌԴ Սահմանադրության հետ հակասություն կա, իսկ օրինականությունը ստուգում է Սահմանադրական դատարանը: Նախագահ Պուտինն նշել էր, որ այս միջոցով կճնշվի Ռուսաստանի ներքին գործերին և արտաքին միջամտության հնարավորությունը, կպաշտպանվի երկրի ինքնիշխանությունը։

Նոր փոփոխությունները հնարավորություն կտան չվճարել նաև միջազգային արբիտրաժների պահանաջած գումարը։ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը նշել է, որ սա ուղղված է օտարերկրյա դատարանների անօրինական որոշումներին և անամոթ քաղաքական ոտնձգություններին:

Թոշակառուների մասին

Փոփոխություններում տեղ են գտել նաև աշխատավորների և թոշակառումների մասին նորմեր, որտեղ նշվում է, որ ՌԴ-ն հարգում է քաղաքացու աշխատանքը։ Շեշտվում է, որ  նվազագույն աշխատավարձը պետք է լինի ոչ պակաս, քան անհրաժեշտ է նորմալ կենսագործունեություն ապահովելու համար։ Նշվում է նաև, որ կենսաթոշակային համակարգն առնվազն տարին մեկ անգամ պետք է վերաինդեքսավորվի։ Այս փոփոխությունները կապվում են թոշակառուների տարիքի բարձրացման օրենքի հետ, որը դժգոհության առիթ էր դարձել, և նման կետերը, թերևս, կենսաթոշակային բարեփոխումների զգացմունքայնությունը մեղմելու համար են։

Ռուսների և ռուսաց լեզվի մասին

Ս ահմանադրական փոփոխություններում ավելացավ նաև կետ, որտեղ նշվում է, որ ռուսաց լեզուն և ռուս ազգը համարվում են պետականաստեղծ։ Թաթարստանի Մուֆթին այս առթիվ վրդովմունք էր հայտնել՝ համարելով, որ  ՌԴ բոլոր ազգերն էլ նպաստել են երկրի կայացմանը։ Փոփոխություններում Ռուսաստանը համարվում է ԽՍՀՄ իրավահաջորդը։

Աստծու և ընտանիքի մասին

Քննարման առիթ դարձավ նաև Աստծո անվան կիրառումը Սահմանադրության, ըստ որի, Աստծո հանդեպ հավատը նախապապերից ստացած ժառանգություն է։ Ոմանք սա համարեցին հավատքի իրավունքի խախտում,  սակայն նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շեշտեց, որ այն չի նշանակում, թե  ռուսական պետության աշխարհիկ բնույթը փոխվելու է: Խոսքն ավելի շատ նախնիների հիշատակը պահպանելու մասին է, ովքեր ժողովրդին են փոխանցել Աստծո հանդեպ իդեալներն ու հավատը:

Փոփոխություններում  խոսք կար ամուսնության մասին, որտեղ շեշտվում է, որ այն տղամարդու և կնոջ միությունն է։

«Ո՛չ» սահմանադրական փոփոխություններին

Ընդդիմությունն ավելի ակտիվացավ, երբ երկրորդ ընթերցման ժամանակ հայտնի դարձավ, որ Պուտինի կառավարման ժամկետը զրոյացվելու է։

Խորհրդարանական ընդդիմադիր 3 կուսակցություններն էլ առաջին ընթերցմանը կողմ էին քվերակել փոփոխությունների օրինագծին։ Իսկ երկրորդ և երրորդ ընթերցման ժամանակ Կոմունիստական կուսակցությունը հրաժարվեց կողմ քվերակել, նշելով, որ իրենց առաջարկությունները չեն ընդունվել, իսկ նոր փոփոխությունները ոչ թե ժողովրդի, այլ իշանությունների շահերից են բխում։ Սակայն կոմունիստները ոչ թե դեմ, այլ ձեռնպահ քվերակեցին, իսկ առաջին ընթերցման ժամանակ կողմ քվերակելը կուսակցությունը բացատրեց նրանով, որ իրենք դեմ են քվերակել Ելցինյան Սահմանադրությանը։

Սահմանադրական փոփոխությունների դեմ, թերևս, ամենաակտիվը սկսեց պայքարել Միխայիլ Խադարովսկու «Բաց Ռուսաստան» կազմակերպությունը, որը նախագահի հունվարի 15-ին հայտարարությունից անմիջապես հետո ստեղծեց «Ոչ»-ի շարժումը, որն այժմ գործում է Ռուսաստանի 18 քաղաքում, իսկ 10 հազար մարդ արդեն դեմ է ստորագրել Սահմանադրական փոփոխություններին։

Մարտի 10-ի Պուտինի հայտարարությունից հետո «Բաց Ռուսաստանին» միացան «Փոփոխությունների կուսակցությունը» և Եգոր Ժուկովի թիմը՝ հայտարարելով մարտի 21-ին և 22-ին ցույցեր Մոսկվայում, որին պետք է մասնակցեին 50 հազար մարդ, սակայն կորոնավիրուսի  տարածման պատճառով Մոսկվայի քաղաքապետարանն արգելեց ցույցերը։

Զուգահեռաբար, հասարակական, գիտական ու մշակութային գործիչները բաց նամակ են ուղարկել նախագահին՝ նշելով, որ դեմ են Սահմանադրության փոփոխություններին։ Փաստաթուղթը ստորագրել է 350 մարդ։  Ռուսաստանում հայտնի ընդդիմադիր Ալեքսանդր Նավալնին էլ իր յութուբյան հաղորդման ժամանակ նշել է, որ պայքարելու է փոփոխությունների դեմ, սակայն կոնկրետ ինչպես՝ չի ասել։ Նա կոչ է արել ընտրողներին ֆիքսել բոլոր ընտրախախտումները: