Ադրբեջանական սփյուռքը Եվրոպայում

18 ր.   |  2020-01-24

Թվաքանակը և սփռվածությունը

Հ ամաձայն ադրբեջանական աղբյուրների՝ Եվրոպայում ադրբեջանական սփյուռքի թվաքանակը մոտ 1.5 մլն.[1] է։ Այս տվյալի մեջ ներառված չեն Թուրքիայի և Ռուսաստանի համայնքները, որոնք ամենամեծն են և որոնց թիվը հասնում է համապատասխանաբար 3 մլն.-ի և 2 մլն․-ի[2]։ Թուրքիայի և Ռուսաստանի ադրբեջանցիներին Եվրոպայի սփյուռքի շրջանակներից դուրս թողնելը թերևս պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ երկու երկրները աշխարհագրական առումով միայն մասնակիորեն են եվրոպական[3]։

Եվրոպայի ադրբեջանական համայնքները, ըստ թվաքանակի, կարելի է դասակարգել երեք խմբի՝ մեծ, միջին և փոքր։ Խոշոր համայնքների թվաքանակը գերազանցում է 100 հզ.-ը։ Եվրոպայում առկա է երկու այդպիսի համայնք՝ Ուկրաինայում, որտեղ կա մոտ 500 հզ. ադրբեջանցի, և Գերմանիայում, որտեղ այդ թիվը 300 հզ. է։

Մեծությամբ միջինների շարքին են դասվում այն համայնքները, որոնց թվաքանակը հաշվվում է տասնյակ հազարներով։ Այդ համայնքներն են Մեծ Բրիտանիայի (70 հզ.), Ֆրանսիայի (70 հզ.), Բուլղարիայի (64.4 հզ.), Դանիայի (56 հզ.), Նորվեգիայի (50 հզ.), Ռումինիայի (44 հզ.), Իտալիայի (30 հզ.), Հունգարիայի (26 հզ.), Նիդերլանդների (20 հզ.), Շվեդիայի (20 հզ.), Ավստրիայի (19 հզ.), Շվեյցարիայի (15 հզ.), Իսպանիայի (14 հզ.), Բելգիայի (13 հզ.), Հունաստանի (12.4 հզ.), Ալբանիայի (12 հզ.), Ֆինլանդիայի (11.6 հզ.), Լեհաստանի (10 հզ.) ադրբեջանական համայնքները։ Փաստորեն, Եվրոպայում առկա է միջին մեծությամբ 18 ադրբեջանական համայնք։

Փոքր համայնքների շարքին են դասվում նրանք, որոնց թվաքանակը փոքր է 10 հզ.-ից։ Այդ համայնքներն են Պորտուգալիայի (8 հզ.), Բելառուսի (6.6 հզ.), Մոլդովայի (5 հզ.), Հյուսիսային Իռլանդիայի (4 հզ.), Մալթայի (2.5 հզ.), Չեխիայի (2 հզ.), Սլովակիայի (2 հզ.), Էստոնիայի (1.8 հզ.), Լատվիայի (1.7 հզ.) և Լիտվայի (1.5 հզ.) ադրբեջանական համայնքները։ Փաստորեն, եվրոպական 10 երկրում առկա են փոքր ադրբեջանական համայնքներ։

Այսպիսով, Թուրքիան և Ռուսաստանը չհաշված, ադրբեջանական համայնքներ առկա են 30 եվրոպական երկրում։ Դրանց գերակշիռ մեծամասնությունը՝ 18 համայնք, միջին մեծության են։ Փոքր համայնքները քանակով երկրորդ տեղում են՝ 10 համայնք։ Քանակով ամենաքիչը խոշորներն են՝ 2 համայնք։ Ընդհանուր առմամբ ադրբեջանական պատկառելի ներկայություն կա եվրոպական այնպիսի առանցքային երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Նիդերլանդները և այլն։

Մեծությունը

Երկիրը

Թվաքանակը

1

Խոշոր համայնքներ

Ուկրաինա

500000

2

Գերմանիա

300000

3

Միջին համայնքներ

Մեծ Բրիտանիա

70000

4

Ֆրանսիա

70000

5

Բուլղարիա

64400

6

Դանիա

56000

7

Նորվեգիա

50000

8

Ռումինիա

44000

9

Իտալիա

30000

10

Հունգարիա

26000

11

Նիդերլանդներ

20000

12

Շվեդիա

20000

13

Ավստրիա

19000

14

Շվեյցարիա

15000

15

Իսպանիա

14000

16

Բելգիա

13000

17

Հունաստան

12400

18

Ալբանիա

12000

19

Ֆինլանդիա

11600

20

Լեհաստան

10000

21

Փոքր համայնքներ

Պորտուգալիա

8000

22

Բելառուս

6600

23

Մոլդովա

5000

24

Հյուսիսային Իռլանդիա

4000

25

Մալթա

2500

26

Չեխիա

2000

27

Սլովակիա

2000

28

Էստոնիա

1800

29

Լատվիա

1700

30

Լիտվա

1500

Աղյուսակ 1. Եվրոպայի ադրբեջանական համայնքներն՝ ըստ թվաքանակի

Այնուամենայնիվ, հարկ է փաստել, որ իրենց սփյուռքի թվաքանակի վերաբերյալ ադրբեջանական աղբյուրների տվյալները խիստ ուռճացված են, ինչը համապատասխան տեղեկատվական քաղաքականության հետևանք է։ Ադրբեջանական քարոզչամեքենան, արհեստականորեն ուռճացնելով այս կամ այն երկրում բնակվող ադրբեջանցիների թվաքանակը, փորձում է որոշակի քաղաքական դիվիդենտներ ապահովել պետության համար։ Համենայն դեպս, այս կամ այն երկրում ադրբեջանցիների թվաքանակի վերաբերյալ ադրբեջանական աղբյուրների և տվյալ երկրի պաշտոնական տվյալները էապես տարբերվում են։

Հաճախ երկրի համայնքին են վերագրվում նաև աշխատանքային միգրանտները, ինչը առավելապես բնորոշ է հետխորհրդային երկրներին։ Օրինակ՝ Ռուսաստանում, ինչպես արդեն վերը նշվեց, ըստ ադրբեջանական աղբյուրների՝ ադրբեջանցիների թվաքանակը երկու միլիոն է։ Որոշ ոչ պաշտոնական աղբյուրներ հիշատակում են անգամ երեք միլիոնի մասին[4]։ Մինչդեռ համաձայն ՌԴ 2010թ. մարդահամարի տվյալների՝ ադրբեջանցիների թվաքանակն այդ երկրում կազմում է 603070[5]։

Ուկրաինայում, որտեղ ադրբեջանական պաշտոնական տվյալներով իրենց համայնքի թվաքանակը մոտ 500 հազ. է, համաձայն այդ երկրում անցկացված վերջին մարդահամարի (2001թ.) տվյալների՝ ադրբեջանցիների թվաքանակը կազմում է 45176[6]։ Թեև վերջին մարդահամարից անցել է բավական երկար ժամանակ՝ 18-19 տարի, այնուամենայնիվ, այդ ընթացքում ադրբեջանցիների թվաքանակի ավելի քան տասնապատկումն իրատեսական չէ։

Այն մասին, որ ադրբեջանական պաշտոնական տվյալներն իրենց սփյուռքի թվաքանակի մասին ուռճացված են, վկայում են նաև նույն ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները։ Օրինակ՝ Գերմանիայում բնակվող ադրբեջանցիների թվաքանակի մասին, որը պաշտոնական տվյալներով 300 հազ. է, Sputnik լրատվական գործակալության ադրբեջանական ծառայության 2015թ. վերջի մի հրապարակում տալիս է երկու տվյալ՝ 200 հազ. և 280 հազ.[7]։ Նույն աղբյուրը Ուկրաինայում բնակվող ադրբեջանցիների թվաքանակի վերաբերյալ տալիս է 280 հազ. տվյալը[8]։ Տվյալների այս բազմազանությունը, պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրների միջև առկա էական տարբերություններն ընդհանուր առմամբ վկայում են իրենց սփյուռքի թվաքանակի և տեղաբաշխվածության վերաբերյալ ադրբեջանցիների մոտ ճշգրիտ տեղեկատվության բացակայության և անգամ՝ որոշակի խառնաշփոթի մասին։

Կազմակերպչական կառույցները

Ե վրոպայում առկա են տարբեր մակարդակներով (աշխարհամասային, համապետական, տեղական) ադրբեջանական սփյուռքը միավորող կազմակերպչական կառույցներ։ Աշխարհամասային մակարդակով ադրբեջանական սփյուռքի ամենանշանավոր հաստատություններն են Եվրոպայի ադրբեջանցիների համակարգող խորհուրդը, Եվրոպայի ադրբեջանցիների համագումարը։

Համապետական հաստատություններից կարելի է հիշատակել, օրինակ, Գերմանիայի ադրբեջանցիների համակարգող կենտրոնը, Ուկրաինայի ադրբեջանցիների ռադան, որի հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 2019թ. ապրիլին[9], Լեհաստանի ադրբեջանցիների երիտասարդական խորհուրդը, «Ադրբեջանական մշակույթ» ընկերակցությունը Գերմանիայում և այլն։ Ինչպես տեսնում ենք, համապետական մակարդակի կազմակերպչական հաստատություններն ունեն ինչպես ընդհանրական, ինչպիսին են, օրինակ, Գերմանիայի ադրբեջանցիների համակարգող կենտրոնը կամ Ուկրաինայի ադրբեջանցիների ռադան, այնպես էլ որոշակիորեն մասնագիտացված-ոլորտային բնույթ՝ երիտասարդական, մշակութային և այլն։

Ինչ վերաբերում է ավելի ցածր, օրինակ՝ քաղաքային մակարդակով կազմակերպություններին, ապա այդպիսիք են, օրինակ, Վարշավայի ադրբեջանցիների միությունը, Վրոցլավի ադրբեջանցիների միությունը, Կատովիցայի ադրբեջանցիների միավորումը Լեհաստանում[10]։

Եվրոպայում ադրբեջանական սփյուռքի կազմակերպումն ընդհանուր առմամբ ունի կենտրոնացված բնույթ և աստիճանակարգային (հիերարխիկ) կառուցվածք։ Տեղական՝ քաղաքային մակարդակով ադրբեջանցիներին միավորող կառույցների գործունեությունը համակարգվում է համապետական մակարդակով միասնական կենտրոնի կողմից։ Լեհաստանում, օրինակ, այդ կենտրոնը 2019թ. հոկտեմբերին ստեղծված Լեհաստանի ադրբեջանցիների համակարգող խորհուրդն է[11]։ Նման կառույցներ են նաև Գերմանիայի ադրբեջանական հասարակությունների դաշնությունը, Գերմանիայի ադրբեջանցիների համակարգող կենտրոնը, Շվեդ-ադրբեջանական դաշնությունը, Ադրբեջան-Նորվեգիա միությունը, Բելառուսի ադրբեջանական համայնքների համագումարը, Մոլդովայի ադրբեջանցիների համագումարը[12]։ Իսկ այդպիսի համապետական կառույցների գործունեությունն էլ համակարգում է Եվրոպայի ադրբեջանցիների համագումարը, որը, ի թիվս այլ գործերի, զբաղվում է նաև տեղերում (տեղական և համապետական մակարդակներով) համապատասխան կազմակերպությունների ստեղծմամբ[13]։ Ավելի փոքր՝ տարածաշրջնային մակարդակով սփյուռքի կառույցների համակարգող մարմին է Բենիլյուքսի ադրբեջանցիների համագումարը[14]։

Պետական քաղաքականության ռազմավարական նպատակները

Ա դրբեջանում սփյուռքի հարցերով զբաղվող կառույցը 2002թ. հիմնադրված Ադրբեջանի Հանրապետության սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեն է[15]։ 2018թ. հուլիսի 6-ին նախագահ Ի․ Ալիևի հրամանագրով կոմիտեին կից հիմնվել է Ադրբեջանական սփյուռքի աջակցության հիմնադրամը[16]։ Վերջինս ակտիվորեն զբաղվում է իր PR-ով Եվրոպայում։ 2019թ. տեղի է ունեցել հիմնադրամի ներկայացումը (presentation) Քյոլնում[17], Բեռլինում[18], Կիևում[19]։ Սփյուռքի հետ աշխատանքներով զբաղվում է նաև Հեյդար Ալիևի հիմնադրամը[20]։


Ադրբեջանական սփյուռքի աջակցության հիմնադրամի ներկայացումը Քյոլնում

Թե որոնք են սփյուռքի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականության նպատակները, կարելի է եզրակացնել Ադրբեջանական սփյուռքի աջակցության հիմնադրամի առջև դրված խնդիրներից, որը իրականացնում է քայլեր՝ ուղղված արտասահմանում բնակվող ադրբեջանցիների ազգային և քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը, լոբբիստական գործունեության ուժեղացմանը, նրանց սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական, մշակութային-բարոյական խնդիրների լուծմանը, այդ ոլորտում սոցիալական նախագծերի իրականացմանը, ինչպես նաև ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունների համախմբմանը[21]։ Բացի ադրբեջանական սփյուռքի խնդիրներով զբաղվելը, հիմնադրամի խնդիրների մեջ է մտնում նաև Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող ժողովուրդների սփյուռքի հետ կապերի հաստատումը[22]։ Ստացվում է, որ ինչպես Թուրքիայի պարագայում[23], Ադրբեջանն էլ ձգտում է զբաղվել ոչ միայն սեփական սփյուռքի խնդիրներով, այլ իր համար վերցնել գործունեության շատ ավելի մեծ շրջանակ, այն է՝ համագործակցության դաշտ բերել նաև բարեկամ ժողովուրդների սփյուռքը։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը փորձում է բարեկամ երկրների հետ համագործակցությունը միջպետական հարթությունից տարածել նաև սփյուռքի հարթություն[24]։

Ադրբեջանական սփյուռքի աջակցության հիմնադրամի ստեղծման մասին նախագահ Ի. Ալիևի հրամանագրում հիշատակվում են դրա ստեղծման նպատակները, որոնք են՝ աջակցությունն ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունների գործունեությանը, նրանց նյութատեխնիկական հնարավորությունների ընդլայնումը, ադրբեջանական ազգային և հոգևոր արժեքների զարգացումն ու աշխարհում դրանց ճանաչմանն աջակցությունը, արտասահմանում բնակվող ադրբեջանցիների սոցիալական պաշտպանությունն ու այդ ոլորտում հասցեական պետական աջակցությունը[25]։

Պատահական չէ, որ «Ադրբեջանական մշակույթ» ընկերակցության (Գերմանիա) նախագահ Յաշար Նիֆթալիևը ադրբեջանական սփյուռքի հետ տարվող աշխատանքների գլխավոր առաջնահերթությունն է համարում «... իրենց բնակության երկրներում մեր հայրենակիցների համարկման արագացումը և ադրբեջանական իրողությունները միջազգային հանրությանը մշտապես հասցնելը»[26]։ Հատկապես լոբբիստական գործունեության առումով, ըստ ադրբեջանցի գործչի, առաջին հերթին հրատապ է «տեղական կուսակցություններում երիտասարդ ադրբեջանցիների անդամակցության հարցը»[27]։

Ընդհանրական առումով կարելի է ասել, որ Ադրբեջանը սփյուռքի նկատմամբ քաղաքականության հարցում հետապնդում է երկու փոխկապակցված ռազմավարական նպատակներ. ա) սփյուռքի խնդիրների լուծում և նրա ներուժի մեծացում և բ) սփյուռքի հնարավորությունների առավելագույն օգտագործում՝ հանուն իր քաղաքական և տնտեսական շահերի։

Տնտեսական առումով սփյուռքը կարևորվում է հատկապես արտահանումը խթանելու տեսանկյունից՝ որպես արտերկրում ադրբեջանական արտադրանքի սպառման շուկա, ինչպես նաև ադրբեջանական ապրանքանիշը արտերկրի շուկաներում առաջ մղող գործոն։ Պատահական չէ, որ Ադրբեջանական սփյուռքի աջակցության հիմնադրամի խնդիրներից է «աջակցություն ցուցաբերել համապատասխան կառավարական հիմնարկներին, ոչ կառավարական կազմակերպություններին, մասնավոր և իրավաբանական անձանց արտասահմանյան շուկաներում «Արտադրված է Ադրբեջանում» բրենդի հանրայնացման և դրա մարքեթինգային գործունեությանն աջակցության մեջ»[28]։

Քաղաքական տեսանկյունից սփյուռքի դերակատարություններից է, օրինակ, արտերկրում Ադրբեջանի դրական կերպարի ձևավորումը և տարածումը։ Այդ նպատակով կիրառվում են ինչպես փափուկ (ցուցահանդեսներ, համերգներ, ադրբեջանական մշակույթի օրեր), այնպես էլ կոշտ (հանրահավաքներ, ուղեկալներ (պիկետներ) մեթոդներ[29]։

Նման քաղաքականությունը, բացի արտերկրում Ադրբեջանի շահերի սպասարկումից, հետապնդում է նաև ներքաղաքական նպատակներ. այդպիսի միջոցառումներով ադրբեջանական իշխանությունները ձգտում են ներքին լսարանին ցույց տալ սփյուռքի աջակցությունն իրենց։

Այնուամենայնիվ, ադրբեջանական սփյուռքի քաղաքական ջանքերն ունեն հակահայկական ուղղվածություն և կենտրոնացած են հիմնականում Արցախյան հակամարտության վրա։ Չէ՞ որ Ադրբեջանի՝ սփյուռքակերտման (диаспоростроительство) պետական քաղաքականությունն առաջացել է այդ հակամարտության համատեքստում[30]։ Իսկ նախագահ Ի. Ալիևը ժամանակին Ադրբեջանի ամենամեծ թշնամի է համարել հայկական լոբբին, ինչով պայմանավորված էլ՝ ադրբեջանական իշխանությունները, ի հակակշիռ վերջինիս, հսկայական միջոցներ են ներդրել տարբեր երկրներում իրենց սփյուռքի ձևավորման համար[31]։ Այս տեսանկյունից պատահական չէ անգամ, որ «Ադրբեջանական ռեժիմը ըստ էության հավասարության նշան է դնում սփյուռքի և քաղաքական լոբբիի միջև»[32]։

Ադրբեջանական սփյուռքը, շարունակելով հայրենի իշխանությունների տեղեկատվական գիծը արցախյան հարցում[33], շարունակ թմբկահարում է «հայերի կողմից բռնազավթված» ադրբեջանական տարածքի 20%-ի, մոտ մեկ միլիոն փախստականների և այլնի մասին։ Վերջին ամենաակնառու օրինակներից է գերմանաբնակ ադրբեջանցիների դիմումը կանցլեր Անգելա Մերկելին 2018թ. Հարավային Կովկասի երկրներ նրա այցելության նախօրեին։ Դիմումում «հարյուրամյակների» ադրբեջանա-գերմանական բարեկամական հարաբերությունների, Գերմանիայում ադրբեջանական համայնքի համար ստեղծված նպաստավոր պայմանների համար երախտագիտական խոսքերի և այլնի կողքին հատուկ անդրադարձ կա արցախյան խնդրին, որում հույս է հայտնվում, որ Գերմանիան, հավատարիմ մնալով միջազգային իրավունքի սկզբունքներին, «որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ այսուհետև նույնպես էլ ավելի կուժեղացնի իր գործունեությունը Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի տարածքների 20%-ի ազատագրման, հարկադիր տեղափոխվածների՝ իրենց հողերը վերադարձի և Խոջալուի կապակցությամբ արդարության վերականգնման ճանապարհին»[34]։ Այնուհետև կոչ է արվում Ա. Մերկելին Հայաստան այցի ժամանակ «պահանջել այդ երկրի ղեկավարությունից Ադրբեջանի տարածքների օկուպացիայի դադարեցում» և ավելացվում. «Մենք՝ Գերմանիայում ապրող ադրբեջանցիներս, նույնպես պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ»[35]։

Ադրբեջանական սփյուռքի քաղաքական դերակատարության իրականացման համար ոչ միայն կիրառվում են քարոզչական և լոբբիստական միջոցներ, այլև օգտագործում է եվրոպական երկրների ադրբեջանցի քաղաքացիների՝ որպես ընտրազանգվածի գործոնը։ Այս տեսանկյունից բնութագրական է ադրբեջանական քարոզչամեքենայի՝ Ֆրանսիայի համայնքին ուղղված կոչը՝ չքվեարկել Լը Պենի[36] օգտին ոչ այն պատճառով, որ նա անհաջող թեկնածու է Ֆրանսիայի համար, այլ որ «ոչ ճիշտ» դիրքորոշում ունի արցախյան խնդրում[37]։

Ընդդիմադիր հատվածը

Ե վրոպայի ադրբեջանական սփյուռքը, այնուամենայնիվ, միատարր չէ և ամբողջովին չի վերահսկվում պետության կողմից։ Այն ունի նաև ընդդիմադիր թև, որի ներկայացուցիչները հակադրվում են Ալիևի վարչակարգին։ Ադրբեջանական սփյուռքի ընդդիմադիր հատվածում զգալի տեղ են զբաղեցնում, հատկապես, քաղաքական միգրանտները՝ այն գործիչները, որոնք, խուսափելով ադրբեջանական իշխանությունների հետապնդումներից ու հալածանքներից, արտագաղթել են երկրից։

Եվրոպայի ադրբեջանական սփյուռքում ընդդիմադիր թևի առկայությունը երևում է առաջին հերթին վերջինս ներկայացնող կազմակերպությունների գործունեությամբ։ Այդ կառույցներից ամենաակտիվը 2016թ. սեպտեմբերին Ստրասբուրգում հիմնադրված «Ժողովրդավարություն հանուն Ադրբեջանի» (ադրբեջաներեն՝ Azərbaycan Naminə Demokratiya - AND) շարժումն է։ Այն սկսվել է սահմանափակ թվով գործիչներով (4-6 հոգի), սակայն աստիճանաբար ծավալվել է՝ ընդգրկելով մարդկանց նորանոր խմբեր եվրոպական տարբեր երկրներից։

«Ժողովրդավարություն հանուն Ադրբեջանի» կազմակերպության հիմնադիրներն են ադրբեջանական այնպիսի ընդդիմադիր գործիչներ, ինչպիսիք են նախկին դիվանագետ Արիֆ Մամեդովը[38], «Ազադլըգ» թերթի նախկին գլխավոր խմբագիր,  Ադրբեջանում հեռարձակվող «Թուրան» արբանյակային հեռուստատեսության (Turan TV) ղեկավար Գանիմաթ Զահիդը (այս երկու գործիչները կազմակերպության համանախագահներն են), Ազգային անվտանգության նախարարության նախկին սպա Ռամին Նաղիևը և ուրիշներ։ Կազմակերպությանը հարում են Ադրբեջանում ընդդիմադիր այնպիսի գործիչներ, ինչպիսիք են պրոֆեսոր, Ադրբեջանի նախագահի նախկին թեկնածու և Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլըն, Ադրբեջանի ժողովրդական ճակատի կուսակցության նախահագ Ալի Քերիմլին, «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիկ Յաղուբլուն և ուրիշներ։ Շարժումն առհասարակ բաց է բոլոր ադրբեջանական քաղաքական և հասարակական ուժերի (խոսքն առաջին հերթին՝ ընդդիմադիր ուժերի մասին է) հետ համագործակցության համար։

Կազմակերպության քարտուղարության ղեկավար Գյուլլի Ջահանգիրի խոսքերով՝ շարժմանն անդամակցողներն իրենցից ներկայացնում են խայտաբղետ զանգված, սակայն նրանց բոլորին միավորում է «... Ադրբեջանը ժողովրդավարական սկզբունքներով, մարդու իրավունքների պաշտպանությամբ լիարժեք պետություն տեսնելու ցանկությունը, որտեղ թագավորը օրենքն է, այլ ոչ թե մարդը»[39]։ Զբաղվելով նաև լոբբինգով Արցախյան հարցում, ինչը հօգուտ ադրբեջանական իշխանությունների է, «Ժողովրդավարություն հանուն Ադրբեջանի» կազմակերպությունը հիմնականում պայքարում է եվրոպական երկրների ու կառույցների օգնությամբ հայրենի պետությունում կոռուպցիայի հաղթահարման, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի և հավաքների ազատության, քաղբանտարկյալների ազատ արձակման համար։

Ադրբեջանի իշխանամետ քարոզչամեքենան ի սկզբանե ձգտել է վարկաբեկել այս կառույցը՝ այն պիտակավորելով որպես ընդդիմադիր առաջնորդների, մասնավորապես, Ադրբեջանի ժողովրդական ճակատի կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի կողմից քաղաքական գործունեությունն ապօրինի բիզնեսի վերածելու և այն «արտահանելու» փորձ[40]։


«Ժողովրդավարություն հանուն Ադրբեջանի» շարժման ակտիվիստները Դյուսելդորֆում (Գերմանիա)

2019թ. նոյեմբերի 15-ին կազմակերպությունը Ստրասբուրգում կազմակերպել է բողոքի գործողություն՝ վերոհիշյալ խնդիրների մասին հիշեցնելու Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության անդամներին։ Գործողության նպատակն էր «... պահանջել Ադրբեջանի իշխանություններից վերջապես սովորել վարել քաղաքակիրթ աշխարհի պայմաններին համապատասխան քաղաքականություն։ Չհետապնդել ընդդիմախոսներին, չնստեցնել նրանց բանտերում, չենթարկել կտտանքների»[41]։ Շարժման համանախագահ Գանիմաթ Զահիդի խոսքերով՝ «Ադրբեջանի բնակիչներին կարելի է պահել տեղեկատվական շրջափակման մեջ հեռուստատեսության և ռադիոյի մենաշնորհի, ընդդիմադիր թերթերի փակման, կայքերի արգելափակման ճանապարհով, սակայն աշխարհին խաբել հնարավոր չէ»[42]։ Իսկ բողոքի գործողության մեկ այլ մասնակից, «Ազադլըգ» թերթի խմբագիր Ռահիմ Հաջիևի խոսքերով՝ ադրբեջանական իշխանությունները չպետք է ճնշեն այլախոհությունը, քարոզեն սուտը, այլ պետք է ստեղծեն պայմաններ քաղաքական բազմակարծության համար[43]։

Համաեվրոպական այս կազմակերպության առանձնահատկությունը որոշակիորեն կայանում է իր գործելաոճի մեջ։ Այն առավելապես աշխատում է տարբեր երկրների պետական և հասարակական-քաղաքական հաստատությունների, ինչպես նաև եվրոպական կառույցների հետ, որոնց միջոցով էլ փորձում է ճնշում գործադրել ադրբեջանական իշխանությունների վրա։ Գյուլլի Ջահանգիրի խոսքերով՝ եթե իշխանություններն Ադրբեջանում չեն կասեցնում կոռուպցիան, մարդու իրավունքների խախտումները և այլախոհ քաղաքացիների անօրինական ձերբակալությունները, ապա «... եվրոպական երկրները պետք է ընդունեն Մագնիտսկու օրենքին համանման օրենք»[44]։ Ուշագրավ է, որ կազմակերպությունն ունի եվրոպացի խորհրդականներ՝ ի դեմս նախկին և ներկա քաղաքական գործիչների և դիվանագետների[45]։

Եվրոպայում ծավալվող ընդդիմադիր այս շարժումը նաև իրեն տեսնում է Ադրբեջանի ապագա իշխանության դերում։ Նման հավակնությունների մասին է վկայում այն, որ կազմակերպության յուրաքանչյուր անդամ Ադրբեջանի «կադրային ներուժն է», որը պետք է «բարձրացնի երկիրը իր գիտելիքներով և փորձով»[46]։


[1] География распространения азербайджанской диаспоры, (մուտք՝ 25.12.2019)

[2] Նույն տեղում։

[3] Այնուամենայնիվ, նշենք, որ երկու երկրներում էլ ադրբեջանական համայնքն աչքի է ընկնում ոչ միայն քանակական, այլև որակական ներուժով և ծավալում է ակտիվ գործունեություն։ Տե՛ս, Փէրինչէք կոչ ուղղեց որպէսզի վար առնուի Կիւմրիի մէջ Սողոմոն Թէհլիրեանի յուշարձանը, Նոր Մարմարա, 02.09.2019 ; Հայրապետյան Ռ., Ռուսաստանում նոր կուսակցություն է ստեղծվում, Ազգ, 18.10.2019

[4] 3 млн азербайджанцев в России - слишком завышенная цифра

[5] http://www.demoscope.ru/weekly/ssp/rus

[6]http://2001.ukrcensus.gov.ua/rus/results

[7] 50 миллионов азербайджанцев живут в каких странах мира

[8] Նույն տեղում։

[9] Состоялась презентация Фонда поддержки азербайджанской диаспоры в Украине

[10] Տե՛ս Руководитель диаспоры: Собрав азербайджанцев в Польше воедино, мы создадим координационный центр

[11] Создан координационный совет азербайджанцев Польши, (http://webcache.googleusercontent.com/search)

[12] http://azerbaijan.az/portal/Society/Diaspora

[13] Տե՛ս Руководитель диаспоры: Собрав азербайджанцев в Польше воедино, мы создадим координационный центр

[14] Տարածաշրջանային և աշխարհամասային մակարդակից բարձր ադրբեջանական սփյուռքի կառույցների գործունեությունը համակարգող մարմինը Աշխարհի ադրբեջանցիների համագումարն է։

[15] www.diaspor.gov.az

[16] http://diaspora.foundation/ru/о-нас/общая-информация/

[17] Տե՛ս Состоялась презентация Фонда Поддержки Азербайджанской Диаспоры в городе Кельн Германии

[18] Տե՛ս Состоялась презентация Фонда Поддержки Азербайджанской Диаспоры в Берлине

[19] Տե՛ս Состоялась презентация Фонда поддержки азербайджанской диаспоры в Украине

[20] https://heydar-aliyev-foundation.org/

[21] http://diaspora.foundation/ru/ru/о-нас/общая-информация/

[22] Նույն տեղում։

[23] Տե՛ս Հովյան Վ., Եվրոպայի Թուրքական սփյուռքը

[24] Այս մասին մանրամասն տե՛ս Սիմավորյան Ա., Հովյան Վ., Վերանյան Կ., Իսրայելի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի քաղաքականությունը սփյուռքի նկատմամբ, «Նորավանք» ԳԿՀ, Եր., 2017, էջ 221-231։

[25] Указ Президента Азербайджанской Республики о создании Фонда Поддержки Азербайджанской Диаспоры при Государственном Комитете Азербайджанской Республики по Работе с Диаспорой

[26] Глава диаспоры: Новые методы, связанные с азербайджанской диаспорой в Европе, приносят результаты – ИНТЕРВЬЮ

[27] Նույն տեղում։

[28] http://diaspora.foundation/ru/ru/о-нас/общая-информация/

[29] Румянцев С., Пусть везде будет азербайджанская диаспора!

[30] Նույն տեղում։

[31] Sassounian H., Azerbaijan Organizes its Own Diaspora To Compete With the Armenian Diaspora

[32] Румянцев С., Пусть везде будет азербайджанская диаспора!

[33] Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայ քարոզչությունը՝ դրա նպատակները, իրականացման ձևերն ու գործիքները, բավականին ուսումնասիրված են հայրենի գիտական և փորձագիտական շրջանակների կողմից։ Դրան նվիրված են բազում հոդվածներ ու մենագրություններ։ Տե՛ս, օրինակ, Մելիք-Շահնազարյան Հ., Հայկական պետությունների և Սփյուռքի դեմ ուղղված հակահայկական քարոզչությունը. վերլուծություն և լուծման ուղիներ, Եր., «Նորավանք» ԳԿՀ, 2018։

[34] Азербайджанцы Германии обратились к Меркель накануне ее визита в Баку

[35] Նույն տեղում։

[36] Մարին Լը Պենը Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդն է, Ազգային ժողովի պատգամավոր։

[37] Румянцев С., Пусть везде будет азербайджанская диаспора! 

[38] Արիֆ Մամեդովը 2000-2006թթ. Բրյուսելում ղեկավարել է Ադրբեջանի ներկայացուցչությունը Եվրոպական Միությունում, իսկ 2007-2012թթ.՝ Ստրասբուրգում այդ երկրի մշտական ներկայացուցչությունը Եվրոպայի Խորհրդում։ 2017թ. հունիսին Ադրբեջանի ոստիկանության կողմից նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Տե՛ս Ариф Мамедов: «Власти пытаются ограничить мое передвижение»

[39] Мы говорим правду об Азербайджане - Гюлли Джахангир

[40] Տե՛ս Рога и копыта лидера ПНФА: Али Керимли переносит свой «эмигрантский» бизнес за рубеж ; Жалкие остатки: Али Керимли собрал «сливки» с последних митингов

[41] Азербайджанские дипломаты отказались общаться с участниками акции в Страсбурге

[42] Նույն տեղում։

[43] Նույն տեղում։

[44] Мы говорим правду об Азербайджане - Гюлли Джахангир

[45] Նույն տեղում։

[46] Նույն տեղում։