Հայաստանի մերձավորարևելյան քաղաքականությունը 2019-ին

12 ր.   |  2019-12-27

Մերձավորարևելյան տարածաշրջանն ավանդաբար իր առանձնահատուկ տեղն է զբաղեցրել ՀՀ արտաքին քաղաքականության մեջ: Տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարևորությունը պայմանավորված է մի շարք գործոններով: Նախ, Հայաստանը տարածաշրջանի անմիջական հարևանն է և չի կարող անմասն մնալ տեղի ունեցող իրադարձություններից: Երկրորդ, Մերձավոր Արևելքի հետ Հայաստանի սերտ կապերը պայմանավորված են հայկական համայնքների և մշակությաին ժառանգության դարավոր ներկայությամբ: Եվ վերջապես, վերջին տասնամյակում Մերձավոր Արևելքում ընթացող արագընթաց զարգացումները Հայաստանից աննախադեպ զգոնություն և ճկունություն են պահանջում:

Հատկանշական է, որ ՀՀ մերձավորարևելյան ավանդական գործընկերների հետ համագործակցության շարունակական խորացումը և նոր ուղղություններով համագործակցության խթանումը բխում է ՀՀ Կառավարության ծրագրում ամրագրված դրույթներից («Արտաքին քաղաքականության ոլորտում Կառավարությունն ընդլայնելու է փոխգործակցությունը Մերձավոր Արևելքի գործընկեր երկրների հետ»): Եվ հենց այս տրամաբանությունից ելնելով՝ Հայաստանը 2018 թ. նոր դեսպաններ նշանակեց Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, ԱՄԷ-ում, Եգիպտոսում և այլն՝ նպատակ ունենալով նոր լիցք հաղորդել տարածաշրջանային քաղաքականությանը:

ՀՀ մերձավորարևելյան քաղաքականության օրակարգային հարցերի շարքում, ինչպես և նախորդ մի քանի տարիներին, 2019-ին ևս շարունակեց առաջնային լինել Սիրիան և սիրիական հակամարտությունը: Սիրիական ճգնաժամի ամենասկզբից պաշտոնական Երևանը երկու հիմնական նպատակ էր հետապնում՝ պահպանել դիվանագիտական հարաբերությունները պաշտոնական Դամասկոսի հետ՝ հանդես գալով հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, և օգնություն ցուցաբերել Սիրիայի հայ համայնքին՝ նպաստելով երկրում մարդասիրական աղետի հաղթահարմանը: Եվ Հայաստանի բոլոր գործողությունները (Սիրիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության պահպանում, պարբերաբար մարդասիրական օգնության տրամադրում Սիրիայի ժողովրդին, ավելի քան 20 հազար սիրիացի փախստականների ընդունում և այլն) բխում էին վերոնշյալ նպատակներից:


ՀՀ մարդասիրական առաքելությունը Սիրիայում

Հենց այս տրամաբանությունից ելնելով՝ Հայաստանը 2019թ. փետրվարին սկսեց մարդասիրական առաքելություն իրականացնել Սիրիայում՝ որակական նոր հարթություն տեղափոխելով հայ-սիրիական հարաբերությունները: Ինչպես և նախապես հայտարարվել էր՝ հայ մասնագետների խումբը Սիրիայում գործում է ՀՀ պաշտպանության նախարարության հրամանատարության ներքո՝ իր գործունեությունը համակարգելով ինչպես սիրիական իշխանությունների, այնպես էլ ռուսական կողմի հետ: Ի դեպ, Ռուսաստանի հետ գործողությունների համակարգումն առավել քան բնական է՝ հաշվի առնելով սիրիական ճգնաժամում Ռուսաստանի ստանձնած դերակատարումը և հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները: Ծրագիրը որևէ ռազմական բաղադրիչ չունի. հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալում են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն:

Մարդասիրական առաքելությունն իր գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն շոշափելի արդյունք է արձանագրել տեղում իրավիճակի բարելավմանը նպաստելու և քաղաքական տարատեսակ հարթակներում հայկական շահերն առաջ մղելու տեսանկյունից: Միևնույն ժամանակ, ՀՀ մարդասիրական առաքելությունը հետևողականորեն ընդլայնում է իր գործընկերների շրջանակը: Հայկական հումանիտար առաքելությունը  համագործակցության մասին պայմանավորվածություն է ձեռք բերել Սիրիայում ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման (UN OCHA) Հալեպի գրասենյակի հետ: Նախատեսվում է համագործակցության ձևաչափ մշակել, որի շրջանակներում կքննարկվեն և կիրականացվեն բոլոր այն ծրագրերը, որոնք բխում են ՀՀ հումանիտար խմբի լիազորություններից։

Հատկանշական է նաև հայ մասնագետներին Սիրիա գործուղելու համար ընտրված ժամանակահատվածը. սիրիական հակամարտության ակտիվ ռազմական փուլն աստիճանաբար իր ավարտին է մոտենում, և պաշտոնական Դամասկոսը զգալի հաջողություններ է գրանցում մի կողմից՝ արտաքին աշխարհի հետ հարաբերությունների վերականգնման, մյուս կողմից՝ երկրի վերակառուցման ճանապարհին: Այս գործընթացը զգալի հնարավորություններ է ստեղծում նաև Հայաստանի և Սիրիայի հայ համայնքի համար: Հայաստանի կողմից Սիրիայում նման առաքելության իրականացումը դրական խթան է Սիրիայի վերականգնման գործընթացում Հայաստանի հնարավորինս արդյունավետ և շահավետ ներգրավման և համապատասխան ոլորտներում համագործակցություն հարթելու համար, ինչի համար երկուստեք առկա է պատրաստակամություն:

Այս հանգամանքը հերթական անգամ փարատում է այն մտավախությունները, որ սիրիական և ռուսական ուժերի հետ ՀՀ հումանիտար առաքելության համագործակցությունը կարող է ընկալելի չլինել մեր արևմտյան գործընկերներին: ՄԱԿ-ի Հալեպի գրասենյակի հետ սպասվող համագործակցությունը վկայում է, որ Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնելու ՀՀ որոշումն ու դրա հիմքում ընկած դրդապատճառները, որոնք բխում են ՀՀ ազգային շահերից, լիովին ընկալելի են նաև Հայաստանի արևմտյան գործընկերների համար, ովքեր գիտակցում են, որ  Հայաստանը չի կարող Սիրիայում ծավալվող իրադարձությունների նկատմամբ անտարբեր դիտորդի կեցվածք ընդունել:

Հայաստանի հումանիտար առաքելությունը նաև ոչ ուղղակի քաղաքական դիվիդենտներ է բերում ինչպես Հայաստանին, այնպես էլ Սիրիայի հայ համայնքին: Հատկանշական է, որ վերջերս ձևավորված Սիրիայի Սահմանադրական հանձնաժողովում ընդգրկվել է նաև հայ համայնքի ներկայացուցիչ, ինչը կարևորվեց նաև ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում Սիրիայի և Հայաստանի արտգործնախարարի հանդիպման ժամանակ: Հասկանալի է, որ այս հանգամանքը շատ կարևոր է ինչպես Սիրիայում հայ համայնքի շահերի պաշտպանության, այնպես էլ Սիրիայում Հայաստանի քաղաքականության արդյունավետության բարձրացման տեսանկյունից:

2 019 թվականը բավական արդյունավետ տարի էր Իրան-Հայաստան հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից: Ամենաբարձր մակարդակով շարունակվող քաղաքական երկխոսությունն ու փոխայցելությունները միտված էին խթանելու երկու երկրների հարաբերությունները:

ՀՀ կառավարության ծրագրում հստակ ամրագրված է, որ Հայաստանն ակտիվորեն աշխատելու է «Իրանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ, որոնք հնարավորինս զերծ կլինեն այլ աշխարհաքաղաքական ազդեցություններից»: Իր հերթին, Իրանի Իսլամական Հանրապետության համար ներկա փուլում, երբ արտաքին գործունեության աշխարհագրությունը սահմանափակվում է, Հայաստանի հետ հարաբերությունների կարևորությունն ավելի է արժևորվում: Իրանի դեմ ամերիկյան «արշավի» համատեքստում Հայաստանին հաջողվեց հավաստիացնել Թեհրանին, որ բացառվելու է հայ-իրանական համագործակցությանը երրորդ երկրների միջամտությունը: Եվ Հայաստանի այս կառուցողական դիրքորոշումն, անշուշտ, գնահատվում է նաև իրանական իշխանությունների կողմից: Ընդ որում, Հայաստանի քաղաքականությունն ավելի է կարևորվում Իրանի նկատմամբ հարավկովկասյան մյուս երկու երկրների՝ Վրաստանի և Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականության ֆոնին, որոնք տարբեր պատճառներով, էական զգուշավորություն են ցուցաբերում Իրանի հետ հարաբերություններում:


ՀՀ վարչապետի հանդիպումը ԻԻՀ հոգևոր առաջնորդի հետ, 28 փետրվարի, 2019թ.

Տարեսկզբին ՀՀ վարչապետի այցը Թեհրան, ապա՝ հոկտեմբերին Իրանի նախագահի այցը Երևան մեծապես նպաստեցին հայ-իրանական քաղաքական և տնտեսական օրակարգային հարցերի առաջմղմանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության ձևաչափերում: Այդ հանդիպումների ընթացքում ղեկավարները գոհունակությամբ արձանագրեցին, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը զգալիորեն աճել է, իսկ համատեղ ծրագրերը (էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցում, «Մեղրի» ՀԷԿ-ի շինարարություն, գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիր և այլն) շարունակում են հաջողությամբ կյանքի կոչվել, ավելին, առկա է երկկողմ պատրաստակամություն նոր ծրագրեր մշակելու և կյանքի կոչելու համար:

Գ աղտնիք չէ, որ մերձավորարևելյան ավանդական գործընկերների հետ հարաբերությունների շարունակական զարգացմանը զուգահեռ վերջին շրջանում առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում Պարսից Ծոցի երկրներում Հայաստանի ներգրավվածության ընդլայնմանը: Ուշադրության կենտրոնում են հատկապես առևտրատնտեսական կապերի ընդլայնումն ու նոր ներդրումների ներգրավումը: Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների խորացման հնարավորությունն իրականում հեռանկարային է՝ հաշվի առնելով այս երկրների գերակշիռ մասի ռեսուրսներն ու այն հանգամանքը, որ նրանց արտաքին տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից է կապիտալի արտահանումը:


Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը Երևանում, 02 մայիսի, 2019թ.

Մասնավորապես, շարունակական զարգացում են ապրում Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) ավանդական բարեկամական հարաբերությունները:  2019թ. մայիսին Երևանում կայացավ հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը հնարավորություն տվեց էական առաջընթաց գրանցել երկու երկրների հարաբերություններում: Հատկապես հեռանկարային են դիտարկվում համագործակցության հնարավորությունները գյուղատնտեսության, բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, կրթության, գիտության, մեդիայի և մի շարք այլ ոլորտներում: ՀՀ-ն Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկում է որպես Հայաստանի և Ծոցի տարածաշրջանի երկրների միջև կարևոր կամուրջ՝ միևնույն ժամանակ առաջարկելով դիտարկել Հայաստանը որպես բարենպաստ հարթակ ԱՄԷ-ի համար՝ ԱՊՀ և հատկապես ԵԱՏՄ երկրների շուկա մուտք գործելու համար: ԱՄԷ-ն հայկական ապրանքների արտահանման մեծությամբ 8-րդ և ներմուծուման՝ 11-րդ երկիրն է։

Հատկանշական է նաև, որ 2019-ին վերականգնվող էներգետիկայի առաջատար էմիրաթական «Մասդար» ընկերությունը և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» Հայաստանում 400 մեգավատ հզորությամբ արևային էներգիայի կայանի նախագծեր մշակելու պաշտոնական համաձայնագիր են ստորագրել, ինչը Հայաստանում 300-320 մլն ԱՄՆ դոլար ներդրում է ենթադրում:

Հայ-էմիրաթական օրակարգային հարցերի շարքում է նաև քաղաքական երկխոսության ակտիվացումը: Այս տեսանկյունից հատկանշական են 2019թ. հունիսին Աբու Դաբիում ՀՀ և ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչությունների քաղաքական խորհրդակցությունները, որոնց ընթացքում առանձնակի կարևորվեց միջազգային կառույցներում փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

Ծ ոցի շրջանի հետ կապերի ամրապնդման տեսանկյունից 2019-ն առանձնանում է հատկապես Կատարի հետ հարաբերությունների զարգացմամբ: 2019թ. սկզբին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց Դոհայում ՀՀ դեսպանություն հիմնելու մասին՝ նոր փուլ ազդարարելով մերձավորարևելյան այս կարևոր երկրի հետ հարաբերություններում: Իր հերթին, կատարական կողմը պատրաստակամություն է հայտնել պատասխանել փոխադարձության սկզբունքով և Երևանում բացել Կատարի դեսպանություն:


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի հանդիպումը ԿՊ արտաքին գործերի պետնախարար Սուլթան բին Սաադ Ալ-Մուրեյխիի հետ:

Հայ-կատարական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Մասնավորապես, վերջին տարիներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը զգալի աճ է արձանագրել, ուսումնասիրվում են ներդրումային ծրագրերի հնարավորությունները, քննարկվում էներգետիկայի, սննդի անվտանգության, լոգիստիկ ենթակառուցվածքների, բանկային և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները: Քաղաքական համագործակցության խորացման տեսանկյունից կարևորվում է երկու երկրների արտգործնախարարությունների խորհրդակցությունների ձևաչափի գործարկումը, որը հնարավորություն է տալիս տեսակետներ փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանային խնդիրների, փոխադարձ զգայուն հարցերի և դիրքորոշումների վերաբերյալ:

Հ այաստանի և Ծոցի տարածաշրջանի հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևոր է նաև Մերձավոր Արևելքում առանցքային դերակատարում ունեցող երկրներից մեկի՝ Սաուդյան Արաբիայի հետ կապերի և դիվանագիտական հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը, այդ թվում՝ տարբեր հարթակներում սաուդական ոչ հայանպաստ գործելաոճը չեզոքացնելու և Հայաստանի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականությունը թուլացնելու համար: Հատկանշական է, որ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տարբեր մակարդակներում դիտարկվող որոշ շփումները, ինչպես նաև մերձավորարևելյան տարածաշրջանում ընթացող ուժերի վերադասավորումը ներկա փուլում նպաստավոր հիմք են ստեղծում երկկողմ կապերի հաստատման նպատակով աշխատանք իրականացնելու համար:

Կ արևորելով իր արտաքին քաղաքական գերակայությունները առաջմղումը՝ ՀՀ կառավարությունը 2019-ին որոշում կայացրեց Իսրայելում դեսպանատուն բացելու մասին: Իսրայելի հետ հարաբերություններն ավանդաբար զարգացել են ավելի շատ տնտեսական, գիտակրթական ոլորտներում, և քաղաքական կապերի ամրապնդումն օրակարգային անհրաժեշտություն էր հանդիսանում: Իսրայելի հետ հարաբերությունները նոր փուլ տեղափոխելու Հայաստանի որոշումը պայմանավորված է հետևյալ հիմնական գործոններով: Նախ, Իսրայելը կարևոր աշխարհաքաղաքական դերակատար է Մերձավոր Արևելքում և մեծ ազդեցություն ունի տարածաշրջանում ընթացող զարգացումների վրա: Երկրորդ՝ հայ-իսրայելական երկկողմ հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Հայ-իսրայելական օրակարգը կարող է հարստացվել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական և ռազմական համագործակցության հարցերով: Եվ դրա համար առկա է բավական լավ հիմք՝ Հայաստանը բազմադարյա մշակութային ներկայություն ունի Երուսաղեմում, և մեր շահերի պաշտպանությանը հետամուտ լինելը բխում է մեր առաջնահերթություններից: Երրորդ՝ Իսրայելի հետ ՀՀ տնտեսական հարաբերությունների խորացմանը մեծապես նպաստող գործոն կարող է լինել նաև Իսրայել-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը, որի շուրջ բանակցություններն արդեն եզրափակիչ փուլում են:

Իհարկե, հայ-իսրայելական երկկողմ հարաբերություններում կան նաև մի շարք զգայուն հարցեր, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու Ադրբեջանին հարձակողական զենքի վաճառքը, բայց Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ այս խնդիրները չի դիտարկում Իսրայելի հետ հարաբերությունների զարգացման նախապայման:

Ա նդրադառնալով ՀՀ մերձավորարևելյան ավանդական գործընկերներին` պետք է նշել, որ 2019թ. շարունակվել է բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը Լիբանանի հետ: Հայաստանի և Լիբանանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը և լիբանանահայ համայնքի դերակատարությունն ամուր հիմք են կայուն հարաբերությունների զարգացման համար:


Հայաստանի և Լիբանանի պաշտպանության նախարարների հանդիպումը Երևանում, 19 սեպտեմբերի, 2019թ.:

Երկու երկրները հաջողությամբ համագործակցում են պաշտպանության ոլորտում: Սեպտեմբերին կայացավ Լիբանանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան. կարևորվեց 2018թ. նոյեմբերին Բեյրութում ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագրի վավերացումը, որը նոր հնարավորություններ կընձեռի ռազմական և ռազմատեխնիկական փոխգործակցության համար: Բազմակողմանի համագործակցությունը խորացնելու նպատակով որոշվել է աջակցող հանձնաժողով ստեղծել, ինչպես նաև համագործակցել հետախուզության ոլորտում: Բացի այդ, կարևորելով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը, հայ խաղաղապահները շարունակում են իրենց մասնակցությունը Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը, ինչը բարձր է գնահատվում լիբանանյան իշխանությունների կողմից:

Ինչ վերաբերում է երկկողմ տնտեսական հարաբերություններին, ապա դեռևս նախորդ տարի կողմերի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստանում և Լիբանանում ընթացիկ ներքաղաքական գործընթացների ավարտից հետո առանձնահատուկ ուշադրություն հատկացնել հայ-լիբանանյան առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը։ Սակայն Լիբանանում վերջին ամիսներին տիրող անկայունությունը էական խոչընդոտ հանդիսացավ այս ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար: Նախատեսվում էր նաև Լիբանանի վարչապետի այց Հայաստան, ինչը ևս Լիբանանում ընթացող զարգացումների ֆոնին տեղի չունեցավ:

ՀՀ մերձավորարևելյան ավանդական գործընկերների շարքում իր ուրույն տեղն ունի նաև Եգիպտոսը (Մերձավոր Արևելքում ՀՀ առաջին դեսպանությունը հիմնվել է Եգիպտոսում 1992 թվականին): Հայ-եգիպտական հարաբերություններն «արաբական գարնան» զարգացումներից հետո զգալիորեն դադաղել են, մինչդեռ Եգիպտոսը կարևոր գործընկեր է Հայաստանի համար Մերձավոր Արևելքում արդյունավետ քաղաքականության իրականացման, ինչպես նաև աֆրիկյան շուկա դուրս գալու տեսանկյունից: Ներկա փուլում կարևոր է շեշտել, որ կողմերի մոտ առկա է երկուստեք պատրաստակամություն վերականգնելու և զարգացնելու հարաբերությունները: ՀՀ և Եգիպտոսի վարչապետների՝ 2019թ. հունվարին Դավոսում կայացած հանդիպման, ինչպես նաև 2019թ. փետրվարին Մյունխենում երկու երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում բարձրաձայնվել է քաղաքական երկխոսությունն ու տնտեսական փոխգործակցությունն ակտիվացնելու երկկողմ պատրաստակամության մասին: 2018թ. վերջին Հայաստանն ու Եգիպտոսը նոր դեսպաններ են նշանակել համապատասխանաբար Կահիրեում և Երևանում, ինչը ևս վկայում է հայ-եգիպտական համագործակցությունը խորացնելու երկկողմ պատրաստակամության մասին:

Հատկանշական է նաև, որ դրա համար առկա են մի շարք նպաստավոր գործոններ: Նախ, եգիպտական գործող ղեկավարությունը զգալի ջանքեր է գործադրում բազմավեկտոր և ակտիվ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար, ինչը նշանակում է, որ նոր ուղղություններով աշխատանքը համապատասխանում է Եգիպտոսի որդեգրած արտաքին քաղաքական կուրսին: Երկրորդ, Եգիպտոսի իշխանությունների կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումները զգալի հնարավորություններ են ընձեռում Եգիպտոսի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: Երրորդ, Եգիպտոսում իսլամական ծայրահեղականության թուլացումը և Եգիպտոսի քրիստոնեական համայնքների հանդեպ կառավարության բարյացակամ մոտեցումը զգալի հնարավորություններ է ստեղծում Եգիպտոսում հայ համայնքի գործունեության ակտիվացման համար, ինչը կարող է լրացուցիչ խթան հաղորդել հայ-եգիպտական համագործակցությանը: Բացի այդ, 2013թ Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերություններում խորացող լարվածությունը հնարավորություն է ստեղծում մի շարք ուղղություններով Եգիպտոսի հետ հարաբերությունների առաջմղման համար: Մյուս կողմից, Եգիպտոս-Ադրբեջան հարաբերությունների դրական դինամիկան Հայաստանի կողմից այս ուղղությամբ հավելյալ ակտիվության անհրաժեշտություն է առաջացնում:

Ա ֆրիկյան մայրցամաքում ՀՀ քաղաքականության ակտիվացման տեսանկյունից հատկանշական են նաև Եթովպիայի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը, մասնավորապես, Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում դեսպանություն հիմնելու մասին 2019 թվականին կայացված որոշումը: Հայաստանի արտաքին քաղաքականության համար աֆրիկյան մայրցամաքն, ընդհանուր առմամբ, նոր ուղղություն է համարվում, որը կարելի է բավական հեռանկարային գնահատել: Եվ այս ուղղությամբ Եթովպիայի հետ հարաբերությունների ամրապնդումը կարևոր նախաձեռնություն է՝ հաշվի առնելով այդ երկրի տնտեսական ներուժը, ինչպես հայ-եթովպական պատմական կապերը: Եթովպիան ներկայում արագ տեմպերով աճող պետություն է, որը գրանցում է վարկանիշային աճ միջազգային հարաբերություններում։ Նախատեսվում է, որ Եթովպիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը զգալիորեն կկարգավորի և կակտիվացնի ՀՀ շփումներն անդրսահարյան աֆրիկյան պետությունների հետ թե հնարավոր տնտեսական հեռանկարների, թե տարբեր միջազգային հարթակներում մայրցամաքի 50-ից ավելի պետությունների և դրանց աջակցությունը ստանալու տեսանկյունից:


ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զևդեի հետ:

Այս տեսանկյունից կարևոր էր նաև 2019թ. ապրիլին ՀՀ արտգործնախարարի այցը Եթովպիա, որի շրջանակներում քննարկվեցին երկկողմ օրակարգի խորացման և հարստացման հեռանկարները:

Ամփոփելով՝ փաստենք, որ 2019-ը ՀՀ արտաքին քաղաքականության մերձավորարեևլյան ուղղության համար բավական հագեցած էր: Մերձավորարևելյան տարբեր երկրներում շարունակվող ճգնաժամերը Հայաստանից հավելյալ ճկունություն և նախաձեռնողականություն են պահանջում՝ մարտահրավերներին դիմագրավելու և ընձեռնվող հնարավորություններից օգտվելու համար: