Միջազգային համաձայնություն ընդդեմ քրդերի

11 ր.   |  2019-10-24

2019-ի հոկտեմբերի 9-ին թուրքերն սկսեցին իրականացնել այն, ինչ նախատեսված էր դեռևս 1998-ի թուրք-սիրիական համաձայնագրով, սակայն աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային մի շարք խանգարող հանգամանքների պատճառով ձգձգվում էր: Խոսքն Ադանայի համաձայնագրի մասին է, որով Թուրքիայի և Սիրիայի իշխանությունները պայմանավորվել էին համատեղ պայքարել «քրդական ահաբեկչության» դեմ, և կանխել սահմանների մոտ քրդական բնակավայրերի զանգվածային ավելացումը:

2019թ․ հոկտեմբերի 18-ին ԱՄՆ-ի, իսկ 22-ին ՌԴ-ի միջնորդությամբ պաշտոնապես դադարեցվեց թուրքական զորքի գործողությունները Սիրիայի հյուսիսում, ինչը միջազգային հանրությունը հակված է անվանել մեծ ձեռքբերում և քրդերի նկատմամբ հումանիտար աղետից խուսափում, մինչդեռ քրդերն իրենք Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի պայմանավորվածությունը համարում են պատմական կորուստ և ողբերգություն։

Ինչո՞ւ։ Նախ այն պատճառով, որ քրդերը Սիրիայի հյուսիսային շրջանները համարում են իրենց պատմական հայրենիքը, որտեղից իրենց բռնի ուժով հեռացնում են, թեև այս պահին խոսքը բացառապես քրդական զինված խմբավորումների տեղաշարժի մասին է։

Քրդերը Մերձավոր Արևելքում

Ժ ամանակակից Սիրիայի տարածքում քրդական ցեղախմբերը սկսել են բնակություն հաստատել դեռևս 6-րդ դարում, սակայն երբևէ մշտական բնակավայր չեն հիմնել. զբաղվելով անասնապահությամբ՝ նրանք պարբերաբար տեղաշարժվել են արոտավայրերի որոնումներով: Սիրիայի հյուսիսում քրդերը վերջնականապես հաստատվել են Օսմանյան կայսրության մայրամուտին՝ 19-րդ դարավերջին: Այդ ժամանակ Սիրիայի հարավային ու կենտրոնական հատվածներից քրդերը զանգվածաբար տեղափոխվել են հյուսիս՝ ավելի բերրի հողերում հաստատվելու:

Թեև ժամանակ առ ժամանակ քրդերը խնդիրներ ունեցել են Սիրիայի իշխանության հետ, սակայն բախումներ և կոտորածներ չեն եղել մինչև 1957թ., երբ տեղի քուրդ առաջնորդներ Օսման Սաբրին և Դահամ Միրոն ստեղծում են «Սիրիական Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը»: Սիրիական իշխանությունը բնականաբար չէր կարող ընդունել «Քրդստան» անվանումը, ինչով էլ սկիզբ դրվեց անկախության ձգտող քրդերի ու իշխանությունների բախումներին: Նույն այդ ժամանակներից նմանատիպ ձգտումներ դրսևորվեցին նաև Թուրքիայի և Իրաքի քրդերի շրջանում:

Քրդերի անկախական ձգտումներն ու սիրիական իշխանության պատասխան գործողությունները շարունակվեցին մինչև 2004թ., երբ մարտի 12-ին քրդական ու արաբական ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ Կամիշլի քաղաքի մարզադաշտում ազգային հողի վրա զանգվածային բախումներ եղան: Քրդերը բարձրացրին Քրդստանի անկախության դրոշը, ինչից հետո բանակը մտավ քաղաք: Փողոցային մարտերում զոհվեց 65 քուրդ, 160 ակտիվիստ կյանքը փրկելու համար ստիպված էր լքել Սիրիան [1]:

Բաշար Ասադի իշխանությունից դժգոհ ամերիկյան ու եվրոպական կառավարություններն ու կազմակերպությունները սկսեցին շռայլորեն օգնել սիրիացի քրդերին, քրդական քաղաքական կազմակերպությունների համար ֆինանսական հովանավորներ «հայտնվեցին», որոնք քարոզչություն էին տանում ինչպես «Մեծ Քրդստանի», այնպես էլ «Սիրիական Քրդստանի» կամ, ինչպես քրդերն են ասում՝ «Ռոժավայի» ստեղծման համար:

1998թ. Ադանայի թուրք-սիրիական համաձայնագիրը

Ի ր երկրում տարբեր հաշվարկներով 12-16 մլն քրդերի դեմ պայքարող Թուրքիային չէր կարող չմտահոգել սիրիական և իրաքյան քրդերի հաջողությունը: Կանխազգալով կամ հաշվարկելով քրդական անկախական ձգտումների քայլերը՝ թուրքական իշխանությունը դեռևս 1998թ. Սիրիային առաջարկել էր կնքել «Ադանայի համաձայնագիրը»[2], որով քրդական զինված և քաղաքական կառույցները պետք է համարվեն ահաբեկչական: Այդպես էլ եղավ: Համաձայնագրի կարևոր կետերից էին.

  • Սիրիան թույլ չի տալու որևէ գործունեության ծավալում իր տարածքում, որն ուղղված կլինի Թուրքիայի անվտանգության և կայունության դեմ,
  • Սիրիան թույլ չի տալու, որ իր տարածքում Թուրքիայի «անվտանգությանը սպառնացող» «Քրդական բանվորական կուսակցությունը» (PKK) գործունեություն ծավալի, արգելվում էր զենքի ու զինամթերքի վաճառքը քրդերին,
  • Սիրիան թույլ չի տալիս, որ PKK-ն իր տարածքում մարզվելու ճամբարներ ստեղծի,
  • Սիրիան ահաբեկչական է ճանաչում PKK-ն:

Ադանայի համաձայնագրի կնքումից հետո թուրք-սիրիական հարաբերությունները ջերմացան. 2004-ին, երբ Բաշար Ասադն սկսեց Թուրքիայի սահմանային բնակավայրերում ապրող քրդերին զինաթափելու ակտիվ գործողությունները և զորք մտցրեց սահմանային քրդաբնակ Քոբանի, Դերիկ, Կամիշլի, Աֆրին, Ռաս էլ Այն քաղաքներ, Թուրքիայի նախագահ Էրդողանը Սիրիայի նախագահին անվանեց «եղբայր», անգամ ընտանեկան ջերմ հարաբերություններ հաստատվեցին [3]:

Իրաքյան Քրդստանի ազդեցությունը սիրիացի քրդերի անջատողական ձգտումների վրա

Ստացվեց այնպես, որ մինչև 2011թ. քրդերը հավասարապես ճնշված էին Թուրքիայում, Սիրիայում և Իրանում, և միայն Իրաքում 2003թ. ամերիկյան զորքի ներխուժումից և Սադամ Հուսեյնի իշխանության տապալումից հետո նրանց հաջողվեց ինքնավարություն ձեռք բերել: 2005թ. Իրաքի նոր սահմանադրությամբ ստեղծվեց Իրաքյան Քրդստան ինքնավար տարածքը՝ կառավարման սեփական համակարգով, ավելի քան 40.000 կմ2-ով և 5.3 մլն բնակչությամբ: Ամերիկյան բացահայտ աջակցություն վայելող այս պետական միավորի առաջնորդները՝ Բարզանիների տոհմի գլխավորությամբ, հայտարարեցին [4], որ եկել է «Մեծ Քրդստան»-ի ֆեդերացիա ստեղծելու եզրափակիչ փուլը՝ Իրաքյան Քրդստանն անվանելով հարավային հատված՝ «Հարավային Քրդստան» (Բաշուրա):

Նախագահ Մասուդ Բարզանին անթաքույց աջակցում և ոգևորում էր ինչպես Իրանի ու Թուրքիայի, այնպես էլ՝ Սիրիայի քրդերին:

2011-ին Սիրիայում սկիզբ առած քաղաքացիական պատերազմի հենց սկզբում քրդերը որոշեցին կրկնել իրաքյան քրդերի հաջողությունը՝ հայտարարելով «Ռոժավա»-ի՝ «Արևմտյան Քրդստան»-ի ստեղծման մասին: Նույն տարվա հոկտեմբերի 7-ին իր տանը սպանվեց սիրիացի քրդերի առաջնորդ Մաշաալ Թամոն (Mashaal Tammo): Կամիշլիում նրա հուղարկավորությանը հավաքված ավելի քան 50.000 քրդերը համատարած անկարգություն սկսեցին, և սիրիական ոստիկանության հետ բախումներում սպանվեց առնվազն 14 քուրդ ակտիվիստ: Մաշաալ Թամոյին փոխարինող մեկ այլ քուրդ առաջնորդ Մահմուդ Վալին սպանվեց 2 շաբաթ անց՝ Ռաս էլ Այն քաղաքում:

2012թ. հուլիսի 12-ին Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին Էրբիլում կազմակերպեց հանդիպում սիրիացի քրդերի երկու կազմակերպությունների՝ «Դեմոկրատական միության» և «Քրդական ազգային խորհրդի» ղեկավարների հետ և առաջարկեց միավորվել՝ համատեղ ուժերով Սիրիայի կառավարության դեմ պայքարելու և անկախություն հռչակելու համար [5]: Ստեղծվեց «Քրդական բարձրագույն խորհուրդը», որի ռազմական թևը՝ «Ազգային ինքնապաշտպանության ջոկատը» (YPG) սիրիական կառավարական զորքի դեմ լայնածավալ գրոհի անցավ:

Պայքար Սիրիական Քրդստան հռչակելու համար

Ս իրիական կառավարական զորքի և քրդական զինված խմբավորումների միջև ռազմական պատերազմում Ասադի իշխանությունը ծանր վիճակում էր և ստիպված էր միաժամանակ պայքարել մի քանի ճակատով: Երկրի կենտրոնական հատվածները մեկը մյուսի հետևից գրավում էին թուրքական աջակցություն ստացող ԻԼԻՊ (Իրաքի և Լևանտի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման զինյալները, հյուսիս-արևմուտքում ԱՄՆ-ի կողմից դեմոկրատական ընդդիմություն անվանումը ստացած զինված խմբերն էին, իսկ զինված պայքար սկսած քրդերն ամբողջությամբ զբաղեցնում էին երկրի հյուսիս-արևելքը:

Սիրիայի մայրաքաղաքն ու կենտրոնական շրջանները պաշտպանելու համար կառավարական զորքը հանվեց քրդաբնակ տարածքներից՝ գրեթե առանց կռվի հանձնելով YPG խմբավորմանը:

Այսպիսով, 2013թ. հունվարից քրդական զինված ջոկատներն իրենց հսկողության տակ վերցրին Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանները՝ Աֆրին, Քոբանի, Կամիշլի, Ռաս էլ Այն քաղաքներն ու շրջակա բնակավայրերը: 2017-ին քրդերի վերահսկողության տակ հայտնված տարածքները մի քանի անգամ մեծացել էին՝ ընդգրկելով Սիրիայի հանրապետության տարածքի մոտ 30%-ը: Քրդերին պարբերաբար զենք էր մատակարարում ԱՄՆ-ն, ստեղծել էին ներկայացուցչական գրասենյակներ ՌԴ-ում, Գերմանիայում և Ֆրանսիայում:

Այդ պայմաններում քրդական խնդիրներից մշտապես մտահոգվող Թուրքիային անհանգստացնում էր այն, որ ամերիկյան զենքը հաճախ հայտնվում էր Թուրքիայի տարածքում գործող և միջազգային ահաբեկչական խմբավորում ճանաչված «Քրդական բանվորական կուսակցության» (PKK) մարտիկների ձեռքին և օգտագործվում էր թուրքական բանակի դեմ:

Թուրքական իշխանությունը բազմիցս հայտարարել էր, որ չի կարող թույլ տալ իր սահմանների մոտ քրդական պետական միավորների ստեղծում և հզորացում՝ վստահ լինելով, որ դրա շարունակությունը լինելու է նաև իր տարածքում: Նույնքան սկզբունքային էր 2017թ. սեպտեմբերին Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումը: Թեև հանրաքվեի արդյունքներով քրդերը հռչակեցին անկախություն, սակայն Անկարայի և Բաղդադի իշխանությունները, ունենալով բազմաթիվ հակասություններ, համաձայնեցին [6] միասնաբար տապալել քրդական անկախական ձգտումները:

Հաշվի առնելով, որ Իրաքի քրդերի երեք սահմաններից մեկն էլ Իրանն է, թուրք-իրաքյան կոալիցիան համաձայնության եկավ [7] նաև Թեհրանի հետ, և 2017-ի հոկտեմբերի կեսից փակվեցին Իրաքյան Քրդստանի տնտեսական բոլոր ուղիները, բանկերը դադարեցին գործել, առաջացավ ֆինանսական վակուում, իսկ երբ իրաքյան կառավարական զորքը գրավեց նավթով հարուստ Մոսուլ և Քիրկուկ քաղաքները, քրդերին այլ ելք չէր մնում, քան հետքայլ անել և համակերպվել ինքնավարության մտքի հետ:

Նույն ծրագրով թուրքական իշխանությունը գործեց նաև Սիրիական Քրդստանի անկախության ձգտումների պարագայում: Դեռևս 2018-ի աշնանը Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի իշխանություններն արդեն կուլիսային համաձայնության էին եկել Թուրքիայի հետ [8]՝ միջնորդելով, որպեսզի նույն կերպ բանակցեն նաև Սիրիայի իշխանությունները: Իսկ ի՞նչը կարող էր ավելի ձեռնտու լինել Բաշար Ասադի վարչակազմին, եթե ոչ ուրիշի ձեռքով (տվյալ դեպքում՝ Թուրքիայի) ազատվել քրդական «գլխացավանքից»:

Ադանայի համաձայնագրի վերածնունդը Մոսկվայում

2 019-ի հունվարի 23-ին Մոսկվայում Էրդողանի և Պուտինի հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահն ինքն է հիշեցրել 1998-ին Թուրքիայի և Սիրիայի կնքած Ադանայի համաձայնագիրը՝ շեշտելով. «Սիրիայի հյուսիսում պետք է նոր անվտանգության գոտի ստեղծվի: Ռուսաստանը հարգում է թուրքական կողմի մտահոգությունները հատկապես անվտանգության ապահովման և նոր անվտանգության գոտի ստեղծելու հարցում: Դեռևս գործում է 1998թ. Սիրիայի և Թուրքիայի մինչև կնքված համաձայնագիրը, որը վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարին: Կարծում եմ, դա այն հիմքն է, որը մի շարք խնդիրների լուծում կարող է լինել Թուրքիայի անվտանգության ապահովման և նրա հարավային սահմանների պաշտպանության տեսանկյունից: Այսօր այդ հարցը մենք բավական հանգամանալից և ակտիվ քննարկել ենք»[9] :

Վլադիմիր Պուտինը նաև նշել էր, որ ԱՄՆ զորքերի դուրսբերումը կարող է դրական ազդեցություն ունենալ Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանում իրավիճակի կայունացման համար՝ շեշտելով, որ տարվա ընթացքում իրենք ամեն ինչ կանեն՝ Դամասկոսի և Անկարայի միջև երկխոսությունն ակտիվացնելու և համատեղ գործողությունների պլան մշակելու առումով:

Սիրիական քրդերի չեզոքացում՝ գերտերությունների և Սիրիայի համաձայնությամբ

2 019-ի գարնանը ամերիկյան պաշտոնական մի շարք աղբյուրներ, նաև նախագահ Թրամփը, հայտարարեցին [10], որ աշնանը նախատեսում են հանել ամերիկյան զորքը Սիրիայի հյուսիսից, ինչին Թուրքիայի նախագահը անթաքույց արձագանքում էր, որ դրան կհետևի թուրքական զորքի տեղակայումը [11]:

Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ Էրդողանը փաստացի պատերազմի հայտարարություն արեց՝ զգուշացնելով, որ օրեր անց, երբ ամերիկյան զորքը դուրս գա Սիրիայի հյուսիսային շրջաններից, ինքը կհրամայի ներխուժել:  Ըստ Էրդողանի՝ թուրքական զորքը կստեղծի 480 կմ երկարությամբ և 30 կմ խորությամբ անվտանգության գոտի՝ ընդգրկելով առայժմ քրդաբնակ Ջերաբլուս, Մանբիչ, Քոբանի, Թել Աբյադ, Սուլուկ, Ռաս ուլ այն, Քամիշլի շրջանները [12]: Դրանք հենց այն տարածքներն են, որոնք (բացառությամբ Կամիշլիի) լքել են սիրիական կառավարական զորքերը՝ փաստացի հանձնելով քրդական զինված խմբավորումներին՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG):

Հոկտեմբերի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց. «ԱՄՆ-ն չի կարող օգնել քրդերին, որովհետև ԱՄՆ-ի զորքերը դեպքի վայրից 7000 մղոն հեռու են: Ցանկացած մեկը, ով ուզում է օգնել Սիրիային՝ քրդերին պաշտպանելու գործում, կարող է զբաղվել դրանով: Թեկուզ Ռուսաստանը, թեկուզ Չինաստանը, թեկուզ Նապոլեոն Բոնապարտը»[13]:

Միջազգային վերլուծական կենտրոններն այս հայտարարությունը Թուրքիայի համար «կանաչ լույս» համարեցին, ինչն այդպես էլ ընկալվեց թուրքական իշխանության կողմից: Հոկտեմբերի 9-ին թուրքական զորքը ներխուժեց Սիրիա, ինչին առաջին հերթին լռությամբ արձագանքեցին սիրիական իշխանությունները: Ավելի քան 2 օր պաշտոնական Դամասկոսը որևէ դիրքորոշում չհայտնեց իր հյուսիսային սահմանների գնդակոծման առթիվ, և միայն հոկտեմբերի 12-ին եղան մի քանի «անատամ» հայտարարություններ, սակայն առանց կոնկրետ գործողությունների:

Փաստերի այսպիսի համադրումը թույլ է տալիս եզրակացնել, որ Սիրիայի հյուսիսային շրջաններ թուրքական զորքի ներխուժումը պլանավորված էր առնվազն 1 տարի առաջ, երբ գերտերությունների առաջնորդները համոզվեցին, որ քրդական գործոնի վրա լիարժեք հենվել չեն կարող ո՛չ ամերիկյան, ո՛չ ռուսական ուժերը:

Եթե Սիրիայի քրդերը վստահելի տարր չեն այս խոշոր խաղացողների համար, ապա պետք է բանակցել Ասադի և Էրդողանի վարչակազմերի հետ, ինչը միաժամանակ ձեռնտու էր Ռուսաստանին (Ասադի իշխանությունը պահպանելու), ԱՄՆ-ին (սիրիական թնջուկից առանց դիվանագիտական կորուստների դուրս գալու), Թուրքիային (PKK-ի և YPG-ի միջև ռազամական կապը կտրելու), Սիրիային (հյուսիսում քրդական անջատողականությունը ջախջախելու), անգամ Իրանին (իր տարածքում քրդական հնարավոր անջատողական ձգտումները զսպելու առումով):

Հոկտեմբերի 9-ից Թուրքիայի սկսած ռազմական գործողությունների հետևանքով Սիրիայի քրդական զինված խմբավորումները մի քանի օրում մեկը մյուսի հետևից զրկվեցին մեծ թվով վերահսկվող բնակավայրերից։ Ի վերջո, արդեն հոկտեմբերի 13-ին Սիրիայի քրդական խմբավորումները պաշտոնապես հայտարարեցին, որ պատրաստ են և հանձնում են իրենց վերահսկած տարածքները սիրիական կառավարական զորքին՝ ընդունելով Դամասկոսի գերիշխանությունը [14]: Դրան հաջորդեց Սիրիայի կառավարական զորքի տեղաշարժը դեպի հյուսիսային շրջաններ։

Հոկտեմբերի 22-ին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների 6-ժամյա բանակցությունը տվեց ցանկալի արդյունք տարածաշրջանի բոլոր երկրների համար՝ բացառությամբ քրդերի։

Էրդողանի ու Պուտինի ձեռք բերած պայմանավորվածությանը լուռ համաձայնություն տվեցին Իրանի, Իրաքի և Սիրիայի իշխանությունները, նույնիսկ ԱՄՆ-ն չարեց իր մրցակից Ռուսաստանին հակասող որևէ հայտարարություն։

Ռուս-թուրքական համաձայնությամբ որոշվեց մասամբ իրականացնել Էրդողանի պլանը՝ թուրքական զորքի վերահսկողության տակ կլինեն Սիրիայի սահմանային Ռաս էլ Այն և Թել Աբյադ քրդաբնակ քաղաքներն ու դրանց միջև եղած տարածքները՝ 32կմ խորությամբ։ Նշված տարածքի ընդհանուր երկարությունը 120կմ է, մինչդեռ Էրդողանը նախատեսել էր իր հսկողության տակ առնել Սիրիայի հետ սահմանի 480կմ հատվածը։ Փոխարենը սահմանային գոտուց ամբողջությամբ կհեռացվեն քրդական զինված խմբավորումները, և նրանց փոխարեն կտեղակայվեն ռուսական և սիրիական զինված ուժեր։

Այսպիսով, գործնականում կտրվեց Սիրիայի և Իրաքի քրդերի միջև ցամաքային կապը, Թուրքիայի քրդերն էլ «Խաղաղության ակունք» գործողության արդյունքում զրկվեցին Սիրիայի քրդերին ռազմական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունից:

Կարող ենք եզրակացնել, որ քրդական գործոնը ջարդելու բազմաքայլ գործողությունն արդեն հաջողության է հասել՝ միաժամանակ եզրափակելով 8-ամյա սիրիական հակամարտությունը: ԻԼԻՊ-ին ու մյուս ահաբեկչական խմբավորումներին ոչնչացնելուց հետո վերջին խնդիրը քրդերն էին, որոնք ևս, ամենայն հավանականությամբ, կցրվեն Սիրիայի տարբեր վայրերում՝ տևական ժամանակ զրկվելով կոմպակտ բնակվելու հնարավորություններից:


[1] https://en.wikipedia.org/wiki/2004_Qamishli_riots

[2] https://www.mafhoum.com/press/50P2.htm

[3]https://www.theguardian.com/commentisfree

[4] https://youtu.be/ufTq0GWNToc

[5]  https://en.wikipedia.org/wiki/Rojava_conflict

[6]https://www.nytimes.com/interactive/2017/11/05

[7]https://www.mehrnews.com/news/4097302/

[8] https://www.bbc.com/russian/features-45441674

[9] http://kremlin.ru/events/president/news/59718

[10] https://www.nytimes.com/2019/03/29/worl

[11]https://www.bloomberg.com/news/articles

[12]https://www.theguardian.com/world/2019/sep

[13] https://twitter.com/realDonaldTrump/status/

[14]https://www.bbc.com/russian/news-50043724


Անկախ փորձագետների կարծիքներն ու եզրակացությունները կարող են չհամընկնել «Օրբելի» կենտրոնի տեսակետներին: