Սիրիահայերի հիմնախնդիրները Հայաստանում

14 ր.   |  2019-07-10

Թվաքանակը և տեղաբաշխվածությունը

2 011թ. սկիզբ առած սիրիական ճգնաժամը պատճառ դարձավ մեծ թվով սիրիահայերի հաստատվելուն Հայաստանում։ Համաձայն նախկին Սփյուռքի նախարարության տվյալների՝ պատերազմի հետևանքով Հայաստան եկած սիրիահայերի թիվը մոտ 22 հազ. էր[1], սակայն բոլոր սիրիահայերը չէ, որ, գալով հայրենիք, հաստատվել են այստեղ։ Նրանց մի մասը հետագայում տեղափոխվել է այլ երկիր, մյուս մասն էլ ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտից հետո վերադարձել է Սիրիա (Հալեպ, Քեսաբ և այլն)։

Տարբեր տարիների տվյալների դիտարկումը ցույց է տալիս, որ Հայաստանում հաստատված սիրիահայերի թիվը նվազման միտում ունի։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ 2017թ. սկզբին այն մոտ 15 հազ. էր[2]։ Համաձայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության տվյալների՝ ներկայում սիրիահայերի թիվը մոտ 14.000 է[3]։ Բացի պաշտոնական տվյալներից, կան նաև ոչ պաշտոնական տեղեկություններ. համաձայն Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի տվյալների՝ Հայաստանում մնացած սիրիահայերի թիվն ավելի համեստ է՝ մոտ 7000։

Այնուամենայնիվ, Հայաստան եկածների մի զգալի մասը շարունակում է մնալ այստեղ՝ ավելի ու ավելի հաստատվելով իր պատմական հայրենիքում։ Բացի այդ, չնայած Սիրիայում պատերազմի լայնամասշտաբ և ակտիվ փուլն ավարտվել է (որպես այդ փուլի ավարտ պայմանականորեն կարելի է համարել Հալեպի ազատագրումը 2016թ. վերջին), սիրիահայերի հոսքը Հայաստան շարունակվում է։ 2018թ. Սիրիայից Հայաստան է ժամանել և ժամանելու համար ՀՀ Սփյուռքի նախարարություն է դիմել 63 սիրիահայ[4]։

Հայաստանում հաստատված սիրիահայերի տեղաբաշխվածության վերաբերյալ ճշգրիտ վիճակագրություն չկա։ Այնուամենայնիվ, նրանց գերակշիռ մեծամասնությունը հաստատվել է Երևանում։ Ինչպես մեր հարցմանն ի պատասխան հաղորդեցին Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնից, փոքրաթիվ սիրիահայեր էլ բնակություն են հաստատել մայրաքաղաքին համեմատաբար մոտ բնակավայրերում՝ Էջմիածնում, Աբովյանում, Չարենցավանում։ Ավելի հեռավոր բնակավայրերում, ինչպիսիք են Դիլիջանը կամ Արցախի ազատագրված տարածքները, սիրիահայ նորեկների թիվը քիչ է։

Բացի այդ, կան վիճակագրական այլ տվյալներ, որոնք ևս որոշակիորեն լույս են սփռում Հայաստանում սիրիահայերի տեղաբաշխվածության խնդրի վրա։ Մասնավորապես, խոսքը ՀՀ հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սովորող սիրիահայ երեխաների թվի մասին է։ Համաձայն Սփյուռքի նախարարությանը տրամադրված Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳՆ-ի տվյալների՝ 2018թ. դրությամբ Երևանի 73 հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորում էր 470, իսկ Երևանից դուրս՝ 54 հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ 174 սիրիահայ աշակերտ։ Երևանի 46 նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախում էր 86 սիրիահայ երեխա[5]։

Ինտեգրման հոգևոր-մշակութային տեսանկյունները

Հ այաստանյան հասարակության մեջ սիրիահայության համարկման (ինտեգրման) հարցում հոգևոր-մշակութային անջրպետներ մեծ հաշվով չկան։ Կան լեզվական (արևելահայերեն-արևմտահայերեն), կենցաղավարական որոշակի տարբերություններ։ Լեզվական խնդիրների թվում են ռուսերեն բառերի հաճախակի օգտագործումը բանավոր խոսքում, որոնք սկզբնական շրջանում անհասկանալի են սիրիահայության համար: Սիրիայից հայրենադարձած Շահե Քեշիշյանի խոսքերով՝ ռուսական լեզվամտածողությունը նույնպես խնդիր է, երբ խոսողը մտածում է ռուսերեն, ապա մտքում թարգմանում և արտահատվում հայերեն[6]։ Ինչ վերաբերում է կենցաղավարական տարբերություններին, ապա, ինչպես նշեց Շահե Քեշիշյանը, իրենց համար խորթ է, օրինակ, մգեցված ապակիներով թանկարժեք ավտոմեքենաների առատությունը Երևանում, ինչը, նրա բնորոշմամբ, ավելի շատ հանգում է ցուցամոլության։ Սիրիայում նման երևույթ չկար, քանի որ այնտեղի հասարակության գերակշիռ մասը կազմող միջին խավը ձգտում էր ավելի շատ հարմարավետության, այլ ոչ թե շքեղության։

Այնուամենայնիվ, թե՛ հայաստանյան հայությունը և թե՛ սիրիահայերը մեկ միասնական հոգեկերտվածք ունեցող հանրության՝ հայության մասն են և միանգամայն ընկալելի են միմյանց։

Սիրիահայությունը, մաս կազմելով Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների, որոնք գտնվում են հիմնականում իսլամական միջավայրում, առավել մեծ չափով է պահպանել իր ազգային ինքնության հատկանիշները (լեզու, կրոն, պատմական հիշողություն, մշակույթ և այլն), քան այլ տարածաշրջանների՝ Եվրոպայի, Ամերիկայի, հետխորհրդային երկրների հայությունը:

Դրա լավագույն ապացույցներից է սիրիահայ երեխաների արագ համարկումը Հայաստանի դպրոցներում։ Ինչպես մեզ հայտնեցին Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնից, Սիրիա վերադարձած որոշ ընտանիքներ ստիպված կրկին հետ են եկել Հայաստան՝ հանուն երեխաների, որոնք, լիովին մերվելով հայաստանյան հասակակիցների հետ և ավելի հոգեհարազատ համարելով հայաստանյան հանրակրթությունը, ցանկացել են ապրել և շարունակել ուսումը Հայաստանում։

Նյութական խնդիրները

Հ այաստանյան հասարակության մեջ սիրիահայության համարկման հիմնական խնդիրները սոցիալ-տնտեսական են. ա) կարգավիճակի հարց (քաղաքացիություն, կացության, փախստականի կարգավիճակ), բ) բնակարանային հարց, գ) զբաղվածության հարց, դ) առողջապահական հարցեր և ե) կրթության մատչելիության հարցեր։

Հիշյալ խնդիրներում սիրիահայությանն օժանդակելու գործում ներգրավված են ա) պետությունը՝ ի դեմս հիմնականում Սփյուռքի նախարարության, որը 2019թ. վերածվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի[7], բ) հայաստանյան հասարակական և բարեգործական կազմակերպությունները, գ) Սփյուռքի կառույցները, դ) միջազգային կազմակերպությունները (ՄԱԿ, ԵՄ և այլն)։ Բացի հիշյալ հաստատություններից, ստեղծվեցին նաև սիրիահայերի ինքնակազմակերպման կառույցներ, որոնցից են Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»[8], «Սիրիահայերի միություն» հկ-ները, «Հալեպ», «Քեսաբ» հայրենակցական միությունները։ Վերջիններիս գործունեությունը նույնպես ուղղված է Հայաստանում հաստատված սիրիահայությանն օժանդակելուն։ Վերոհիշյալ պետական, ոչ պետական և միջազգային հաստատությունները սիրիահայությանն աջակցության նպատակով համագործակցում են։

Ամեն տարի ՀՀ կառավարության որոշումներով Հայաստանի Հանրապետությունում սիրիահայերի և իրաքահայերի ինտեգրման գործընթացի արագացումն ընդգրկվում է կառավարության գերակա խնդիրների ցանկում[9]։

Համաձայն ՀՀ Սփյուռքի նախարարության հաշվետվության՝ 2018թ. ընթացքում գերատեսչությանը դիմել է 978 սիրիահայ՝ 997 խնդիրներով, որոնցից 669-ը՝ բժշկական սպասարկման, 128-ը՝ բնակվարձի աջակցության, 58-ը՝ աշխատանքի տեղավորման, 39-ը՝ կրթական, 52-ը՝ իրավական-փաստաթղթային, 51-ը՝ այլ[10]։ Ստացվում է, որ Հայաստանում հաստատված սիրիահայերի հիմնական խնդիրները, որոնցով նրանք դիմում են պետական մարմիններին, առողջապահական են։ Երկրորդ տեղում բնակարանային ապահովվածության խնդիրն է: Զբաղվածության խնդիրները երրորդ տեղում են և համեմատաբար ավելի նվազ։ Պատճառն ամենայն հավանականությամբ այն է, որ Հայաստան ժամանած սիրիահայերն իրենց զբաղվածության խնդիրը հիմնականում լուծում են փոքր՝ անհատական կամ ընտանեկան բիզնեսի միջոցով և այդ հարցում գործատուներին դիմելու խնդիր մեծ հաշվով չունեն։

Կարգավիճակի առնչությամբ նշենք, որ Հայաստան եկած սիրիահայերի մեծ մասը, Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի հաղորդած տեղեկությունների համաձայն, ունի ՀՀ քաղաքացիություն։ Նրանք երկքաղաքացիներ են, քանի որ պահպանում են նաև Սիրիայի քաղաքացիությունը։ Սիրիահայերի մեծամասնության կողմից ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը պայմանավորված է մի շարք գործոններով.

  1. Առաջինը ՀՀ կողմից նրանց հեշտացված կարգով քաղաքացիության տրամադրումն է։ Շատերն անգամ նախքան Հայաստան գալը Սիրիայում ՀՀ դեսպանությունից են ստացել ՀՀ անձնագիր։ Քաղաքացիություն ստանալու հարցում, ըստ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի, բարդությունների առջև են կանգնել խառնամուսնությունների արդյունքում ձևավորված ընտանիքների այն հայ անդամները, որոնց ազգանունները հայկական չեն, քանի որ այդ դեպքում նրանց էթնիկ պատկանելության հարցն էլ էր դառնում վիճահարույց։
  2. Երկրորդ գործոնը հոգեբանական է։ Սիրիահայերը Հայաստանում չեն պատկերացնում իրենց փախստականի կարգավիճակում, քանի որ այն համարում են իրենց հայրենիքը։ Փախաստականի կարգավիճակը սիրիահայերի մեծամասնության համար ազգային արժանապատվության տեսանկյունից վիրավորական է։
  3. Քաղաքացու կարգավիճակն ավելի նպաստավոր է քան փախստականինը, քանի որ նախ՝ քաղաքացին օգտվում է բազմաթիվ քաղաքացիական իրավունքներից, որոնցից զուրկ է փախստականը, և, բացի այդ, յուրաքանչյուր պետություն ունի որոշակի սոցիալական և այլ պարտավորություններ իր քաղաքացիների հանդեպ, ինչը չունի փախստականի նկատմամբ։ Օրինակ՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող սիրիահայերը աշխատանք ունենալու դեպքում իրենց բնակարանային խնդիրը լուծելու հարցում կարող են ՀՀ մյուս քաղաքացիների նման օգտվել երկարաժամկետ և արտոնյալ վարկերից, ինչը չեն կարող անել փախստականները։ Սիրիահայ հայրենադարձ Շահե Քեշիշյանը հենց այդ կերպ է պատրաստվում լուծել իր բնակարանի խնդիրը. Դավիթաշեն համայնքում հատուկ սիրիահայերի համար կառուցված նորակառույց շենքերից մեկում իր ապագա բնակարանը պատրաստվում է գրավ դնել բանկում, վարկ վերցնել, դրանով վճարել բնակարանի գինը, ապա տարիների ընթացքում մարել վարկը՝ միաժամանակ օգտվելով նաև եկամտահարկի հաշվին վարկերի տոկոսների մարման հնարավորությունից։ Քաղաքացու կարգավիճակի շահեկանության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ, ըստ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի, այն սիրիահայերը, որոնք նախընտրել են փախստականի կարգավիճակը՝ հույս ունենալով աջակցություն ստանալ միջազգային կազմակերպություններից, հետագայում զղջացել են դրա համար։


«Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ

Կացարանի խնդիրը լուծվում է տարբեր եղանակներով։ Ինչպես հայտնեցին Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնից, սիրիահայերի մի մասն ապաստանել է հանրակացարաններում, օրինակ՝ Երևանի Ավան, Սիլիկյան բնակավայրերում։ Մի զգալի մասն էլ օգտվում է բարեգործական հաստատությունների կողմից իրենց բնակարանի վարձի մասնակի փոխհատուցման (100$) հնարավորությունից։ Եղել են նաև դեպքեր, երբ պետության միջամտությամբ սիրիահայը կարողացել է օգտվել արտոնյալ վարկով բնակարան ձեռք բերելու ծրագրերից. օրինակ՝ սիրիահայ հայրենադարձ մտավորականը, ով չցանկացավ հրապարակել անունը, բացառության կարգով օգտվել է երիտասարդ գիտնականների համար մատչելի բնակարանների ապահովման ծրագրից, թեև իր ու կնոջ տարիքը չէր համապատասխանում այդ ծրագրից օգտվելու չափանիշներին։

Սիրիահայերին բնակարաններով ապահովելու խնդրի լուծման տեսակետից կարևոր նշանակություն ունեն ներկայում Երևանի Դավիթաշեն համայնքում հատուկ սիրիահայերի համար կառուցվող նորակառույց երեք շենքերը։ Մեկը կառուցում է ՀՅԴ «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը, մյուս երկուսը՝ սիրիահայերը։ Բնակարանները նախատեսված են շուկայականից ավելի ցածր գնով սիրիահայերին տրամադրելու համար։

Այնուամենայնիվ, սիրիահայությանը բնակարաններով ապահովելու տեսակետից լուրջ թերացում է Աշտարակում «Նոր Հալեպ» թաղամաս կառուցելու ծրագրի ձախողումը։ Հինգ տարի առաջ, քաղաքային իշխանությունների կողմից հատկացվել է համապատասխան տարածք, կատարվել են որոշակի նախագծման և այլ աշխատանքներ։ Սակայն անհրաժեշտ դրամական միջոցների բացակայության հետևանքով ծրագիրը կասեցվել է։ Այս ընթացքում Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնը տարեկան վճարել է 1 մլն. դրամ հարկ։ Այժմ տարածքը հայտնվել է քաղաքային իշխանությունների կողմից ետ վերցվելու վտանգի առաջ, քանի որ այդպես է պահանջում օրենսդրությունը։


Նոր Հալեպ թաղամասի ծրագիրը

Հայաստան եկած սիրիահայերի զբաղվածության խնդիրը կարելի է բաժանել մի քանի խմբի։ Արհեստավորները, որոնք բարձրակարգ մասնագետներ են իրենց ոլորտներում, կարողանում են հաջողությամբ աշխատանք գտնել։ Նրանք իրենց լավագույնս դրսևորում են խոհարարության, ավտոմեքենաների վերանորոգման, ոսկերչության և այլ բնագավառներում։ Որոշ սիրիահայեր էլ աշխատում են սպասարկման ոլորտում։

Համեմատաբար հեշտ է նաև այն սիրիահայերի համար, որոնք բարձրագույն կրթություն են ստացել Հայաստանում և ծանոթ են մասնագիտական միջավայրին։ Օրինակ՝ սիրիահայ բժիշկ-սրտաբան Ջորջ Բարսեղյանն աշխատում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, երաժիշտ Շահե Քեշիշյանը՝ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ որպես Գևորգյան ճեմարանի շրջանավարտ սարկավագների երգչախմբի ղեկավար, Երևանի Կոմիտաս փողոցի նորակառույց եկեղեցում՝ որպես երգչախմբի դիրիժոր և մի քանի այլ հաստատություններում։ Վերոհիշյալ սիրիահայ մտավորականը աշխատանքի է անցել ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում և ԵՊՀ-ում։

Համեմատաբար բարդ է սիրիահայ մանկավարժների դրությունը, որոնք հիմնականում լեզվական դժվարության պատճառով չեն կարողանում աշխատանք գտնել Հայաստանում, քանի որ այստեղ ուսուցումը արևելահայերենով է։

Զբաղվածության հարցում հիմնական խնդիրը մնում է ցածր վարձատրությունը (եկամուտը), սակայն դա էլ զուտ սիրիահայերին բնորոշ խնդիր չէ, այլ բնութագրում է ընդհանուր հայաստանյան իրավիճակը։ Որպես սիրիահայերի համար մասնավոր խնդիր հարկ է նշել, որ Սիրիայում և, մասնավորապես, սիրիահայ համայնքում նրանց աշխատանքային գործունեությունը, որը երբեմն հասնում է մի քանի տասնյակ տարիների, Հայաստանում աշխատանքային ստաժ չի համարվում, ինչն էական խոչընդոտ է ինչպես մասնագիտական առաջխաղացման, այնպես էլ սոցիալական խնդիրների լուծման տեսակետից։ Սույն խնդիրը զուտ բյուրոկրատական-թղթաբանական բնույթի է[11]։

Քանի որ Հայաստանում ապաստանած սիրիահայերի զբաղվածության հարցի լուծման հիմնական եղանակը գործարարությունն է, ապա ՀՀ կառավարությունը քայլեր է իրականացրել նաև այս հարցում նրանց աջակցելու համար. սիրիահայ գործարարներին տրամադրվում են արտոնյալ վարկեր, պարբերաբար կազմակերպվում են «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական տոնավաճառներ և այլն։

Սիրիահայերի համար գործարարությամբ զբաղվելու բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով ՀՀ կառավարությունը 2017թ. օգոստոսի 3-ի նիստում սփյուռքի և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների միջնորդությամբ «Սիրիահայերի միություն» հկ-ին 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման է տվել Երևանի Կոմիտաս 49/3 շենքում ընդհանուր ավելի քան 1500 քառակուսի մետր մակերեսով տարածք՝ գործարար ծրագիր իրականացնելու նպատակով[12]։

Սիրիահայ գործարարներին խորհրդատվական և այլ աջակցություն է ցուցաբերել նաև Հայաստանի զարգացման հիմնադրամը (ներկայում՝ Բիզնես Արմենիա)։ 2017թ. դեկտեմբերի 19-ին հիմնադրամի և գործընկեր կազմակերպությունների (Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրում Հայաստանում» ծրագիր, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամ, «Հայկական Կարիտաս» բարեսիրական, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» և «Սիրիահայերի միություն» հկ-ներ) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով հիմնադրամը գործարարության աջակցության իր ակումբով առնվազն երկու ամիս ժամկետով, իսկ հետագայում՝ էական զեղչերով սիրիահայ գործարարներին պատրաստ էր աջակցել հաշվապահական, իրավաբանական, բիզնեսի գրանցման, աուդիտի, բեռնափոխադրումների, հարկային խորհրդատվության հարցերում[13]։


Բարեգործական ակցիա՝ սիրիահայերին օգնելու նպատակով

Սիրիահայերի առողջապահական խնդիրների լուծման նպատակով պետությունն իրականացնում է ինչպես պետպատվերի ծրագրեր, այնպես էլ համագործակցում է այլ հաստատությունների հետ։ 2017թ. մարտի 17-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մեկնարկել է «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագիրը, և ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Ծրագրի նպատակն էր անվճար բժշկական օգնություն ցույց տալ այն կարիքավոր սիրիահայերին, որոնք ներառված չէին կամ մասնակիորեն էին ներառված պետպատվերով բժշկական օգնություն ստանալու ծրագրում։ Ծրագիրը համաֆինանսավորվում էր «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից, իսկ գործընկեր հաստատություններն էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀԲԸՄ-ի հայաստանյան գրասենյակը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հկ-ն և «Հալեպ» հայրենակցական միությունը։ Ծրագրի իրականացման արդյունքում 2017թ. ապրիլի 1-ից դեկտեմբերի 25-ը անվճար բժշկական օգնություն է ստացել 311 սիրիահայ[14]։

Երևանի ՀԲԸՄ «Վահե Կարապետյան» կենտրոնում Միության ֆինանսավորմամբ բացվել է բժշկական կենտրոն՝ սիրիահայերի համար, որն ունի չորս բաժանմունք՝ սրտաբանական, կանացի հիվանդությունների, մանկաբուժության և քիթ-կոկորդ-ականջի։ Այս կենտրոնում սպասարկումն անվճար իրականացnwվում է հիմնականում սիրիահայ բժիշկների կողմից։ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի հավաստմամբ՝ կենտրոնի այցելուները բավական շատ են. նախ՝ լեզվական որոշ խնդիրների պատճառով (հայասանյան բժիշկների մոտ տարածված է ռուսախոսությունը), ապա՝ սիրիահայերի մոտ բավական տարածված է պրոֆիլակտիկ՝ կանխարգելիչ բժշկության մշակույթը։ Հետևաբար, նրանք հաճախակի են այցելում բուժհաստատություններ։

Սիրիահայերի կրթական հիմնախնդիրները մեծ հաշվով հանգում են բարձրագույն կրթություն ստանալու մատչելիությանը։ Այս խնդրի լուծման նպատակով պետությունը, սփյուռքի բարեգործական կառույցների հետ համագործակցաբար, իրականացնում է հայաստանյան բուհերում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման քաղաքականություն։ Սկզբնական շրջանում փոխհատուցումն իրականացվում էր ամբողջական (100%) սկզբունքով։ Այնուհետև կիրառվեց մասնակի փոխհատուցման սկզբունքը։ 2016-2017թթ. ՀՀ կառավարության, ՀԲԸՄ-ի և «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության համաֆինանսավորմամբ փոխհատուցվել է ՀՀ բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 436 սիրիահայի ուսման վարձավճարների 70%-ը[15]։ Հիշյալ 436 սիրիահայ ուսանողներից 25 առավել կարիքավորի ուսման վարձավճարի մյուս 30 տոկոսը իր վրա է վերցրել Հայ օգնության ֆոնդը[16]։ 2017-2018թթ. ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար դիմել է 441 շահառու։ ՀՀ կառավարության, ՀԲԸՄ-ի, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության և «Սուրբ Սարգիս» հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացվել է նրանց ուսման վարձավճարների 60% փոխհատուցում[17]։

2018-2019թթ. ուստարվա համար ՀՀ կառավարության, ՀԲԸՄ-ի և «Գալուստ Կյուլպենկյան» հաստատության համաֆինանսավորմամբ նախատեսվում է սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցում՝ 50%-ի չափով։ Հայտարարագրված շահառուների թիվը 294 է, որից 47-ի ուսման վարձի 50%-ը (մոտ 13 մլն. 700 հազ. դրամ) կփոխհատուցվի ՀՀ կառավարության կողմից[18]։

Համաձայն Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի հաղորդած տեղեկության՝ 2019-2020թթ. նախատեսվում է սիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցել միայն 40%-ով, և շահառուները կլինեն նախորդ տարիներին փոխհատուցման իրավունքից օգտվածները։ Բացի այդ, փոխհատուցվող գումարի առավելագույն շեմ է սահմանված 320 հազ. դրամը։ 2018-2019թթ. ուստարում այդ շեմը 400 հազ. դրամ էր։ Այդ տարի պահանջվեց նաև առաջադիմության շեմ, որի արդյունքում շահառուների թիվը նվազեց մինչև 294։

Բացի սիրիահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը նպաստելուց, պետությունը նրանց տրամադրել է նաև իրավական-փաստաթղթային խորհրդատվություն։ Իսկ 2018թ. հուլիսին Սփյուռքի նախարարությունը գործընկեր հաստատությունների հետ (ՀՀ փաստաբանների պալատ, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչություն (ABA ROLI), ՄԱԿ-ի Փախստականների գործերով հանձնակատարի հայաստանյան գրասենյակ, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկություն, «Իրավունքի պաշտպանության նախաձեռնություն» հիմնադրամ) արևմտահայերենով հրատարակել է «Հաճախ տրվող իրավական հարցերի տեղեկատվական ձեռնարկը»՝ Սիրիայից և այլ հակամարտության վայրերից Հայաստան տեղահանված անձանց համար։ Հրատարակությունը ֆինանսավորել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոն[19]։ Սույն ձեռնարկը պարբերաբար ենթարկվել է լրամշակման և վերահրատարակության։

Ամփոփում

  1. Սիրիահայերի տարերային հայրենադարձության ժամանակ հիմնական խնդիրը եղել է պետության, հայաստանյան ու սփյուռքի բարեգործական կազմակերպությունների ու այլ հաստատությունների անպատրաստությունը: Հետևաբար, չնայած իրականացված պատկառելի աշխատանքներին, նրանց կողմից գործադրված ջանքերը եղել են հախուռն՝ ստեղծված իրավիճակին հետադարձ արձագանքման տրամաբանությամբ։
  2. Հաշվի առնելով, որ սիրիական պատերազմը դեռևս չի ավարտվել, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում, ինչպես նաև աշխարհի այլ թեժ կետերում առկա են հայկական համայնքներ, Հայաստանը պետք է պատրաստ լինի ապագայում նույնպես տարբեր երկրներից հայերի տարերային ներհոսքին։
  3. Ընդհանուր առմամբ տարերային հայրենադարձությանը պատրաստ լինելը կկանխի ռիսկերը, ինչպես նաև ավելի արդյունավետ կդարձնի հայրենադարձների խնդիրների լուծումն ու սահուն համարկումը հայաստանյան հասարակությանը։

[1] Ապրում են Հայաստանում, վաստակում` Սիրիայում. սիրիահայերի ճակատագիրը

[2] United Nations in Armenia, 2017, p. 24-25.

[3] ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր 60 րոպե. Գլխավոր թողարկում» հաղորդմանը, 20.06.2019

[4] ՀՀ սփյուռքի նախարարության 2018թ. գործունեության հաշվետվությունը

[5] Նույն տեղում։

[6] Սույն խնդիրը առավել բնորոշ է Ռուսաստանում երկար ժամանակ ապրած, ապա հայրենիք վերադարձած հայերին, մասնավորապես, երիտասարդներին, ինչն էլ իր հերթին մեր ժամանակներում լայն տարածում ունեցող արտագնա աշխատանքի հետևանք է։

[7] Այլ նախարարություններ ևս ներգրավված են Հայաստանում հաստատված սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու գործում, սակայն գլխավոր դերակատարությունը պատկանում էր Սփյուռքի նախարարությանը։

[8] Հիմնվել է 2012թ.։

[9] Տե՛ս, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ. հունվարի 12-ի N 122-Ն որոշման N 2 հավելված, կետ 120

[10] ՀՀ սփյուռքի նախարարության 2018թ. գործունեության հաշվետվությունը

[11] Նույն կերպ, օրինակ, Հալեպի Համազգայինի Հայագիտական բարձրագույն հիմնարկի շրջանավարտները չեն կարողանում իրենց ուսումը շարունակել Հայաստանում, քանի որ հիմնարկը Հայաստանում չի համարվում բուհ։

[12] ՀՀ Սփյուռքի նախարարություն, Տեղեկանք Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ. հունվարի 12-ի N 122-Ն որոշման N 2 հավելվածի 120-125 կետերով սահմանված գերակա խնդրի կատարման արդյունքների մասին

[13] Նույն տեղում։

[14] Նույն տեղում։

[15] ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1188-Ն որոշում

[16] ՀՀ սփյուռքի նախարարության 2016թ. գործունեության հաշվետվությունը

[17] ՀՀ սփյուռքի նախարարություն, Տեղեկանք Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ. հունվարի 12-ի N 122-Ն որոշման N 2 հավելվածի 120-125 կետերով սահմանված գերակա խնդրի կատարման արդյունքների մասին

[18]ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը գումար հատկացնելու, Հայաuտանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» 1431-Ն որոշում

[19] ՀՀ սփյուռքի նախարարության 2018թ. գործունեության հաշվետվությունը