Մեծ Մերձավոր Արևելքում ծավալվող հակամարտությունների աշխարհաքաղաքական և ռազմավարական շերտերը

8 ր.   |  2024-03-01


Հոդվածը հրապարակվել է «Օրբելի» կենտրոնի և Iran Daily պարբերականի միջև համագործակցության շրջանակում։

2 022թ. փետրվարին ուկրաինական պատերազմով Արևելյան Եվրոպայից մեկնարկած աշխարհակարգի փոփոխության գործընթացը, ինչպես և կանխատեսվում էր, բովանդակային փոփոխությունների նախադրյալներ ստեղծեց նաև մի շարք այլ տարածաշրջաններում։ Նման զարգացումների թատերաբեմ դարձան ինչպես այն ռեգիոնները, որոնք անխուսափելիորեն կրում են Ռուսաստան-Արևմուտք անուղղակի դիմակայության ազդեցությունը, այնպես էլ նրանք, որտեղ առկա են սառեցված խորքային հակամարտություններ և դրանց ռևիզիոնիզմի անթաքույց ձգտումներ։ Եվ ինչպես սովորաբար արձանագրվում է նման պատմափուլերում, այսպիսի գործընթացները սովորաբար հանգեցնում են տարբեր տարածաշրջաններում նաև աշխարհաքաղաքական և անվտանգային միջավայրների արմատական փոփոխության։

Վերոնշյալի ամենաակնհայտ օրինակներն են Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հիմնախնդրի շրջանակում արձանագրված բովանդակային փոփոխությունները, ինչպես նաև՝ իսրայելապաղեստինյան հակամարտության հերթական շրջափուլով ողջ Մերձավոր Արևելքում կրկին ակտիվացած բազմաշերտ հիբրիդային դիմակայությունը։ Ինչ խոսք, դժվար է ուղիղ կապ տեսնել վերոնշյալ երկու հակամարտությունների ակտիվացման գործընթացներում։ Մինչդեռ զարգացումների ժամանակային սահմաններն ու գլխավոր գործող դերակատարների՝ Ադրբեջանի ու Իսրայելի միջև ռազմավարական բնույթի խիստ ներդաշնակ համագործակցությունն անխուսափելիորեն ընդհանրացնում է իրադարձությունների տրամաբանական շղթան։ Այսպես, 2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի իշխանությունների կողմից շուրջ 10 ամսվա պաշարումից հյուծված ԼՂ ժողովրդի դեմ սանձազերծված մեկօրյա ագրեսիան ծավալապաշտ ալիևյան վարչակարգի համար ունեցավ գուցե փոքր-ինչ անակնկալ, բայց տվյալ քաղաքական ծրագրի հաշվարկված առավելագույն արդյունքը՝ հանգեցնելով ԼՂ էթնիկ զտման՝ ավելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանման(ընդհանուր առմամբ, 2020 թ.-ից ի վեր ԼՂ-ն լքել է ավելի քան 150 հազար տեղաբնիկ հայ)։
Հազարամյակներ շարունակ անդադար հայաբնակ պատմական Արցախը լիովին հայաթափվեց։ Անհերքելիորեն ցեղասպանությանը բնորոշ բովանդակություն ունեցող այս գործողությունն ադրբեջանական իշխանությունները չէին կարող իրականացնել առանց ստվերային գործարքների՝ հատկապես առանցքային դաշնակից Թուրքիայի, ինչպես նաև՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ԼՂ-ում անվտանգության ապահովման երաշխավորի դերակատարումը ստանձնած և տարածաշրջանում սեփական խաղաղապահ ստորաբաժանումները տեղակայած Ռուսաստանի հետ։ Նշված, բայց առայժմ ոչ հրապարակային պայմանավորվածության ակնհայտ բաղադրատարրերից էր նաև գլոբալ դիմակայության պատմափուլում Ադրբեջանի կողմից Ռուսաստանի մրցակից արևմտյան հարթակներում բանակցություններից հրաժարումը և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացի՝ միջանցքային տրամաբանությամբ իրականացման խոսույթի թարմացումը։       
Ինչ վերաբերում է ԼՂ-ում տեղի ունեցած ցեղասպանային գործընթացի աշխարհաքաղաքական, տարածաշրջանային քաղաքական հետևանքներին, ապա դրանք, ըստ էության, 44-օրյա պատերազմի արդյունքներով արձանագրված իրողությունների զարգացման տրամաբանության շրջանակում են։ Այսինքն՝ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան գործարքի արդյունքում հերթական անգամ զգալի հարված է հասցվում տարածաշրջանային մեկ այլ դերակատարի՝ Իրանի դիրքերին, ինչպես նաև ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո նաև Հարավային Կովկասում Մոսկվայի դերակատարումը նվազեցնելուն միտված ակտիվ բովանդակային քայլեր նախաձեռնած արևմտյան խաղացողների՝ Վաշինգտոնի և Բրյուսելի համար։  

Ադրբեջանի հաջողած ռազմական-ռազմավարական գործողությունը առնվազն չէր կարող չոգեշնչել մեծ տարածաշրջանում նրա առանցքային գործընկերներից Իսրայելին։ Վերջինը տևական ժամանակ ձգտում է արմատական լուծում գտնել իրեն առնչվող և մերօրյա աշխարհի ամենապայթյունավտանգ ու արյունալի պաղեստինյան հիմնախնդրի՝ հատկապես շուրջ 2,4 մլն պաղեստինցի բնակչություն ունեցող և երկրագնդի ամենախիտ բնակեցված շրջաններից մեկը համարվող Գազայի հատվածի համար։        

Իսկ նման քաղաքականության իրականացման համար շատ պատեհ առիթ դարձավ 2023 թ. հոկտեմբերի 7-ին   պաղեստինյան «ՀԱՄԱՍ» իսլամական արմատական կազմակերպության «անակնկալ» մասշտաբային հարձակումն
Իսրայելի դեմ՝ աննախադեպ մարդկային, նյութական և հեղինակության վնասի պատճառման հետևանքներով (ավելի քան 1200 զոհ, 250 գերևարված անձ)։ Ինչ խոսք, պաղեստինյան կառույցի նախաձեռնած «Ալ Ակսայի ջրհեղեղ» ռազմագործողությունը մարտավարական մակարդակում ահռելի սխալ հաշվարկներ էր պարունակում(քանի որ առերևույթ պարունակում էր ահաբեկչական հարձակումներին բնորոշ բովանդակային տարրեր՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը), չնայած ռազմավարական լրջագույն նպատակներին։ Մասնավորապես, «ՀԱՄԱՍ»-ի կողմից Իսրայելի դեմ տևական ժամանակ նախապատրաստված հարձակման ժամանակահատվածի ընտրությունը պայմանավորված էր նաև պաղեստինյան հիմնախնդրի լուծման տեսանկյունից ռազմավարական նշանակության Սաուդյան Արաբիա-Իսրայել կարգավորման գործընթացը խափանելու նպատակով։ Նշվածն անկյունաքարային հանգամանք է, քանի որ, օրինակ, ԱՄՆ-ի միջնորդությամբ 2020-2021 թթ. մի շարք կարևոր արաբական երկրների (ԱՄԷ, Բահրեյն, Սուդան, Մարոկկո) և Իսրայելի միջև ստորագրված «Աբրահամյան համաձայնագրերը» պաղեստինցիների կողմից արդարացիորեն գնահատվեցին որպես ռազմավարական բացթողում, քանի որ խարխլվեց հրեական պետության դեմ ընդհանուր համաարաբական ճակատով գործելու տրամաբանությունը։ Այն ենթադրում էր մեկ փաթեթով արաբ-իսրայելական հակամարտության ամբողջական լուծում՝ բացառապես մինչև 1967 թ. վեցօրյա պատերազմը եղած սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստին պետության ստեղծումանը զուգահեռ։ Իսկ հատկապես 2023 թ. կեսերից դարձյալ Սպիտակ տան ջանքերով ակտիվացած Սաուդյան Արաբիա-Իսրայել կարգավորման գործընթացը, որի առանցքային նախապայմաններից մեկը՝ Պաղեստին պետության ստեղծման պահանջը, աստիճանաբար զիջում էր իր կարևորությունն ալ-Ռիադին խոստացված այլ ռազմավարական հնարավորությունների համեմատ (ինչպես, օրինակ՝ Սաուդյան միջուկային ծրագրի իրականացումը, ռազմատեխնիական ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները), հաջողելու դեպքում միանշանակորեն բացասաբար էր ազդելու պաղեստինյան շարժման վերջնանպատակների կենսագործման վրա։ Ուստի և վերոնշյալի համատեքստում արդեն 5 ամիս շարունակվող Իսրայել-«ՀԱՄԱՍ» անողոք պատերազմը, գոնե միջնաժամկետ հեռանկարում լուծել է պաղեստինյան կողմի խնդիրը՝ առժամանակ խափանելով Ալ-Ռիադ-Թել Ավիվ կարգավորումը։

Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա վերջինը ոչ պակաս հաջողությամբ օգտվում է միջաշխարհակարգի իրողություններից՝ «պատերազմը հնարավորություն է» բանաձևի տրամաբանությամբ։         
Մասնավորապես անթաքույց նպատակ է դրված առավելագույնս փոխել պաղեստինյան հիմնախնդրի՝ որպես նախորդ աշխարհակարգից մնացած «քաղցկեղային» չլուծված ժառանգության ներկա ստատուս-քվոն սեփական օրակարգի համատեքստում։ Այն է` առնվազն կարճաժամկետ հեռանկարում ամբողջական վերահսկողություն հաստատել Գազայի հատվածում, իսկ հետագայում՝ հնարավորության պայմաններում, ընդհանրապես հասնել Պաղեստին պետության ձևավորման ծրագրի չեղարկմանը։

Ի պատասխան՝ Իսրայելի բանակը Գազայում իրականացնում է «Երկաթե սրեր» կոդային անվանումով «պատժիչ գործողությունը», որի հռչակված նպատակը Գազայում «ՀԱՄԱՍ»-ի իշխանության վերացումն է և շրջանում ավելի վերահսկելի կառավարության ձևավորումը։ Մինչդեռ իսրայելական բանակի առայժմ եռափուլ ռազմագործողությունից կարելի է եզրակացնել, որ Թել Ավիվի ծրագրերը Գազայում ավելի խորքային են՝ միտված տարածքի հնարավորինս ամայացմանը։ Եվ չնայած միջազգային հանրության, նաև Իսրայելի առանցքային դաշնակիցների կողմից անընդհատ հնչեցվող հորդոր-պահանջներին՝ այդ երկրի պատմության ողջ ընթացքում ձևավորված ամենաաջակողմյան կրոնամետ կառավարությունը շարունակում է մարդկության դեմ հանցագործության ակնհայտ տարրեր պարունակող ռազմագործողությունը(Իսրայելի ԶՈՒ գործողությունների հետևանքով ցայժմ արձանագրվել է շուրջ 28 հազար զոհ, 67 հազար վիրավոր, շրջանի բնակչության 70%ը տեղահանվել է)։ Բայց միևնույն ժամանակ իսրայելական կողմի խորքային նպատակները ցայժմ էական արդյունքներ չեն արձանագրում հատկապես Եգիպտոսի և Հորդանանի սկզբունքային դիրքորոշման պատճառով, որոնց աջակցում են նաև Իրանը, Թուրքիան, այլ արաբական և մուսուլմանական երկրներ, ՄԱԿ-ը, ԵՄ-ն և այլն։

Գազայի պատերազմը ևս իր մեջ աշխարհաքաղաքական բավականաչափ խորը շերտ է պարունակում։ Ուստի նաև դա է պատճառը, որ անընդհատ ընդլայնվելու և տարածաշրջանային մասշտաբային պատերազմի վերածվելու կանխատեսելի ռիսկեր է պարունակում՝ չնայած հիմնական դերակատարների կողմից գործընթացները վերահսկելիության մակարդակում պահելու նկատելի ձգտումներին։

Մասնավորապես, այս դիմակայության ակնհայտ շերտերից մեկն էլ Իրանի տարածաշրջանային ազդեցության թուլացումն է՝ «դիմադրության առանցքի» կազմալուծումը։ Նշվածը տեղավորվում է Իսրայելի առաջնային այն ծրագրի տրամաբանության մեջ, որը միտված է լուծելու շրջակա անվտանգային միջավայրի բարելավման խնդիրը, մասնավորապես՝ Սիրիայում, Լիբանանում տեղակայված իրանամետ կառույցներից հնարավոր սպառնալիքների վերջնական չեզոքացումը։ Դրան են միտված Իսրայել-«ՀԱՄԱՍ» դիմակայությանը զուգահեռ ռազմական լարվածությունն Իսրայել-Լիբանան սահմանին, Սիրիայի տարածքում հաճախակի դարձած իսրայելական ռազմագործողությունները։ Չնայած առերևույթ բարդություններին, այնուամենայնիվ, մերօրյա աշխարհի իրողությունները թույլ են տալիս գնահատելու Իսրայել պետության վերոնշյալ ծրագրերի իրականացման հեռանկարը խիստ իրատեսական։ Իհարկե, դրանք չեն կարող հաջողել առանց դաշնակիցների և  հատկապես ԱՄՆ-ի կողմից Իսրայելին ցուցաբերվող համակողմանի աջակցության՝  ռազմական, դիվանագիտական-քաղաքական, ֆինանսական, հոգեբանական և այլ մակարդակներում։ Հենց Վաշինգտոնի ապահոված դիվանագիտական ու ռազմավարական հովանոցի արդյունքում է, որ Իսրայելը կարողանում է, դիմակայելով արտաքին բազմաբնույթ ճնշումների, շարունակել Գազայում սեփական խնդիրների լուծումը՝ հումանիտար աղետի խորացման գնով։ ԱՄՆ-ի առանցքային դերակատարման ռազմավարական ուղղություններից մեկը տարածաշրջանում հակաիսրայելական միասնական արդյունավետ գործելաոճի չեզոքացումն է նաև ֆորմալ դերակատարների՝ արաբամուսուլմանական տարբեր երկրների ներգրավմամբ։ Չնայած, հանուն արդարության, պետք է փաստել, որ տարածաշրջանում առկա խորքային մրցակցային միջավայրը մի շարք դերակատարների  միջև՝ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Կատարի, Իրանի և այլն, ևս թույլ չի տալիս Իսրայելի միասնական հակաիսրայելական ճակատի ձևավորում։ Որպես օրինակ՝ նշված բոլոր դերակատարների շահերից է բխում Իրանի տարածաշրջանային ազդեցության թուլացումը կամ Եգիպտոս-Իսրայել, Եգիպոտս-ԱՄՆ լարվածությունը և այլն։ Սա է պատճառը, որ Իսրայելի և ընդհանրապես պատերազմի վրա ազդեցության էական ներուժ ունեցող մի շարք խաղացողներ, բացի սուր հակաիսրայելական հռետորաբանությունից, դիվանագիտական որոշ ձևական քայլերից առավել առարկայական գործողություններ չեն նախաձեռնում։ Ինչպես օրինակ Թուրքիան, որի տարածքով է իրականացվում Իսրայելի նավթի մատակարարութմների առյուծի բաժինը։ Ուստի պարբերաբար իսրայելական իշխանություններին ցեղասպանության մեջ մեղադրող Թուրքիայի իշխանական վերնախավի հայտարարություններից անհամեմատ ավելի ազդեցիկ կլիներ, եթե թեկուզ մեկ շաբաթով դադարեցվեին այդ երկրի տարածքով տարաբնույթ մատակարարամներն Իսրայել, որը կարող էր էական ազդեցություն ունենալ պատերազմը շարունակելու հրեական պետության ներուժի վրա։ Ընդ որում, հատկապես Իրանն այս մարտավարության մասին բազմիցս բարձրաձայնել է, որը, սակայն, ինչպես տեսնում ենք, չի իրականացվում նաև վերոնշյալ մրցակցային իրողությունների պատճառով։

Այդուհանդերձ, Գազայի պատերազմին զուգահեռ տարածաշրջանում արձանագրվում են լարվածության աճի ակնհայտ միտումներ, որը թեպետ գնահատվում է ԱՄՆ-Իրան դիմակայության բանաձևի շրջանակում, մինչդեռ առավելապես Մերձավոր Արևելքի բնույթի համատեքստում է։ Մասնավորապես, տարածաշրջանային գործընթացներում զգալի ազդեցություն ունեն նաև բազմաթիվ ոչ ֆորմալ դերակատարներ, որոնք, չնայած ասոցացվում են որոշ մերձավորարևելյան և արտատարածաշրջանային  խաղացողների հետ, բայցևայնպես, լիովին չեն կրում նրանց ազդեցությունը։ Դրանցից են, օրինակ, Պաղեստինում «Իսլամական ջիհադ», Եմենում հութիական «Անսար Ալլահ», Լիբանանում «Հիզբալլահ», Իրաքում «Քաթաիբ Հիզբալլահ», Սիրիայում բազմաթիվ նմանատիպ կառույցներ, մի շարք ահաբեկչական խմբավորներ՝ «Իսլամական պետությունը», «ալ-Կաիդան», որոնք մշտապես օգտվել և օգտվում են տարածաշրջանում ծագած ցանկացած լարվածությունից իրենց նպատակների և շահերի տիրույթում։ Ասվածի վառ ապացույցն է եմենական «Անսար Ալլահի» կողմից, ի աջակցություն «ՀԱՄԱՍ»-ին, նաև Կարմիր ծովում և Ադենի ծոցում իրավիճակի ապակայունացումը, «Հիզբալլահի» կողմից Իսրայելի տարածքի պարբերաբար թիրախավորումը, իրաքյան, սիրիական տարաբնույթ խմբավորումների կողմից այդ երկրներում ամերիկյան ռազմաբազաների դեմ հարձակումները, «Իսլամական պետության»՝ նաև Իրանում ակտիվացումը և այլն։      
Ամփոփելով կարելի է հավաստել, որ աշխարհաքաղաքական խորքային փոփոխություններն իրենց ուղիղ դրսևորումներն են ունենում նաև Մերձավոր Արևելքում՝ բովանդակային ազդեցություն ունենալով նաև այս տարածաշրջանի աշխարհաքաղաքական և անվտանգային պատկերի վրա։ Տարածաշրջանում պարբերաբար արձանագրվող ռազմական տարաբնույթ լարվածությունները յուրօրինակ ազդակներով նախազգուշացնում են առավել մասշտաբային դիմակայության հնարավորության մասին, չնայած դրանից խուսափելու գլոբալ ձգտումներին։

 Ինչ խոսք, այս գործընթացների բովանդակային ուղղություններից մեկն էլ Իրանի ազդեցության համակարգի թիրախավորումն է, որին ի պատասխան՝ ականատես ենք լինում «դիմադրության առանցքի» բազմակողմանի գործարկման։ Հենց նման ռազմավարական սցենարների համար ձևավորված «առանցքն» իր վրա կլանելով Թեհրանի հակառակորդների ջանքերն ու ուշադրությունը՝ իր հերթին հնարավորություն է ընձեռում Իրանին առկա պայմաններում դիմել նոր մարտավարական բանաձևերի՝ ձգտեով ընդլայնել ազդեցության արեալը նաև հարակից ենթատարածաշրջաններում։

Արմեն Պետրոսյան