Իրատեսակա՞ն է արդյոք միասնական արժույթի կիրառումը ԵԱՏՄ-ում

8 ր.   |  2019-01-16

Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթի ներդրման հնարավորությունը հաճախ է քննարկվում: Տնտեսական ինտեգրացիան ենթադրում է անդամ երկրների տնտեսությունների սերտաճում և տնտեսական կյանքի մի շարք ոլորտների միասնականություն:

Մինչ միասնական արժութային քաղաքականության էությանն ու հեռանկարներին անդրադառնալը, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ փուլերից է բաղկացած տնտեսական ինտեգրացիան և որքանով է իրատեսական միասնական արժութային քաղաքականության իրականացումը ԵԱՏՄ-ում։

Ինտեգրացիոն գործընթացների փուլերն առաջին անգամ դասակարգել է Պրիստոնի համալսարանի պրոֆեսոր Ֆ. Մաքհլուպը, իսկ հետագայում ավելի հստակեցրել տնտեսագետ Բ. Բալասսան: Համաձայն այս դասակարգման՝ գոյություն ունի ինտեգրացիոն համաձայնագրերի 5 հիմնական ձև:

Ա ռաջին փուլն ազատ առևտրի գոտու ստեղծումն է, երբ մասնակից երկրները վերացնում են մաքսային արգելքները, սակայն երրորդ երկրների նկատմամբ պահպանում մաքսային ինքնուրույն քաղաքականություն իրականացնելու իրավունքը (2014թ. մայիսի 29-ին Աստանայում Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանի Դաշնությունը, հիմնվելով «Եվրասիական տնտեսական ինտեգրման մասին» 2011թ. նոյեմբերի 18-ի հռչակագրի վրա, հիմնադրեցին Եվրասիական տնտեսական միությունը։ 2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, իսկ լիիրավ անդամ Հայաստանը դարձավ 2015թ. հունվարի 2-ից: Եվրասիական տնտեսական միությունը սկսել է գործել 2015թ. հունվարի 1-ից):

Երկրորդ փուլը մաքսային միության ձևավորումն է, որն ազատ առևտրի գոտուց տարբերվում է երրորդ երկրների նկատմամբ միասնական մաքսատուրք կիրառելու համաձայնությամբ: Մաքսային միությունը տրամաբանորեն ավարտուն ինտեգրացիոն համաձայնագրի ձև է, որն ընդգրկում է միայն առևտրի ոլորտը (ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը ուժի մեջ է մտել 2018թ. հունվարի 1-ից):

Ինտեգրացիայի երրորդ աստիճանը ընդհանուր շուկայի կազմավորումն է: Այն իրական տնտեսական ինտեգրացիայի սկզբնական փուլն է, երբ ինտեգրվող երկրները պայմանավորվում են ոչ միայն ապրանքների ու ծառայությունների, այլև արտադրության բոլոր գործոնների ազատ շարժի շուրջ։ Այն տնտեսական խմբավորումները, որոնք ի սկզբանե ստեղծվել են քաղաքական հենքի վրա, միտված չեն խորացնելու տնտեսական հարաբերությունները և սահմանափակվում են մաքսային միության ձևավորմամբ։ Բացի այդ, ընդհանուր շուկայի ձևավորումը ժամանակատար է, քանի որ անհրաժեշտ է ներդաշնակեցնել գործունեության տարբեր ոլորտներին առնչվող նորմատիվային ակտերը։

Տնտեսական և արժութային միությունը ենթադրում է միասնական արժույթի ներդրում և միասնական դրամավարկային քաղաքականություն: Տնտեսական միության ձևավորման դեպքում համաձայնեցվում է տնտեսական կյանքի մյուս ոլորտների գործունեությունը՝ միասնական գյուղատնտեսական, արդյունաբերական և այլ տնտեսական քաղաքականություն։ ԵԱՏՄ շրջանակներում միասնական, համաձայնեցված քաղաքականություն իրականացվում է մի շարք ոլորտներում՝ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորում, մաքսային կարգավորում, արդյունաբերական և գյուղատնտեսական լրավճարներ, էներգետիկ քաղաքականություն, աշխատանքային միգրացիա, ֆինանսական շուկաներ (բանկային և ապահովագրության ոլորտներում, արժութային և արժեթղթերի շուկա) և այլն:  Ներկայումս ԵԱՏՄ շրջանակներում նախատեսվում է գործարկել միասնական արդյունաբերական քաղաքականություն, որի անհրաժեշտ իրավական հիմքերը ստեղծվել են։

Ամբողջական տնտեսական ինտեգրման գործընթացն իր ավարտին հասնում է տնտեսական և արժութային միություն ստեղծելով: Արժութային միությունը ենթադրում է միասնական տարածաշրջանային արժութային համակարգ՝ միասնական Կենտրոնական բանկի և արժույթի առկայություն, համակարգված դրամավարկային և մակրոտնտեսական քաղաքականություն։

Ինտեգրացիայի ամենաբարձր աստիճանը լրիվ ինտեգրացիան է, երբ միասնական շուկան վերածվում է տնտեսական և քաղաքական ընդհանուր կառույցի, ինչը նշանակում է՝ ոչ միայն փոխհամաձայնեցված տնտեսական քաղաքականության, այլև միասնական ֆիսկալ, վարկային, երբեմն նաև՝ հարկային քաղաքականություն և միասնական օրենսդրություն:

ԵԱՏՄ շրջանակներում միասնական արժույթի ստեղծումը բարդ և երկարատև գործընթաց է, որին հնարավոր է հասնել աստիճանաբար և վերոնշյալ փուլերի հաջորդականության պահպանմամբ։ Լինելով ինտեգրացիոն գործընթացների ընդամենը երկրորդ փուլում՝ ԵԱՏՄ արժութային քաղաքականության մասին խոսելն այժմ իրատեսական չէ։ Ակնհայտ է, որ ինտեգրման հաջորդ քայլը արտադրության բոլոր գործոնների ազատականացման միջոցով ընդհանուր շուկայի կազմավորումն է, ինչից հետո միայն հնարավոր կլինի խոսել մյուս բաղադրիչների, այդ թվում՝ միասնական արժույթի ներդրման հնարավորության մասին: Քննարկումն իրատեսական չէ նաև այն պատճառով, որ ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթ ներդնելու հարցն ամրագրված չէ ոչ ԵԱՏՄ մեծ համաձայնագրում, ոչ էլ որևէ այլ փաստաթղթում։

Այդուհանդերձ, անդրադառնալով տնտեսական և արժութային միության ստեղծմանը, պետք է արձանագրել, որ միության անդամ երկրների տնտեսությունների համար այն կարող է ունենալ թե՛ դրական, և թե՛ բացասական հետևանք: 

Մ ինչ տնտեսական և արժութային միության դրական և բացասական ազդեցությանն անդրադառնալը հարկ է ուշադրություն դարձնել տերմինաբանությանը, որը հաճախ սխալ եզրահանգումների տեղիք է տալիս: Այսպես, «տնտեսական և արժութային միությունը» (economic and monetary union) ենթադրում է միասնական արժույթի գոյություն և միասնական դրամավարկային քաղաքականություն: «Տնտեսական և արժութային միությունը» տարբերվում է «արժութային միությունից» (currency union), քանի որ երկրորդ դեպքում երկրները փոխադարձ համաձայնությամբ ամրագրում են արժույթի փոխարժեքը: Տնտեսական և արժութային միությունը տարբերվում է նաև արժութային գոտուց (currency area), որտեղ գործում է միասնական արժույթ:

Տնտեսական և արժութային միության ստեղծումը հանգեցնում է հետևյալ տնտեսական օգուտների.

  • Արժույթի փոխարժեքի փոխադարձ ամրագրումը չեզոքացնում է արժութային ռիսկերը՝ առաջացնելով ազատ դրամական միջոցներ, ընդ որում, ռիսկի նույնիսկ աննշան նվազումը նպաստում է տնտեսական աճին և բարձրացնում մրցունակությունը:

  • Միասնական արժույթի ներդրումով միջազգային գործառնական ծախսերը կրճատվում են: Տնտեսական և արժութային միության շրջանակներում կարելի է հասնել ֆինանսական շուկայում մասշտաբի էֆեկտի, որը կրճատում է ֆինանսական միջնորդության ծախսերը և խնայողությունները փոխակերպում ներդրումների:

  • Դրամավարկային քաղաքականության միասնականացմանը զուգահեռ կարող է ավելանալ տնտեսական և արժութային միության կենտրոնական բանկի հանդեպ վստահությունը (հաշվի առնելով Եվրոպական Կենտրոնական բանկի փորձը), հատկապես, եթե հաջողվի ձեռք բերել տարածաշրջանի ցածր գնաճի մակարդակ ունեցող բանկի հեղինակություն։

ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական և արժութային միության ստեղծումը կարող է հանգեցնել նաև մի շարք բացասական հետևանքների.

  • Անդամ երկրի Կենտրոնական Բանկը կորցնում է անկախությունը։ Մոնետար ինտեգրումը պահանջում է փոխարժեքի լիակատար ամրագրում և անդամ երկրների արժույթների լրիվ փոխարկելիություն: Փոխարկելիությունը երաշխավորելու համար անհրաժեշտ է միասնական դրամավարկային և արժութային քաղաքականություն, որը կոորդինացվելու է միասնական կենտրոնից: Այդ կենտրոնը կարող է լինել ազգային որևէ մարմին, որը վերահսկողությունից բացի կստանձնի նաև արժութային պաշարների բաշխումը: Այս դեպքում երկրները ստիպված կլինեն վճարային հաշվեկշռի պակասորդը ծածկել կապիտալի շուկայում, քանի որ չեն ունենա մոնետար վարկեր վերցնելու հնարավորություն:

  • Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն ազդում են ռուբլու վրա, ինչն էլ անուղղակիորեն ազդում է անդամ երկրների արժույթների կայունության վրա։ Միասնական արժույթի դեպքում հարվածը կընդունի միասնական արժույթը, և անդամ երկրների վրա  կլինի ուղղակի ազդեցություն։

  • ԵԱՏՄ երկրների տնտեսության զարգացման անհամաչափությունը, ինչպես նաև տնտեսական սերտ կապերի բացակայությունը (Հայաստան-Ղրղզստան, Հայաստան-Ղազախստան, Բելառուս-Ղրղզստան) լրացուցիչ խոչընդոտ է արժութային գոտու ձևավորման համար:

  • Արժութային միության ձևավորման դեպքում կարող են ընդունվել որոշումներ, որոնք բխելու են ինտեգրացիոն կառույցի խոշոր խաղացողների շահերից՝ հետին պլան մղելով տնտեսապես ավելի թույլ երկրներին:

Եվրոպական Միության փորձը

Ի նտեգրացիոն քաղաքականության լավ օրինակ է Եվրոպական Միությունը, որի անդամ 27 երկրներից միայն 19-ն են Եվրագոտում: Արժութային գոտին հնարավորություն է տվել սերտորեն ինտեգրել տնտեսությունը, ապահովել տնտեսական կայունություն և աճ: Եվրոյի ներդրումը հնարավորություն տվեց ստեղծել հզոր ֆինանսական համակարգ, որը թույլ է տալիս նվազագույն պահումներով ձեռնարկատիրությամբ զբաղվել: Դրան մեծապես նպաստեց ազգային տնտեսություններում թողարկված արժեթղթերի ու պարտատոմսերի փոխարկելիության բարձր մակարդակը և ավելի ցածր տոկոսադրույքը: Մյուս կողմից՝ եվրոպական ընկերությունների համար ստեղծվեց մատչելի և անսահմանափակ վարկ ստանալու հնարավորություն, ինչն էական ազդեցություն ունեցավ տարբեր ոլորտների զարգացման համար։ Թեև միասնական արժույթը ինտեգրացիոն մեծ քայլ էր, սակայն, ի հայտ եկան նոր մարտահրավերներ, ինչպիսին օրինակ, «Եվրագոտու ճգնաժամն» էր։

Տնտեսական և միասնական արժույթի կառավարումը բազմաշերտ է, ներառում է մի շարք կառույցների, և պատասխանատվությունը բաշխված է անդամ պետությունների և ԵՄ միջև: Երկրները որոշում են իրենց սեփական քաղաքականությունը։ Մինչև 1994թ. արժութային հարաբերությունները ԵՄ երկրների միջև կարգավորվում էին Արժութային համագործակցության եվրոպական ֆոնդի միջոցով: 1994թ.-ից այդ գործառույթն իրականացնում էր Եվրոպական արժութային ինստիտուտը, իսկ 1998թ. հունիսի 1-ից առ այսօր՝ Եվրոպական Կենտրոնական Բանկը (ECB), որը կառավարում է նախագահը և ազգային կենտրոնական բանկերի խորհուրդը: Եվրոպական Կենտրոնական Բանկը հաստատում է դրամավարկային քաղաքականությունը՝ ապահովելով գների կայունությունը: ԵԿԲ-ն նաև պատասխանատու է Եվրամիության տնտեսական և արժութային քաղաքականության մշակման և կենսագործման համար:

Այսպիսով՝ ԵԱՏՄ շրջանակներում միասնական արժույթի ստեղծումը երկարատև գործընթաց է, որին կարելի է հասնել աստիճանական քայլերով: Եվրամիությունը, որը տնտեսական և արժութային միության միակ հաջողված օրինակն է, միասնական արժույթին անցել է շուրջ 20 տարվա ինտեգրացիոն գործընթացների արդյունքում։ Չնայած արձանագրված հաջողություններին՝ Եվրագոտու միասնական արժութային քաղաքականությունը դեռևս բավականին զգայուն է ֆինանսատնտեսական ճգնաժամերի և համաշխարհային տնտեսության մարտահրավերների նկատմամբ:

Հայաստանը, որպես ինտեգրացիոն գործընթացներում ակտիվորեն ներգրավված երկիր, պետք է փորձի տնտեսական ինտեգրացիայից առավելագույն օգուտները քաղել։ Միանշանակ է, որ ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթի համակարգ կարող է ներդրվել միայն այն դեպքում, երբ ԵԱՏՄ կազմի մեջ մտնող երկրների տնտեսությունների և տնտեսական կառույցների մակարդակները փոքրիշատե համադրելի լինեն: Այս պահին ԵԱՏՄ շրջանակում ազգային արժույթով փոխադարձ հաշվարկներ իրականացնելու հնարարավորությունն առավել իրատեսական է։ Քանի որ Հայաստանի առևտրային հիմնական գործընկերը Ռուսաստանն  է, տնտեսապես ավելի ձեռնտու է խոսել ոչ թե միասնական արժույթի ներդրման, այլ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում առևտուրը կամ դրա մի մասը ռուսական ռուբլով իրականացնելու մասին, ինչը, պայմանավորված տրանսֆերտների հոսքերով և Ռուսաստանի հետ առևտրի կառուցվածքով, կարող է նպաստել փոխանակման տրանսակցիոն բեռի և երրորդ երկրների դրամավարկային քաղաքականությունից կախվածության նվազման։

Վճարահաշվարկային գործառնությունների գոնե մի մասը ռուբլով իրականացնելուն կարող է նպաստել նաև միասնական էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործման և էներգետիկ պաշարների միջպետական մատակարարման օպտիմալացման պայմանագրով ամրագրված հիմքերը։ Այս դիտարկումը արդիական է նաև Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևի հայտնած տեսակետների համատեքստում։ Ըստ նրա՝ Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան ու եվրոպական պատժամիջոցների պայմաններում միանգամայն բնական է գազի գնի համար անցումը ռուբլուն։ Գլազևը ասել է նաև, որ ռուսական կողմը հետևողականորեն բարձրացնում է ազգային արժույթով գործարքների հարցը: Հետևաբար, բարձր պրոֆեսիոնալիզմի և ճկուն դիվանագիտական քաղաքականության արդյունքում կարելի է հարցը քննարկել։