«Պատերազմն արդեն ազդել է Վրաստանի վրա». վրացի փորձագետ

4 ր.   |  2022-05-27

«Օրբելի» վերլուծական կենտրոնը վրաց-ուկրաինական ներկա հարաբերությունների, ուկրաինական մեղադրանքների և Հարավային Կովկասի վրա հակամարտության ազդեցության մասին զրուցել է վրացի քաղաքագետ, ակադեմիկոս, Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) միջազգային հարաբերությունների դպրոցի տնօրեն Թոռնիկե Շարաշենիձեի հետ։

Պարոն Թոռնիկե, պատերազմն Ուկրաինայում Վրաստանում ներքին և արտաքին քաղաքական խնդիրներ բարձրացրեց։ Կիևը բազմիցս քննդադատել է վրացական կողմին պաշտոնական դիրքորոշման, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու համար։ Ի՞նչ փորձություններով են անցնում վրաց-ուկրաինական հարաբերությունները։

— Վրաստանի պաշտոնական դիրքորոշումը չի տարբերվում Մոլդովայի պաշտոնական դիրքորոշումից, մինչդեռ Մոլդովան չի քննադատվում։ Կարծում եմ՝ Վրաստանի հետ կապված խնդիրը երբեմն մեր վարչապետի կոշտ, անհավասարակշիռ հայտարարություններն են։ Խոսքը վերաբերում է հռետորաբանությանը և ոչ թե այն գործողություններին, որոնք Վրաստանը ձեռնարկել է պատերազմը սկսելուց հետո։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միացել են միայն ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ երկրները։ Դուք չեք կարող նշել որևէ այլ երկիր, որը պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ։ Վրաստանի նման երկրները, որոնք գտնվում են շատ խոցելի են Թբիլիսիի մերձակայքում առկա ռուսական ռազմական բազաների պատճառով, չեն կարող ջանքեր գործադրել Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցներ կիրառելու համար։

Վրաստանը պետք է զգույշ լինի, հատկապես երբ չի էլ կարող վնասել Ռուսաստանին, եթե նույնիսկ պետժամիջոցներ սահմանի։ Վրաստանը կվնասի միայն իրեն։ Վրաստանը պատժամիջոցներ չի կիրառել, ինչպես Մոլդովան և շատ այլ երկրներ։ Եթե ուկրաինացի որոշ քաղաքական գործիչներ դժգոհ են դրանից, կարծում եմ՝ դա հիմնականում հռետորաբանության պատճառ է և ոչ թե՝ մեր քաղաքականության։

Որպես անկախ փորձագետ ինչպե՞ս եք գնահատում Վրաստանի կառավարության դիրքորոշումը։ Ընդդիմության սուր քննադատություններին վերջերս խորհրդարանում ելույթի ժամանակ միացավ նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է այս հարցում ոսկե միջինը կամ կա՞ այն ընդհանրապես։

— Նախագահ Զուրաբիշվիլին իսկապես քննադատել է կառավարությանը։ Այո՛, կառավարությունը կարող էր ավելի աջակցող լինել իր հռետորաբանությունում, աջակցել Ուկրաինային և առաջին հերթին ավելի տեսանելի լինել եվրոպական մայրաքաղաքներում։ Խնդիրն այն է, որ երբեմն մեր կառավարության գործողությունները կարող են կասկածի տակ դրվել, քանի որ դրանք չափազանց զգուշավոր են։ Եթե նայում եք գործողություններին, ապա Վրաստանն աջակցել է Ուկրաինային ամենուր՝ ՄԱԿ-ում, Եվրոպայի խորհրդում, Հաագայի դատարանում և այլն։

Վերջերս ուկրաինական կողմն առանց փաստերի մեղադրել էր Վրաստանին, թե ռուսները Վրաստանի տարածքով կեղծ ապրանքների մաքսանենգության ուղիներ են ստեղծում։ Ինչ-որ  ենթադրություններ ունե՞ք այս հարցում։ Եղբայրական երկրներն այս դժվարին պահին ինչո՞ւ չեն կարողանում երկխոսել։

— Չեմ կարծում, որ այս մեղադրանքները լուրջ տրամաբանական հենք ունեն։ Ռուսաստանը որոշ արգելված ապրանքների ներմուծման համար ավելի հանգիստ կարող է օգտագործել Չինաստանը։ Չինաստանն, ի տարբերություն Վրաստանի, չի վախենում ԱՄՆ-ից կամ Արևմտյան արձագանքից։ Վրաստանի իշխանությունները գործում են շատ զգուշությամբ։ Միակ բանը, որ չեք կարող ասել Վրաստանի կառավարության մասին այն է, որ նրանք զգուշավոր չեն։ Նրանք չափազանց զգուշավոր են, այդ իսկ պատճառով ես չեմ կարծում, որ կարող են ներգրավված լինել Ռուսաստան մաքսանենգ ապրանքներ տեղափոխելու գործունեությանը։ Նրանք կորցնելու շատ բան ունեն, նկատի ունեմ Վրաստանի իշխանություններին։ Ինքը՝ Բիձինա Իվանիշվիլին էլ, կորցնելու շատ բան ունի։ Նա մտահոգ է իր, ընտանիքի անվտանգությամբ և նաև իր կապիտալով։ Նրա կապիտալի մեծ մասն Արևմտյան բանկերում է, Արևմտյան բաժնետոմսերում։ Ինչո՞ւ նա պետք է վտանգի իր գումարն ու սեփական անվտանգությունը Ռուսաստանին օգնելու պատճառով։ Չեմ կարծում, որ սա այդ դեպքն է։

Համոզված եմ, որ վաղ թե ուշ ուկրաինական կողմը կհասկանա, որ այդ մեղադրանքները լուրջ հիմքեր չունեն։

Շատ երկրներ տարբեր պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի դեմ։ Հատկապես փոքր երկրների տնտեսությունների վրա այս պատժամիջոցներն արդեն ազդեցություն են թողել։ Ի՞նչ տնտեսական ազդեցություն են ունեցել կամ կարող են ունենալ Վրաստանի վրա, ինչպիսի՞ն է իրավիճակն այդտեղ։ 

— Պատերազմը լուրջ ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա։ Տնտեսապես այն արդեն ազդել է մեզ վրա, քանի որ Ռուսաստանն ու Ուկրաինան երկուսն էլ Վրաստանի առևտրային գործընկերների հնգյակում են։ Բացի այդ, մենք չգիտենք, թե Ռուսաստանն ինչ է պատրաստվում անել, երբ ավարտի իր գործերն Ուկրաինայում։ Ռուսաստանն ամեն ինչ կանի, իհարկե, որպեսզի Ուկրաինայում պատերազմն ավարտի իր համար բարենպաստ պայմաններում։ Թե ինչ է Ռուսաստանն անելու դրանից հետո, մեծ հարց է։ Եթե Ռուսաստանը պատրաստվում է ինչ-որ վերջնագիր ներկայացնել Վրաստանին, դա միանգամայն հնարավոր է։ Այդ պատճառով էլ վրաց քաղաքական շրջանակները չափազանց անհանգստացած են Ուկրաինայում պատերազմով։ Սա ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Վրաստանի մասին է։

Ռուս-ուկրաինական պատերազմն այնքան էլ հեռու չէ մեր տարածաշրջանից։ Ի՞նչ ազդեցություն կունենա այս հակամարտությունը Հարավային Կովկասի երկրների վրա քաղաքական և անվտանգային տեսանկյունից։

— Եթե Ռուսաստանը հաղթի Ուկրաինայում (եթե դա կարելի է հաղթանակ համարել), ապա կարող է անցնել Վրաստանին։ Եթե Ռուսաստանը չափազանց թուլանա Ուկրաինայում պատերազմից հետո, ապա կարող է խնդիր չլինել։ Վրաստանը կարող է ապահով լինել։ Ինչ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին, ապա ես նրանց համար սպառնալիքներ չեմ տեսնում։ Հայաստանն արդեն գործընկերություն ունի Ռուսաստանի հետ, և Ռուսաստանն ավելին չի ցանկանա։ Ադրբեջանը տարածաշրջանում անկախ խաղացող է, ուստի չի կարող վտանգի տակ լինել։